ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Մի Քարի, մի ՊԱՅՔԱՐԻ, մի ՆԿԱՐԻ պատմություն. Արմեն Հակոբյան

Մի Քարի, մի ՊԱՅՔԱՐԻ, մի ՆԿԱՐԻ պատմություն. Արմեն Հակոբյան
02.09.2022 | 07:26

Սեպտեմբերի 2-ին ըմբոստ Արցախը, որ փերեզակ մեկի ձեռքին այսօր խոնարհ ու անձայն իրավազուրկի է վերածվել, 31 տարի առաջ հռչակեց իր Անկախությունը: Հռչակեց այն ժամանակ գործող բոլոր հնարավոր օրենքներին, դրանց տառ ու ստորակետին համապատասխան: Հռչակեց սովետական ՕՄՕՆ-ի («հատուկ նշանակության միլիցիայի ջոկատ»՝ «օտրյադ միլիցիի ասոբովո նազնաչենիա») հովանու ներքո ու անմիջական մասնակցությամբ թյուրքական հրոսակների ելուզակությունների պայմաններում, «ալազան» հրթիռների կրակի տակ:


Հռչակեց, հրաշալի հասկանալով, որ թյուրքական հրոսակը է՛լ ավելի է մոլեգնելու և կրկնապատկելու է ցեղասպանական մղումները:
Դրանից ընդամենը մի քանի ամիս անց բախումները վերաճեցին ամենաիսկական պատերազմի: Ահռելի զոհողությունների գնով, անհաց, անլույս, վատ զինված, անռեսուրս, տնտեսապես ու տեղեկատվական առումով շրջափակված հայությունը՝ Արցախն ու Հայաստանը դիմակայեցին, ու հաղթեցինք թշնամի թուրքին, այն էլ՝ ինչպես հաղթեցինք: Այդ պատերազմում, Հայրենիքի ազատագրության համար այդ անհավասար պայքարում իրենց կյանքը դրեցին իմ սերնդի ամենապայծառ, ամենալուսավոր, հազար երազ ու նպատակ փայփայող լավագույն ներկայացուցիչները:
Դա պետք է հիշել հատկապես հիմա, երբ խոսում ենք հիշատակման ոչ արժանի հերձվածողի հրահրած, ակնհայտորեն՝ թշնամու հետ պայմանավորված այս պատերազմի հազարավոր զոհերի՝ մի ամբողջ սերնդի միտումնավոր կոտորածի մատնելու մասին: Պետք է հիշել, քանի որ այսօրվա ապիրատ ու հակահայ «վեռխուշկան» միայն 2000-2002թթ. սերնդի արյունը չէ, որ ուրանում ու ջուր է արել: Արցախի ազատագրական պայքարի, հաղթանակներ կերտած մեր հազարավոր լուսակիրների արյունն էլ է ուրացվում, սրբապղծվում: Բա սրբապղծություն չէ, ի՞նչ է, երբ Շուշին, Բերձորը, Քարվաճառը բռնում ու նվիրում են հայակեր թուրքին…
Եվ չնայած դավաճանական սողանքը չի դադարում, դրա կուլմինացիոն պահերից առավել նկատելին 2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունն էր, որի դաղող ցավից էլ ծնվել է այս՝ առանց ձայնի խոսող նկարը:
Նորին մեծություն Դիպվածը Դիլիջանի ճամփեքին հանդիպեցրեց օտարերկրացիներ Թոմին, Նատալիային ու տողերիս հեղինակին: Իմ երկրի ու քաղաքի հյուրերին օգնելու միանգամայն ընկալելի մղումը, նրանց ամրագրած հյուրատան համատեղ որոնումները բերեցին Դիլիջանի թաղերից մեկը, որտեղ պարզվեց, որ հյուրընկալ տանտիրուհին Լիլիթ Սիմոնյանն է:
Լիլիթն առաջինը ինձ ճանաչեց, չնայած գանգուրազերծված ճաղատիս ու տասնամյակների թողած հետքերին: Նա, որ մեզանից 1 դասարան բարձր էր, ոչ միայն ճանաչեց, այլև հիշեց մեր ընդհանուր դպրոցական անցյալը, մեր դպրոցը, անգամ հյուրերին պատմեց համեստիս աշակերտական ընթացքի մասին…


Ու մինչ Լիլիթն իր հյուրերին տեղավորելով էր զբաղված, ուշադրությունս գրավեց բակում, սեղանին դրված Արցախի խորհրդանիշը՝ «Բաբոն ու դեդոն», որ խնամքով ու մեծ սիրով նկարված էր քարի երկու կտորի վրա: Տպավորիչ էր ու հուզիչ…
Քիչ անց բուրավետ սուրճը համախմբեց գերմանացուն, ռուսին և հայերիս, ու Լիլիթը, նկատելով, որ հայացքս Արցախի խորհրդանիշին է ուղղված, պատմեց.
-Գիտե՞ս, երբ նոյեմբերի 9-ի այդ անիծյալ հայտարարությունը եղավ, ես չեմ կարող ասել, թե ինչ ապրումներ ունեցա, ինչ հոգեվիճակի մեջ հայտնվեցի: Տեղս չէի գտնում, չէի իմանում՝ ինչ անել: Չգիտեմ, թե ով ինչ է զգացել, բայց նման հարվածներից նորմալ մարդը կարող է խելագարվել: Ու որոշեցի նկարել: Այս մի քարը կար, մյուսը՝ եռանկյունաձևը, հյուրերից մեկն էր ավելի վաղ մոտիկ ինչ-որ տեղից գտել, թողել այստեղ: Նախքան պատերազմը մտածում էի, որ այդ քարի վրա գեղեցիկ եղևնի կարելի է նկարել,-Լիլիթի աչքերը լցվում են:-Մեր զոհված երեխեքն էին աչքիս առաջ գալիս: Որոշեցի որ մեր Արցախի խորհրդանիշը պիտի նկարեմ:
Վերցրեցի ներկերն ու սկսեցի նկարել: Նկարում ու նկարում էի, ու կանգ չէի առնում: Ու չնայած ցավս դրանից չէր թուլանում, բայց հուսահատության, անելանելիության թունավոր մշուշը սկսեց նահանջել: Ու որքան ավելի պարզ էր երևում, որ քարը վերածվում է Արցախի խորհրդանիշ «Տատ ու պապի» արձանի, այնքան մեջքս մի տեսակ ամրանում էր, այնքան առաջ էր գալիս հույսն ու համոզմունքը, որ ժամանակ անց նորից ոտքի կկանգնենք, ու Արցախը նորից ազատ կլինի, որովհետև, եթե չկա Արցախը, չենք լինի և մենք բոլորս, չի լինի Հայաստան…
--
Չեմ կարող չհամաձայնել Լիլիթի ասածին: Այո, նորից ոտքի կկանգնենք, այո, Արցախը ու, առհասարակ, Հայաստանը նորից ազատ կլինեն ու ինքնիշխան, եթե ավելի ճիշտ, երբ այնքան կամք և ուժ գտնենք մեր մեջ, որ թոթափենք մեր գոյության շնչին նստած չարիքը:

Դիտվել է՝ 15932

Մեկնաբանություններ