38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Իրատեսական չէ սպասել, որ հարյուր տարվա պատմություն ունեցող և մի քանի «տաք» փուլ անցած հակամարտությունն այդքան հեշտությամբ կլուծվի»

«Իրատեսական չէ սպասել, որ հարյուր տարվա պատմություն ունեցող և մի քանի «տաք» փուլ անցած հակամարտությունն այդքան հեշտությամբ կլուծվի»
21.08.2009 | 00:00

«ԵԹԵ ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ՀՐԱՊԱՐԱԿՎԵՐ ԲԱԶՄԱՊԱՏԿՄԱՆ ԱՂՅՈՒՍԱԿԸ, ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ԹԵ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ ԿԶԳԱՑՎԵՐ»
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլը և սպասվող զարգացումները մեկնաբանում է «Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտի» տնօրեն, վերլուծաբան ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ։
-Պարոն Իսկանդարյան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դադար վերցրին մադրիդյան սկզբունքների վրա աշխատելու համար։ Ընդ որում, մեկնաբանություններն այս կապակցությամբ տարբեր են։ Կան պնդումներ, թե այդ սկզբունքներն ընդամենը ճշգրտվելու են, ինչպես նաև կարծիքներ, որ դրանք ենթարկվելու են էական սրբագրման։ Ո՞րն է իրականությունը և ի՞նչը ստեղծված իրավիճակի պատճառը։
-Պատճառները պետք է որոնել բանակցային գործընթացի հերթական փակուղու մեջ։ Այն, ինչ առաջարկվել է և հրապարակվել ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական կայքում իբրև մադրիդյան սկզբունքներ, շատ հում շրջանակային մոտեցում է այս հարցի լուծման համար։ Գուցե ինչ-որ մեկի համար դա գաղտնիք էր, բայց ոչ քաղաքագետների, հիմնախնդրից տեղյակ լրագրողների և նույնիսկ քաղաքականությամբ հետաքրքրվող, թերթ կարդացող մարդկանց համար։ Այդ սկզբունքների էությունը, ըստ էության, պարզ էր, ու թեպետ այն երկար քննարկվել է հակամարտության կողմերի միջև փակ ձևաչափով, բայց, այնուամենայնիվ, ստացվել է այն, ինչ ստացվել է։ Ոչ այն պատճառով, որ միջնորդները վատ են աշխատել, պարզապես հնարավոր չէր կողմերին ավելի կոնկրետ ինչ-որ բան առաջարկել։ Այդ փաստաթղթում միակ նորությունն այն է, որ տարաբաժանված է Ղարաբաղի անվտանգության գոտու տարածքների և նախկին ԼՂԻՄ-ի տարածքի ճակատագիրը։
-Բայց դա եղել է նաև 1997-ին առաջարկված կարգավորման փուլային տարբերակում։
-Այո՛, որոշ նմանություն կա։ Ինչ վերաբերում է երկրորդ նորությանը, դա հանրաքվեի առաջարկն է իբրև արդեն գոյություն ունեցող քաղաքական որոշման լեգալացման գործիք։ Մեծ խելք պետք չէ հասկանալու համար, որ լուրջ հակամարտությունների պատմություն ունեցող մեր տարածաշրջանում մարդիկ քվեարկում են` ելնելով իրենց ազգային պատկանելությունից, դրա ինքնագիտակցումից։ Դժվար է պատկերացնել որևէ հայի, որը կքվեարկի Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելու օգտին, կամ որևէ ադրբեջանցու, որ ձայն կտա Ղարաբաղի անկախության օգտին։ Երկու կողմում էլ շատ փոքրաթիվ այդպիսի մարդիկ կարող են լինել, բայց հասկանալի է, որ 5-10 հոգու ձայնը որոշիչ չէ։
-Սակայն հանրաքվեի հետ կապված դրույթը բացարձակապես պարզաբանված չէ փաստաթղթում։ Ովքե՞ր են քվեարկելու, հանուն ինչի՞, ի՞նչ ձևակերպումով։
-Ակնհայտ է, որ եթե քվեարկությունը կատարվելու է Ղարաբաղում 75 տոկոս հայ, 25 տոկոս ադրբեջանցի համաչափությամբ, ապա հանրաքվեի արդյունքը նախօրոք պարզ է։ Բայց հենց այդ պատճառով էլ հանրաքվեն արդեն իսկ դարձել է կողմերի միջև նոր հակասության պատճառ։ Այո՛, բաց են այն հարցերը, թե ինչպես է այն անցկացվելու, որտեղ, ինչ հարցադրումով, ով է հաշվելու և վերահսկելու այդ գործընթացը։ Ադրբեջանն այս դրույթին բացարձակապես չի պատրաստվում համաձայնել։ Մանավանդ որ այդ երկրի սահմանադրությամբ նման հանրաքվե անցկացնելու հնարավորություն առհասարակ նախատեսված չէ։
Հետևաբար, սա հարցի լուծում ապահովել չի կարող։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ միջնորդները հետագայում կաշխատեն մշակել այնպիսի տարբերակ, ուր սկզբունքներն ավելի լղոզված, ավելի անորոշ ձևակերպումներ ունենան, որպեսզի ադրբեջանական և հայկական կողմերը համաձայնեն այն դարձնել բանակցությունների հիմք, ինչը կապահովի բանակցային գործընթացի շարունակությունը։ Հակառակ դեպքում կողմերին պիտի պարտադրեն որևէ լուծում, իսկ դա իրատեսական չէ։ Անհնար է Ադրբեջանին համոզել ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը` հինգ շրջան հետ ստանալու, իսկ մյուս երկուսի ճակատագիրը հետագայում ինչ-որ ձևով լուծելու հեռանկարով։ Հնարավոր չէ նաև պարտադրել Հայաստանին ու Ղարաբաղին, որ հրաժարվեն իրենց անվտանգության հիմնարար երաշխիքներից` նախկին ԼՂԻՄ-ի ոչ լրիվ տարածքը տնօրինելու պայմանով։ Ոչ ոք դա պարտադրել չի կարող։ Ամերիկյան ծովային հետևակայինները ինչպես Հարավային Օսիա չժամանեցին, այնպես էլ ղարաբաղյան հակամարտության գոտի մուտք չեն գործելու։ Հետևաբար, միջնորդներին մնում է անել այնպես, որ ինչ-որ ձևով ապահովվի բանակցային գործընթացի շարունակությունը։
-Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը լուրջ քննադատության է արժանանում քաղաքական դաշտում։ Անհատ գործիչներ ու կուսակցություններ նախագահին ու արտգործնախարարին են մեղադրում, որ մադրիդյան սկզբունքներով Հայաստանը հայտնվել է անհամեմատ անբարենպաստ իրավիճակում։
-Այս թեմայով հռետորաբանությունը պայմանավորված է ոչ թե բուն խնդրով, այլ այն հանգամանքով, թե ով է այդ մասին խոսում։ Սա Հայաստանում ներքաղաքական պայքարի և քաղաքական մշակույթի մի մասն է։ Քաղաքական ուժերը, հատկապես ընդդիմադիր, հենց նրա համար են ընդդիմություն դարձել, որ համաձայն չեն իշխանության վարած քաղաքականությանը, ընդ որում ոչ միայն արտաքին դաշտում։ Հետևապես նրանց խնդիրը հենց քննադատելն է ցանկացած պատճառով կամ առիթով։ Եթե մադրիդյան սկզբունքների փոխարեն հրապարակվեր բազմապատկման աղյուսակը, չեմ կարծում, թե քննադատության պակաս կզգացվեր։
-Եկեք չպարզունակեցնենք։ Դուք չեք ընդունում, որ մարդիկ նաև մտահոգված են, որովհետև այն, ինչ գրված է այդ փաստաթղթում, իսկապես մեր շահերից չի բխում։
-Այդ դեպքում ինչով բացատրել, որ Ադրբեջանում նույն խուճապային տրամադրություններն են։ Դա այնքան ընդգծված չէ միայն այն պատճառով, որ նրանց մոտ քաղաքական համակարգն այլ կերպ է կառուցված, այլ են մամուլի դերն ու գործառույթները։ Բաներ կան, որ այնտեղ չի կարելի գրել ընդհանրապես։ Ես չեմ ուզում պնդել, թե Ադրբեջանում խոսքի ազատություն չկա առհասարակ, այն գոյություն ունի այդ պետությանը հարիր այսօրվա ձևի ու բովանդակության մեջ։ Բայց որոշ հարցերի վերաբերյալ կան հստակ տաբուներ, և եթե որևէ մեկը ԼՂՀ հապավումը օգտագործի առանց չակերտի, հաջորդ օրը կդադարի լրագրող լինելուց, միգուցե և հայտնվի անազատության մեջ։
Հայաստանում խոսքի ազատությունն ավելի լայն հիմքերի վրա է դրված։ Բացի այդ, ղարաբաղյան հիմնախնդիրը, իսկապես, մտահոգիչ է հասարակության մեծամասնության համար։ Մյուս կողմից` երկրում ընտրազանգվածի զգալի մասը դժգոհ է իշխանություններից, ընդդիմադիր է իր տրամադրություններով։ Առիթ ունեցել եմ նշելու, որ քրոնիկ վատատեսությունը կամ գիտական բնորոշմամբ` ալարմիզմը, բնորոշ է Հայաստանի հասարակությանը։ Հասարակությունը տրամադրված է վատատեսական զարգացումների։ Ասենք` հեռուստաաշտարակը կես օրով դադարեցնում է աշխատանքը` պրոֆիլակտիկայի համար։ Ընդ որում, այդ մասին հայտարարվում է նախօրոք։ Բայց դա չի խանգարում, որ այդ կես օրվա ընթացքում ինձ զանգահարի 40 մարդ տարբեր ենթադրություններով` ընդհուպ, որ հարձակում է եղել Քելբաջարի վրա, հեռուստացույցն անջատել են, որ մարդիկ չիմանան։ Այսինքն, երբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված խիստ հոռետեսական սցենարից խոսում են ոչ միայն քաղաքականությամբ հետաքրքրված մարդիկ, այլև տաքսու վարորդները, մատուցողները, բակում նարդի խաղացող հարևանները, սա ընդամենը հասարակության համապատասխան տրամադրությունների ցուցանիշն է, որ արտահայտվում է այդ ձևով։
-Ըստ Ձեզ, ստացվում է, որ Ղարաբաղում էլ նույն տրամաբանությամբ են ապրում, որովհետև այնտեղից էլ նույն դժգոհությունն արտահայտվեց։
-Ղարաբաղում մեկ այլ ֆենոմեն գոյություն ունի, թե Հայաստանն ինչ-որ պահի կարող է դավաճանել իրենց։ Այդ մտայնությունը ձևավորվել է վաղուց, որովհետև իրենք տարանջատված են միջազգային կյանքից, շատ գործընթացներից։ Իրենց փոխարեն միջազգային ասպարեզում հանդես է գալիս Հայաստանը։ Եթե քեզ համար ամենակարևոր գործը դու հարկադրված ես վստահել ուրիշին, բնական է, որ դիսկոմֆորտ ես ապրում ու մտահոգվում այդ կապակցությամբ։ Թեպետ ամենակարևորը, որ ես նկատել եմ վերջին գործընթացում, ղարաբաղյան տրամադրությունների ներմուծումն է Հայաստան։
-Ի՞նչ իմաստով։
-Գաղտնիք չէ, որ Ղարաբաղում վաղուց արմատացած է այն համոզմունքը, թե անվտանգության գոտու տարածքները և առհասարակ ոչ մի թիզ հող չպետք է զիջել։ Այնտեղ միշտ համարել են, որ հողն առանց պայմանագրի ավելի լավ է, քան պայմանագիրը հողի դիմաց։ Այսինքն, հողն այնտեղ դիտվում է իբրև հետագա զարգացման երաշխիք և հնարավորություն։
Վերջին ամիսներին այս մոտեցումը տարածում է գտնում նաև Հայաստանում։ Նախկինում այդպիսի տրամադրությունները Հայաստանում համատարած չէին։ Բայց այսօր իշխանություններին չեն մեղադրում, որ նրանք պատրաստ են ամեն ինչ հանձնելու։ Բոլորի համար էլ պարզ է, որ նախկին ԼՂԻՄ-ի տարածքն առնվազն չի վերադարձվելու ադրբեջանցիներին։ Սակայն հասարակության լայն շերտերն անընդունելի են համարում, որ իշխանությունն առհասարակ պատրաստ լինի զիջելու ինչ-որ բան։ Այսինքն, այն, ինչ ադրբեջանցիների համար հնարավոր էր թերևս 1992-93-ին, դժվար է ասել, որ հնարավոր է հիմա։
-Այսինքն` Հայաստանի հասարակության մեծամասնությունն էլ է համարում, որ հողն առանց պայմանագրի ավելի լավ է։
-Իմ կարծիքով` հայաստանյան հասարակության մեջ արմատանում է այն համոզմունքը, որ հողը պահելու դեպքում մենք երբևէ կհասնենք այնպիսի պայմանագրի ձևակերպման, որը մեզ է ավելի ձեռնտու։ Հիմա ինչ-որ բան հանձնելը սխալ է, եթե հետագայում հնարավոր է հասնել ավելիին։ Սա հասարակական տրամադրությունների լուրջ փոփոխություն է։
-Լավ, այդ դեպքում Մեթյու Բրայզան հազիվ թե չիմանար այդ տրամադրությունների մասին, երբ ծաղկաձորյան հանդիպումների ժամանակ հայտարարում էր, թե հայկական կողմն ինչ պիտի հանձնի, ինչ հերթականությամբ։
-Սկզբունքորեն Բրայզան ոչ մի նոր բան չասաց, այլ ընդամենն ընդհանրացրեց այն, ինչ նախկինում ասել էր տարբեր վայրերում և տարբեր առիթներով։ Որպես փորձառու բանակցող խոսում էր հակասություններ ստեղծելով, բայց միաժամանակ պետք է նկատի ունենալ, որ նա այլևս համանախագահ չէ։ Մինչդեռ թոշակի գնալ էլ չի պատրաստվում և շարունակելու է աշխատել։ Եվ իր հայտարարությունները նաև այդ համատեքստում պետք է դիտարկել։
Միաժամանակ համանախագահները չեն կարող շարունակ նույնը կրկնել։ Եթե կողմերին նոր բան չառաջարկվի, պրովոկացիաներ, արտառոց առաջարկություններ չլինեն, որոնք մերժվեն մեկ կամ մյուս կողմից։ Բանակցային գործընթացն ուղղակի կանգ կառնի։ Մինչդեռ բոլորովին վատ չէ, որ մարդիկ անում են իրենց աշխատանքը և այդպիսով պահպանում հակամարտության կողմերի միջև շփում ապահովելու կարևոր խողովակը։ Դա նույնպես լուրջ և կարևոր գործ է։ Սակայն իրատեսական չէ սպասել, որ առնվազն հարյուր տարվա պատմություն ունեցող և մի քանի «տաք» փուլ անցած հակամարտությունն այդքան հեշտությամբ կլուծվի։ Բանակցային կողմերը շատ վստահ են իրենց դիրքորոշման մեջ, որովհետև շատ լավ գիտեն, որ միջնորդների կողմից իրենց համաձայնության բերելու ուժային պարտադրանք ուղղակի չի լինելու։
-Ինչո՞ւ եք այդպես համոզված։
-Երբ առաջ է քաշվում որևէ խնդիր իրագործելու ցանկություն, եթե անգամ այն իրականում կա, ապա հարց է առաջանում, թե դա ինչպես է արվելու։ Այդ ո՞ր երկրների խաղաղապահ ուժերն են տեղակայվելու հակամարտության գոտում, և ինչպե՞ս, ո՞ր բեռնատարներով են բնակության նախկին վայրեր բերելու բոլոր փախստականներին, և վերջապես, տնտեսական ճգնաժամի պայմաններում ո՞վ է այդ ամբողջ հաճույքի համար վճարելու։
Եթե անգամ կողմերը սկզբունքորեն համաձայն են, ապա համաձայնագրի յուրաքանչյուր դրույթի հստակեցումն ամիսների աշխատանք է։ Երբ փորձագետներին փակում են լավ ամառանոցում, ապահովում լավ սննդով, միգուցե և մի քանի ամիս յուրաքանչյուր տառի վրա աշխատելուց հետո նրանք կներկայացնեն ինչ-որ վերջնական ձևակերպում։ ՈՒ այդպես յուրաքանչյուր հոդվածի համար, այն էլ, եթե հակամարտության կողմերը հաշտության կայացման սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել։ Այսօր ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև այդ համաձայնությունն էլ չկա, ի՞նչ մոտալուտ լուծման մասին կարող է խոսք լինել։
-Հայաստանյան քաղաքական գործիչներից մեկը կարծիք էր հայտնել, որ եթե միջնորդ պետությունները ցանկություն ունեն ղարաբաղյան հակամարտությունն իսկապես լուծելու, ապա դրա միակ տարբերակը կոսովյան սցենարի կիրառումն է։ Այսինքն, կարգավորման փաթեթը պետք է նախատեսի Ղարաբաղի անկախության հնարավորությունը նույնիսկ առանց Ադրբեջանի համաձայնության։
-Իհարկե, տեսականորեն Ղարաբաղի անկախությունն էլ այդպես կարող է ամրագրվել, եթե ԱՄՆ-ը և աշխարհի 50 այլ առաջատար երկրներ ճանաչեն այդ անկախությունը և բոլոր առումներով աջակցեն ԼՂՀ-ի` իբրև նոր պետության կայացմանը։ Բայց հարց է առաջանում, թե ինչու դա Կոսովոյում եղավ։ Որովհետև Կոսովոն Եվրոպայի սրտում է, Հռոմից` 200, իսկ Վիեննայից 300 կմ հեռավորության վրա։ Կոսովոյի բնակչությունը 150 հազար չէր, այլ 2 մլն, փախստական ալբանացիները գտնվում էին Բեռլինում, Մյունխենում, Հռոմում ու Ստրասբուրգում։ Իսկ փախստականների մեջ ամեն տեսակի մարդիկ կան, այդ թվում, ասենք, թմրանյութերի վաճառքով զբաղվողներ կամ մեքենա գողացողներ։ Այսինքն, Եվրոպան բացարձակապես չէր ցանկանում խախտել տարածքային ամբողջականության սկզբունքի անձեռնմխելիությունը, բայց փախչելու տեղ չկար։ Դա իրենց անմիջական պրոբլեմն էր, որը պետք էր լուծել, և այդ լուծումը ստանալու համար անգամ Բելգրադը ռմբակոծվեց։ Կոսովյան ալբանացիները պետականություն կառուցելու որևէ ընդունակություն չդրսևորեցին, այնտեղ նույն իրավիճակն էր, ինչ Չեչնիայում 1997-99-ին։ Սակայն Եվրոպան ինքը վերցրեց այդ պետության ստեղծման պատասխանատվությունը բոլոր առումներով, այդ թվում` ֆինանսական։ Եվ իրագործում է այն։
Իսկ Հարավային Կովկասն ավելի հեռավոր տարածաշրջան է և այդ կարևորությունը չունի։ ԼՂՀ-ի ճանապարհը, իմ խորին համոզմամբ, աստիճանաբար այսօրվա ստատուս-քվոյի հաստատումն է, որպես մշտական իրավիճակի։ Դա միանգամայն հնարավոր է, եթե տարածաշրջանում կտրուկ, գլխիվայր փոփոխություններ տեղի չունենան։ Իսկ երբ դրան կվարժվեն Ղարաբաղի շրջապատում գտնվող բոլոր սուբյեկտները, այն ժամանակ էլ կարգավորման բանակցություններում հնարավոր կլինի հասնել այլ արդյունքների։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1880

Մեկնաբանություններ