Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ՍՏՎԵՐԱՅԻՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ՍՏՎԵՐԱՅԻՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
02.04.2010 | 00:00

Եվ այսպես, ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական գնահատման կենտրոն»` ՊՈԱԿ։ Ճշգրտենք նաև, թե ինչ է նշանակում ՊՈԱԿ, ու անցնենք գործի, այսինքն, հաշվենք մեր ոչխարները։
ՊՈԱԿ` պետական ոչ առևտրային կազմակերպություն։

Սակայն ահա վերոնշյալ ՊՈԱԿ-ում, համաձայն բազմաթիվ աղբյուրների և բազմաբնույթ վկայությունների, «առուտուրը» եռում է աշխատանքային ողջ օրվա ընթացքում։
Դիցուք, նվեր եք ստացել, գնել կամ նկարել-քանդակել եք (եթե, անշուշտ, նկարիչ կամ քանդակագործ եք) որևէ ստեղծագործություն։ Եվ կարիք կա այն արժևորելու, այսինքն` ճշտելու շուկայական գինը։ Բնականաբար, հանդիսավորապես փաթեթավորում եք Ձեր գլուխգործոցը և ինքնաբավ հպարտությամբ գրոհում «Մշակութային արժեքների փորձագիտական գնահատման կենտրոն»` փորձաքննության։ Նաև գնահատման ու արժևորման, հույս ունենալով նաև փորձագետ-արվեստաբանների հոգեպարար միջավայրում ունկնդրելու գեղեցիկն ու բարին։
Սակայն հենց առաջին իսկ շփման գծում, այսինքն` տնօրենի ընդունարանի նախասրահում, Ձեր ոգևորության գլխին սառը ջուր է մաղվում։ Կտավը (կամ մեկ այլ բան) վերցնում են, քմահաճ դիմախաղով զննում և անփութորեն եզրակացնում` այն իրականում էլ մեծ արժեք չունի, հեղինակի ստորագրությունը, կարծես թե, կեղծ է, գունաթափ է և այլն։ Փորձված միջոց է. գրոհային եղանակով Ձեզ թևաթափ են անում և մղում... աչալրջության։ Այս գործում իր բարձրության վրա է ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետը, ի դեպ, միակ տղամարդ մասնագետ-արվեստաբանը։
Հասկանալի է, հայկական, առհասարակ արևելյան հոգեմտակերպում արմատավորված է որոշակի մշակույթ. եթե վերջնականապես չեն մերժում, օրենքի ողջ խստությունը չեն կիրառում, նշանակում է` հասունացել է «վերաբերմունք ցույց տալու» պատասխանատու պահը։ Գլխի ընկա՞ք։ Հրաշալի՛։ ՈՒ հենց այդ պահին (իհարկե, պատահաբար), ի հայտ է գալիս վերադաս փորձագետներից մեկը, ուշի ուշով զննում գործը և, հավուր պատշաճի գնահատելով Ձեր ընկալունակությունը, սիրալիր խորհուրդ է տալիս անցնել հաշվապահություն, մուծել պետական տուրքը, վերցնել կտրոնը և ներկայանալ... մեկ ամիս անց։ Դե, հասկանալի է, եթե պահի կարևորությունն ըստ արժանվույն գնահատում ես և համարժեք վերաբերմունք դրսևորում, արդեն մեկ օր անց, համապատասխան ցանկալի «հետևանքներով», արժանանում ես ընդունելության։ Ամեն բան այս աշխարհում իր գինն ունի։ Եվ սա որոշված-ամրագրված իրողություն է։ Ո՞Ւմ կողմից։ Իհարկե, ՊՈԱԿ-ի տնօրենի։ Նրա անունը, բարեկրթության կանոններին հետևելով, չենք նշի։ Առջևում Մայրության և սիրո տոնն է, իսկ տնօրենն այս դեպքում տնօրենուհի է, այսինքն` մեկը սիրասուն (սակայն, բնավ ոչ փափկասուն) հայ տիկնանցից։ Դե, ինչպե՞ս կարելի է նրա գալիք տոնը փչացնել, ապրիլյոթյան տրամադրությունը գլխիվայր շուռ տալ։ Սակայն նրան և նրա համախոհ-գործընկերներին սթափեցնել ուղղակի անհրաժեշտ է։ Դանակը շատերի ոսկորին է հասել։
Եվ այսպես, Դուք, հարգելի հաճախորդ, նկարատեր, հոգեպես, բարոյապես և, ամենակարևորը, նյութապես պատրաստ եք «սխրանքի», այսինքն` «վերաբերմունք ցույց տալու»։ ՈՒ եթե Ձեր սեփականությունը հանդիսացող նկարի կամ քանդակի «տեխասմոտրը», այսինքն` գնահատման ծառայությունը, պետական սանդղակով գնահատվել է, ենթադրենք, 57 հազար 500 դրամ, ստվերային, ասել է թե` «վերաբերմունքային» նշաձողը դրանից բարձր է 5-7 անգամ։ Ինչևէ, անցնում եք ստվերային ռուբիկոնը, կատարում Ձեր մարդասիրական-հայրենանվեր պարտքը` մուծում պետական տուրքը, «մուծվում»` ստվերայինը։ Եվ հենց այդ պահին է, որ Ձեր սեփականությունը հանդիսացող արվեստի գործի իսկությունն իսկույն հաստատվում է, այսինքն` Մինասը Մինաս է, Սարյանը` Սարյան, Հովնաթանյանը, բնականաբար, Հովնաթանյան։
Եվ անհետանում են քմահաճ քմծիծաղները, չքվում վերամբարձ վերապահումները։ Դուք պատվով տարաք փորձությունը, խելամտորեն կռահեցիք, որ այս պարագայում պետական հիմնարկի անվան վերջում նշվում է ՊՈԱԿ, ընթերցվում է ՊՍԱԿ` «Պետական-ստվերային-առևտրային կազմակերպություն»։ Եվ ամեն բան իր տեղն է ընկնում։ Ձեզ ճանապարհում են մինչև կանգառ, անհրաժեշտության դեպքում (կախված վերաբերմունքի թնդությունից) նաև տաքսի առաջարկում։
Մի խոսքով, մեր բազմաթիվ «մուծված» քաղաքացիների խնդրանքին ընդառաջ, բարձրացրինք այս բավականին խնդրահարույց հարցը` պատկան կառույցների ուշադրությունը հրավիրելով վերոշարադրյալ խայտառակ իրողության վրա։ Հույս ունենք, որ հրապարակման արդյունքում մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական գնահատման կենտրոն» ՊՈԱԿ-ում ստվերային գործընթացներն անհետ կչքվեն գրողի ծոցը։ Եվ արվեստի արժևորման մասնագիտական այս հեղինակավոր կառույցում կիշխեն ազնվազարմ բարեհաճությունը, բարձրագույն մասնագիտական արժանապատվությունն ու մարդկային մյուս բոլոր վսեմ հատկանիշները։ Ինչը միանգամայն բնական է, բանական և բարոյական։
Ինչևէ, այսուհետև էլ ուշադրության կենտրոնում ենք պահելու վերոնշյալ և համանման հաստատությունները, հուսալով, որ հաջորդ հրապարակմամբ առիթ կունենանք դրվատելու ինչպես տվյալ հաստատությունը, այնպես էլ դրա փորձաքննիչ-արժևորողներին։ Անարգանքի սյունին գամելու փոխարեն։
Վրեժ Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ. -Վերոնշյալ, մեղմ ասած, ոչ այնքան բարեկիրթ մթնոլորտը վաղուց է իշխում վերոնշյալ ՊՈԱԿ-ՊՍԱԿ-ում։ Եվ, բնականաբար, այս հաստատության վավերացրած մասնագիտական եզրակացությունները հաճախ պատշաճ լրջությամբ չեն ընդունվում։
Բացի այդ, ի՞նչ հիմքով է նման հեղինակավոր, մասնագիտական բարձր որակավորում, փորձ ու հմտություն պահանջող կենտրոնի տնօրեն նշանակվում ոչ մասնագետը, ով մինչ այդ աշխատում էր Արաբկիր համայնքի ոստիկանության անձնագրային բաժնում։ Պետի կարգավիճակով։
Ի դեպ, մեր աղբյուրների վստահեցմամբ` սույն կազմակերպությունում քիչ չեն պատվարժան և բարձրակարգ մասնագետները, միայն թե նրանց կարծիքը որոշիչ չէ։ Հուսանք` առայժմ։ Նաև հուսանք, որ փորձագետ-ձեռնահասներն այսօրվանից կյուրացնեն մարդկանց հետ վարվելու բարեկիրթ ձևաչափը։ Թե չէ տիկին տնօրենը զարմանալի համառությամբ յուրաքանչյուր այցելուի առևտրական է համարում, և եթե այցելուն դույզն-ինչ ըմբոստություն է ցույց տալիս, նախշազարդվում է թույլից չափավոր ուժգնության արտահայտություններով։

Դիտվել է՝ 4582

Մեկնաբանություններ