Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Կլիմայական փոփոխություններ. լինենք ճկուն` դիմանալու համար

Կլիմայական փոփոխություններ. լինենք ճկուն` դիմանալու համար
07.08.2009 | 00:00

ԳԼՈԲԱԼ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ
Կլիմայական փոփոխությունները մեծ ազդեցություն են թողնում ոչ միայն Երկրագնդի, այլև մարդու գործունեության բոլոր բնագավառների վրա՝ էապես մեծացնելով ռիսկերը մեր կյանքի բոլոր ոլորտներում։
Համաձայն գիտական ուսումնասիրությունների՝ վերջին հարյուրամյակում օդի համամոլորակային միջին ջերմաստիճանը 1961-90 թթ. նկատմամբ աճել է մոտ 0,6 աստիճանով։ Վերջին 150 տարիների ընթացքում երկրագնդի վրա ամենատաք տարին եղել է 1998-ը։ Հայպետհիդրոմետի փոխտնօրեն ՀԱՄԼԵՏ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ տեղեկացմամբ՝ Հայաստանի տարածքի վերջին տասը տարիների ջերմաստիճանի և տեղումների շեղումները նորմաների նկատմամբ ցույց են տալիս, որ նույն օրինաչափությունը դիտվում է նաև Հայաստանի Հանրապետությունում։ 1990-ական թվականները եղել են ամենատաք տասնամյակը դարում, իսկ դարը՝ ամենատաքը վերջին հազարամյակում։
«1935-2008 թթ. միջին տարեկան ջերմաստիճանն աճել է 0,43 աստիճանով։ Նույն ժամանակահատվածի համար տարեկան տեղումների քանակը նորմայի նկատմամբ նվազել է 6 տոկոսով։ Մինչև 2100 թ. սպասվում է մոլորակի օդի ջերմաստիճանի աճ 1,4-5,8 աստիճանով, համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացում 9-88 սմ-ով։ Նույն ժամանակահատվածում Հայաստանի տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում մոտավորապես 4,4 աստիճանով և տեղումների քանակի նվազում մոտ 9 տոկոսով»,- ասում է Հ. Մելքոնյանը։
Համաշխարհային վիճակագրությունը վկայում է նաև, որ տարեցտարի աճում է հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների հաճախականությունը։ Աշխարհում տարեկան մարդկային զոհերի 40 տոկոսը պայմանավորված է հենց հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթներով, իսկ դրանցով պայմանավորված տարեկան տնտեսական վնասները 1990-94 թթ. կազմել են մոտ 43 միլիարդ դոլար։ Սկսած 1995 թվականից՝ դրանք գնահատվում են 180 միլիարդ դոլար։ Մասնավորապես ՀՀ տարածքում 2000 թ. երաշտից տնտեսությանը հասցված վնասը կազմել է 40 միլիոն դոլար, 2002 թ. դեկտեմբերին դիտված աննախադեպ ցրտերի (-28, -32 աստիճան) պատճառով Արարատյան դաշտի այգեգործությունը և խաղողագործությունը կրել են 25 միլիոն, իսկ 2004-ին՝ կարկտահարության, ջրհեղեղների, ցրտահարությունների, ուժեղ քամիների պատճառով՝ 28 մլն դոլարի վնաս։
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կլիմայի փոփոխության ծրագրերի կառավարիչ ԴԻԱՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ տեղեկացնում է, որ կլիմայական փոփոխությունները պայմանավորված են ոչ միայն երկրաբանական, այլև մարդածին գործոններով, ինչը ցույց է տալիս, որ կա հստակ կապ ջերմոցային գազերի արտանետումների ավելացման, մթնոլորտում դրանց խտության ավելացման և ջերմաստիճանի բարձրացման հետ։
«Հայաստանի համար 2030, 2070, 2100 թթ. կտրվածքով կանխատեսումներ են կատարվել, որոնք պայմանավորված են նաև համաշխարհային զարգացումներով,- նշում է Դ. Հարությունյանը։- Իրավիճակը գնահատվել է մի քանի սցենարներով, և հիմնական կանխատեսումն այն է, որ մինչև 2030 թվականը օդի ջերմաստիճանը բարձրանալու է մինչև 1,8 աստիճան, տեղումները նվազելու են 8-10 տոկոսով, բացի այդ, խախտվելու է նաև տեղումների սեզոնայնությունը։ Շոգ օրերի թիվն ամռանն ավելանալու է, ձմեռը լինելու է մեղմ, գարունը՝ չորային, իսկ աշունը՝ ավելի անձրևոտ։ Շոգ օրերի ավելացման պատճառով կանխատեսվում է սրտանոթային հիվանդությունների, աղիքային ինֆեկցիաների աճ։ Կառաջանան նաև տարածաշրջանի համար ոչ տիպիկ փոխանցվող հիվանդություններ, որոնց դիմակայելու հնարավորությունները շատ փոքր կլինեն»։
Նույնիսկ լավատեսական գնահատումների համաձայն, աշխարհում մոտ 200 մլն մարդ կարող է մշտապես տեղահանվել կամ կորցնել իր բնակության վայրը օվկիանոսների և ծովերի մակարդակի բարձրացման, ծանր հեղեղների կամ երաշտի պատճառով։ Վերջին տարիներին պարզվել է, որ մարդկային վերարտադրության, բնապահպանական կամ շրջակա միջավայրի փոփոխություններից և գործոններից մեկը կլիմայի փոփոխությունն է։ Եղանակային այս ծայրահեղ իրադարձությունների պատճառով կարող է տուժել նաև մարդու առողջությունը, բարձրանալ տարատեսակ հիվանդությունների և ալերգիկ խախտումների ցուցանիշը։ Ընդ որում, այս մարտահրավերն աստիճանաբար ահագնանում է։
Մինչև 2030 թ. կլիմայական փոփոխությունը կհանգեցնի յուրաքանչյուր տարի գլոբալ մակարդակով հավելյալ 200 հազար մահվան։ Ջերմաստիճանի յուրաքանչյուր մեկ աստիճանի բարձրացումը կարող է հանգեցնել մահացության 1-4 տոկոսով աճի, իսկ շոգի ալիքների հաճախականությունը տարեցտարի կարող է ավելանալ։ Բարձր ջերմաստիճանի պայմաններում մանրէներն ավելի արագ են բազմանում՝ ռիսկի ենթարկելով ջրի և սննդի անվտանգությունը։
Ի՞նչ պետք է արվի կլիմայական փոփոխությունների հնարավոր ռիսկերը կանխարգելելու համար։ «Ըստ միջազգային ուղեցույցների՝ կլիմայական փոփոխությունների հակազդման համար պետք է բարելավվի կառավարման ոլորտը։ Ընդհանուր համակարգը պետք է կայուն և ուժեղ լինի,- ասում է տիկին Հարությունյանը։- Եթե կանխարգելիչ միջոցառումները լինեն տեղին, ժամանակին և հստակ, մենք ավելի շատ պատրաստ կլինենք փոփոխություններին դիմակայելու։ Պետք է լինել ճկուն. այն երկրները, որտեղ գյուղատնտեսության համակարգն ապահովագրված չէ, չկա ճիշտ ագրոտեխնիկական միջոցառումների, մշակաբույսերը ժամանակին փոխելու քաղաքականություն, այդ տնտեսություններն ավելի խոցելի են դառնում։ Նույնիսկ Ավստրալիայի նման երկրում խոշոր ֆերմերները, որոնք աճեցնում էին բրինձ, այսօր արդեն փոխում են մշակաբույսը և սկսում զբաղվել խաղողագործությամբ, որովհետև տեղումները պակասել են, ավելացել է երաշտների հաճախականությունը։ Ընդ որում, խոշոր տնտեսության համար արագ փոխվելն ու նոր իրավիճակին հարմարվելը շատ ավելի հեշտ է, նրանք ավելի կայուն են, մրցունակ շուկայում և տնտեսավարման ճիշտ գործիքներ են օգտագործում։ Փոքր տնտեսություններն ավելի շուտ ինքնաբավ են, իրենք իրենց են սպասարկում, մինչդեռ էկոնոմիկայում պետք է ստեղծել հավելյալ արժեք, ինչը կհանգեցնի զարգացման»։
Մյուս կարևոր հանգամանքը, որ ընդգծեց Դիանա Հարությունյանը. կլիմայի փոփոխության պատճառով կանխատեսվում է ջրային ռեսուրսների պակաս և դրանց ոչ սովորական բաշխման միտում։ Եվ այդ պայմաններում որոշակի սեզոններում, որոշակի շրջաններում ջրի նկատմամբ մրցակցությունը կլինի տարբեր։ ՈՒստի խիստ անհրաժեշտ է, որ մեզ մոտ ջրօգտագործման թույլտվությունները տրվեն՝ հաշվի առնելով կլիմայի փոփոխությունները։ Շատ կարևոր է, որ բոլոր ջրօգտագործողների իրավունքները ճիշտ ներկայացված և ճիշտ պաշտպանված լինեն։
Հայպետհիդրոմետի փոխտնօրեն Համլետ Մելքոնյանը տեղեկացնում է, որ աշխարհում շատ հետևողական պայքար է ընթանում կլիմայի փոփոխության ասպարեզում, որպեսզի կարողանան մեղմել վտանգավոր հետևանքները։ Մասնավորապես, երկրները պարտավորվում են կրճատել ջերմոցային գազերի արտանետումները, ինչը ենթադրում է տնտեսությունում նոր տեխնոլոգիաների ներդրում, անթափոն արտադրությունների կազմակերպում և այլն։ Հայաստանում նույնպես կլիմայի փոփոխության գիտական ուսումնասիրություններ են իրականացվում, և այդ ուսումնասիրությունների հիման վրա արվում են տարբեր գնահատումներ, առաջարկվում համապատասխան միջոցառումներ, որպեսզի բոլոր ոլորտներում ռազմավարական պլաններ մշակելիս հաշվի առնվեն կլիմայի փոփոխության հավանական սցենարները։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 4344

Մեկնաբանություններ