Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՑՈՒՅՑ ՏԱԼ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՆՇԱՆՆԵՐԸ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՑՈՒՅՑ ՏԱԼ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՆՇԱՆՆԵՐԸ
09.10.2009 | 00:00

Հայ-թուրքական արձանագրությունների առնչությամբ բազմիցս նշվել է, որ, ի թիվս այլ խոշոր տերությունների, հայ-թուրքական սահմանի բացմանը կողմ է նաև Ռուսաստանը։ Առաջին հայացքից իսկապես այդպես է, մանավանդ եթե նկատի ունենանք, որ անցած տարվա հունիսի 23-ին հենց Մոսկվայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դրեց ֆուտբոլային դիվանագիտության սկիզբը՝ հրապարակավ հայտարարելով, թե մտադիր է Աբդուլլահ Գյուլին հրավիրել Երևան՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հավաքականների խաղը դիտելու։
Այն ժամանակ կային ոչ անհիմն կանխատեսումներ, որ այս նախաձեռնությունը ստացել էր Ռուսաստանի ղեկավար շրջանակների աջակցությունը, և դրա հիմնական ենթատեքստն այն էր, որ Մոսկվան ցանկանում է հայ-թուրքական սահմանի բացումը, քանզի Հայաստանի հետ հարաբերվելու համար վրացական կոմունիկացիաները ոչ միայն թանկ են, այլև Ռուսաստան-Վրաստան ներկա հարաբերությունների պատճառով ամեն պահի կարող են փակվել։ Համենայն դեպս, ակնհայտ էր, որ Վրաստանը ռուս-վրացական պատերազմից հետո երբևէ չի կատարի իր տարածքից ռուսական բազաների դուրսբերման վերաբերյալ 2006-ին ստորագրված պայմանագրով նախատեսված պարտավորությունները։ Այն է՝ ռազմական տրանզիտի տրամադրում Ռուսաստանին Հայաստանում գործող ռուսական ռազմակայանի անխափան սպասարկումն ապահովելու համար։ Ըստ այդմ, կային ոչ անհիմն կարծիքներ, որ Ռուսաստանը հակված է այդ նպատակով օգտագործել հայ-թուրքական երկաթուղին և դրա բացման հետ կապված կաշխատի հասնել համապատասխան պայմանավորվածությունների Անկարայի հետ։
Հետագա գործընթացները, սակայն, ցույց տվեցին, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը շատ արագ հայտնվեց ամերիկյան հովանու ներքո։ Այլ կերպ ասած, Վաշինգտոնը խլեց նախաձեռնությունը Մոսկվայից՝ վերցնելով այն իր բացարձակ վերահսկողության տակ։ Այդ պահից սկսած էլ ռուսական քաղաքական ու վերլուծական շրջանակներում սկսեցին հայտնվել տարաբնույթ վարկածներ Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում ամերիկացիների նախաձեռնած խաղի մասին։ Մասնավորապես, նախօրեին Ստանիսլավ Տարասովի ստորագրությամբ «Ռեգնում» գործակալության ինտերնետային կայքում ի հայտ է եկել հերթական հոդվածը՝ «Թուրքական միասնություն. Բաքվի ղարաբաղյան հեռանկարները շրջափակված են հյուսիսից, արևմուտքից ու արևելքից»։ Հեղինակը մասնավորապես նշում է. «Նախիջևանում օրերս անցկացվեց թուրքալեզու պետությունների ղեկավարների 9-րդ գագաթաժողովը, և այն բնութագրական էր շատ կողմերով։ Առաջին հերթին թուրքական պետությունների առաջնորդներից միջոցառմանը չմասնակցեցին Թուրքմենստանի և ՈՒզբեկստանի նախագահները։ Այդպիսի ինքնատիպ դեմարշը նշանակում է, որ թուրքական պետությունների միություն ստեղծելու հռչակագրային գաղափարը նրանց չի գրավում։ Այդ պատճառով էլ Նախիջևանի գագաթաժողովը, չնայած հռչակագրային հայտարարություններին, ցույց տվեց, որ «թուրքական հանրությունը» մտել է փլուզման փուլ և վերածվել անկայուն ժամանակավոր կոալիցիայի՝ Ադրբեջանի, Ղրղզստանի, Ղազախստանի և Թուրքիայի խորհրդարանական վեհաժողովի տարբերակով»։
Հեղինակի կարծիքով, Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացը «սառեցված» է և այն առաջ մղել չհաջողվեց նույնիսկ կասպիական էներգետիկ խաղաքարտն Ադրբեջանի ու Ղազախստանի մասնակցությամբ խաղարկելով։ Սակայն, հեղինակի կարծիքով, փլուզման եզրին է նաև թուրք-ադրբեջանական դաշինքը։ «Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման փաստաթղթերի ստորագրման լույսի ներքո Անկարայի և Բաքվի «եղբայրական միասնությունը» մնում է միայն խոսքերով ու թղթի վրա։ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայտարարությունը Նախիջևանում, թե Թուրքիան հատուկ նշանակություն է տալիս Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և անհրաժեշտ է չեզոքացնել ադրբեջանական տարածքների օկուպացիայի գործոնը, տեսականորեն կարելի է մեկնաբանել ցանկացած տեսանկյունից։ Գործնականում, սակայն, իրադարձությունները զարգանում են արդեն գրված սցենարով։ Լոս Անջելեսում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հեռախոսազրույցի ժամանակ վերջինս կրկին հաստատել է ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է ընթանա առանց նախապայմանների և չպետք է շաղկապված լինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ։ Հիմա թուրքական դիվանագիտության առջև կանգնած է այն պրոբլեմը, թե ինչ պատճառաբանություններ գտնեն իրենց «թուրքական օպորտունիզմը» բացատրելու համար, քանի որ Մերձավոր Արևելքում ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում Անկարան հազիվ թե վճռի լուրջ հակադրության մեջ մտնել Վաշինգտոնի հետ։ Այլ կերպ ասած, ծրագրավորված «լայն թուրքական աղեղի մեջ» որպես սեպ խրվում է Հայաստանը։ Դա՝ միայն առաջին փուլում։ Երկրորդ փուլում, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ն առաջ է մղելու հայ-վրացական ֆեդերացիայի կազմավորման ծրագիրը»։
Ահա այսպիսի զարգացումների կանխատեսում։ Անշուշտ, այս կարգի մեկնաբանությունները կարող են ունենալ ինչպես իրական հող, այնպես էլ այլ շարժառիթներ։ Մասնավորապես, բոլորովին չի բացառվում, որ նման ձևերով փորձ է արվում, մի կողմից, սեպ խրել թուրք-ամերիկյան և թուրք-ադրբեջանական հարաբերությունների մեջ, միաժամանակ խնդիրներ ստեղծելով Հայաստան-Վրաստան հարաբերություններում։ Այս կարգի հրապարակումները կարող են տրամաբանորեն հետապնդել հենց այդպիսի նպատակներ, եթե նկատի ունենանք, որ ԱՄՆ-ի աննախադեպ ակտիվացման և հատկապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին նրա ակտիվ միջամտության պայմաններում, Հարավային Կովկասում դիրքերը վերջնականապես կորցնելու վտանգը Ռուսաստանի համար իրականում խիստ առարկայական է։ Եվ այդ զարգացումը թույլ չտալու համար այսուհետ անհրաժեշտ է ամերիկյան քաղաքականության ուղեծրից դուրս բերել Թուրքիան և Ադրբեջանը։ Որովհետև հայերին ավանդաբար վախեցնելու հայտնի մեթոդը՝ «թուրքը ձեզ կուտի», այսօր կարծես նախկին արդյունավետությամբ չի աշխատում։ ՈՒստի ասպարեզ է բերվում թուրքերին, ադրբեջանցիներին ու վրացիներին Հայաստանի դեմ գրգռելու թեզը, թե ամերիկացիները տարածաշրջան գալով՝ ձեր եղած-չեղածը նվիրելու են հայերին։ Պահվածք, որը, անշուշտ, բխում է հայ-ռուսական «ռազմավարական հարաբերություններից»։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 1691

Մեկնաբանություններ