Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«ՇԻՐԽԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ ԱՅԼԵՎՍ ԽՈՍԵԼ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ, ՆՄԱՆ ՄԱՐԴ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»

«ՇԻՐԽԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ ԱՅԼԵՎՍ ԽՈՍԵԼ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ, ՆՄԱՆ ՄԱՐԴ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ»
04.12.2009 | 00:00

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) ներսում տեղի ունեցող վերջին խմորումներն ու զարգացումները մեկնաբանում է ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ:
-Պարոն Եղիազարյան, տարածվեց տեղեկություն, որ ՍԴՀԿ համահայկական կենտրոնական վարչությունը որոշում է կայացրել Ձեր լիազորությունները, իբրև այդ վարչության անդամի, կասեցնել։ Ինքներդ էլ չժխտեցիք այդ փաստը, թեպետ վարչության կազմում ընտրվել եք միայն այս տարվա սեպտեմբերին, և ՍԴՀԿ Հայաստանի կառույցից միայն Դուք և Վահան Շիրխանյանն եք այնտեղ ընդգրկված։
-Ինչպես նաև, որպես փոխանդամ, Արարատ Մկրտչյանը։
-Այսինքն, հիմա Ձեզ պետք է փոխարինի Արարատ Մկրտչյա՞նը։
-Եթե իմ լիազորությունները կենտրոնական վարչությունում կասեցնելու որոշում է կայացվել, ապա նա մեխանիկորեն, ըստ կուսակցության կանոնադրության, պետք է փոխարիներ ինձ։ Սակայն նա բաց նամակ է հրապարակել և հրաժարվել վարչության անդամ լինելուց։
-Ինչո՞ւ։
-Հարցականները շատ են, և դրանք կարող եք նաև իրեն ուղղել։ Համենայն դեպս, նամակի մեջ նա նշում է, որ այդ ամենը ՍԴՀԿ համահայկական կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանի նախաձեռնությամբ է արվում։
-ՍԴՀԿ Հայաստանի կառույցի և սփյուռքի կենտրոնական վարչության միջև անհասկանալի հարաբերություններ են ստեղծվել։ Ո՞րն է պատճառը։
-Արձանագրենք, որ Հայաստանում մինչև վերջին երկու տարին ՍԴՀԿ անունով քաղաքական կառույց կամ կուսակցություն գոյություն ուներ միայն ձևականորեն։ Այսինքն, ՍԴՀԿ-ն այդ տարիներին որևէ իրական գործունեություն չի ծավալել։ Մինչդեռ վերջին երկու տարում կուսակցությունը Հայաստանում և՛ բավական հզորացել է, և՛ սկսել է ընկալվել որպես ավանդական, մայր կուսակցություն, իշխանություններին իրականում ընդդիմադիր քաղաքական ուժ։
-Խմորումները, փաստորեն, ընդդիմությո՞ւն լինելու հետևանք են։
-Ոչ միայն, այսօր Հայաստանի ընդհանուր քաղաքական դաշտում իշխանություններին հարկավոր է, ի հակակշիռ Հայ ազգային կոնգրեսի, ստեղծել, այսպես կոչված, երրորդ ուժ կամ կառավարելի «ընդդիմություն»։ Այդ ուղղությամբ տարբեր փորձեր եղան, մասնավորապես, ավանդական կուսակցություններին այդպիսի ընդդիմության վերածելու նպատակով։ Ավանդական կուսակցությունները երեքն են` ՍԴՀԿ, ՀՅԴ, ՌԱԿ։ Սակայն դաշնակցությունն ու ռամկավարներն անցած տարիներին եղել են իշխանական դաշտում, և նրանց միջոցով երրորդ ուժ ձևավորելը սկզբունքորեն անիմաստ է և անհնարին։ Այդպիսի նախաձեռնությունն ուղղակի հավատ չի ներշնչի։ Այդ պատճառով էլ, կարծում եմ, նպատակ է դրվել այդ երրորդ ուժը ստեղծել ՍԴՀԿ-ի դրոշի տակ, ինչը մեթոդիկ կերպով փորձում է իրականացնել վերը նշված Սեդրակ Աճեմյանը։
-Ասել է` Վարդան Խաչատրյանն այդ նպատակո՞վ հայտնվեց ՍԴՀԿ-ում։
-Մասամբ` այո։ Բայց Խաչատրյանը ժամանակավոր ֆիգուր էր, որովհետև խնդիր էր դրված սկզբում ազատվել Լյուդմիլա Սարգսյանից, Խաչատրյանին նրա փոխարեն կարգել ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ատենապետ, և այնուհետև փոխել կուսակցության գիծը դեպի «անկախ ընդդիմություն»։
-Ինչպիսի՞ն է Վահան Շիրխանյանի դերն այդ գործընթացում։
-Վահան Շիրխանյանը, իմ կարծիքով, ուղղակիորեն կատարում է իշխանությունների պատվերը։
-Դժվար է հավատալ, եթե նկատի ունենանք, որ սկսած 1999-ի հոկտեմբերի 27-ից նա արմատական ընդդիմության մեջ էր` ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, հեռացվեց բոլոր պետական պաշտոններից։
-ՈՒրեմն` հոկտեմբերի 27-ին ես ինքս պաշտպանում էի Ռոբերտ Քոչարյանին նույն Վահան Շիրխանյանից։ Երբ Ռոբերտ Քոչարյանն ամուր կանգնեց երկու ոտքերին, հետո էլ բարձրացավ ձիու վրա, այդ պահից սկսվեցին այլ գործընթացներ։ Մարդիկ, ովքեր ժամանակին ընդդիմադիր էին Քոչարյանին, դարձան նրա թիմի բացահայտ կամ քողարկված անդամները։ Իսկ ես դարձա նրա հակառակորդը։ Այսօր Սեդրակ Աճեմյանն ու Շիրխանյանը խնդիրներ ունեն լուծելու, և Շիրխանյանը նստած է Աճեմյանի ականջին ու թելադրում է նրան տարբեր քաղաքական մոտեցումներ։ Մի անգամ արդեն մենք նրանց ծրագիրը վիժեցրել ենք, կարծում եմ, այն վերակենդանացման ենթակա չէ։
-Բայց ինչո՞ւ եք կարծում, թե իշխանությունը հենց ՍԴՀԿ-ից է երրորդ ուժ փորձում ձևավորել։ Այդ առումով արդեն իսկ գոյություն ունի 12-ի ձևաչափը։
-Այդ ձևաչափը գոյություն ունեցավ ընդամենը 12 օր։ Վերջին անգամ ե՞րբ եք լսել նրանց մասին։
-Բառացիորեն երկու օր առաջ, երբ հերթական հայտարարությունը հրապարակեցին։
-ՈՒրեմն 12-ի ձևաչափն իր շուրջը չկարողացավ նույնիսկ 2 հազար մարդ հավաքել։ Որևէ գործողություն նրանք մինչև վերջ հասցնել չեն կարողացել, որովհետև նրանց կարգախոսները հասարակությանը հայտնի են։ Այդ կարգախոսներում որևէ խոսք չկա իշխանափոխության անհրաժեշտության մասին, չկա նոր նախագահական ու խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջ։ Նրանք ընդամենը կարող են դատի տալ մի մարդու` արտգործնախարարին, որը դրան արժանի չէ։ Ինչո՞ւ։ Նա այս երկրում հեղինակություն չէ, հարց լուծող չէ, կամակատար է, որին դատի տալուց ոչինչ չի փոխվելու։
-ՍԴՀԿ համահայկական կենտրոնական վարչությունում Ձեր լիազորությունների կասեցման որոշումն ինչպե՞ս է ընդունվել։
-ՍԴՀԿ համահայկական կենտրոնական վարչությունում շատ լուրջ և խոհեմ մարդիկ են հավաքված։ Պարզապես նրանք գտնվում են Հայաստանից դուրս և, բնականաբար, չեն տիրապետում ներքին քաղաքական տարբեր նրբություններին։ Նրանց ներկայացվել է, որ իբր ես կուսակցության սրբություն սրբոցը` երդման արարողությունն եմ ծաղրել։ Բայց այդ ծաղրի իրական հեղինակը սկզբից մինչև վերջ եղել է նույն Սեդրակ Աճեմյանը, երբ ամեն գնով փորձում էր Շիրխանյանի հետ Վարդան Խաչատրյանին խցկել կուսակցություն։
Երբ Վարդան Խաչատրյանը պետք է կուսակցական երդում տար, պարզվեց, որ նա երդվելու է «սիպուկոյի» վրա։ Դա խարակիրիի համար նախատեսված ճապոնական դաշույն է, որ երկու ձև ունի` մեծ և փոքր։ Մեծ դաշույնը նախատեսված է կանանց, փոքրը` տղամարդկանց համար։ Այսինքն, նախատեսված է, որ ինքնասպանության դիմելիս սամուրայն ավելի շատ պետք է տանջվի, որովհետև փոքր դաշույնով ինքնասպանություն իրագործելն ավելի դժվար է։ Ընդհանրապես գործողությունն էլ կոչվում է ոչ թե խարակիրի, այլ հենց սիպուկո։
-Հիմա Վարդան Խաչատրյանը, որպես սամուրայ, սիպուկո՞ էր ուզում անել։
-Դե, չէ, իհարկե, նա այդքան համարձակություն չունի։ Նրա երդման արարողության ժամանակ երևան եկավ այդ սիպուկոյի փոքր դաշույնը, որն իրականում հուշանվեր է, իսկական սառը զենք չէ։ Եվ դա՛ էր ամենամեծ ծաղրանքը կուսակցության երդման արարողության նկատմամբ։ Ես էլ առաջարկեցի, որ սենյակում կոնֆետի տուփ կա, կարող է այդ տուփի վրա երդվել, հուշանվերը հուշանվեր է, ի՞նչ տարբերություն։ Մինչդեռ հնչակյան երդման արարողությունը գալիս է դեռ 1887 թվականից, երբ հայորդիները զենքի վրա երդվում էին կյանքի գնով վերականգնել հայկական ինքնուրույն պետությունն Արևմտյան Հայաստանում։ Այսօր` 21-րդ դարում, Սեդրակ Աճեմյանը, փաստորեն, նորմալ է համարում, որ հնչակյանները երդվեն հուշանվերի, խաղալիք դաշույնի վրա։
Այս ամենը նենգափոխելով ներկայացվեց, թե իբր ես եմ ծաղրել կուսակցության երդման արարողությունը։ ՈՒստի ՍԴՀԿ համահնչակյան կենտրոնական վարչության իմ ընկերները, ովքեր կկարդան այս հարցազրույցը, թող իմանան, որ օր առաջ պետք է ազատվել Սեդրակ Աճեմյանից, որը որևէ բարոյական իրավունք չունի գլխավորելու հնագույն հայկական կուսակցությունը։
-Իսկ իրականում երդման արարողությունն ինչպե՞ս է լինում։
-Երդման արարողության ժամանակ հնչակյանը երդվում է ոչ թե խաղալիք հուշանվերի, այլ իսկական, երկաթյա շեղբով դաշույնի վրա։ Հայաստանյան կառույցում այդպես է սահմանված։ Ես համոզված եմ, որ ՍԴՀԿ-ում առողջ մտածողությամբ մարդիկ բացարձակ մեծամասնություն են և կհասկանան, որ իշխանության խամաճիկներից ազատվելն այսօր արդեն հրատապ խնդիր է կուսակցության համար։
-Միգուցե կենտրոնական վարչությունից Ձեզ դուրս դնելով` Սեդրակ Աճեմյանը զուտ անձնակա՞ն վրեժ է լուծում, որ նման պատմություն եք ստեղծել Վարդան Խաչատրյանի երդման արարողության ժամանակ։
-Չեմ կարծում։ Նա պարզապես խոստացել է իշխանություններին ինձնից ազատվել և այդ ձևով է փորձում իրագործել այդ խոստումը։ Բայց թող Աճեմյանն ու Շիրխանյանն էլ իմանան, որ արհեստական ՍԴՀԿ իշխանություններին պետք չէ։ Նրանց պետք է այսօրվա ՍԴՀԿ-ն, այս կազմով, հակառակ դեպքում, կուսակցությունը տրոհելու և խամաճիկներին հանձնելու միջոցով իշխանությունների ուզած երրորդ ուժը ձևավորել հնարավոր չէ։
-Այլ տարբերակ կա. Սեդրակ Աճեմյանը կարող է լուծարել ՍԴՀԿ հայաստանյան կառույցը և նորը ստեղծել։
-Չի՛ կարող, որովհետև դրա իրավունքը չունի։ Եթե փորձի չճանաչել ՍԴՀԿ հայաստանյան կառույցը, ապա հիշեցնեմ, որ կուսակցությունը Հայաստանի արդարադատության նախարարությունում գրանցված է որպես առանձին, անկախ միավոր։ Եվ կշարունակի գործել որպես այդպիսին։ Այսօր մենք համահնչակյան ընտանիքի մեջ ենք և մտադիր չենք հեռանալու։ Իմ նկատմամբ կատարված սխալը հետո կարժանանա իր ճիշտ գնահատականին, և համահնչակյան ընտանիքը դուրս կմղի Սեդրակ Աճեմյանի տեսակին իր շարքերից։
-Բացառո՞ւմ եք, որ Ձեզ, առհասարակ, կհեռացնեն ՍԴՀԿ-ից։
-Չունեն դրա իրավունքը, որովհետև ես դիմում եմ տվել և անդամակցել եմ հայաստանյան կառույցին։ Համահնչակյան կենտրոնական վարչության անդամ եմ ընտրվել այս տարվա սեպտեմբերին Ծաղկաձորում կայացած մեր համագումարում։ Այսինքն, վարչության անդամի իմ լիազորությունները կասեցնելու որոշումն էլ ապօրինի էր, որովհետև ինձ վարչության կազմում ընտրել է համագումարը, համագումարն էլ կարող է զրկել այդ լիազորություններից, բայց ոչ թե ատենապետի պաշտոնը զբաղեցնող մարդու ցանկությամբ։
-Ի դեպ, խոսակցություններ էին շրջանառվում, որ սեպտեմբերին կայացած համագումարում արդեն ի հայտ են եկել Ձեր հակասությունները Սեդրակ Աճեմյանի և Վահան Շիրխանյանի հետ։
-Շիրխանյանի մասին այլևս խոսել չեմ ուզում, նման մարդ ինձ համար գոյություն չունի։ Համագումարում Սեդրակ Աճեմյանը, իսկապես, փորձեց առաջադրել հարց, որ ՍԴՀԿ-ն պետք է դուրս գա Հայ ազգային կոնգրեսի կազմից։ Եվ գրեթե համոզել էր համագումարի պատվիրակներին, բայց ես ելույթ ունեցա և բացատրեցի, թե ինչ ներքաղաքական իրավիճակ է Հայաստանում, և ինչու չի կարելի դա անել։ Տրամադրությունները փոխվեցին, և տեսնելով, որ մեծամասնությունը կողմ է արդեն իմ տեսակետին, նա այդ հարցը նույնիսկ քվեարկության չդրեց։
-ՍԴՀԿ-ի համար այդքան կարևո՞ր է մնալ ՀԱԿ-ում, թե՞ ՀԱԿ-ի համար է դա կարևոր։
-ՀԱԿ-ում մնալն է կարևոր մեր կուսակցության համար։ Հայաստանում իր գործունեությունը վերականգնելուց հետո 18-19 տարի այդ գործունեությունը եղել է ձևական։ 2007-ից սկսած առաջին անգամ է, որ ՍԴՀԿ-ն Հայաստանի քաղաքական կյանքում հանդես եկավ որպես լուրջ քաղաքական դիմագիծ ունեցող կուսակցություն։ Ցանկացած այլ երկրի հայկական գաղթօջախներում ՍԴՀԿ-ն միշտ ունեցել է իր տեղն ու դերը, բայց ոչ Հայաստանում։ Դրա համար էլ հայաստանյան կառույցը երբեք ՀԱԿ-ից դուրս գալու որոշում չի կայացնի, որքան էլ դա որոշ մարդիկ ցանկանան։
-Սակայն միանգամայն հավանական է, որ այս հակադրությունը փորձ կարվի հանգուցալուծել նաև Լյուդմիլա Սարգսյանին մեկուսացնելով։ Որքան հասկացա, Դուք պատրաստվում եք պաշտպանել նրան։
-Լյուդմիլա Սարգսյանը ՍԴՀԿ հայաստանյան կառույցի վարչության ատենապետն է, նրան պաշտպանում է վարչությունը, բազմաթիվ շարքային հնչակյաններ, որոնց թվում` նաև ես։ Եվ, այո, մենք թույլ չենք տա, որ տարբեր խամաճիկներ, ի դեմս Սեդրակ Աճեմյանի, իրենց կամքը թելադրեն։
-Անդրադառնանք Հայաստանի քաղաքական դաշտում արդեն զվարճանքի վերածված հարցին` հիմա Վարդան Խաչատրյանը հնչակյա՞ն է, թե՞ հնչակյան չէ։
-Վարդան Խաչատրյանը հնչակյան կուսակցության անդամ չէ։ Հայաստանի ՍԴՀԿ վարչության որոշումով նա հեռացվեց կուսակցությունից։ Որովհետև մենք չէինք կարող խախտել կուսակցությունների մասին ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի առաջին կետը, ուր նշված է, որ կուսակցությունները պետք է գործեն Սահմանադրության, ՀՀ օրենքների և իրենց ծրագիր-կանոնադրության շրջանակներում։ Վարդան Խաչատրյանին փորձեցին ՍԴՀԿ անդամ դարձնել, որովհետև Սեդրակ Աճեմյանն այդպես էլ չհասկացավ, թե ինչ են օրենքն ու պարտավորությունը։ Մինչդեռ մեր ծրագիր-կանոնադրության 4-րդ կետի համաձայն, այլ կուսակցությունից հեռացած անձը մինչև մեկ տարի չի կարող ընդունվել ՍԴՀԿ շարքերը։ Եթե մենք այս օրինախախտումը թույլ տայինք, իշխանությունները հանգիստ կօգտագործեին դա և, արդեն իրավական հիմք ունենալով, կկասեցնեին կուսակցության գործունեությունը։
Հազար անգամ այս ամենը բացատրվեց Սեդրակ Աճեմյանին, և պարզվում է` իզուր։ Մեր գործողությունները նա համահնչակյան կենտրոնական վարչությունում ներկայացրեց այնպես, ասես ՍԴՀԿ հայաստանյան կառույցն իրեն վեր է դասում համահնչակյան ընտանիքից և կամային որոշումներ է կայացնում։ Մարդիկ էլ հավատալով նրա խոսքերին, Վարդան Խաչատրյանին, իբր, դարձրել են դիվանի անդամ։ Թե ում դիվանի կամ բազկաթոռի անդամ է նա, պարզ չէ, եթե նկատի ունենանք, որ այդ մարդն ընդհանրապես կուսակցական չէ։ Եվ խնդիրը, իհարկե, Վարդան Խաչատրյանը չէ, նա այն ֆիգուրը չէ, որի մասին այդքան երկար արժե խոսել։ Ժամանակին նրան հեռացրին «Ժառանգությունից», և նա այդպես էլ երկու հոդաբաշխ նախադասությամբ չկարողացավ բացատրել, թե ինչի համար։ Հիմա էլ է լռում, որոնեք ու չեք գտնի։ Մի անգիտակից քայլ անում է, հետո թաքնվում։ Դա էլ, երևի, նախկին կուսակցությունից մնացած սովորույթ է` ամեն հիմար քայլից հետո թաքնվել։
-Բայց այդպես էլ պարզ չեղավ, թե Սեդրակ Աճեմյանն ինչո՞ւ է նախաձեռնում այս ամենը։
-Հավանաբար, խոստումներ է տվել Հայաստանի իշխանություններին և ամեն գնով փորձում է դրանք իրագործել։
-Իսկ ի՞նչ է ստանալու դրա դիմաց։
-Ես չգիտեմ, թե ինչ պայմանավորվածություններ ունի, բայց ոչինչ չի ստանա, համահնչակյան ընտանիքի արհամարհանքից բացի։ Հնչակյանները դուրս կմղեն այդ տեսակին մեր շարքերից։ Ես, ճիշտն ասած, չէի ցանկանում այս ամենը հրապարակայնացնել, և Արարատ Մկրտչյանի բաց նամակի հրապարակումից հետո սպասեցի չորս օր։ Ակնկալում էի, որ համահնչակյան կենտրոնական վարչությունից կլինի պարզաբանում իմ լիազորությունները կասեցնելու այդ անհեթեթ որոշման և դրա պատճառով առաջացած խժդժությունների վերաբերյալ։ Բայց անցած օրերը ցույց տվեցին, որ կատարվել է Սեդրակ Աճեմյանի անձնական կամքը և ուրիշ ոչինչ։
Հետևաբար, մի ճանապարհ կա այս իրավիճակից դուրս գալու և հնչակյան ընտանիքի միասնությունը պահպանելու։ Պետք է հրավիրել արտահերթ համագումար և ժամ առաջ ազատվել Սեդրակ Աճեմյանից, որն ուզուրպացրել է համահնչակյան կառույցը, մի բան, որ այս կուսակցության մեջ չպետք է լինի։ Իմ այս հայտարարությունը կուսակցական ընկերները թող համարեն դիմում` արտահերթ համագումար հրավիրելու վերաբերյալ։ Հակառակ դեպքում, այս ամենի պատճառով ՍԴՀԿ-ն հայրենիքում կրկին կհայտնվի մոռացության դաշտում, ինչպես և էր դեռևս երեք տարի առաջ, երբ կուսակցությունը որևէ իրական դերակատարություն չուներ երկրի քաղաքական կյանքում։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1397

Մեկնաբանություններ