Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«ՄԵԶ ՀԱՄԱՐ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ՎԱՂՈ՜ՒՑ ԼՈՒԾՎԱԾ Է»

«ՄԵԶ ՀԱՄԱՐ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ՎԱՂՈ՜ՒՑ ԼՈՒԾՎԱԾ Է»
09.10.2009 | 00:00

«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է պաշտպանության նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ
-Պարոն Օհանյան, ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումը հայ-թուրքական հարաբերությունների շուրջ ընթացող այս անցուդարձին:
-Բավականին նորմալ: Ընդհանուր առմամբ, ես կարծում եմ, որ եթե կան խնդիրներ և դրանք լուծումներ են պահանջում, ապա փոխադարձ շփումներն անխուսափելի են: Նույնը թշնամու և կամ հակառակորդի դեպքում է. եթե ուզում ես նրա հետ խնդիրներ լուծել, ապա հարաբերվել պետք է, սակայն, ինչպես ժողովրդական իմաստնությունն է ասում, «փայտը ձեռքիդ պահած». այսինքն՝ պետք է մշակել բոլոր հնարավոր սցենարները, արձանագրել մարտահրավերները և գտնել դրանց լուծման ուղիները:
-Փաստորեն, հայաստանյան պաշտպանական գերատեսչությունը հայ-թուրքական հարաբերությունների զարգացման առնչությամբ ունի իր «մարշալ» պլաննե՞րը: Գիտե՞ք ինչու եմ հարցնում, որովհետև այդ հարաբերությունների շուրջ ամեն ինչ այնքան արագ զարգացավ, որ մեծ հաշվով՝ թե՛ հանրությունը, թե՛ քաղաքական ուժերը, նաև՝ պետական ինստիտուտները կարծես չհասցրին «վերակազմակերպվել»:
-Այդպես չէ. նախ՝ հանրապետության նախագահը յուրաքանչյուր քայլ կատարելուց առաջ մանրակրկիտ հաշվարկներ է կատարում և հանձնարարականներ է տալիս, հանրագումարում է դրանց բոլոր դրական և բացասական հետևանքները: Եվ ապա՝ ինչ վերաբերում է պաշտպանության նախարարությանը, այն ևս մշակել է համապատասխան ծրագրեր, սցենարներ՝ այս կամ այն իրադրությանն ադեկվատ ռեակցիաների առումով:
-Պարոն Օհանյան, Սերժ Սարգսյանը հաճախ է կրկնում, որ, ինչպես բոլորը, ինքը ևս հայ-թուրքական հարաբերությունների ապագա զարգացումներին վերաբերող մտահոգություններ ունի։ Դո՞ւք էլ ունեք նման մտահոգություններ:
-Գիտեք, ցանկացած մարդու հետ առնչվելիս, եթե նա քո մտերիմը, քո վստահելի մարդը-ընկերը-հարազատը չէ, միշտ էլ որոշակի զգուշավորություն ունենում ես, հարաբերությունների որոշակի սանդղակ մտովի նշագրում ես: Առավել ևս այս դեպքում, երբ գործ ունենք այնպիսի պետության հետ, ինչպիսին Թուրքիան է, ինչպե՞ս կարող ենք՝ մտահոգություններ չունենալ:
-Կբացահայտե՞ք այդ մտահոգությունները և Ձեր մշակած հակընդդեմ սցենարները:
-Կասեմ միայն, որ մենք իրականացնում ենք պաշտպանական-ռազմավարական վերանայում:
-Դա առնչվում է նաև սահմանի երկայնքով կանգնած ռուսական ռազմաբազայի՞ն:
-Ռազմավարական պլանավորման վերանայումն իր մեջ ներառում է բոլոր այն խնդիրները, որոնք ուղղված են մեր անվտանգության միջավայրի գնահատմանը և այն սպառնալիքների հակազդմանը, որոնք գոյություն ունեն մեր շուրջը՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին ասպարեզներում: Դրա մեջ ներառվում է նաև, այո՛, այդ նույն՝ 102 ռազմաբազան, որի մասին Դուք խոսում եք: Իսկ վերանայումները կատարվում են՝ ելնելով ամեն հատվածում, ամեն վայրկյան ծագած այս կամ այն նոր խնդրից ու մարտահրավերից:
-«Ելնելով նոր խնդրից և մարտահրավերից»՝ շատ կոնկրետ հարց. սահմանի բացման դեպքում ի՞նչ է լինելու այդ ռազմաբազայի և ռուս զինվորների հետ, ինչ-որ կերպ փոխվելո՞ւ է նրանց ստատուսը: Եվ եթե անկեղծ՝ ինչպիսի՞ն է Ռուսաստանի տրամադրվածությունը:
-Պաշտպանության նախարարությունների խնդիրները (նկատի ունեմ և՛ մեր, և՛ Ռուսաստանի Դաշնության համապատասխան գերատեսչությունը) այս պարագայում դեռևս փոփոխության կարիք չունեն: Մենք ունենք համատեղ գործունեության ծրագիր, որը միացյալ զորախմբին է վերաբերում. այդ միացյալ զորախումբը Թուրքիայի ուղղությամբ պաշտպանողական խնդիր ունի և առաջիկայում կշարունակի այդ խնդիրն իրականացնել:
-Վերադառնանք մտահոգությունների թեմային, եթե կարելի է՝ Ձեզ համար որո՞նք են ամենաառաջնային ու կոնկրետ մտահոգությունները:
-Մեր կոնկրետ մտահոգություններն այնպիսին են, ինչպիսին բոլորինն են: Դրանք առաջին հերթին վերաբերում են սահմանին, ասենք՝ միջազգային տարբեր գործոնների, ինչպիսիք են՝ ահաբեկչությունը, թմրանյութերի առքուվաճառքը… խնդիրներ, որոնք կարող են որոշակիորեն վտանգել մեր անվտանգությունը:
-Պատրա՞ստ ենք դիմակայելու այդ մարտահրավերներին:
-Իհարկե։ Մենք ունենք պետական կառույցներ, որոնք նախապատրաստական լուրջ աշխատանքներ են տանում բոլոր, ամենից առաջ՝ վտանգների գնահատման ու կանխման ուղղություններով:
-Հետաքրքիր է: Ի դեպ, պարոն Օհանյան, Դուք, ինչպես իշխանությունում բոլորը, պնդո՞ւմ եք, որ որևէ նախապայման հայ-թուրքակական արձանագրություններում չկա:
-Կարծում եմ՝ չկա:
-Իսկ մոտակա ժամկետներում հնարավոր համարո՞ւմ եք ղարաբաղյան խնդրի լուծումը:
-Մենք գնում ենք խնդրի լուծման: Հանրապետության ղեկավարությունն ամեն կերպ ջանում է՝ այդ հարցն անպայմանորեն լուծել: Այսինքն՝ դիվանագետներն ու քաղաքական գործիչներն աշխատում են այդ ուղղությամբ: Իսկ որպես պաշտպանության նախարար, ես կարող եմ ասել, որ մեզ համար այդ հարցը վաղո՜ւց լուծված է:
-Այսի՞նքն:
-Այսինքն՝ Ղարաբաղն ազատ է, ինչն էլ ամենակարևորն է:
-Իսկ հինգ տարածքների վերադարձի խնդիրը, որը, կարծես, ամրագրված է «մադրիդյան» սկզբունքներում:
...(Խորհրդարանի զանգը հնչեց, պարոն Օհանյանը ձեռքի ինչ-որ ժեստ արեց ու ժպտալով մտավ դահլիճ):
Զրույցը՝ Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 1676

Մեկնաբանություններ