Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԵԶ ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ՇԵՂԵԼ»

«ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԵԶ ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ՇԵՂԵԼ»
04.12.2009 | 00:00

Քաղաքական աշունը բավականին բուռն էր հատկապես արտաքին ոլորտում` հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների ֆոնին։ Որպես ընդդիմադիր ուժ` ՀԱԿ-ին հաջողվե՞ց լինել գործընթացների կենտրոնում, ու որքանո՞վ կարողացան արդարացնել իրենց համակիրների սպասումները, հարցրինք Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ։
-Բոլոր սպասումները, իհարկե, չենք արդարացրել,- պատասխանեց Զուրաբյանը։- Ժողովուրդը մեզնից մեկ բան է սպասում` արագ իշխանափոխություն, լեգիտիմ իշխանության ձևավորում, սահմանադրական կարգի վերականգնում։ Այս նպատակներին, ցավոք, դեռևս չենք հասել, բայց դրանով չէ, որ պետք է չափել մեր հաջողություններն ու անհաջողությունները։ Չնայած մեծ նպատակին չենք հասել, սակայն ՀԱԿ-ը բավականին դժվար ճանապարհ է անցել` այդ ընթացքում դառնալով այնպիսի ուժ, որը և՛ Հայաստանի, և՛ միջազգային հանրության կողմից ընկալվում է որպես լիարժեք այլընտրանք ներկա իշխանություններին։ ՈՒժ, որը պայքարում է դեմոկրատական արժեքների վերականգնման համար` կարողանալով միասնական ճակատի բոլոր իրական ընդդիմադիր ուժերը համախմբել։
-«Մեծ նպատակին» չհասնելու պատճառները պետք է փնտրել կոնգրեսի ներսո՞ւմ, թե՞ դրանից դուրս։
-Պատճառները պետք է փնտրել և՛ կոնգրեսի ներսում, և՛ դրանից դուրս, անգամ մեր երկրից էլ դուրս։ Ամենակարևոր պատճառն այն է, որ իշխանության յուրացումը փետրվարի 19-ի և մարտի 1-ի սպանդի միջոցով հնարավոր դարձավ, որովհետև ռեժիմը միջազգային հանրությանը խոստումներ էր տվել Ղարաբաղի հիմնախնդրի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերում։ Շնորհիվ այդ խոստումների` ստացավ նրանց աջակցությունը։ Եղել են նաև այլ գործոններ, որոնք ինչ-որ պահերի օգտագործվել են, ինչպես արձանագրությունների հրապարակումը, որով փորձ արվեց շեղել ժողովրդի պայքարը հիմնարար խնդիրներից։ Չենք կարող նաև չմատնանշել օգոստոսյան ռուս-վրացական պատերազմը, որը ևս մեծ ազդեցություն ունեցավ Հայաստանի ներքին քաղաքական զարգացումների վրա` միջազգային հանրության ուշադրությունը շեղելով քաղբանտարկյալների և այլ խնդիրներից։ Այնպես որ, նպատակին չհասնելու գործոնները շատ են, բայց դրանք մեզ չեն վհատեցնում։ Ոչ ոք չի պատրաստվում համակերպվել այս հակասահմանադրական ընթացքի հետ։ Բնականաբար, կոնգրեսի մարտավարությունը կարող է փոփոխական լինել` տարբեր գործոններով պայմանավորված։ Մենք անկեղծորեն ասում ենք` այո՛, քաղաքական գործոնները կարող են ազդել մեր մարտավարության, այդ թվում` պլանավորված գործողությունների վրա։ Ինչ-որ բաներ կարող ենք հետաձգել, հանրահավաքային դադարներ կլինեն ժամանակ առ ժամանակ, սակայն հիմնական ուղղությունից մեզ ոչ ոք չի կարող շեղել։ Վաղ թե ուշ, ինչ գին էլ դրա համար պետք լինի վճարել, այդուհանդերձ, մենք վերականգնելու ենք ազատությունը, օրենքի գերակայությունը մեր երկրում։
-Հենց փոփոխական մարտավարությունը չէ՞ պատճառը, որ կոնգրեսում ներքին դժգոհություններ ու տարաձայնություններ կան։
-Տարաձայնությունները շատ բնական են, քանի որ լուծումներն ուշանում են։ Բոլոր շարժումներում էլ դա եղել է։ Շատ բնական մրցակցություն կա թևերի ու թիմերի միջև, որովհետև նպատակին հասնելու համար կարող են լինել տարբեր տեսակետներ, որոնք շարժումը հարստացնում են։ Այդ ամենին ես շատ հանգիստ եմ նայում։
-Կարծիք կա, թե տերպետրոսյանական շարժման համախոհների թիվը գնալով կրճատվում է։ Այդպե՞ս է։
-Նախ` սա տերպետրոսյանական շարժում չէ, այլ համաժողովրդական, շատ հստակ նպատակներով։ Շարժումն անձերի շուրջ չի ձևավորվել, չնայած Տեր-Պետրոսյանի դերն ընդդիմադիր ուժերի ու հասարակության համախմբման գործում անուրանալի է։ Բայց նա ևս շարժումը չի դիտում որպես այդպիսին։ Ինչ վերաբերում է համակիրների կրճատմանը, ապա սա բնության օրենք է. երբ մենք մարտավարական նկատառումներով հայտարարում ենք հանրահավաքային դադար, անմիջապես սկսում են այդպիսի խոսակցություններ տարածել։ Սա առաջին հերթին օգտագործում է իշխանական քարոզչամեքենան։ Սա նաև ազդում է մեր համակիրների վրա, որ ահա դադարել, ավարտվել է պայքարը։ Սա պարարտ հող է ստեղծում մեր հակառակորդների համար, ինչը, ցավոք, իսկապես ազդում է մեր հեշտ ոգևորվող և հեշտ հուսահատվող համակիրների վրա։ Միևնույն է, շարժման կորիզը հետևողական է, ամուր և ուժեղ, մարտականորեն տրամադրված։ Մեր տասնյակ հազարավոր համակիրները պատրաստ են երկարատև պայքարի։ Հուսահատվողներն ու ոգևորվողները մե՛կ կհուսահատվեն, մեկ կոգևորվեն` մինչև մեր նպատակներին հասնենք։
-Հաշվի առնելով ՀԱԿ-ի աշնանային պասիվ գործունեությունը` կարելի՞ է ենթադրել, որ ձմռանը, նկատի ունենալով նաև եղանակային պայմանները, կրկին զանգվածային միջոցառումներ չեք ձեռնարկելու։
-Կոնգրեսը երբեք իր քաղաքական ակտիվությունը չի կապել եղանակի կամ կլիմայական փոփոխությունների հետ։ Երբ պետք էր, ինչպես ամռան թեժ օրերին, կոնգրեսն անցկացրեց հանրահավաքներ։ Հանրահավաք անում էինք նաև ամենացուրտ օրերին` և՛ դեկտեմբերին, և՛ փետրվարին, անգամ գիշերները։ Մեզ համար եղանակը ոչ մի նշանակություն չունի։ Առավել ևս հիմա, երբ մտնում ենք կարևոր գործընթացի մեջ. 10-րդ ընտրատարածքում ընտրություններ են, որտեղ կոնգրեսը պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Բնականաբար, դեկտեմբերը և հունվարն օգտագործելու ենք ակտիվ քարոզարշավի համար։ Դեկտեմբերի 10-ին ևս քաղբանտարկյալների կոմիտեի նախաձեռնությամբ անցկացնելու ենք երթ` Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։
-Անդրադառնանք նաև ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթին, որում շատերը նկատել են Տեր-Պետրոսյանի համագործակցության առաջարկին պատասխան առաջարկ։ Իր ելույթում Սարգսյանը վերստին ընդգծել է երկխոսության անհրաժեշտության մասին։ Երբևէ հնարավո՞ր է ՀՀԿ-ՀԱԿ երկխոսությունն ու համագործակցությունը։
-Ընդդիմության գործը խոսքն է, իշխանության խոսքը` գործը։ Նրանց խոսքը մեզ համար ինչ-որ արժեք կարող է ունենալ, եթե զուգակցվի կոնկրետ գործողություններով։ Գործ մենք դեռևս չենք տեսել։ Մենք տեսնում ենք, թե Հայաստանն ինչպիսի մարտահրավերների առաջ է կանգնած, ինչ զարգացումներ են ընթանում ղարաբաղյան խնդրի և հայ-թուրքական հարաբերությունների շուրջ։ Սակայն կարծում ենք, որ նախ և առաջ հաշտեցումը պետք է կայանա ոչ թե պատմական հակառակորդների, այլ սեփական ժողովրդի հետ։ Քաղբանտարկյալների առկայությունն ամենապերճախոս վկայությունն է սեփական ժողովրդի դեմ հայտարարված պատերազմի։ Քանի դեռ երկրում կան քաղբանտարկյալներ, իշխանությունը սեփական ժողովրդի հետ լուրջ խնդիրներ կունենա։ Քաղբանտարկյալների ազատումից հետո կարելի է խոսել համագործակցության մասին, չնայած մենք շարունակելու ենք հետամուտ լինել մեր նպատակներին։ Իշխանությունների խոսքին կհավատանք միայն գործը տեսնելուց հետո, և քաղաքական մթնոլորտն էլ այսչափ թունավորված չի լինի։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1250

Մեկնաբանություններ