Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Մեղադրյալների թվում են Հայաստանի երկու նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը

Մեղադրյալների թվում են Հայաստանի երկու նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը
05.12.2008 | 00:00

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ԴԱԴԱՐՈՒՄ «ՀՆՉԵՑՆԵԼ ԶԱՆԳԵՐԸ»
Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը ոչ միայն շարունակում է մնալ հայկական իրականության ամենասուր խնդիրներից մեկը, այլև կարևոր բաղադրիչ է ներքին կայունության և ներքաղաքական գործընթացների ուղղորդման առումով։ Ընդ որում, հիմնախնդիրն անցած ողջ ժամանակահատվածում օգտագործվել է քաղաքական ուժերի կողմից իբրև հասարակական կարծիքի մանիպուլյացիայի միջոց, սակայն հանրությունը շատ անգամ դուրս է մնացել այդ համազգային խնդրի լուծումից։ Արտաքին քաղաքական առումով գործնականում երբեք չեն օգտագործվել ոչ միայն հանրային ներուժը, այլև քաղաքական ու հասարակական կազմակերպությունների հնարավորությունները, թեկուզ և բոլոր երեք նախագահներն էլ քաղաքականություն են եկել ղարաբաղյան շարժման զանգվածային ալիքի վրա և, ըստ այդմ, հրաշալի գիտեն ինչպես հասարակական գործընթացների նշանակությունն այս հարցում, այնպես էլ դրանք ուղղորդելու տեխնոլոգիաները։
Այդ մարդկանց խղճին թողնենք պրոբլեմը, թե ինչու ղարաբաղյան հակամարտության կարգավորումն աստիճանաբար դարձավ քաղաքական վերնախավի մի նեղ շերտի սեփականությունը։ Ավելի կարևոր է փորձել հասկանալ այն զուգահեռները, որոնք միջազգային իրողությունների պայմաններում ստեղծվել են հակամարտությունների կարգավորման առումով։ Այս իմաստով ուշադրության է արժանի այն, որ Կոսովոյին անկախություն շնորհելու միջազգային հանրության ջանքերում առավել կարևոր հանգամանք հանդիսացավ այն փաստը, թե Սերբիան, արևմտյան տերությունների գնահատականներով, կոսովցիների ու կոսովցի ալբանացիների նկատմամբ ցեղասպանական գործողություններ է իրականացրել։ Այս թեզի հիմնավորումից հետո էլ ասպարեզ բերվեց «դատավճիռը», թե հետագայում համանման զարգացումներից խուսափելու համար Կոսովոն պետք է ստանա անկախություն։ Գործնականում նույն սխեման այսօր փորձում է իրագործել Ռուսաստանը վրաց-աբխազական և Վրաստան-Հարավային Օսիա հակամարտությունների պարագայում։ Թեկուզ դժվարությամբ և հարաբերական հաջողությամբ, այնուհանդերձ, փորձ է արվում աշխարհին համոզել, թե վերոնշյալ ազգերի գոյությունը նույն պետական կազմավորման սահմաններում անհնարին է ու վտանգավոր։ Թեպետ օգոստոսյան իրադարձություններից հետո Վրաստանն էլ իր հերթին դիմեց ՄԱԿ-ի Միջազգային դատարան` մեղադրելով Ռուսաստանին 1965 թվականի ռասայական խտրականության վերաբերյալ կոնվենցիան խախտելու համար։ Դատարանը, ըստ էության, որոշում չընդունելով, կոչ արեց Ռուսաստանին ու Վրաստանին` ձեռնպահ մնալ ռասայական խտրականություն հրահրող գործողություններից։
Գերմանական մամուլին տված իր վերջին հարցազրույցներից մեկում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այն հարցին, թե ադրբեջանցիներն ու հայերը կարո՞ղ են միասին ապրել նույն պետական կազմավորման մեջ, կտրականապես «ո՛չ» պատասխանեց։ Սակայն լուրջ հիմնավորումներ այս ուղղությամբ չներկայացվեցին, հավանաբար, հարցազրույցի սեղմ լինելու պատճառով կամ էլ, ելնելով այն ցավալի իրողությունից, որ 1988-94 թթ. հայերի նկատմամբ ադրբեջանցիների իրականացրած ցեղասպանական գործողությունների հարցը երկար ժամանակ է, ինչ դուրս է դրվել Հայաստանի դիվանագիտական մարտավարությունից։ Որքան հիշում եմ, միայն մեկ անգամ այդ խնդիրն ամենաբարձր պետական մակարդակով հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանը ՄԱԿ-ում ունեցած իր ելույթում։ Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի հայկական ջարդերի փաստերը, հայերի բացարձակ բռնագաղթը Նախիջևանից ոչ միայն սկսել են մոռացվել, այլև կարծես որևէ էական դեր չեն խաղում բանակցային գործընթացում` իբրև հայկական կողմի դիրքերն ամրապնդող փաստարկներ։ ՈՒշադրության է արժանի և այն, որ, այսպես կոչված, «մադրիդյան սկզբունքների» շրջանակում խոսվում է միայն ադրբեջանական փախստականների մասին, իսկ հայ փախստականների մասին ոչինչ չկա, կարծես այդ ամենը չի եղել։ Թեկուզ և ցեղասպանության կանխարգելման դրույթն այսօր որոշիչ նշանակություն ունի միջազգային քաղաքականության մեջ և գրեթե բոլոր միջազգային ինստիտուտների ուշադրության կենտրոնում է։
Որքան էլ տարօրինակ թվա առաջին հայացքից, այս հանգամանքը գիտակցել և համակարգային ձևով ու ոչ առանց հաջողության օգտագործում են ադրբեջանական քարոզչամիջոցները։ Գրեթե բոլոր միջազգային դատական ատյանները երկար տարիներ հեղեղված են ադրբեջանական քաղաքական ու հասարակական կազմակերպությունների, պատգամավորների, օմբուդսմենների դիմումներով։ Ընդ որում, այդ դիմումների թեմատիկան շատ տարբեր է, երբեմն ուղղակի ֆանտաստիկ դրսևորումներով։ Դրանք ներառում են ինչպես ղարաբաղյան պատերազմի կամ Հայաստանից ադրբեջանցիների հեռանալու դրվագներ, այնպես էլ բնապահպանական բնույթի բողոքներ, ասենք, հայկական կողմից Ադրբեջանի ոսկու արդյունահանման ռեզերվները գազանաբար շահագործելու մասին։ Այդ ամենն Ադրբեջանի պետական համակարգում և հասարակական կազմակերպություններում ոչ միայն համակարգվում, այլև առանձին ծրագրերի ձևով ֆինանսավորվում է նախագահի աշխատակազմի կողմից։ Եվ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար Ադրբեջանն իրեն պահում է շատ ազատ` անկախ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի առկայությունից։ Բառացիորեն այս օրերին, երբ բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում և այլ միջազգային մակարդակներում մտնում են լրջագույն փուլ, ադրբեջանական խորհրդարանականները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մտադիր են դիմելու իրենց նախագահին, որպեսզի վերջինս օգնի իրենց` Հաագայի միջազգային դատարան դիմելու։ Արդեն այսօր Եվրոպական դատարանում «հայկական ագրեսիայի զոհերի» շուրջ 1200 բողոք կա։ Ավելին, հրապարակային դատական գործընթաց սկսելու համար նյութեր են հավաքվում, և նախատեսվում է, որ այդ պրոցեսին կմասնակցեն տասներկու ատենակալներ` իրավաբաններ, գիտնականներ, հասարակական գործիչներ, որոնք հրավիրվելու են տարբեր երկրներից։ Հասարակական դատարանի մեղադրյալների թվում են Հայաստանի երկու նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ԽՍՀՄ ժամանակներում Անդրկովկասյան ռազմական օկրուգի նախկին հրամանատար Օգանովը և ուրիշներ։ Այդ, այսպես կոչված, անկախ հասարակական տրիբունալի ստեղծման նախաձեռնությամբ հանդես է եկել Ադրբեջանի փախստականների և հարկադրյալ վերաբնակների կենտրոնը, որը ֆինանսավորում է երկրի նախագահին կից գործող հասարակական կազմակերպությունների աջակցության խորհուրդը։
Բնութագրական է, որ այս օրերին Ադրբեջանում լայնորեն քննարկվում է Բեռլինի Հումբոլդյան համալսարանի դոկտոր Մուշվիղ Մամեդովի կոնցեպցիան, ուր մասնավորապես նշվում է. «Թեկուզ և Ադրբեջանն ու Հայաստանը չեն ճանաչել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի իրավասությունը, Ադրբեջանը, այնուհանդերձ, կարող է դիմել այնտեղ` ղեկավարվելով այն կոնվենցիաներով, որոնք ստորագրել են երկու երկրները։ Խոսքն այն կոնվենցիաների մասին է, որոնցում արտահայտված են ՄԱԿ-ի միջազգային դատարանի իրավասությունները։ Այդ պատճառով էլ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված` Ադրբեջանի Հանրապետությունը կարող է հանդես գալ ավելի բովանդակային դիրքորոշմամբ, որը թույլ կտա քննարկել այս հարցը ՄԱԿ-ի Միջազգային դատարանում և ընդունել բանաձև, ոչ թե բավարարվել 2008-ի մարտին Ադրբեջանի օկուպացված տարածքների մասին բանաձևով։ ՄԱԿ-ի անդամ երկրների մեծամասնության աջակցությունը ստանալու համար Ադրբեջանը կարող էր համատեղ նախաձեռնություն դրսևորել Վրաստանի ու Մոլդովայի հետ»։ Սա նշանակում է, որ բանակցային գործընթացը և, առհասարակ, որևէ պայմանավորվածություն չեն խանգարում ադրբեջանական կողմին` շարունակ «հնչեցնել զանգերը» բոլոր հնարավոր միջազգային հարթակներում։ Մեր հարևանները, թերևս, մեզնից լավ են հասկացել, որ դրանով իրենց երկրի ղեկավարի համար լրացուցիչ փաստարկներ ու լծակներ են ստեղծում իրենց շահերի պաշտպանության դաշտում։
Իսկ ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա մենք, կարծես, առհասարակ մոռացել ենք ղարաբաղյան հակամարտության արմատները և այն լուրջ փաստարկները, որոնք առկա են, ու բավարարվում ենք զոհերի հուշարձաններին տարելիցների ժամանակ ծաղկեպսակ դնելով։ Մինչդեռ Ադրբեջանում հայերի նկատմամբ իրականացված գործողություններն անկասկած և միարժեք տեղավորվում են ցեղասպանության միջազգային իրավական բնորոշման շրջանակներում և կարող են նոր նրբերանգներ մտցնել բանակցային գործընթացում։ Սակայն այս առումով միայն Սախարովի իրավապաշտպան ֆոնդն է միջազգային ատյաններ դիմելու մի քանի փորձեր արել` հայ փախստականների ունեցվածքային և ֆինանսական վնասները փոխհատուցելու դիմումներով։ Վերջերս տարածված տեղեկության համաձայն` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննելու է նաև Հին Ջուղայում ադրբեջանցիների կողմից հայկական խաչքարերի ոչնչացման հարցը։ Ընդ որում, այդ հայցով Մարդու իրավունքների եվրոպական դատարան է դիմել «Արևմտահայերի ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպությունը, որը միավորում է Ֆրանսիայում գործող մի շարք հայկական հասարակական կառույցներ։
Հասկանալի է նաև, որ չնայած առանձին քաղաքական գործիչների և կուսակցությունների, մասնավորապես ռամկավար ազատական կուսակցության կոչերին, Հայաստանի բարձրագույն իշխանությունը բանակցային այս խաչմերուկում չի կարող վերանայել մարտավարությունը` «գետանցի ժամանակ ձիերին չեն փոխում» սկզբունքից ելնելով։ Բայց նույնը չի կարելի ասել հասարակական և այլ կազմակերպությունների մասին ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում, որոնք ուղղակի պարտավոր են ուշադրության կենտրոնում պահելու ղարաբաղյան հիմնախնդրի այս չափազանց կարևոր ու ստվերոտ կողմը։ ՈՒ թեկուզ երեկ այդ ամենը ձեռնարկելն ավելի ճիշտ էր, բայց այսօր էլ ուշ չէ, քանի դեռ ողջ են հայտնի իրադարձությունների վկաները, և առանց մեծ դժվարության հնարավոր է անհրաժեշտ հուն ուղղորդել հասարակական ուժերը։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 3828

Մեկնաբանություններ