Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

ԱՄՆ-Ի ՈՒ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ

ԱՄՆ-Ի ՈՒ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ
11.06.2010 | 00:00

Հրապարակային շարադրման համար այս խնդիրը վաղուց է հասունացել և, այսպես թե այնպես, պետք է արծարծվեր հայկական լրատվամիջոցներում։ Հարավային Կովկասի տեղային և տարածաշրջանային հակամարտությունների վերաբերյալ ամերիկյան և բրիտանական փորձագիտական ընկերակցության գնահատականների թեման անչափ նուրբ հարց է, քանի որ առնչվում է ինչպես կոնկրետ հրապարակային նյութերին, այնպես էլ պաշտոնական նշանակության հատուկ զեկույցներին, մասնավոր շփումների և մասնագիտական խորհրդակցությունների շրջանակներում տեղի ունեցող զրույցներին։ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի մեկ-երկու տասնյակ ինստիտուտներում ու վերլուծական կենտրոններում այդ խնդրով զբաղվում է ընդամենը մի քանի տասնյակ մարդ (կարելի է բերել նաև բացարձակ ճշգրիտ թիվ)։ Կովկասյան ու կենտրոնասիական թեման ծավալվում է արդեն երկու տասնամյակ` ինչպես «փորձառու» սովետագետների, որոնց թիվը հիմա էլ քիչ չէ այդ միջավայրում, այնպես էլ նոր սերնդի երիտասարդ վերլուծաբանների կողմից։ Ի տարբերություն այլ տարածաշրջանների, օրինակ, Մերձավոր Արևելքի ու Բալկանների, Կովկասի հարցերով զբաղվող փորձագետները բավականին լայն մտահորիզոն ունեցող մասնագետներ են, քաջ ծանոթ են Կենտրոնական Ասիայի, Թուրքիայի, Իրանի, Արևելյան Եվրոպայի ու Եվրասիայի խնդիրներին, էներգետիկ և այլ աշխարհատնտեսական հիմնահարցերի։ Նրանք խորագետ մարդիկ են, գիտեն Հարավային Կովկասում առկա իրավիճակ ու քաղաքականություն ձևավորող այս կամ այն հրապարակման գինը։ Նրանք ընդհանուր առմամբ վատ չեն զգում իրենց գործունեության մեջ, քանի որ տվյալ տարածաշրջանը մնում է ԱՄՆ-ի շահերի ոլորտում, և իրենց գործունեությունն ու ուսումնասիրությունները միշտ էլ պահանջարկ ունեն։ Այդ փորձագետների անունները, աշխատանքի արդյունքները լայնորեն հայտնի են ոլորտի լսարանին, իսկ լայն հասարակայնության հետաքրքրասիրությունը բավարարելու համար կփորձենք հանրամատչելիորեն անդրադառնալ ամերիկյան և բրիտանական «ուղեղային կենտրոնների»` Հարավային Կովկասի խնդիրներին նվիրված հետազոտությունների ու մշակումների արդյունքներին։
Ներկայումս արմատական փոփոխություն է տեղի ունեցել Վաշինգտոնում թուրքական լոբբինգի նշանակության, տեղի ու դերի մեջ` կապված թուրք-ամերիկյան հարաբերությունների վատացման քրոնիկ երևույթների հետ։ Թուրքիան, փորձելով վարել ինքնուրույն արտաքին քաղաքականություն, այնուամենայնիվ, ակնկալում է ԱՄՆ-ի հավանությունը` թուրքական ազդեցության ընդարձակ գոտու ձևավորման հարցում (Վաշինգտոնում «թուրքական բանավեճի» նախաձեռնողը), ձևացնում է, թե այդ բանավեճն սկսել են ամերիկացիները։ ԱՄՆ-ը սպասողական դիրք է բռնել, հուսալով, որ շտկումներ կլինեն Թուրքիայի ներքին քաղաքականության մեջ։ Սակայն նրան ընկալում են արդեն որպես հակառակորդի, ոչ թե գործընկերոջ, որի հետ հարաբերություններում հերթական թյուրիմացությունն է տեղի ունեցել։
90-ականներին վերլուծական հարձակումները կրում էին ոչ թե վերլուծական, այլ ավելի շատ նկարագրական բնույթ` «Վոլգան թափվում է Կասպից ծովը» ոգով։ Եղել են համակարգային հետազոտություններ կատարելու փորձեր` տեղեկատվության մեծ կորստով, երբ փորձագետները երբեմն որոշ ինքնավստահություն էին դրսևորում։ Իրականում ստացվում է, որ վերլուծական ընկերակցությունն ու առանձին փորձագետներ պարզապես իրադարձություններն էին մեկնաբանում կամ էլ սպասարկում էին իրենց պետությունների քաղաքական գործիչների որոշ հայտարարություններ։ Տեղ էին գտնում նաև բավականին անսովոր ու արմատական մտքեր, որոնք մարում էին «հարգարժան» փորձագետները` այդ գաղափարների հեղինակներին դասելով մարգինալների թվին։
Հարավային Կովկասում այս կամ այն իրադարձության ու գործընթացի կարևորագույն շարժառիթն ու բացատրությունը դարձավ Ռուսաստանի քաղաքականությունը, որով երկար և հիմնավորապես զբաղվում էր անգլոսաքսոնական վերլուծաբանությունը։ 90-ականներն ավարտվեցին միանգամայն անհետաքրքիր, առանց ստեղծագործական տեղաշարժերի և, որպես հետևանք, առանց ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի դեսպանությունների, ինչպես նաև եվրոպական կառույցների և ՆԱՏՕ-ի համար պատշաճ հանձնարարությունների։
2000-ականների սկիզբը նշանավորվեց Ադրբեջանի, ավելի ուշ նաև Թուրքիայի կողմից ԱՄՆ-ի և, առանձին դեպքերում, Մեծ Բրիտանիայի մի ամբողջ շարք հետազոտողների լայն վարձակալությամբ, կամ ավելի ստույգ կլիներ ասել, ազերիները գործում էին թուրքական պաշտոնական շրջանակների հանձնարարականներով ու քայլում նրանց տրորած ճանապարհով։ Առաջ եկան մի ամբողջ շարք հետազոտողներ, բազմաթիվ հոդվածների ու գրքերի հեղինակներ, որոնք սպասարկում էին Ադրբեջանի շահերը։ Թվարկենք միայն մի քանիսին, չտալով այն փորձագետների անունները, ովքեր ժամանակին սթափվեցին և դադարեցին կասկածելի քարոզչությամբ զբաղվելուց։ Ադրբեջանի արդարացիության համոզված կողմնակիցներ մնացին Բրենդա Շոֆերը, Արիել Քոենը, Գլեն Հովարդը, Կոռնել Սվանտը, Զենո Բարանը, Ռոբերտ Սոբհանին, Վլադիմիր Սոկորը։ Այս փորձագետներն իրենցից որևէ բան չեն ներկայացնում ԱՄՆ-ի վերլուծական ընկերակցությունում, նրանց անունները հայտնի են միայն տվյալ ուղղությունում զբաղված մասնագետների որոշակի «արտադրամասի» շրջանակում։ Այդպիսիք գտնվեցին նաև Պենտագոնում, ուր Ռիչարդ Չոպը, որն աշխատում է Ռուսաստանի և Կովկասի բաժնում, ոչ միայն ծայրաստիճան թշնամաբար է տրամադրված Հայաստանի նկատմամբ, այլև կասկածվում է Թուրքիային, մասնավորապես, հայկական ազգանունով մի սպայի Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության ռազմական կցորդի պաշտոնում հնարավոր նշանակման մասին որոշ տեղեկություններ տրամադրելու մեջ։ Պետք է ասել, որ այդ փորձագետներն ստիպված էին եթե ոչ դադարեցնել, ապա սահմանափակել իրենց գործունեությունն Ադրբեջանի շահերի պաշտպանության ուղղությամբ։
Կարելի է ենթադրել երկու հիմնական պատճառ։ Վարձու փորձագետների վարկը շատ ցածր է, ինչը կարող է հանգեցնել դիրքի, նաև աշխատանքի լիակատար կորստի, ինչպես եղավ, օրինակ, Զենո Բարանի դեպքում, որը որոշ պատճառներով ստիպված էր թողնել «Նիքսոն-կենտրոնի» ծրագրի տնօրենի պաշտոնը։ Այնպիսի մի երկրի շահերի մշտական պաշտպանությունը, ինչպիսին է Ադրբեջանը, որը բնութագրվում է բացահայտ ասիականությամբ, այնքան էլ լուրջ չի ընդունվում ԱՄՆ-ում։ Իհարկե, ԱՄՆ-ում փորձագետներ կան, որոնք չափազանց սկզբունքորեն են վերաբերվում Հարավային Կովկասում վարվող քաղաքականությանը, ընդ որում, Հայաստանը համարում են մի երկիր, որը շատ սերտորեն կապված է Ռուսաստանի և Իրանի հետ, և օբյեկտիվորեն նախապատվությունը տալիս են Ադրբեջանին, որպես ԱՄՆ-ի ավելի ընկալելի գործընկերոջ։ Դա առաջին հերթին Սթիվեն Լարբին է։ Այս հեղինակի աշխատանքներով կարելի է դատել, թե Հարավային Կովկասի մասին ԱՄՆ-ի որոշակի քաղաքական շրջանակներ ինչ պատկերացումներ ունեն։ ԱՄՆ-ում կա ծագումով թուրք հետազոտողների մի ոչ մեծ խումբ, որը, սակայն, երբեք իրեն թույլ չի տալիս միտումնավոր ձևախեղել Թուրքիայի և Կովկասի խնդիրները։ Դրանք են Սոներ Քագափթայը, Օմեր Տասփինարը, Բյուլենտ Ալիռըզան։ Թուրքամետ և ադրբեջանամետ նյութերը ոչ թե ծանրակշիռ, այլ վարձու քաղաքագետների գործունեության արդյունք են։ Եթե նկատի ունենանք ոչ թե վերլուծաբաններին կամ քաղաքական նախագծեր պաշտպանողներին, այլ քաղաքագետներին (այսինքն` բարձրակարգ հետազոտողներին), ովքեր խոսում են տարածաշրջանում ԱՄՆ-ի անզիջում քաղաքականության մասին, ապա նրանց թվին է դասվում Զբիգնև Բժեզինսկին։ Ամերիկյան քաղաքագիտական մտքի այդ կորիֆեյը, թեև ակտիվորեն մասնակցում է ԱՄՆ-ի այն քաղաքականության ձևավորմանը, որը ենթադրում է Ադրբեջանի հետ «ռազմավարական» համագործակցություն, այդուամենայնիվ, ինչպես մյուս բոլոր ամերիկացի քաղաքագետները (օրինակ, Ռիչարդ Պեռլը), երբեք իրեն թույլ չի տվել հրապարակավ որևէ քննադատություն հնչեցնել Հայաստանի հասցեին (գուցե, քաղաքական կոռեկտության սկզբունքներից զատ, նշանակություն ունեն նաև Զ. Բժեզինսկու հայկական արմատները)։
Հարավային Կովկասի և տարածաշրջանում առկա հակամարտությունների հանդեպ ամերիկյան վարչակազմի հայացքների ձևավորման գործում կարևոր դեր է խաղացել Բրյուս Ջեքսոնը։ Այս քաղաքագետի անվան հետ է մեծապես կապված ԱՄՆ-ի այն դիրքորոշումը, ըստ որի Լեռնային Ղարաբաղը չի կարող վերադառնալ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այս իրատեսական հայացքի հետևում քիչ են հույզերը, իսպառ բացակայում են համակրանքն ու հակակրանքը, և դա այդ հետևության արժանիքն է։ Ամերիկյան դասական վերլուծաբաններից առավել իրատեսը եղել է Սթիվեն Բլանկը, որի աշխատանքներում «իրերն իրենց անուններով են կոչված», այդ թվում` Հարավային Կովկասում հայտնի գործընթացների անշրջելիության միտքը։
Անհնար է չհիշատակել ԱՄՆ-ի հրեական կազմակերպությունները, որոնք պատրաստ են պաշտպանելու Թուրքիայի և Ադրբեջանի շահերը, իհարկե, ոչ թե ելնելով աշխատողների անձնական շահերից, այլ Իսրայելի։ Այդ կազմակերպությունների առաջատար վերլուծաբաններ ու քաղաքագետներ Ջանս Էպշտեյնը, Քիտ Վեյցսմանը, Բարրի Յակոբսը 2006-ին տողերիս հեղինակին ասում էին, թե մտադիր են հանդիպել Իլհամ Ալիևին` վերջինիս Վաշինգտոն կատարելիք այցի ժամանակ, և առաջարկել համագործակցության ձևերն ու իմաստը։ Կասկած չկար, որ խոսքն Իրանի ու Հայաստանի մասին է։ Իրանի հետ համագործակցության համար Հայաստանին բավականին հստակ ու հետևողականորեն մեղադրում է Մարկ Կացը։ Դրա հետ մեկտեղ, արտաքին քաղաքականության խորհրդի մերձավորարևելյան ծրագրի տնօրեն Ջուդիթ Կիպերի կարծիքով. «եթե նկատի ունենանք, որ ԱՄՆ-ում անչափ շատ վերլուծաբաններ ու հետազոտողներ կցանկանային պարգևավճարներ ստանալ Թուրքիայից ու Ադրբեջանից, ամենևին չմտածելով կոռեկտության մասին, ապա հրեական կազմակերպությունների դերն այնքան էլ անսկզբունք չէ»։ Ներկայումս ԱՄՆ-ում Իսրայելի բարեկամների դիրքերը դրամատիկ փոփոխություններ են կրում` կապված Իսրայելի հանդեպ Թուրքիայի «նոր կուրսի» հետ։ 2010-ի ապրիլի 24-ին Թուրքիան առաջին անգամ չդիմեց ԱՄՆ-ի հրեական կազմակերպություններին` հայերի ջանքերը չեզոքացնելու խնդրանքով։
Մեծ Բրիտանիայում այդ խճանկարը, բնականաբար, այնքան էլ խայտաբղետ չէ։ Թուրքամետ և ադրբեջանամետ փորձագետների թվին կարելի է դասել Դենիս Սամութին, Մարկ Լեոնարդին, Կատինկա Բերիշին։ Նրանք կարևոր դիրքեր են գրավում բրիտանական վերլուծաբանների շրջանում, բայց բրիտանական քաղաքական վերլուծաբանության ուսուցիչները Հարավային Կովկասի վերաբերյալ հետազոտությունների ծավալումից ի վեր զուսպ ու զգուշավոր դիրք են բռնել, չնայած բրիտանական շահերն այդ տարածաշրջանում պայմանավորված էին նախ և առաջ, «ԲՓ» ընկերության շահերով ու խնդիրներով։ Հարավային Կովկասի իրավիճակի հանդեպ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության իրատեսական հայացքների ձևավորման գործում դրական դեր են խաղացել Ջոնաթան Քոենը, Ջենի Նորտոնը, Ռաշել Քլոգը։ Նոր ու հիստերիկ Թուրքիայի, ինչպես նաև Ադրբեջանի մոլի երկրպագուներ են դարձել Չատեմ-հաուսի երկու փորձագետներ` պրոֆեսոր Ռոզմարի Հոլլինսը և Ջեյմս Նիքսին, որոնք ավելի շատ սիրում են հիստերիկ Թուրքիան ու նավթային Ադրբեջանը, քան հին ու բարի Անգլիան։
Ընդհանուր առմամբ, բրիտանական վերլուծական ընկերակցությունը հակված է չարագացնելու իրադարձությունները և խորհուրդ տալու բրիտանացի քաղաքական գործիչներին` մասնակից լինել միայն այն նախաձեռնություններին, որոնք կարող են իրական արդյունքներ ապահովել։ Բայց բրիտանացիները կարողացան որոշ ազդեցություն գործել ամերիկացի փորձագետների վրա, և դա շոշափելի դարձավ հատկապես տարածաշրջանային հակամարտությունների իրատեսական հայեցողության առումով։
Հազիվ թե կարելի լինի խոսել վերլուծաբանների անգլոսաքսոնական ընկերակցության գոյության մասին, լավագույն դեպքում կարելի է մատնանշել անգլոսաքսոնական երկրներում քաղաքական վերլուծության գործում որոշ հայեցակարգային մոտեցումներ, ինչը, ըստ երևույթին, գալիս է համալսարանների ու մասնագետների պատրաստման ավանդույթներից։ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի վերլուծությունների հիմքում գաղափարներն ու ռիսկերի գնահատման առաջնահերթություններն են` կապված վերլուծության և առհասարակ քաղաքականության առևտրայնացման հետ։ Հասկանալի է, որ հենց անգլոսաքսոնական վերլուծությունն է մեծ մասամբ առաջատար դեր խաղում տարածաշրջանային մշակումներում, և այդ դիրքորոշումից է հիմնականում կախված երկու տերությունների քաղաքականությունը։ Վերջին տարիներին որոշ կարևոր հետևություններ են արվել Հարավային Կովկասում ԱՄՆ-ի, իհարկե, նաև Մեծ Բրիտանիայի, հնարավոր քաղաքականության շուրջ։
Տարածաշրջանի հակամարտությունները մեծ նշանակություն չունեն և էական վտանգ չեն ներկայացնում ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի քաղաքականության և շահերի համար։ Այդ հակամարտությունների կարգավորման, հատկապես հարկադրման քաղաքականության կիրառման գործին չափազանց ակտիվ մասնակցությունը կարող է հանգեցնել բուն տերությունների քաղաքականության ջլատմանը։ Առաջնահերթ նշանակություն ունեն նավթի, գազի փոխադրման տարածաշրջանային «միջանցքի» անվտանգությունն ու ռազմական տարանցումը։ Այդ հակամարտությունները և առհասարակ հարաբերությունները տարածաշրջանի ներսում կարող են օգտագործվել Մոսկվայի, մասամբ նաև Իրանի վրա որպես ճնշում գործադրելու լծակ։ Հարավային Կովկասի նշանակությունն ու դերը կարող են դիտարկվել շարժման մեջ` կախված հարակից տարածաշրջաններում տիրող իրավիճակներից։ Տարածաշրջանի պետությունները չպետք է հնարավորություն ունենան ինքնուրույն որոշումներ ընդունելու` քաղաքական նպատակներին ռազմական եղանակներով հասնելու առնչությամբ։ Եվրատլանտյան կառույցներին տարածաշրջանի պետությունների ինտեգրումն ավելի շուտ կարևոր խնդիրների լուծման լծակ է, քան իրական նպատակ, անգամ միջնաժամկետ հեռանկարում։ Հարավային Կովկասից Ռուսաստանի լիակատար դուրսմղումը ո՛չ իմաստ ունի, ո՛չ էլ իրագործելի է, բայց անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել տարածաշրջանում Ռուսաստանի էքսպանսիան զսպելու համար։ Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում ու Մերձավոր Արևելքում Թուրքիայի դերի ուժեղացումը ցանկալի չէ, և անհրաժեշտ է վարել Թուրքիայի զսպման քաղաքականություն, այդ թվում` Հարավային Կովկասի խնդիրների միջոցով։ Տարածաշրջանը լայն առումով դիտվում է որպես տարանցման-սպասարկման գոտի, և վերլուծական ընկերակցությունն անմիջական առնչություն է ունեցել տվյալ մոտեցումների ձևավորման գործում։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1452

Մեկնաբանություններ