Տիկին Շուշանիկն ու միջազգային մակարդակի անհամապատասխանությունը
22.05.2020 | 01:05
Տևական ժամանակ է, ինչ գրական երկից մեզ հայտնի, բայց օրախնդրով իմաստափոխված և բերանից բերան անցնող արտահայտությունը՝ «Չօրհնվեր էն սհաթը, երբ Շուշանիկ Միրզախանյանի ոտքը «Կինոկենտրոն» մտավ», ի վերջո, մի քանի աշխատակցուհիների շնորհիվ լսվեց նաև մեր խմբագրատանը։
Արձագանքս վերապահումով էր. անմիջապես միտքս եկավ նշանավոր մարդկանցից մեկի փիլիսոփայությունը. «Կանայք ավելի մեծ թշնամիներ չունեն, բացի կանանցից»։ «Հետապնդումներս», իսկ մյուս կողմից էլ կանանց կողքին տղամարդկանց հայտնվելը, առաջ բերեցին շեքսպիրյան «Լինե՞լ, թե՞ չլինելը»։
Լինել գործատուի՞, թե՞ աշխատանքից ազատվածների` ֆինանսական գծով փոխտնօրեն Մարինե Անտոնյանի, կինոճարտարագետ Սաթիկ Ստեփանյանի, խմբագիրներ Ռազմիկ Աբրահամյանի, Մարտին Հուրիխանյանի, տնտեսական բաժնի աշխատող Ռուբեն Ստեփանյանի և ֆիլմաֆոնդի պահեստապետ Վարդանուշ Շողիկյանի կողքին։ Իհա՛րկե` ոչ մեկի։ Ճշմարտությունը հասկանալ-ներկայացնելու անհրաժեշտություն, անշուշտ, կա. մե՞կն է վեցի դեմ, թե՞ վեցը՝ մեկի։ Ինչու՞։ Պատճառը արդարացի կրճատումը հիվանդագին ընդունե՞լն է, թե՞ օպտիմալացման քողի տակ գործատուի հաշվեհարդարը այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր անցանկալի են բնավորությամբ, իմացությամբ և կարողությունների պաշարով։
Վիճահարույց այս խնդիրը 1,5 ամսվա ընթացքում ընդլայնել է շառավիղները՝ Ազգային ժողով, կառավարություն, ուժային կառույցներ, վերահսկողական մարմիններ ու լրատվական ծառայություններ։ Առանձնապես սայլը տեղից չի շարժվել՝ չհաշված ֆեյսբուքյան լեզվակռիվները, փոխադարձ մեղադրանքներն ու պաշտպանական հակադարձումները, նախարարության մակարդակով ոչինչ չասող ձևակերպումները։ ՈՒ հիմա տարաձայնությունը թևակոխել է մի փուլ, որտեղ պարզաբանումները կկատարվեն միմիայն դատական կարգով։
Օրեր առաջ մեզ փոխանցված թղթապանակը բավականին հետաքրքիր է և խոսուն. առանձին փաստերի անտեսումը վերադասի կողմից չես համարի ո՛չ վրիպում և ո՛չ էլ անտեղյակություն։ Սակայն ամեն ինչ հերթով։
Անգործության մատնվածները վստահ են, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն ակնհայտ դավադիր մտադրությամբ է իրականացրել կառուցվածքային փոփոխությունը և մտածված կերպով այլ աշխատանքի առաջարկ չի արել։ ՈՒ որպես խոտորնակին խոտորնակ, իրենք էլ ձեռքի հետ հրապարակայնացրել են մտահոգության տեղիք տվող շեղումները՝ պայմանավորված Միրզախանյանի գործունեությամբ։
Օրաթերթերից մեկի հետ ունեցած զրույցում այդ առիթով նա ասել է. «Եթե 2006 թվականից կենտրոնը խախտումներով է աշխատել, ինչ անենք, չշտկե՞նք» (նկատենք, որ նա 2017-ից է ՊՈԱԿ-ում-Վ. Մ.) ու ծավալել բյուրեղյա սրտացավություն կառույցի նկատմամբ, այնուհետև շտրիխել. «Կառուցվածքային փոփոխություններում որևէ դիտավորություն չկա։ Սրանք բացարձակ նոր հաստիքներ են, ստեղծել ենք ժառանգության բաժին, որը շատ կարևոր է կինոկենտրոնի համար։ Բավականին մեծ աշխատանք ենք տանում միջազգային տարբեր կազմակերպությունների հետ, և մեզ պետք է միջազգային մակարդակի, հատուկ իմացություններ ունեցող մասնագետ, որը կղեկավարի այդ բաժինը։ Նրանց մեջ չկար»։
Պրոֆեսիոնալ ԺՊ-ի ինքնագնահատման պատասխան-խճանկարում հավասարաչափ բաշխված են տրագիկոմեդիան և անգրագիտության դրսևորումները։ Քանի որ գործատուի գրավոր խոսքի «անթերի» տիրապետման և լեզվամտածողության մասին քանիցս նշվել է, ավելորդ ենք համարում հիշեցումները, բայց կարիք կա զգոնությունը պահելու նրա գրագրություններից բերվող մեջբերումներին։
ՈՐՊԵՍ ՕՐԻՆԱԿՆԵՐ ԿԱՄ ԹԵԹԵՎԱԿԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ
Նախ՝ մշակույթի 4 նախարար տեսած տիկին Միրզախանյանը այն օրից, երբ բերվել-կարգվել է տնօրենի ԺՊ, 3 տարվա ընթացքում ոչ մի կերպ չի հաջողել անձնական աճ գրանցել, արդարացնել վերադասի սպասելիքները կամ էլ, ի դեմս Արմեն Ամիրյանի, Լիլիթ Մակունցի, Նազենի Ղարիբյանի, ինչու ոչ, նաև Արայիկ Հարությունյանի, չի գնահատվել հավուր պատշաճի, որպեսզի տնօրեն դառնա կամ սահմանված կարգով հաղթող ճանաչվի առաջիկա մրցույթում (բայց նշանակումը չլինի այնպես, ինչպես Ազգային գրադարանի պարագայում. իմքայլականների բերած և միջազգային հովերով տարված Հրաչյա Սարիբեկյանը տնօրենի մրցույթի 4 մասնակիցների թվում հավաքելով ամենացածր միավորները, դարձյալ մնաց ԺՊ-ի կարգավիճակում)։ Կարծում եմ, տիկնոջ սպասումը չի կարող իրականացվել օրենքի շրջանակներում այն պարզ պատճառով, որ նա Սարիբեկյանի նման բավարար գիտելիքներ չունի և ոչ էլ մրցույթի հարցաշարն անգիր անելու կարողություն։ Հեռու չգնանք։ Դիտարկենք ՀՀ Աշխատանքային օրենսգրքի և Շուշանիկ Միրզախանյանի «հարաբերությունները»։ Վերջինիս դավաճանողները ծանուցումներն են՝ տարին մեկ (իսկ 2018 թ.՝ գրեթե 3 անգամ), առանց ստորակետի փոփոխության. «Ղեկավարվելով «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ կանոնադրության 34-րդ կետի դ, է, ժը և իբ ենթակետերով և հիմք ընդունելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 5-րդ, 113-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը, Դուք ծանուցվում եք «Հայաստանի ազգային կենտրոն» ՊՈԱԿ կառուցվածքի փոփոխման և դրա հետ կապված աշխատողների քանակի և հաստիքների կրճատման գործընթացի մասին»։
Խաղալիքային է, որ հաստիքային պաշտոններ զբաղեցնողների աշխատանքային պայմանագրերին գործատուն անդրադարձել է 3-4 ամիսը մեկ, ինչը վկայում է ոչ միայն նրա չկողմնորոշվածությունը, այլև ստորաբաժանումների և կառուցվածքի անբավարար իմացությունը։ ՈՒ նաև այն, որ ծանուցումները ընթացք չեն ստացել, ոչինչ չի փոխվել, աշխատանքի արդյունավետությունը չի բարձրացել, բայց միտումը դոփել է տեղում՝ առաջացնելով ավելորդ լարվածություն։ «Տեսնես ու՞մ պայմանագիրն է լուծվելու». մշտական այս հարցը, որպես ուրվական, շրջել է ամիսներով՝ աշխատասենյակից աշխատասենյակ, միջանցքից միջանցք։
Անդրադառնալով բարեփոխումների մեծ «մասնագետի» մերժողական մտածելակերպին, տեղին է մեջբերել կանացի խորամանկությունը. «Սրանք բացարձակ նոր հաստիքներ են»։ Իսկ ո՞րն է նորը՝ տնօրենի օգնակա՞նը, մամլո քարտուղա՞րը, Եվրիմաժի հայաստանյան ներկայացուցի՞չը, թե՞... գործավարը։ Տիկինը, եթե բացարձակ հայտնություն է համարում 2019-ի և 2020-ի կառուցվածքային ստորաբաժանումների և պաշտոնների անվանումների համաձուլումից ստացված սովորական արդյունքը, պարզապես զավեշտ է։ Բառախաղով բարեփոխում չես արձանագրի, քանի որ գործառույթներն ու պաշտոնի անձնագրերը նկատելիորեն չեն թարմացվել, միջազգային չափորոշիչների չեն բերվել օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։ Եվ հպարտությամբ մամուլ է բերել. «որ ես չեմ աշխատել որպես ժամանակավոր ղեկավար, բոլոր պլաններս, ծրագրերը միշտ գծել եմ հեռահար ժամկետներով։ Աշխատել եմ այն մտածողությամբ, որ պետք է ամեն ինչ արվի»։ Ցավալի է, որ Շուշանիկ Միրզախանյանը մինչև հիմա տեղյակ չէ, որ ԺՊ-ի և տնօրենի միջև չկան տարբերակված գործառնություններ, որ արարքներն ավելի հնչեղ են, քան երազկոտությունը, թեկուզ փաստաթղթային ծրագրերը։
Իմ այն հարցին, թե դրվատելի ի՞նչ է արվել 2017-ից մինչ օրս, ընկերության որոշ աշխատակիցներ քչախոս գտնվեցին. «Կույրերի մեջ միաչքանին արքա է»։ Եղան նաև հարցադրումներ, որոնց պատասխանները դեռևս լսված չեն.
1. Ինչպիսի՞ ներդրումներ են կատարվել (այդ թվում՝ բարեգործական, հովանավորչական, նպատակային նվիրատվություններն ու հատկացումները) ՀՀ և օտարերկրյա պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից կազմակերպության գույքի ձևավորման ուղղությամբ։
2. Ամրացված գույքի օգտագործման արդյունքում կազմակերպության ստացած եկամուտները ինչպե՞ս են օգտագործվել։ Կա՞ արդյոք արտաբյուջեով գործուղումների օգտակար գործողության գործակից։
3. Ի՞նչ ծավալներ են կազմում կազմակերպությանն անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացված շենքերի նախագծային, շինարարական, վերանորոգման և այլևայլ աշխատանքները։
4. Բավարա՞ր են արդիական թեմաներով կինոծրագրերի իրականացումը, ազգային կինոնկարների (այդ թվում՝ մանուկների և պատանիների համար), ինչպես նաև կինոնկար-դեբյուտների ստեղծումը։
Մեր իշխանությունների նման կարևորագույն խնդիրները թողած՝ տիկին Շուշանիկը ջանադրաբար փորձում է գովազդել ներկայիս օպտիմալացված տարբերակը։ Ի տարբերություն նախորդ տարիների ցանկությունների, 2020 թ. ապրիլի 30-ի իրականացրածը համեմատաբար կուռ է, գրագետ, զգացվում է այլ ձեռագիր՝ ոչ միրզախանյանական։ Կես քայլ առաջ է, քանի որ մինչ այդ տնօրենն իր անմիջական ենթակայությամբ ունեցել է գեղարվեստական ղեկավար, 2 տեղակալ, 1 խորհրդական և 1 օգնական, խմբագրական բաժին՝ բաժնի պետով և 3 խմբագիրներով, անգլերենի և ֆրանսերենի թարգմանիչներ, տնտեսագիտական բաժին՝ պետ և տնտեսագետ, ընդհանուր բաժին՝ պետ և 2 օպերատոր, կադրերի բաժին՝ պետ և տեսուչ։ Այն դեպքում, երբ «Կինոկենտրոնից» 5 անգամ մեծ աշխատակազմ և ֆինանսական անհամեմատելի շրջանառություն ունեցող ՊՈԱԿ-ներում այդպիսի շռայլություններ չեն եղել։ Դրա մասին հաշվետվություն տալու փոխարեն, Շուշանիկ Միրզախանյանը ոլորտի «ճ» օպերացիան անթաքույց առաջընթաց է համարում, բացառիկ երևույթ։ Մինչդեռ, ինչպիսին էլ այն լինի, խոցելի է։
Ի՞նչ է փոխվել և կամ ի՞նչ է տալիս, երբ գեղարվեստական ղեկավար-ֆիլհանձնակատար պաշտոնը դարձել է ֆիլմհանձնակատար, տնօրենի տեղակալ՝ ֆինանսատնտեսական աշխատանքների,- փոխվել է՝ մասնագետ՝ ֆինանսական, գործառնական դիտարկումների և վերահսկման (գործառույթները նույնն են, նույն ղեկավար անձնակազմում-Վ. Մ.),
քարտուղար (մամուլի և հասարակայնության հետ կապերի) հաստիքը վարչականից տեղափոխվելով հասարակայնության կապերի բաժին, դարձել է մամլո քարտուղար,
գլխավոր հաշվապահը- ֆինանսական բաժնի պետ՝ գլխավոր հաշվապահ,
երեք ավագ հաշվապահները վերափոխվածության են ենթարկվել դառնալով
մեկը. ավագ հաշվապահ՝ գանձապետական համակարգի հետ աշխատանքների համակարգող օպերատոր,
երկրորդը. ավագ հաշվապահ՝ կազմակերպության հաշվապահական հաշվառում վարող, երրորդը. ավագ հաշվապահ՝ կազմակերպության հաշվապահական հաշվառում վարող (այսինքն՝ նույն հաստիքներն են, պարզապես գործառույթներն են «բացվել»-Վ. Մ.)։
Անսահմանության ձգտող պարզունակ փոփոխություն-ձևակերպումները գործատուի համար ինքնանպատակ չեն. պատճառաբանություն՝ օպտիմալացման և արդարացում՝ բանիմաց 6 աշխատողներին ազատելու համար։ Նման էժանագին հնարքը, հավատացած եմ, իր սնամեջությամբ ջրի երես է դուրս գալու հետևողականության արդյունքում։ Միակ բանը, որ տիկին ԺՊ-ն չի ժխտել, այն է, որ ազատելուց առաջ ժողով կամ քննարկում չի արել։ Ընդամենը։ Եվ ուրիշ ոչինչ։ Իսկապե՞ս։
Կառույցի բարեփոխումների և միջազգային չափորոշիչների տեղայնացման նպատակով ինքնաթիռներում ու տրանսպորտային այլ միջոցներում քուն-դադար կորցրած գործատուն ինչու՞ այս ընթացքում իր կատարած մեծ աշխատանքների ու բազմաթիվ պայմանավորվածությունների մասին չի կիսվել կոլեկտիվում, Եվրիմաժ հիմնադրամի, ինչպես նաև եվրոպական տարբեր ֆոնդերի և համարտադրողների պայմաններն ու պահանջները անմնացորդ ուսումնասիրած տիկինը ինչու՞ բաց ու թափանցիկ չի դարձնում «Կինոկենտրոնի» մասին իր տեսլականը։ Չի՞ վստահում, թե՞ մակարդակների տարբերությունն է խոչընդոտողը։ Կա նման բան։
Կազմակերպությունում բոլորը գիտեն, որ անհրաժեշտության դեպքում ինքն է օգնության կանչում թարգմանչին, համակարգչային օպերատորին, հայ գիրն ու գրականությունը լավ իմացող մեկին կամ երկուսին... Ինչպես դա արել է նոր կառուցվածք և հաստիքացուցակ գլուխ բերելու հարցում։ Փորձի խույս տալ, չի հաջողի, քանի որ նախկին աշխատակիցների այդօրինակ մեղադրանքին արդեն արձագանքել է. «Հաշվապահը դրա հետ կապ չունի, պարզապես ստորագրել է, բայց չի կազմել»։ Այնուհետև չհասկանալով «փուռն է տվել» նախարարին. «Հիմա Արայիկ Հարությունյանն էլ համաձայնություն է դրել, կարո՞ղ է ասենք նա է կազմել կառուցվածքը»։ Սա այն դեպքն է, երբ ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են։ Նույն տրամաբանությանն է ենթարկվում Շուշանիկ Միրզախանյանի վերջակետումը. «Ամեն ինչ արվել է օրենքի կետով»։ Այդ ո՞ր օրենքի մասին է խոսքը, որ իրավունք է տալիս օպտիմալացվածներից ոչ մեկին չտեսնել իր կողքին, քանի որ «նրանք չունեն ոչ միջազգային մակարդակ, ոչ էլ հատուկ իմացություններ», իսկ ինքը՝ հարգարժան տիկին ԺՊ-ն, այնքա՜ն ունի, որ 3 տարի նույն կետում է «մեխված»։
Ձեռքիս տակ գտնվող նախկին աշխատակիցների ռեզյումեներն ու նրանց հետ ունեցած մեր զրույցները հակառակն են ապացուցում։ Մարինե Անտոնյանը՝ մասնագիտությամբ տնտեսագետ, ավարտել է նաև Քավենդիշ լոնդոնյան համալսարանի հայաստանյան մասնաճյուղի բիզնեսի կառավարում բաժինը, ունի վարկավորման, կինոարտադրության և կառավարման նկատելի փորձ և հմտություններ, պատրաստ է աշխատելու նախկին պաշտոնից ցածր՝ կինոնախագծերի հայտերի ընդունման, ուսումնասիրման և աջակցման բաժնում, որտեղ մինչ 2020 թ. մայիսը եղել են 2 թափուր հաստիքներ։ Նույն բաժնում, որպես աշխատանքների համակարգող, չի խորշում աշխատելուց իր գործի գիտակ Ռազմիկ Աբրահամյանը։ Փորձառու խմբագրի գրչի մի հարվածով՝ կարծիք-եզրակացության արդյունքում, Արմեն Դովլաթյանի «Մկրտություն», Ալեքսանդր Թոփչյանի «Ե՛վ մարդ, և՛ Աստված», Լևոն Մարգարյանի «Փշրվող մարտակարգեր» և այլոց հեղինակած շատ ու շատ խոցելի գործեր խաղարկային կամ գեղարվեստական լիամետրաժ ֆիլմեր չեն դարձել։ Իր պրոֆեսիոնալիզմով պատրաստ է «Կինոկենտրոնին» օգուտ բերելու կրճատված 2-րդ խմբագիրը։ «Մի թողեք ճայերը ծիծաղեն», «Տղամարդը՝ սահմանագծին», «Հայկական ծանրամարտի նորին գերազանցություն մարզիչը», «Հայ կինոն... գրավոր», «Ընդհատված մենախոսություն» աշխատությունների և «Խնկարկում» լիամետրաժ կինոյի սցենարի հեղինակ Մարտին Հուրիխանյանը, որը նույնպես նկատելի ճանապարհ ունի անցած, ինքնահավան գործատուի համար անցանկալի է հասարակայնության կապերի բաժնի ո՛չ պետի և ո՛չ էլ մամլո քարտուղարի պաշտոնում, այն դեպքում, երբ Հուրիխանյանն ունի լրագրողական 7 տարիների ստաժ, եղել է ՀՀ կառավարության քարտուղարության մամուլի ծառայության պետ, ՀՀ մշակույթի նախարարի գլխավոր խորհրդական...
Թիրախավորված մերժվածների շարքը եզրափակում է 1984-ից համակարգում իր ձեռագիրը թողած Սաթիկ Ստեփանյանը։ Ավարտել է Լենինգրադի կինոինժեներների ինստիտուտը, այնուհետև տեսամոնտաժի և հնչյունային ռեժիսորի վերապատրաստման կուրսեր անցել «Մոսֆիլմ» կինոստուդիայում։ Կինոճարտարագետի կենսագրականը այնքան հարուստ է և ծանրակշիռ, որը կբավարարի մի քանի մարդու։ «ԻՖԿԱ Հայաստանի անկախ կինոգործիչների համայնք» ՀԿ-ի նախագահը վերջերս ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հետ հուշագիր է ստորագրել կինոարվեստում պետական մշակութային քաղաքականության զարգացմանը, կինոավանդույթների պահպանմանն ու տարածմանը, ինչպես նաև կինոոլորտի կարգավորման և կինոարտադրության համար Հայաստանում նպաստավոր պայմանների ստեղծման, կինոարվեստի ոլորտում ստեղծագործող երիտասարդներին և նորաստեղծ խմբերը ճանաչելի դարձնելու մասին։ Տնօրենի նկատմամբ մասնագիտական առավելություններ ունեցող նախկին աշխատակիցը ևս կտրականապես մերժված է և չի կարող հարազատ կառույցում իր տեղը գտնել՝ նույնիսկ փորձագետի կամ ֆիլմադարանի պատասխանատուի կարգավիճակով, երբ այս հաստիքները նույնպես եղել են ազատ։
Շուշանյանական կրճատումները չեն բխում կազմակերպության շահերից, դրանցում առկա են ոլորտի իմացության պակասն ու անձնավորվածության ավելցուկը։ Չտեսնելու տալով խորքային պատճառները, փոխնախարար Արա Խզմալյանը իրենց իրավունքների համար պայքարողներին հապճեպորեն գնահատական է տվել. «ինչ-որ աշխատակիցների ակտիվությունը էդքան էլ բարոյական չի»։ Իսկ որքանո՞վ է բարոյական, երբ գործատուն ազատ հաստիքները թողած, օպտիմալացնում է մասնագետների, որոնցից ինչ-ինչ պատճառներով երկյուղում է։ Եթե չկա թիրախավորում, ինչու՞ այլ առաջարկներ չեն արվել, կամ ինչո՞վ է պայմանավորված ԺՊ-ի հեղափոխական մոտեցումների ծածուկությունը։ Ընդունենք, որ արդարացի է Շուշանիկ Միրզախանյանի պատճառաբանությունը՝ նոր հաստիքներում նրանք չեն կարող տեղավորվել։ Բայց Աշխատանքային օրենսգիրքը և իրավական այլ ակտեր չեն բացառում, չէ՞, մասնագիտական որակավորման բարձրացումն ու վերամասնագիտացումը։ Ավելին։ Կա հոդված (201.1)՝ նվիրված աշխատանքի ընդունվող անձի մասնագիտական ուսուցման մասին։ Այնպես որ, խորաթափանց ղեկավարի համար ամենամեծ արժեքը մարդկային ռեսուրսն է։ Այս դեպքում ընկերությանը հրաժեշտ տվածներից առնվազն 3-ը հետ են կանչվելու։
Վահե ՄԵԼԻՔՅԱՆ
Հ. Գ. Եվ մեծագույն աբսուրդը։ Տարիներով ընկերության (Մալյան թատրոնը չհաշված) հաստիքացուցակից 10-11 միավոր չեն օգտագործվել։ Բացառություն չեն եղել 2018-ը, 2019-ը, և աշխատավարձի ֆոնդի տնտեսումը կազմել է ամսական շուրջ 1,5 մլն դրամ ու նախարարությունը ոչ մի անգամ հարց չի տվել. եթե հաստիքացուցակդ ռեալ է, ուռճացված չէ, ինչու՞ են տարեցտարի թափուր մնում 11 հաստիքները և ինչպե՞ս են տնօրինվել աշխատավարձի ֆոնդի մնացորդները։ Իսկ եթե ավելորդ է, կրճատելու ենք բյուջեն, կամ՝ վերակազմավորած հաստիքացուցակում ստացեք աշխատավարձի բարձրացում և աշխատանքի արդյունավետություն։ Ինչը մինչև հիմա «Կինոկենտրոնում» տեղի չի ունեցել։ Ավելին։ 2020 թ. ապրիլի 30-ից կառուցվածքային փոփոխության արդյունքում ստացված հաստիքային 41 միավորի պարագայում դարձյալ մնացել են 11 ազատ հաստիքներ։ Հետևաբար, փաստացի աշխատողների թիվը 29 է, իսկ գիտելիքներ և աշխատանքային հմտություններ ունեցող մարդկանց քմահաճորեն փողոցի ճամփան են ցույց տվել։ Ո՞վ կպատկերացներ և ո՞վ է պատասխան տալու՝ այն էլ մեր անձուկ օրերում՝ կորոնավիրուսային պանդեմիայի և ընթացք ստացող տնտեսական ճգնաժամի պայմաններում։ Իհարկե, թավշյա հեղափոխությունը նախագուշակած Նա ու Նրա շեֆը։
Իսկ գործազուրկների շարքերին անդամագրվածների հերն էլ անիծած։ Մեզնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ։ Սա՛ է իմքայլականների որդեգրած քայքայիչ կադրային քաղաքականությունը։
Հեղինակի նյութեր
- «Կամավոր պարտադիր» հիմունքներով դոնորը
- Նա չստեց. երկիրը, իրոք, վերածեց արյան ծովի (բայց ո՛չ կոռուպցիայի դեմ պայքարի խրամատներում)
- Ինքնախաբեության դրսևորումներ
- Դիվանագիտական ստախոսություն
- Դեբիտորական պարտքի հավաքագրումը դատական կարգո՞վ, թե՞ բաժնեմասային սեփականատերերի արդարացումը դատարանով
- Կարմիր կովը կաշին չի փոխում
- Փաշին յան տալը փաշինյանական հոգեկերտվածքո՞վ, թե՞ թավիշով
- Տիգրան ՈՒրիխանյանն ու՜ր, վարչապետն ու Էդմոն Մարուքյանը ուր
- Կայծից բոց կբռնկվի, իսկ էլցանցում՝ թքած ունեն
- Համակրանքից՝ հակակրանք, հակակրանքից՝ հակազդեցություն
- Հախուռն մտքի գեներացումը «ստուկ» է տալու
- Որտեղ է թաղված շան գլուխը
- Հետողորմյա մայր թատրոնում
- Ո՞վ է անվստահություն հայտնողը, ժողովու՞րդը, թե՞ իմքայլական իշխանությունը
- Ե՛վ կույր եք, և՛ խուլ, և՛ համր
- Բնամթերքի փոխարինիչը` բառամթերք
- Արթուր Վանեցյան. «Թող իմ հրաժարականը լինի «կանգ առ»-ի սթափեցնող քայլը»
- Անկումը միշտ էլ անսպասելի է վրա հասնում, շատ էլ ցավոտ է լինում
- Թոշակառուն տեղին հիշեց անդաստիարակի մորը
- Այսօր` տեղապտույտ, իսկ վաղը` խոսքապտույտ
Մեկնաբանություններ