38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Բոլորն աշխատում են բոլորի հետ, բոլորը կռվում են բոլորի դեմ»

«Բոլորն աշխատում են բոլորի հետ, բոլորը կռվում են բոլորի դեմ»
28.07.2009 | 00:00

«ԷԴ «ՖՈՐՊՈՍՏԸ»` ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՇԱՏ ԷԼ ԱՆԿԱԽ «ՖՈՐՊՈՍՏ» Է»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է. «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն ԳԱԳԻԿ ՏԵՐ-ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
-Պարոն Տեր-Հարությունյան, ըստ Ձեզ, իսկապե՞ս պայմանավորվեցին Օբաման և Մեդվեդևը մոսկովյան հանդիպման ժամանակ, շարժվե՞ց «սառը պատերազմի» սառույցը, թե՞ հերթական իմիտացիան բեմադրվեց:
-Պայմանավորվեցին: Կենտրոնական Ասիայում ամերիկյան ներկայության շուրջ: Եթե վերլուծենք առաջին «սառը պատերազմը», ապա կտեսնենք, որ այդ «պատերազմին» բնորոշ էին պարպման երևույթները (հիմա «վերաբեռնում-բեռնաթափում» են ասում դրան): Բոլոր դեպքերում, այսօր երկու գերտերությունների հարաբերություններում ինչ-որ բան փոխվում է, ինչն էլ նշանակում է, որ Միացյալ Նահանգները հարաբերությունների մեջ է մտնում իր մրցակիցների հետ: Նախկինում դա չկար: Պայմանավորվածությունների երկրորդ բլոկը միջուկային մարտագլխիկներին էր վերաբերում. ստորագրվել է պատկերացումների մասին հուշագիր (և ոչ բուն փաստաթուղթ), որով նախատեսվում է միջուկային մարտագլխիկները սահմանափակել մինչև 1500 միավոր: Սա շատ հետաքրքիր երևույթ է այն առումով, որ յոթ տարի առաջ Միացյալ Նահանգներն ընդունեց միակողմանի որոշում, դուրս եկավ հակահրթիռային պաշտպանության նախկինում կնքված պայմանագրից, և այդ քայլը Ռուսաստանի հետ համաձայնեցնելու մասին որևէ խոսք չկար:
-Ո՞րն է ամերիկյան քաղաքականության փոփոխության պատճառը:
-Ինքնին հասկանալի է. ստեղծվում է նոր-բազմաբևեռ աշխարհակարգ: Այո, Միացյալ Նահանգները դեռ շարունակում է մնալ աշխարհի առաջատարը, բայց նա, փաստորեն, առաջինն է արդեն հավասարների մեջ: Այսօր կան աշխարհաքաղաքական այլ դերակատարներ ևս` Չինաստանը, Ռուսաստանը, ապագայում գուցե նաև Հնդկաստանը. Միացյալ Նահանգները չի կարող միայնակ կառավարել նոր ձևավորվող աշխարհը, ինչը նա շատ լավ է հասկանում, և Օբամայի միսիան հենց այդ է` ձևավորել Միացյալ Նահանգների տեղը-դերը-դիրքը փոփոխվող նոր աշխարհում:
-Ի դեպ. փոփոխվող ու նոր այս հին աշխարհի առնչությամբ Ձեր ուսումնասիրություններից մեկում Դուք չէիք բացառել, որ Իրանը կարող է դառնալ ԱՄՆ-ի հենակետը, հայերեն ասած` «ֆորպոստը» Մեծ Մերձավոր Արևելքում: Կարո՞ղ ենք իրանյան վերջին զարգացումներից եզրակացնել, որ գործընթացն արդեն սկսվել է:
-Այդ կարծիքն առանձնապես նոր չէ: Ինչ վերաբերում է իրանական վերջին զարգացումներին, ապա պետք է ասել, որ թյուր է նաև մոտեցումը, թե Ահմադինեժադը Միացյալ Նահանգների մեծ թշնամին է: Այդպես չէ. նա բավականին պրագմատիկ առաջնորդ է, պարզապես ավելի քիչ ազատական, քան Ռաֆսանջանին, Համենեին, բայց որը նույնպես դեմ չէ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների ամրա-պնդմանը: Այլ խնդիր է, որ հիմա կարծես նոր գիծ է առաջանում Իրանի արտաքին քաղաքականությունում. դա Ռուսաստանի հետ որոշակի մերձեցումն է. Կասպիցում համատեղ զորավարժությունների անցկացումը բոլորովին նոր գաղափար է:
-Մի՞թե ռուս-իրանական հարաբերություններն «այդքան նոր» են. վերջին տարիների զարգացումներն ու 2007-ին նախագահ Պուտինի բավականին տպավորիչ այցը Իրան (Բրեժնևից հետո առաջին անգամ), Իրանի և նրա «միջուկի» նկատմամբ ՄԱԿ-ում Ռուսաստանի հավերժ ստնտուի դերն ամենևին էլ այդ մասին չեն խոսում: Ի դեպ, եթե իսկապես Իրանը դառնում է ԱՄՆ-ի ֆորպոստը, այդ դեպքում ինչպե՞ս է լուծվում Նաբուկոյի հարցը: Ռուսաստանը պատրաստ է մինչև իսկ պատերազմ սանձազերծել` Նաբուկոյի կառուցումը բացառելու համար, իսկ Իրանը հայտարարել է, որ չի բացառվում իր մասնակցությունը դարի նախագծին:
-Գիտե՞ք, մենք ուղղակի պետք է սովորենք փոքր-ինչ այլ կերպ մտածել: Նախկին կարծրատիպերը, որոնցով մինչ այս առաջնորդվում էինք, թե սա նրա դաշնակիցն է, նա` սրա, այլևս չեն աշխատում: Ստեղծվել է, այսպես ասած, պոստ-մոդեռն մի իրավիճակ, երբ բոլորն աշխատում են բոլորի հետ, բոլորը կռվում են բոլորի դեմ, և այս մոտեցումը գնալով ավելի տոտալ ու գլոբալ բնույթ է կրում: Եվ ասել, որ, ա՛յ, Մեդվեդևը գնաց Բաքու, ուրեմն նա ադրբեջանամետ է, և հակառակը, եկավ Երևան` ուժեղ հայամետ է, այլևս անընդունելի է:
-Ձեր նշած պոստ-մոդեռնը ինչպե՞ս է դրսևորվում Հայաստանում:
-Կարծես թե բավականին դինամիկ, եթե չասենք, որ Հայաստանը դրա առաջամարտիկներից է: Այսպես կոչված կոմպլեմենտար քաղաքականությունը, որն արժանանում է շատերի քննադատությանը, հենց դրա քաղաքագիտական-դիվանագիտական արտահայտությունն է, Հայաստանի նման ոչ հզոր երկրի` մանևրի դաշտ ապահովելու առումով, և դա շատ ընդունելի մոդել է, ինչն էլ մեզանում բավականին հաջող կիրառվում է: Հայաստանը կարողանում է լինել ՀԱՊԿ անդամ և...
-Ե՜վ Աֆղանստան` դեպ ՆԱՏՕ, զորք ուղարկել... Երկու տարի առաջ, երբ Աֆղանստան զորամիավորում ուղարկելու առնչությամբ հարց ուղղեցի Մեթյու Բրայզային (ընդ որում, Սերժ Սարգսյանն արդեն եղել էր Միացյալ Նահանգներում և այնտեղ «նման» հարց քննարկել, բայց այն «մեյդան» չէին հանում` վասն Ռուսաստանի), Բրայզան այնպե՜ս խուսանավեց, այնպես չքմեղացավ, թե այդպիսի բան չկա, էդ ՞ինչ եք ասում, ա՜խ, եթե լիներ, ո՜նց իրենք կուրախանային: Իսկ հիմա արդեն բացճակատ հայտարարվում է այդ մասին: Ե՞վ...
-Եվ այն, որ մենք նույնպես լավագույնս տիրապետում և կիրառում ենք վերը նշված պոստ-մոդեռնիզմը` արտաքին քաղաքականության բնագավառում:
-Թե՞ որովհետև Մեդվեդևն ու Օբաման արդեն իսկ պայմանավորվել են Աֆղանստանի հաշվով:
-Անկեղծ ասած, ես շատ հեռու եմ այն մտքից, որ եթե երկու գերտերության ղեկավարները հանդիպել-խոսել են նաև Ղարաբաղի մասին, դա չի նշանակում, թե նրանք պայմանավորվել են ամեն ինչի շուրջ: Հիշո՞ւմ եք` մի ժամանակ շատ էին քննադատում, թե Գրիզլովը Հայաստանը համարել է Ռուսաստանի ֆորպոստը, չնայած նույն Իլհամ Ալիևն առժամանակ առաջ (քան Գրիզլովը) ասել էր, որ Ադրբեջանը Ռուսաստանի ֆորպոստն է Հարավային Կովկասում: Չգիտես ինչու, Ալիևի ասածին բոլորը շատ հանգիստ վերաբերվեցին, բայց մեր դեպքում դա շատ ցավոտ ընկալվեց: Ի դեպ, կցանկանայի ուշադրություն դարձնեիք, որ էդ ֆորպոստը` Հայաստանը, հիմնականում ինչ ուզում-անում է, ու շատ էլ անկախ «ֆորպոստ» է, ասենք, նույն Աֆղանստան զորամիավորում ուղարկելու ֆակտորը: Եվ ընդհանրապես, երբ ուսումնասիրում ենք չկայացած երկրների վարկանիշները, ապա ինքնուրույնության չափորոշիչների առումով Հայաստանը շատ ավելի կայացած է, քան Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան ու Իրանը:
-Նույնիսկ Իրա՞նը:
-Նույնիսկ Իրանը: Մենք համարյա մոտիկ ենք Ռուսաստանին (էլ ուրիշ ո՞ւմ, եթե ոչ ֆորպոստատիրոջը- հեղ.)` կայացած լինելու իմաստով: Այ, էստեղ ևս մի շատ հետաքրքիր էլեմենտ կա. այդ ցուցանիշն ունի մի քանի բաղադրիչներ. մեկը, փաստորեն, երկրի ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությունն է, ինչը մեր դեպքում բավականին հետաքրքիր ամպլիտուդ է արձանագրում: Ի դեպ, կցանկանայի նաև տեղեկացնել, որ այս ուսումնասիրությունները կատարում է ամերիկյան «Ֆորին փոլիս» ամսագիրը, որը շատ հայտնի հաստատություն է:
-Բայց, դե, պարոն Տեր-Հարությունյան, ունենք «Գելափի» տխուր փորձը ևս: Հա, ի դեպ. օրերս էլ կարդացի, որ ամերիկացի մեծ գրող Հեմը եղել է ՊԱԿ-ի գործակալ: Չէ, ես ոչինչ չունեմ «Ֆորին փոլիսի» դեմ, պարզապես կարդացածս հիշեցի:
-ՊԱԿ-ի գործակալը` չգիտեմ, բայց որ Հեմինգուեյը շատ քաջ մարդ էր և կռվել է Իսպանիայում, Եվրոպայում, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին իր նավակով «ռեյդեր» է կատարել, որպեսզի հայտնաբերի գերմանական սուզանավերը, դա արդեն խոսուն փաստ է։
-Իսկ որ ամենատխուրն է` մեծ Հեմն անտառում, սոսիների տակ, իր հրացանից իրեն կրակեց, ինքնասպանություն գործեց և չկա: «Լինելով» ՊԱԿ-ի գործակալ: Վերադառնանք մեր ինքնուրույնությանը:
-Վերադառնանք: Ես էլ եմ շատ սիրում մեծ Հեմին: Լավ է, որ մի հարցում համակարծիք ենք։ Այսօր, երբ լրատվամիջոցներին մի լավ բան ես ասում Հայաստանի մասին, չգիտես ինչու, անմիջապես արժանանում ես սարսափելի քննադատության:
-Հա, իսկապես, ես ուզում էի հենց Ձեզ քննադատել և ասել, պարո՜ն Տեր-Հարությունյան, ախր, այն ամենը ինչ ռուսական է, ֆորպոստային ու ՊԱԿ-ային է, Ձեզ շա՜տ է դուր գալիս, ու Դուք մի տեսակ շողարձակում եք:
-Լրագրողների հետ իմաստ չունի «կռվելը»: Դառնամ մեր ինքնուրույնությանը: Հիշում եմ, թե ինչքան տհաճ էր ընդհանուր «զգացողությունը», երբ մեր տղաները գնում էին Կոսովո, հետո` Իրաք, հիմա էլ կգնան Աֆղանստան: Այսօր այդ փաստը բոլորի կողմից շատ նորմալ է ընդունվում: Այսինքն, իսկապես մտածողության փոփոխություն կա: Գիտե՞ք, ես հեռու եմ մտքից, թե հայկական ներկայությունն Աֆղանստանում որոշիչ կլինի թալիբանի դեմ պայքարում: Միևնույն ժամանակ էդ տղաները` մեր զինվորներն ու սպաները, մարտական բավականին լավ պատրաստվածություն ունեն:
-Չէ, պարոն Տեր-Հարությունյան, էդ տղաները որ գնում են Աֆղանստան, Իրաք, ավելի շատ մեր ռազմական-քաղաքական վեկտորի տեղաշարժի լուրն են տանում իրենց հետ:
-Այո, և մենք ցույց ենք տալիս, որ լինելով ՀԱՊԿ-ի անդամ, միևնույն ժամանակ կոնտինգենտ ենք ուղարկում Աֆղանստան, Իրաք` ելնելով մեր ազգային շահերից, որպեսզի ունենանք, այո, հավասարակշռված հարաբերություններ բոլորի հետ:
-Անցնենք առաջ։ Մեր ինքնուրույնության ցուցիչն անկախության տարիների երեք նախագահներից ո՞ր մեկի դեպքում է ավելի բարձր եղել:
-Չէի ցանկանա դիտարկել Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակաշրջանը, որովհետև դա շատ բարդ, ծանր ժամանակահատված էր, Հայաստանը դեռ ձևավորված արտաքին քաղաքականություն չուներ: Այսօր այլ է: Բայց ասեմ, որ այն ժամանակ ևս բավականին համակարգված ձևով փորձ էր արվում խուսանավել աշխարհի մեծ դերակատարների միջև և ինքնուրույն լինել: Կարծում եմ` որակական խոշոր փոփոխություն առայժմ չենք կարող արձանագրել նաև Քոչարյան-Սերժ Սարգսյան անցումում: Բայց պետք է արձանագրել հետևյալը. ներկայիս նախագահը, թերևս, ավելի ճկուն դիվանագետ է, նրա վարած արտաքին քաղաքականությունն առավել բազմապլան է:
-Որտե՞ղ է սովորել էդքան ճկուն, էդքան բազմապլան լինել:
-Սա, թերևս, այն դեպքն է, որի առնչությամբ ասվում է` կյանքն է սովորեցրել: Ի վերջո, եկեք հենվենք վերջնական արդյունքների վրա: Այսօր ասում են` «վաճառել են, արդեն տվել են Ղարաբաղը»: Ինքնին հասկանալի է, չէ՞, որ ոչ մի թիզ հող որևէ մեկը չի տվել որևէ մեկին: Սա է արդյունքը, և սա է փաստը: Եվ ես կարծում եմ, որ երեք նախագահների դեպքում էլ առկա որոշակի դիվանագիտական ավանդույթները շարունակվել են: Օրեր առաջ ևս մեկ անգամ բոլորով հիշեցինք, որ 1974-ի հուլիսի 20-ին օկուպացվեց Հյուսիսային Կիպրոսը: Անցել է 35 տարի: Եվ մինչև հիմա բանակցությունները Կիպրոսի շուրջ ընթանում են։
Զրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ
Հ. Գ. -
Ղարաբաղյան թեմայի շուրջ հարցազրույցի շարունակությունը` «Իրավունքը de facto»-ի հաջորդ համարում։

Դիտվել է՝ 2028

Մեկնաբանություններ

Օրախնդիր
  • Տեսանյութ
  • Այլ
  • 10.11.2024