Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«ԷՐԵԲՈՒՆԻՆ ԴԱՐՁՆԵԼ ԵՐԵՎԱՆԻ ԱՅՑԵՔԱՐՏԸ` ՈՐՊԵՍ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՐԺԵՔ»

«ԷՐԵԲՈՒՆԻՆ ԴԱՐՁՆԵԼ ԵՐԵՎԱՆԻ ԱՅՑԵՔԱՐՏԸ` ՈՐՊԵՍ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՐԺԵՔ»
05.03.2010 | 00:00

Մարտի 2-ին Երևանի քաղաքապետ ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ հրավիրած աշխատանքային խորհրդակցության առանցքն Էրեբունի ամրոցի վերականգնման և զարգացման ծրագիրն էր։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ բարեկարգման սովորական ծրագիրն Էրեբունու պարագայում խիստ սահմանափակ կլինի, խնդրին լիարժեք պատմագիտական լուծում տալու նկատառումով աշխատանքային խմբում, բացի քաղաքապետարանի տարբեր ոլորտների պատասխանատուներից, քաղաքապետի նախաձեռնությամբ ներգրավվել են «էրեբունի» թանգարանի տնօրենը, պատմաբաններ, հնագետներ, հուշարձանագետ գիտնականներ։
«Իմ նպատակն է Էրեբունին դարձնել Երևանի այցեքարտը` որպես կարևորագույն պատմական արժեք: Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ բացօթյա թանգարանները, ինչպիսին մեր Էրեբունին է, բացառիկ հետաքրքրություն են ներկայացնում մարդկության համար: Մենք պետք է կարողանանք Էրեբունին մեր մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին այնպես ներկայացնել, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկը մեր պատմությունը ճանաչի Էրեբունիով և առաջին հերթին այցելի այստեղ։ Իրականում մենք գործ ունենք շատ նուրբ և կարևոր պատմական կառույցի հետ, և ցանկալի արդյունքի հասնելու համար առաջատար գիտնականներ, մասնագետներ ու միջոցներ պետք է ներգրավենք։ Միջոցներ հայթայթելն իմ խնդիրն է, իրականացման մեխանիզմներ առաջարկելը` ձեր: Իմ առաջարկը հետևյալն է. ձևավորենք միասնական աշխատանքային թիմ, հարցին տանք գլոբալ, արմատական լուծում»,- շեշտեց Գագիկ Բեգլարյանը:
Էրեբունու վերականգնման աշխատանքները, Երևանի քաղաքապետի որոշմամբ, սկսվել են նախորդ տարվա դեկտեմբերից, նախնական ուսումնասիրության է ենթարկվել հուշարձանի տեխնիկական վիճակը, ճշգրտվել են թանգարանի և ամրոցի սահմանները: Թանգարանի ցուցադրելի հատվածը կենտրոնացված է միջնաբերդում: Ինչպես ներկայացրեց թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը, վերջին տարիներին թալանվել է Խալդ աստծո տաճարի փայտե սյունաշարը, հատվածաբար փլուզվել է Արգիշտի արքայի պալատի տանիքը, անուշադրության հետևանքով վնասվել են որմնանկարները և այլն:
«Թանգարան մտնողը պետք է հնարավորինս լիարժեք պատկերացում ստանա, թե ինչպիսին է եղել Մենուայի որդի Արգիշտի արքայի հիմնած քաղաքը: Էրեբունու վերականգնման ծրագիրը հնարավոր չէ սկսել և ավարտել մեկ կամ երկու տարում, ես այս հարցում չեմ շտապում: Մեզ մոտ հաճախ անձն է որոշիչ. եթե կա անձը, կա նաև գործը, չկա անձը, գործը կանգ է առնում: Էրեբունու համար ես ուզում եմ թիմ ստեղծել. այնպիսի թիմ, որի աշխատանքը կախված չի լինի անձերից: Այսօր մենք Էրեբունու վերականգնման հիմքերն այնպես պետք է դնենք, որ հետո այն շարունակեն մեր երեխաները»,- ընդգծեց Երևանի քաղաքապետը:
Քննարկման ընթացքում եղան առաջարկներ, գիտնականները ներկայացրին իրենց կարծիքները: Նշվեց, որ խորհրդային տարիներին, երբ հիմնադրվում էր «Էրեբունի» թանգարանը, «պլանը շուտ կատարելու» պատճառով շատ խնդիրներ պատմական և գիտական հիմնավոր լուծում չեն ստացել։
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշեց. «Ցավոք, մինչ օրս մենք չենք ձևավորել մեր հին, պատմական արժեքները ներկայացնելու բավարար մշակույթ: Ձեր գործնական առաջարկը վստահություն է ներշնչում, որ Էրեբունին վերականգնելու գործում արդյունքի կհասնենք։ Այս հուշարձանի վերականգնումը, բացի պատմական և զբոսաշրջային նշանակությունից, ունի նաև քաղաքական արժեք։ Բանը հասել է այնտեղ, որ հարևան Ադրբեջանի պատմաբաններն աշխատություններ են հրատարակում, թե իբր մեր Երևանը, որն իրենք Էրիվան են անվանում, եղել է իրենց «պատմական» տարածքը»:
Վերականգնման ծրագրով հուշարձանների պահպանության և վերականգնման կենտրոնի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանն առաջարկում է Էրեբունիում ստեղծել ուրարտագիտական կենտրոն, որտեղ կհավաքվեն Վանի թագավորության շրջանի սեպագրերը։ Առաջարկ կա նաև տեղափոխել թանգարանի կենտրոնական մուտքը։
Երևանի քաղաքապետի առաջարկով ձևավորվել է Էրեբունի ամրոցի վերականգնման ծրագիրը համակարգող խորհուրդ, որի կազմում ընդգրկված են «Էրեբունի» թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը, պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ Հայկ Ավետիսյանը, հուշարձանների պահպանության և վերականգնման կենտրոնի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, Երևանի գլխավոր ճարտարապետը, հուշարձանների վերականգնման մասնագետ-ճարտարապետներ:
Համակարգող խորհրդի առաջնային խնդիրն Էրեբունի ամրոցի վերականգնման համալիր նախագծի մշակումն է, որին կհաջորդի ծրագիրն իրագործելու փուլը:
Որպես առաջին քայլ, 2009 թվականին քաղաքապետարանը կառուցել է թանգարանից միջնաբերդ տանող աստիճանավանդակները, վերականգնել այդ հատվածի լուսավորությունը, տեղադրել նստարաններ:
Անի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 2142

Մեկնաբանություններ