Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«ՔԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՀՂԻ Է ԱՅԴ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈՇԻԱՑՄԱՆ ՎՏԱՆԳՈՎ»

«ՔԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՀՂԻ Է ԱՅԴ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈՇԻԱՑՄԱՆ ՎՏԱՆԳՈՎ»
15.12.2009 | 00:00

Տարին ամփոփելու ամենալավ ժամանակը դեկտեմբերն է, և ավանդաբար այն ամփոփում ենք նախարարների հետ։ Ինչպիսի՞ն էր 2009-ը քաղաքաշինության ոլորտում, հարցրինք ՀՀ քաղաքաշինության նախարար ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, ով, մինչ հարցերին անցնելը, առիթից օգտվելով, նախ, շնորհավորեց հայ ժողովրդի գալիք Ամանորը։
-Հայ ժողովրդին մաղթում եմ առողջություն, երջանկություն և խաղաղություն: Ցանկանում եմ, որ հայկական ընտանիքներում իշխեն սերն ու համերաշխությունը, և տարեցտարի մենք ավելի լավատեսորեն նայենք մեր ապագային: Համոզված եմ, որ Հայաստանն ունենալու է մեծ հաջողություններ, և դրան հասնելու միակ ճանապարհը համերաշխ, համախմբված աշխատանքն ու միասնական ջանքերի գործադրումն է: Իսկ «Իրավունքը de facto»-ի աշխատակազմին` բարօրություն և նորանոր ձեռքբերումներ։
2009 թվականը հակասական և բարդ տարի էր, և ես այն կբնութագրեի իբրև փորձությունների տարի: Շատ փորձագետներ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պիկը համարում են այս տարին, և մեր ոլորտն ամենամեծ հարվածները ստացավ հենց այս տարի: Անկասկած, ամենաբարդ վիճակում հայտնվեց շինարարության ոլորտը` թե՛ ֆինանսների սղության, թե՛ վճարունակ պահանջարկի աննախադեպ անկման, թե՛ էժան վարկերի անմատչելիության առումով: Եվ եթե հաշվի առնենք, որ Հայաստանի էկոնոմիկայի առաջատար ճյուղը հենց շինարարությունն էր, կարող ենք պատկերացնել անկման ծավալը:
Ճգնաժամից զերծ չմնաց նաև պետական միջոցների հաշվին իրականացվող շինարարությունը. գիտեք, որ որոշ ծրագրերի ֆինանսավորումը կասեցվեց, որոշ ծախսեր տեղափոխվեցին ավելի ուշ ժամանակահատված: Սակայն կուզեի ուշադրություն հրավիրել այն փաստին, որ կառավարությունն օպերատիվ կերպով կարողացավ, նախ, կասեցնել անկումը և կայունացնել իրավիճակը, ապա և` ձեռնարկեց քայլեր զարգացման հիմքեր ստեղծելու ուղղությամբ: Կառավարության հակաճգնաժամային ծրագրի կարևոր բաղադրիչ դարձավ աղետի գոտու բնակարանաշինության տեմպի պահպանումը, և ռուսական վարկի միջոցներից 24 միլիարդ դրամ հատկացվեց այդ նպատակին:
Միայն այս տարի Գյումրիում կառուցվել և անօթևաններին սեփականության իրավունքով անհատույց կտրվի 1056 բնակարան` 75 հազար քառ. մետր ընդհանուր մակերեսով: Կուզեի ընդգծել, որ, նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականի համաձայն, մենք մեկսենյականոց բնակարանների մակերեսը նախատեսել ենք 45-ից ավելի քառ. մետր` նախկին 25-ի փոխարեն: Լոռու մարզի գյուղական համայնքներում մինչև տարեվերջ բնակիչներին կհանձնվի 300 բնակելի տուն, իսկ Սպիտակում կառուցվում է 220 բնակելի տուն, որոնք շահագործման կհանձնվեն հաջորդ տարվա գարնանը: Շինարարությունը կշարունակվի նաև 2010 թվականին, դրա համար պետական բյուջեից հատկացված է ավելի քան 22 միլիարդ դրամ: Ես համոզված եմ, որ մենք աղետի գոտում նախատեսված շինարարությունը կկատարենք ամենաբարձր որակով և կավարտենք նախատեսված ժամկետներում:
Այս տարվա ընթացքում պետբյուջեի ծախսային ծրագրերում ընդգրկված 210 օբյեկտներում կատարվել են կապիտալ շինարարական և հիմնանորոգման աշխատանքներ, այդ թվում` 178 կրթական օբյեկտներից աշխատանքներն ավարտվել են 72-ում, 28 մշակութային օբյեկտներից աշխատանքներն ավարտվել են 8-ում, 4 մարզական օբյեկտներից աշխատանքներն ավարտվել են մեկ օբյեկտում: 2009 թվականի ՀՀ պետական բյուջեի ծախսային ծրագրերում ընդգրկված մնացած 129 օբյեկտներում աշխատանքները կրում են շարունակական բնույթ:
-Վերջերս կառավարության քննարկմանն եք ներկայացրել «Շինարարության ոլորտի զարգացման ծրագրին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը, ի՞նչ է այն ենթադրում։
-«Շինարարության ոլորտի զարգացման ծրագրին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը կնպաստի ոլորտի զարգացմանը խթանող նոր ռազմավարության կամ պետական քաղաքականության մշակման և ներդրման, մրցակցային ազատ և ներդրումային գրավիչ դաշտի ձևավորման, մրցունակ արտադրանքի և բիզնես միջավայրի ստեղծման գործընթացներին: Այն հնարավորություն կտա ապահովելու Հայաստանում պետական բյուջեի, հիմնադրամների, դրամաշնորհների, վարկերի և մասնավոր ներդրումների միջոցների հաշվին ճանապարհաշինության, բնակարանաշինության, դպրոցաշինության, ենթակառուցվածքների կառուցման, վերակառուցման և այլ նմանատիպ ծրագրերի նախագծման և կառավարման գործընթացների արդյունավետությունը, բարձրորակ ծառայությունների ձեռքբերումն ու արտահանումը:
Մշակվել են Վայոց ձորի մարզի տարածքային հատակագծման նախագիծը (Ջերմուկի նոր օդանավակայանի տարածքի ընտրության ներառմամբ), ինչպես նաև Ջերմուկի չգործող օդանավակայանի տարածքում առաջնահերթ կառուցապատման սխեմաների նախագծային փաստաթղթերը: Մշակվել են նաև բնակավայրերում անհատական բնակելի տների բազմակի օգտագործման օրինակելի նախագծային փաստաթղթերը:
Մշակման փուլում են Քանաքեռավան գյուղում «Փոքր Մհեր» կրթահամալիրի նախագծային փաստաթղթերը: Մշակել ենք «Գյումրու, Վանաձորի, Դիլիջանի, Ջերմուկի, Վաղարշապատի, Աշտարակի, Գորիսի քաղաքային և Տաթևի ու Հալիձորի գյուղական համայնքներում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներն առանձնացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Կառավարությունն արդեն հաստատել է «Կոտայքի մարզի Գողթի գյուղական համայնքի Գառնի-Գեղարդ ավտոմայրուղուն հարող տարածքում ագրոտուրիստական-հյուրատնային կենտրոնի ստեղծման ծրագիրը»:
Նախարարությունը մասնակցել է «ՍՈՉԻ-2014» ձմեռային օլիմպիադայի համար Իմերեթական ցածրավայրում «Արմենիա» հյուրանոցային համալիրի, ինչպես նաև Երևանում երիտասարդական պալատի կառուցման նախագծային փաստաթղթերի մշակման նպատակով հայտարարված ճարտարապետական միջազգային մրցույթների կազմակերպման և անցկացման աշխատանքներին: Նախարարությունը գործուն մասնակցություն է ցուցաբերում «Շանհայ էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի հայկական տաղավարի ձևավորման համար անհրաժեշտ նյութերի պատրաստման, ինչպես նաև հայկական տաղավարի կազմկոմիտեի աշխատանքին:
-Այնուհանդերձ, ի՞նչ ծրագրեր կային, որ կասեցվել են կամ հետաձգվել:
-Գիտե՞ք, խնդիրը ոչ այնքան ծրագրերի հետաձգումն է, որքան այն, որ ֆինանսների բացակայության պատճառով շինարարության և հիմնանորոգման ծրագրում չեն ընդգրկվում նոր ուսումնական, առողջապահական ու մարզական օբյեկտներ: Խնդիր է դրված հաջորդ տարի ավարտին հասցնել նախորդ տարիների շարունակական օբյեկտները, և կարծում եմ, որ դա լավագույն լուծումն է: Իհարկե, գերադասելի կլիներ ավելի շատ օբյեկտներ ներառել ծրագրերում, սակայն քիչ միջոցների տրամադրումը հղի է այդ միջոցների փոշիացման վտանգով: Ես վստահ եմ, որ հաջորդ տարի, ճգնաժամի ազդեցության թուլացմանը զուգընթաց, մենք կկարողանանք ոլորտը տանել բնականոն զարգացման ուղիով և արձանագրել տպավորիչ արդյունքներ:
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1438

Մեկնաբանություններ