Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

ԱՊԱԳԱՆ ՄԵԶ ՀՐԱՄԱՅՈՒՄ Է ԳՈՐԾԵԼ ԱԶԳՈՎԻՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑ

ԱՊԱԳԱՆ ՄԵԶ ՀՐԱՄԱՅՈՒՄ Է ԳՈՐԾԵԼ ԱԶԳՈՎԻՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԱՍԼԱՑ
11.06.2010 | 00:00

Կոպիտ է հնչում, գուցե և անմիտ։ Բայց փաստը մնում է փաստ, որ Եվրախորհրդարանը հակահայ օրինագիծ է ընդունում, պարտադրելով ո՛չ ավելի, ո՛չ պակաս հայկական զինված ուժերը դուրս բերել Ադրբեջանի գրավյալ տարածքներից, իհարկե, չհստակեցնելով` Ղարաբաղ պետությո՞ւնն էլ է այդ հաշվի մեջ, թե՞ ոչ։
Եվրախորհրդարանից հետ չմնաց ՄԱԿ-ը։ Դե, իսլամ եղբայրների մասին խոսելն ավելորդ է։ Հետևաբար, ասածս միտքն այնքան էլ կոպիտ չէ, եթե հաշվի առնենք այն մեծ ու փոքր պետությունները, որոնք Ղարաբաղում կայացած հիրավի ժողովրդավարական ընտրություններին արձագանքեցին, ասելով, թե ընտրություններն օրինական չեն։ Հատկապես հյուսիսի մեր դարավոր «բարեկամ» երկրի պաշտոնյան` Նեստերենկոն, թե Ռուսաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Տողերի արանքում ասեմ, որ բարեկամ բառն իզուր չեմ վերցրել չակերտների մեջ, որովհետև այդ բարեկամը երբեք մեր լավը չի ցանկացել և չի էլ ցանկանա, որքան էլ մենք ազնվորեն շարունակենք սիրել նրան։ Դա ռուսի էությունն է, րոպեական շահն ամեն ինչից գերադասող ռուսը։ Ինչպե՞ս վարվեց նա դարերով իրեն նվիրված սլավոն սերբերի հետ։ Աշխարհը սերբերին քառատեց ռուսի պատճառով։ Այսօր ԱՄՆ-ը կուտ է տվել Ռուսաստանին, և նա իսկույն երես թեքեց Իրանից։ Ի՞նչ գնահատական տալ ռուս-թուրքական մերձեցմանը։ Կարծես 1921-ից հետո թուրքը բազմիցս ցույց չի տվել իր ով լինելը։ Ասենք հարմար պահին ռուսն ու թուրքը ե՞րբ չեն մտել կոնկուբինատի մեջ, որ։
Ռուսաստանը խոսում է տարածքային ամբողջականությունից, բայց իր շահի համար օրը ցերեկով ցուցաբերեց «մարդասիրություն» և հանուն իր շահի կուլ տվեց Օսիան և Աբխազիան։ Թող աշխարհը հոխորտա, բղավի, վրացական գնացքն այդ մասով խորտակվել է։ Եթե վաղը Ղարաբաղը հայտնի Գյուլիստանի պայմանագրի վավերական լինելու մասին, ապա կտեսնեք, թե որքան արագ կգործեն ռուսական ուժերը։
Ասել կուզեմ, որ աշխարհում միշտ իշխել և իշխում է շահը։ Մնացած բոլորը` մարդասիրություն, քրիստոնեական գթասրտություն, խիղճ և էլի նման ածականները քաղաքական շահի ոլորտում դատարկ բաներ են։ ՈՒստի, որպես պետության, ո՞րն է մեր շահն այս աշխարհում։ Ընդունենք ծայրահեղ տարբերակով. աշխարհն ուզում է, որ մենք ոչնչանանք որպես պետություն (չեմ ասում` որպես ազգ, որովհետև հասկանալի պատճառներով այդ մի տարբերակը չի գործի), որովհետև մեր թշնամիները հարուստ են և հզոր, զորու են վճարելու աշխարհի տերերին։
Տեղին է հավելել, գուցե աբսուրդ է, որովհետև, եթե գոյություն ունի շահ, ապա հնարավոր չէ, որ բոլորը ցանկանան մեր, որպես պետության, ոչնչացումը։ Սակայն ընդունենք ծայրահեղ տարբերակը` նպատակը մեր լիակատար ոչնչացումն է։
Թող մի պահ հնչի որպես անհեթեթություն, սակայն ի՞նչ է, մենք պետք է ոչխարի պես մայելով կանգնենք և նայենք, թե ինչպես են մեզ ոչնչացնո՞ւմ։ Պատմությունը մեզ դաս չի՞ եղել։ Ֆրանսիան թուղթ ու թանաք չի խնայել հայ ժողովրդի ազատության համար, իսկ հայ ժողովուրդը նրան իր արյունն է տվել։ Հայտնի կոմունիստ, ֆրանսիացի լավագույն մտածող Ժակ Դյուկլոյի խոսքերը մի՞թե մեզ համար դաս չեն։ Մի՞թե պետք է շարունակենք հավատալ եվրոպացուն, այն եվրոպացուն, որին ժամանակին խնամքով կաշառում էր Կարմիր սուլթանը, իսկ այսօր բուլղարացին է կուրացել նավթադոլարից։ Թող չհնչի վերամբարձ և հակամարդկային։ Ի՞նչ է, մենք իրավունք չունե՞նք ինքնապաշտպանվելու, մտածելու թշնամուն, ով էլ որ լինի, ոչնչացնելու բոլոր տարբերակները։
Ալ-Քաիդան պետություն չէ, բայց կռվում է շատ հաջող։ Հասկանալի պատճառներով մենք ճակատ չենք կազմելու թշնամու դեմ, բայց պետք է հասկացնել, որ ցանկացած հակահայ դրսևորում անպատիժ չենք թողնի։
Աշխարհը չգիտի՞ ով է թուրքը, ազերին։ Գիտի, բայց... Եթե աշխարհը չի ուզում ճանաչել, թե ովքեր են թուրքերը, ինչո՞ւ մենք պիտի մտածենք, թե՞ մեր բանը բուրդ է։ Ո՛չ։
Իսրայելն այսօր մենակ է, բայց իր պատմությունից դաս է քաղել, և հավատացած եմ, որ աշխարհը նրան չի կարող պատժել, իսկ ծայրահեղ դեպքում` Իսրայելին պատժելն աշխարհի վրա թանկ կնստի։
Վերջապես այսօր ովքե՞ր են քրիստոնեական Եվրոպայի տերերը։ Եվրոպացի տղամարդիկ իրենց և իրենց կանանց համար Ասիա-Աֆրիկայից տղամարդիկ են ներմուծում։
ՈՒրեմն ո՞րն է ելքը։ Ելքը մեկն է` ազգային միասնությունը։ Այդ միասնությունը տվյալ պարագայում վերամբարձ խոսք չէ, այլ կոնկրետ գործողությունների ծրագիր։
1. Այսօր ազգի գերխնդիրն է ազատագրված տարածքների բնակեցումը, հանուն ինչի էլ պիտի ժամանակավորապես մոռացվի, հետին պլան մղվի ամեն ինչ։ Դրա համար անհրաժեշտ է Հայաստանում, առավել ևս Երևանում, մասնավոր, թե պետական շինարարության բոլոր միջոցներն ուղղել վերոնշյալ նպատակին։ Ի՞նչ է մեզ` ժողովրդին, տվել Հյուսիսային պողոտայի շինարարությունը (վրացիք ընդամենը 2,5 մարդ են, բայց չգիտես որտեղից են ճարվում և բնակեցվում Մառնեուլում, Ախալքալաքում և ոչ վրացաբնակ այլ վայրերում)։ Ո՞րն է իմաստը, որ այսօր երկու հարյուր միլիոն դոլարի հյուրանոց պետք է կառուցվի Երևանում։ Մենք հարուստ չենք, բայց միլիոնանոց շենքեր ենք քանդում Երևանում։ Ինչո՞ւ։ Հօգուտ ո՞ւմ գրպանի։ Ազգային ողջ ռեսուրսը պետք է ուղղված լինի մեր պաշտպանության հզորացմանը, իսկ հզորացումը տարածքների բնակեցումն ու հայ կնոջ արգանդի փառաբանումն է։ Այսօր իսլամ կինն է Եվրոպան նվաճում։
2. Սփյուռքի նախարարության «Վերադարձ դեպի տուն»-ը պետք է դառնա կոնկրետ գործունեություն։ Իրաքից քանի՞ հայ եկավ Հայաստան, և ինչպիսի՞ պետական հոգածություն կա նրանց նկատմամբ։ Ինչո՞ւ չկազմակերպվեց բոլոր իրաքահայերի ներգաղթը։ «Գուցե չէին ուզում» պատճառաբանությունը համոզիչ չէ։
Ղարաբաղ։ Անցել է քսան տարի, բայց Ղարաբաղն այդպես էլ չինտեգրվեց հայոց կյանքին, մենք չդարձանք մեկ ազգ, մեկ էություն, մեկ նպատակ։ Իսկ որոշ քաղաքական գործիչներ էլ, օգտվելով ինչ-որ ղարաբաղցի պաշտոնյաների քաղաքական անհեռատեսությունից, ինչ-որ տեղ նաև նրանց ընչաքաղցությունից, կյանքի շարունակվող վատացումից, հմտորեն է՛լ ավելի են խորացնում ժողովրդի մեջ ատելությունն առ ղարաբաղցին։ Կարծես Եռաբլուրում հանգչող այն մի քանի հազար տղաները հանուն Ղարաբաղի չեն տվել իրենց երիտասարդ կյանքը, կարծես երեկ չէր, երբ օրնիբուն ազգը հանուն Ղարաբաղի կենաց ու մահու պայքար էր մղում, կարծես հանուն Ղարաբաղի չի ժողովուրդը կրել այդքան զրկանքներ։ Հիշենք Սպիտակի փլատակների տակից ուշքի եկած մարդու առաջին հարցը.
-Ղարաբաղի հարցը ի՞նչ է եղել։
Այդ ամենը սո՞ւտ է։ Ի՞նչ իմանաս, գուցե մեր նորագույն պատմության թալանչիների համար Ղարաբաղը միջոց էր նպատակին հասնելու համար։
Այսօր թող ընդդիմադիրները թաքուն չարությամբ, թունոտ ատելությամբ արձանագրեն աշխարհի հզորների` մեր հանդեպ որդեգրած քաղաքականությունը, և ոչ էլ իշխող կուշտ ու անմիտ տերերն անհոգ որոճան։
Դեռևս 1992-ին, երբ Պոլ Հոբլը գծում էր Մեղրիով անցնող քարտեզը, ասել և կրկնում եմ` Ղարաբաղի հարցի լուծումը կախված է հայ ժողովրդից։ Աշխարհում չի գտնվի մի զինվոր, որը հանուն ադրբեջանցու պետք է մեռնի Ղարաբաղում։ Մոջահեդները մեզ օրինակ։ Թուրք-ռուսական սիրավեպը ժամանակավոր է։ Հենց ամերիկացին շոյեց թուրքին, թուրքը կմոռանա այսօրվա իր սիրուհուն։ Ցավոք, մենք բաց ենք թողել ժամանակը։ Ապագան մեզ հրամայում է գործել ազգովին և նպատակասլաց։
Մեր ֆիզիկական գոյության համար մեզ կենսական տարածքներ են պետք։ Սա ֆաշիզմ չէ, սա հայ ժողովրդի անվտանգ գոյության հրամայականն է։
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 1278

Մեկնաբանություններ