Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

ՔՐԻՍՏՈՍԻ ԾՆՈՒՆԴԸ

ՔՐԻՍՏՈՍԻ ԾՆՈՒՆԴԸ
25.12.2009 | 00:00

6 հունվարի, 1996 թ.
Հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու

Տարեցտարի վերադառնում է Քրիստոսի ծննդյան լուսավոր, բերկրալի տոնը։ Եվ ամեն տարի մենք վերապրում ենք նրա բովանդակությունը նոր ուժով, քանզի յուրաքանչյուր տարվա հետ նա հարստանում է նոր բովանդակությամբ և նոր ուրախությամբ։ Աստվածաշունչն ասում է մեզ, որ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ տվեց Իր Միածին Որդուն, որ աշխարհը փրկվի։ Մարդկության ամբողջ պատմության փորձից մենք գիտենք, որ սերը հասնում է լիակատարության, երբ մարդը կարող է տալ իր կյանքը, իր հոգին սիրելիների համար։
Հիշում եմ, թե ինչպես պատերազմի ժամանակ մի սպա դեպի մահ ուղարկեց սեփական որդուն, որպեսզի փրկի մյուս զինվորներին։ ՈՒ ինչ-որ մեկն ասաց նրան. «Ինչպե՞ս դու կարող էիր ուղարկել նրան, այլ ոչ թե ուրիշ մեկին»։ Եվ այդ սպայի պատասխանը եղավ. «Ես մարդուն դեպի մահ էի ուղարկում, ես կարող էի ուղարկել միմիայն իմ որդուն, իսկ ուրիշ մոր կամ հոր զավակին ուղարկել չէի՛ կարող»։ Այդ մարդն իրապես վերապրեց այն, ինչը կատարվեց Փրկիչ Քրիստոսի մարմնացումով. Աստված մեզ այնպես սիրեց, որ միայն Իր Որդին կարող էր մեզ փրկել Իր մահով և Իր կյանքով. ուղարկել ուրիշին չէր կարելի։ Իսկ ի՞նչ է ասում այդ սերը։ Նա ասում է, որ Աստված հավատում է մարդուն։ Այո՛, մենք Աստծուն հավատում ենք, բայց մենք Նրան չենք հավատում նույնիսկ ամբողջ մեր կյանքով, իսկ Աստված հավատում է մարդուն` Իր Միածին Որդու ամբողջ կյանքով և ամբողջ ողբերգական, մարտիրոսական մահով։ Ինչպե՞ս պատասխանել այդպիսի սիրուն։ Պատասխանել կարող ենք միայն խորապես ընդունելով մեր սրտում այդ ողբերգության սուր ծայրը, սարսափի սուր ծայրն այն բանի մասին, որ մեր մեղավորության պատճառով Աստծո Որդին պիտի դառնար մարդ և մեռներ, մեռներ ահավոր մահով, ինչի մասին մենք նույնպես պատկերացում ունենք այժմ` պատմության վերջին տասնամյակներից, որովհետև, օ՜, Աստվա՜ծ, ինչքան նահատակներ պառկեցին ամբողջ երկրի վրա մարդկային ատելության ու անտարբերության պատճառով։ Մենք պետք է սթափվենք ու հասկանանք, որ Աստծո սիրուն մենք կարող ենք արձագանքել միայն ապաշխարությամբ, այսինքն` պիտի նայենք մեր մեջ, հասկանանք մեր պատասխանատվությունը Փրկիչ Քրիստոսի մարմնավորման և խաչելության համար, և սկսենք մի կյանք, որն արժանի կլիներ Իր անձնազոհ սիրուն։ Եվ դա կարող է արտահայտվել ոչ միայն մեծագույն արարքներով, այլև օրեցօր, որովհետև Ավետարանում սիրո մասին ասվածը, թե ոչ ոք չունի ավելի մեծ սեր, քան նա, ով իր հոգին, իր կյանքը կտա իր մերձավորի համար (Հով. 15, 13), մենք կարող ենք կատարել մշտապես։ «Կյանք տալ» չի նշանակում «մեռնել», դա նշանակում է առաջին հերթին նվիրել իր ամբողջ կյանքն այն բանին, որ մյուս մարդը մի քիչ հեշտ ապրի, որ մարդը ստանա և՛ ամրություն, և՛ մխիթարանք, և՛ սփոփանք, որ մարդը նյութապես չմեռնի մեր աչքի առաջ, քաղցած չմնա, չսառչի ցրտից, չլինի անտուն և չմրսի սառնամանիքից ու լքված։ Դա չի նշանակում` մահով մեռնել, դա նշանակում է` ինքդ մեռնես, մոռանաս քո մասին և հիշես ուրիշի մասին ու համապատասխանաբար գործես։ Եվ այդպես սիրեց մեզ Աստված։ Մի՞թե մենք չենք կարող ի պատասխան այդ սիրուն փոխել մեր կյանքը, սկսել կառուցել և՛ Եկեղեցին, և՛ հասարակությունը, որը կլինի արժանի այդ սիրուն։ Աստված հավատում է մեզ։ Աստված մեզանից սպասում է ամեն ինչ, Նա հույս ունի ամեն ինչի, և Նա սիրում է մեզ Իր կյանքով և մահով։ Հանուն դրա` արժանի լինենք մեր Փրկչին և ինքներս մեզ, քանզի Աստված, սիրելով մեզ այդպես, հռչակում է մեր սեփական արժանապատվությունը, խոսում է այն մասին, թե ինչ ենք մենք նշանակում Իր համար։ Լինենք արժանի ինքներս մեզ, Աստծո սիրուն և սիրուն ու խղճահարությանն այն մարդկանց, ովքեր շրջապատում են մեզ։ Թող Քրիստոսի այս ծնունդը լինի մեզ համար նոր մղում` նոր ուժով, նոր խորությամբ ըմբռնելու մարդու վեհությունը, որովհետև Աստված, դառնալով մարդ, ցույց տվեց մեզ, որ մարդն այնքան խոր է, այնքան լայնսիրտ, այնքան անհատակ, որ կարող է միանալ Աստծուն առանց նսեմացնելու Աստծուն կամ այրվելու Աստծո բոցի մեջ։ Ահա թե ովքեր ենք մենք, և ով է Նա։ Հիշենք մարդու վեհության մասին մեզնից յուրաքանչյուրի մեջ, ոչ թե մեր մեջ, որովհետև ինքներս մեր մեջ մենք կարող ենք տեսնել և մեղավորությունը, բայց հիշենք այդ մասին, երբ կնայենք ուրիշ մարդկանց մեր շուրջը, նրանց, ովքեր թանկ չեն մեզ համար, անտարբեր, երբեմն զզվելի, կանգնենք և ասենք` այս մարդը կոչված է լինելու սրբանկար և կենդանի սրբանկար, նա Սուրբ Հոգու տաճարն է, Աստված հավատում է նրան։ Եվ Աստված այնպես է հավատում նրան, որ Իր Միածին Որդուն հանձնեց մահվան, որպեսզի փրկի նրան, նրանց, բոլորին։ Ամեն։
Տպագրության պատրաստեց
Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1693

Մեկնաբանություններ