Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«ԵՍ ՉԳԻՏԵՄ, ԹԵ ԻՇԽԱՆ ԹՈՎՄԱՍՅԱՆՆ ՈՒՄ ՀԵՏ ԻՆՉ ԿԱՊԵՐ ՈՒՆԻ, ԴԱ ԻՆՁ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՉԻ ԷԼ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ»

«ԵՍ ՉԳԻՏԵՄ, ԹԵ ԻՇԽԱՆ ԹՈՎՄԱՍՅԱՆՆ ՈՒՄ ՀԵՏ ԻՆՉ ԿԱՊԵՐ ՈՒՆԻ, ԴԱ ԻՆՁ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՉԻ ԷԼ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ»
15.12.2009 | 00:00

Քաղաքական շրջանակներում լուրեր են շրջանառվում, թե Հայաստանի կոմկուսում սպասվում է ղեկավարության սերնդափոխություն, և այդ գործընթացը հովանավորում է Մոսկվան։ Այս կապակցությամբ իր տեսակետն է ներկայացնում Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ։
-Պարոն Թովմասյան, խոսակցություններ կան, որ Հայաստանի կոմկուսի շարքերն են վերադարձել նախկինում կուսակցությունից հեռացված մի շարք անդամներ, այդ թվում` Իշխան Թովմասյանը։ Որքանո՞վ է սա համապատասխանում իրականությանը։
-Մի շարք նախկին անդամների մասով նման բան չկա։ Գոնե առայժմ։ Ինչ վերաբերում է Իշխան Թովմասյանին, ապա նա իսկապես վերականգնվել է կուսակցության մեջ։ Հենց վերականգնվել, որովհետև կուսակցությունից դուրս էր մնացել 1999-ին։ Նա ներկայացրել է դիմում, ուր խոստովանել է, որ նախկինում թույլ է տվել սխալներ, կուսակցության վերահսկիչ հանձնաժողովն ուսումնասիրել է դիմումը և հարմար գտել` թույլատրել նրա վերականգնումը կուսակցության շարքերում։ Բնականաբար, կուսակցական ստաժի տասը տարվա ընդմիջումով։
-Լուրեր են շրջանառվում, որ նրա վերադարձը ՀԿԿ պատահական չէ, կուսակցությունում սպասվում է ղեկավարության սերնդափոխություն և, մասնավորապես, Դուք մոտ ապագայում կուսակցության ղեկը հանձնելու եք նրան։
-Դա ուղղակի սուտ է և զրպարտություն։ Սկսենք նրանից, որ կուսակցությունն ավտոմեքենայի գարաժ չէ, որ ես վերցնեմ ու հանձնեմ նրան։ Ինչպես նշեցի, Իշխան Թովմասյանը տասը տարվա ընդմիջումով է վերականգնվել կուսակցության մեջ։ Եվ ընդամենը, այս կապակցությամբ տարբեր անհատների վայրահաչոցները որևէ նշանակություն ունենալ չեն կարող։ Հայաստանի կոմունիստական կուսակցությունն ունի վերադաս մարմին` համագումար, որն էլ ընտրում է կուսակցության ղեկավարությանը։
-Սակայն կան խոսակցություններ, որ սերնդափոխության ծրագիրը հովանավորում են ռուսական իշխանական և քաղաքական շրջանակները, և Դուք էլ եք դրան տեղյակ։
-Ես նման որևէ բանի տեղյակ չեմ։ Բայց հաստատ համոզված եմ, որ Ռուսաստանի կոմունիստական շրջանակները որևէ կապ չունեն Իշխան Թովմասյանի հետ։ Նա նման կապեր ունենալ չի կարող, որովհետև չունի այդ հնարավորությունը, և չեմ էլ կարծում, որ կունենա։
-Խոսքը պարտադիր Ռուսաստանի կոմունիստական շրջանակներին չի վերաբերում, նշածս գործընթացով կարող են շահագրգռված լինել այլ ուժեր։ Նույնիսկ պնդումներ կան, թե այդ նպատակով լուրջ ֆինանսավորում է տրամադրված։
-Պատկերացում չունեմ, ինչի մասին է խոսքը։ Եթե նույնիսկ տեսականորեն նման բան կա, ապա դա կարող է լինել միայն կեղծիքների միջոցով։ Ես չգիտեմ, թե Իշխան Թովմասյանն ում հետ ինչ կապեր ունի, դա ինձ ընդհանրապես չի էլ հետաքրքրում։ Այս առումով եկեք արձանագրենք մեկ բան. մարդը դիմում է գրել, մեղայականով ներկայացել կուսակցություն, և, դրանից ելնելով, մենք վերականգնել ենք նրա անդամակցությունը կուսակցության մեջ։ Ինչ վերաբերում է ղեկավար մարմիններում նրա դերակատարությանը, ապա այդպիսի դերակատարություն նա ունենալ չի կարող, որովհետև չի կարող ընտրվել։
-Ինչո՞ւ, կանոնադրությամբ դա արգելող դրույթ գոյություն ունի՞։
-Այո՛, Իշխան Թովմասյանն այսօր շարքային կոմունիստ է։ Մինչդեռ այն մարդիկ, ովքեր ընտրվում են կոմունիստական կուսակցության ղեկավար մարմիններում, պետք է ունենան առնվազն մեկ տարվա ստաժ։ Բայց, իհարկե, ամեն ինչից բացի, գոյություն ունեն կուսակցական ավանդույթներ։ Պետք չէ մոռանալ, որ ՀԿԿ-ն հայ իրականության ամենահին քաղաքական ուժերից մեկն է։ Ըստ այդմ, կուսակցության ղեկավար մարմիններում, լինեն դրանք կենտրոնական կոմիտեի բյուրոն, թե շրջկոմները, ընտրվելու համար մարդը պետք է կուսակցության առջև համապատասխան ծառայություններ ունենա, կուսակցական անբասիր անցյալ, աչքի ընկած լինի իր գործունեությամբ։ Այդ ամենը հենց այնպես չի արվում։ Եվ եթե, ասենք, Երևանի կրկեսի շրջակայքում ինչ-որ մարդիկ ինչ-որ խոսակցություններ են վարում ինչ-որ անիրականանալի բաների մասին, ես նրանց կարող եմ միայն ցավակցել։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1472

Մեկնաբանություններ