38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հիվանդի դեղորայքն առողջ սնունդն է

Հիվանդի դեղորայքն առողջ սնունդն է
14.08.2009 | 00:00

ԻՆՉՊԵՍ ՍՆՎԵԼ
Մասնագետների ուսումնասիրությունները վկայում են, որ մարդկանց առողջության 50 տոկոսը պայմանավորված է առողջ սննդով։ Ոչ ճիշտ սննդակարգը կարող է առաջացնել մի շարք հիվանդություններ՝ շաքարախտ, ճարպակալում, սրտանոթային համակարգի խնդիրներ։

Իսկ ի՞նչ ասել է ճիշտ սնունդ։ «Ճիշտ սնունդն առաջին հերթին ճիշտ սնվելն է,- նշում է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր գաստրոէնտերոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԷԴՈՒԱՐԴ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ,- ինչը, ցավոք, մարդկանց 80-90 տոկոսի մոտ բացակայում է։ Պարտադիր է օրական 3-4 անգամ սնվելը, մինչդեռ հայերիս մոտ ընդունված է սոված լինելով միանգամից մեծ քանակությամբ սնունդ ընդունել, մի բան, որ խախտում է մարսողական համակարգը։ Իհարկե, մեծ նշանակություն ունի, թե ինչ ես ուտում, սակայն առավել կարևոր է ինչպես ուտելը՝ ռեժիմով, ժամանակին սնունդ ընդունելը, որպեսզի ստամոքսը դատարկ չմնա։ Հակառակ դեպքում մի շարք խնդիրներ են ծագում՝ թթվայնության խախտումներ, աղիների և ստամոքսի կծկվողականության ֆունկցիայի խանգարում»։ Ըստ Է. Գրիգորյանի, սննդակարգը պետք է բազմազան ուտելիքներ պարունակի, որպեսզի մարդն ստանա օրգանիզմի համար անհրաժեշտ սպիտակուցները, հանքային աղերը, վիտամինները, ածխաջրերը, ճարպերը։ Իսկ դա նշանակում է ունենալ առողջ իմունիտետ, նորմալ աշխատող նյարդային համակարգ՝ վիրուսներին դիմակայելու համար։
Ոչ ճիշտ սնվելը կարող է հանգեցնել ստամոքսի խանգարումների, գաստրիտի, էրոզիաների, խոցերի։ Բացի այդ, ճարպոտ սնունդը գրգռում է լեղապարկը՝ հանգեցնելով լեղապարկի բորբոքային պրոցեսների։ Խորհուրդ է տրվում ոչ թե կենդանական, այլ բուսական յուղեր օգտագործել։ Սննդակարգի նկատմամբ հատկապես պետք է ուշադիր լինեն զգայուն ստամոքս ունեցող մարդիկ։ Ըստ մասնագետի՝ չի կարելի տարբեր կերակուրներ խառնել իրար, պետք է ուտել հիմնականում մի տեսակ սնունդ, հաջորդ անգամ՝ մեկ այլ։ Այդ է պատճառը, որ խնջույքներից հետո շատերի մոտ առաջանում են ստամոքսի խանգարումներ կամ թունավորումներ։ Սննդակարգը մշակելիս պետք է հաշվի առնել նաև տարիքը։ Երիտասարդ ու տարեց մարդկանց սնունդը պետք է խիստ տարբերվի։ 40-50 տարեկանից հետո մարդիկ պետք է աշխատեն ավելի քիչ ուտել, քանի որ նրանք էներգիա ավելի քիչ են ծախսում, քան երիտասարդները, իսկ նյութափոխանակությունն ավելի դանդաղ է կատարվում։
Անընդունելի է նաև ճաշելուց հետո պառկել-հանգստանալը։ Սնունդն ընդունելուց հետո պետք է շարժվել, որպեսզի կարողանաք նպաստել մարսողությանը և խուսափեք ճարպակալումից, մի խնդիր, որն այժմ դարձել է համաշխարհային մեծ պրոբլեմ։ Ճարպակալման պատճառները բազմաթիվ են, սակայն դրան հիմնականում նպաստում են չշարժվելը, անկանոն սնվելը և արագ սնունդ կոչվածը։
Կա նաև ճարպակալման հակառակ երևույթը՝ անորեքսիան՝ ախորժակի բացակայությունը։ Անորեքսիան կարող է ունենալ և՛ հոգեկան, և՛ ֆիզիկական տարբեր պատճառներ։ Անորեքսիայի առաջացմանը կարող են նպաստել ինչպես օրգանիզմի կենսաբանական նախատրամադրվածությունը, այնպես էլ հոգեբանական խնդիրները և սոցիալական միջավայրի ազդեցությունը։ Ընդունված է անորեքսիան համարել կանանց բնորոշ հիվանդություն։ Ավելորդ քաշի դեմ պայքարելու մարմաջը երիտասարդ կանանց ու աղջիկների մի հատվածին ստիպում է խիստ սահմանափակումներ մտցնել սննդակարգում։ Իսկ մասնագետները զգուշացնում են, որ ինքնուրույն նիհարելը կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների և նույնիսկ անդառնալի հետևանքներ ունենալ կյանքի ու առողջության համար։ «Իրենք իրենց դիետաներ են նշանակում, բեռնաթափման օրեր, առանց խորհրդակցելու դիետոլոգի կամ բժշկի հետ։ Նիհարելու պրոցեսը խիստ անհատական է։ Սննդակարգը պետք է նշանակվի՝ ելնելով տվյալ մարդու օրգանիզմի առանձնահատկություններից»,- նշում է ԱՆ գլխավոր գաստրոէնտերոլոգը։ Նրա կարծիքով՝ նիհարելը չպետք է դարձնել հիվանդագին նպատակ, մանավանդ որ ոսկրոտ կանայք վաղուց արդեն դուրս են նորաձևությունից։
Մասնագետները շատ կարևորում են ճիշտ սնվելու կուլտուրան մեր կենցաղ մտցնելու հարցը, ինչը միայն բժիշկների, դիետոլոգների ջանքերով անելն անհնար է։ Դա դաստիարակություն է, որի հիմքը պետք է դրվի ընտանիքում։ Հիվանդի դեղորայքը պետք է լինի առողջ սնունդը. սա հանրահայտ ճշմարտություն է։
Վերջում մասնագետի մի քանի խորհուրդ՝ ամռան տապն ավելի հեշտ անցկացնելու համար։ Ամռան շոգին սնվելու հատուկ կանոններ պետք է մշակենք մեզ համար։ Կարևոր է այս օրերին հրաժարվել մեծ քանակությամբ սնունդ ընդունելուց։ Պետք է սնվել թեթև և նվազագույնի հասցնել ճարպոտ սնունդը, որովհետև շոգին իջնում է ստամոքսի թթվայնությունը, և դժվարանում է մարսողությունը։ Ամռանը խորհուրդ է տրվում ավելի շատ օգտագործել բանջարեղեն, կանաչեղեն, մրգեր։ Եվ, ընդհանրապես, շատ կարևոր է սեղանից կուշտ վեր չկենալը։ Ամռանը նախընտրելի է շատ հեղուկներ (հյութեր, առանց գազի հանքային ջուր, թան, թեյ) օգտագործել, քանի որ հեղուկի կորուստ այդ եղանակին շատ ենք ունենում։ Մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել սառը ջրից, քանի որ այն գրգռիչ դեր է կատարում։ Սառը ջուրը փորձեք փոխարինել տաք թեյով։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3732

Մեկնաբանություններ