Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ՉԿԱ ԵՐԳՉՈՒՀՈՒ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ, ՆՐԱ ՎԱՍՏԱԿԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՈՐևԷ ԿՈԹՈՂ

ՉԿԱ ԵՐԳՉՈՒՀՈՒ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ, ՆՐԱ ՎԱՍՏԱԿԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՈՐևԷ ԿՈԹՈՂ
10.12.2010 | 00:00

Խոստովանենք, որ մինչև այսօր ըստ արժանվույն ուսումնասիրված, առավել ևս, մասնագիտորեն բացահայտված չէ ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ երևույթը։ Բացառությունը, թերևս, անվանի երաժշտագետ Ալեքսանդր Թադևոսյանի 1956-ին տպագրված «Գոհար Գասպարյան» միակ գիտական աշխատությունն է, որն ընդգրկում է միայն երգչուհու արտիստական գործունեության սկզբնական շրջանը։
Ավելին, արդեն երեք տարի է, ինչ Գոհարը մեզ հետ չէ, սակայն Երևանում (որի պատվավոր քաղաքացին էր նաև) չկա երգչուհու հիշատակը հավերժացնող, նրա վաստակին համարժեք որևէ կոթող։ Նույնիսկ պետականորեն չտոնվեց նրա ծննդյան 85-ամյակը, չբացվեց տուն-թանգարանը, որի համար ունենք անսպառ նյութ, չկա նրա անունը կրող փողոց կամ երաժշտական որևէ ձեռնարկ։
Տպագրության է պատրաստ «Գոհար Գասպարյան» երկրորդ գիրքը, որի էջերում տեղ պիտի գտնեն երգչուհու գրած հիսունից ավելի անտիպ նամակները, նրա մանկավարժական մեթոդիկայի ինքնագիր գրառումները, արվեստակից ընկերների մասին գրած նյութերը, նրան հասցեագրված` Արամ Խաչատրյանի, Անտոնինա Նեժդանովայի, Վալերիա Բարսովայի, Օդիսեյ Դիմիտրիադիի նամակները, նորահայտ վավերագրեր, լուսանկարներ։
Գիրքը տպագրության հանձնելուց առաջ օրերս թերթեցի իմ անձնական արխիվում պահվող` ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հոր` բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համազասպ Համբարձումյանի հիշողությունների եռհատորյակը, որի երկրորդ հատորի 435-437 էջերում հրաշալի տողեր կային արտիստական գործունեության արշալույսն ապրող, քսանվեցամյա Գոհար Գասպարյանի մասին։
Հայաստանի գիտությունների ակադեմիայի հերթական նստաշրջանից հետո, 1950 թ. աշնան վերջերին, Բյուրականում տրվել է մեծ ճաշկերույթ, որին ներկա են եղել նիստին մասնակցած նշանավոր գիտնականներ` հրավիրված Մոսկվայից, Ս. Պետերբուրգից, Թբիլիսիից, Երևանից եղել են ակադեմիկոսներ Հովսեփ Օրբելին, Վիկտոր Համբարձումյանը, Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Հրաչյա Աճառյանը, Արտաշես Շահինյանը, Գրիգոր Ղափանցյանը և շատ այլ նշանավոր գործիչներ։
«Վրաստանի գիտությունների ակադեմիայի առաջին փոխնախագահ Շանիձեի առաջարկով,- գրում է Համազասպ Համբարձումյանը,- ինձ ընտրեցին խնջույքի սեղանապետ-թամադա։ Խրախճանքը հասել էր բարձրակետին, երբ հայտնվեց Գոհար Գասպարյանը։ Երգչուհուն դիմավորեցին հոտնկայս, երկարատև ծափերով։ Իսահակյանը Գոհարին նստեցրեց իր կողքին»։
Ներկաների խնդրանքով Գոհարը երգում է Ալյաբևի, կարծես հատուկ նրա ձայնի համար գրված, «Սոխակը», բարձրանում է ծափերի դղիրդ։
Ի պատիվ երգչուհու, առաջինը խոսք է վերցնում աշխարհահռչակ գիտնական, Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադիր պրեզիդենտ Հովսեփ Օրբելին։
«Գոհար Գասպարյանն իր չքնաղ ձայնով, իր բացառիկ վարպետությամբ կարող է համեմատվել միայն աստվածային թռչնի` սոխակի հետ, որը հրաշքով իջել է մեր մոլորակ, որ իր ձայնով գեղեցկացնի և հռչակի իր սիրելի հայրենիքը։
Կեցցե՛ հայկական Օրփեոսը, հայկական սոխակ Գոհար Գասպարյանը»։
Որոտում են ծափերը, ներկաները շրջապատում են երգչուհուն, ամեն մեկը ձգտում է առաջինը բաժակ զարկել նրա բաժակին, ջերմ խոսք ասել, ձեռքը համբուրել։ Չբացելով փակագծերը, ասենք, որ խնջույքը գնալով դառնում է ավելի աղմկոտ։ Գիտական ինչ-որ հարցի շուրջ ծագած վեճերն ալեկոծում են ոմանց, լսվում են նույնիսկ անձնական վիրավորանքներ, ամեն ինչ դառնում է անկանխատեսելի։
Հենց այդ պահին ծոր է տալիս Գոհարի ձայնը.
-Հայաստան, երկիր դրախտավայր...
ՈՒ փոքրամարմին այդ հսկան ակնթարթորեն բուռն է հավաքում անկառավարելի սրահը։ Հաղթում է երգի ուժը։ Կրքերը հանդարտվում են, խրախճանքը նոր հունի մեջ է ընկնում։
Ինչպես թրակիացի առասպելական երգիչ Օրփեոսն իր ձայնով կախարդել է նույնիսկ աստվածներին, զսպել է բնության վայրի ուժերը, ճիշտ այդպես էլ հայկական Օրփեոս Գոհար Գասպարյանն իր երգով կանխել է խրախճանքը հունից շեղելու վտանգը։
Այո, Հովսեփ Օրբելին բարձրաձայնեց, որ Գոհար Գասպարյանը հայկական Օրփեոսն է։ Մնում է, որ մեր օրերում էլ պատկան մարմիններն ու պետական այրերը գիտակցեն, որ նա իր անհամեմատելի արվեստով դարի ճակատը պսակող անհատականություն է, ազգ ներկայացնող խորհրդանիշ։
Անշուշտ, մեր Գոհարի մասին Համազասպ Համբարձումյանի արձանագրած փաստը վերջինը չէ։ Համոզված ենք, որ մինչև գրքի տպագրվելը նմանատիպ նյութեր դեռ շատ կհայտնաբերվեն, և հավատում ենք, որ կգտնվեն տպագրական ծախսերը հոգացող բարերարներ։
Սերգեյ ԱՌԱՔԵԼՅԱՆ
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Դիտվել է՝ 2561

Մեկնաբանություններ