ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

ՀԱՋՈՐԴ ՄՐՑԱՇՐՋԱՆԸ ԳԵՐՀԱԳԵՑԱԾ Է ԼԻՆԵԼՈՒ

ՀԱՋՈՐԴ ՄՐՑԱՇՐՋԱՆԸ ԳԵՐՀԱԳԵՑԱԾ Է ԼԻՆԵԼՈՒ
07.12.2010 | 00:00

Մարզասերները տեղյակ են, որ Կիպրոսի Լիմասոլ քաղաքում օրերս կայացած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի պատվիրակները ռեկորդային թվով մեդալների են տիրացել: Հիշեցնենք, որ մինչ 20 և 23 տարեկանների առաջնություններում երկաթախաղի հայ վարպետները նվաճել են 24 մեդալ` 9 ոսկե, 11 արծաթե, 4 բրոնզե: Երկամարտում մերոնք ունեն 8 մեդալ` 3 ոսկե, 3 արծաթե, 2 բրոնզե: Ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ զրույցի հրավիրելով, նախ, հարցրինք, թե այս մրցաշրջանում Հայաստանի ծանրորդները խոշորամասշտաբ միջազգային ստուգատեսներում քանի՞ մեդալի են տիրացել:
-Տարբեր տարիքային խմբերի մեր երկրի ներկայացուցիչները Եվրոպայի, աշխարհի առաջնություններում, պատանեկան օլիմպիական խաղերում նվաճել են 78 մեդալ:
-Եվրոպայի երիտասարդական առաջնությունից առաջ նախատեսվում էր, որ այդ ստուգատեսին մեր երկրից առնվազն երկու տասնյակ ծանրորդ կմասնակցի, սակայն Լիմասոլում մրցահարթակ դուրս եկան միայն 16-ը: Ի՞նչն էր պատճառը:
-Այդպիսի մտադրություն կար, սակայն թեթև վնասվածքները մարզիկներից ոմանց խանգարեցին: Փաստորեն, վերջին պահին այդ ծանրորդները չէին կարողանում կրկնել իրենց ցույց տված արդյունքները, խնդիրներ ունեին, և որոշեցինք համարձակ քայլերի չդիմել: Իսկ Մելինե Դալուզյանը թոքաբորբով էր հիվանդացել, և 4 օր շարունակ նրա ջերմությունը չէր իջնում:
-Ինչպե՞ս եք գնահատում մեր մարզիկների մրցելույթները:
-Կարելի է ասել` փայլուն: Բավական է միայն այն փաստը, որ Հայաստանի մինչև 23 տարեկանների հավաքականը մեդալների ընդհանուր հաշվարկով առաջ է թողել միայն Ռուսաստանի ընտրանուն և գրավել է երկրորդ տեղը:
-Հատկապես ումի՞ց եք գոհ:
-Արայիկ Միրզոյանը (77 կգ) ցույց տվեց այնպիսի արդյունք, որն անգամ ուսումնամարզական հավաքների ժամանակ նրան չէր հաջողվել բարձրացնել` 341 (155+186) կգ: Ինքնին հասկանալի է, որ նախկինում մրցումների ժամանակ էլ նա այդպիսի կիլոգրամներ չէր սանձել: Սակայն երիտասարդ ծանրորդից սպասում էինք, որ բարձր արդյունքներ ցույց կտա, և նա մինչև 23 տարեկանների պայքարում դարձավ չեմպիոն:
-Մյուս չեմպիոնների մրցելույթների մասին ի՞նչ կասեք, հատկապես` Հռիփսիմե Խուրշուդյանի (+75 կգ): Նրա հաղթանակը մի՞թե հանիրավի թեթև` անարյուն չեն համարում:
-Հայկական լրատվամիջոցներից մեկի աշխատակիցը, չկամություն դրսևորելով, գրել է, թե երեք մասնակից է եղել այդ քաշային կարգում: Իրականում հանդես է եկել 15 մարզուհի` 6-ը մինչև 23 տարեկանների, և 9-ը` մինչև 20 տարեկանների պայքարում: Խուրշուդյանին անհրաժեշտ էր ինքնավստահություն ձեռք բերել` հաղթել: Եվ նա ավագ տարիքի մարզուհիների մրցավեճում դա կատարեց` հաստատելով իր բարձր կարգը: Եթե կան մարդիկ, խոսքը հայերի մասին է, ովքեր չեն ուրախանում, որ չեմպիոնուհի ունենք, թող խնդիրներն իրենց ներսում փնտրեն: Մեր մյուս չեմպիոնը` մինչև 20 տարեկանների առաջնության մասնակից Հայկ Հակոբյանը, նույնպես իր համար նոր արդյունք ցույց տվեց` 390 (190+210) կգ: Նա ծանրքաշային նոր մարզիկ է, ճանաչված մարզիչ Արտաշես Ներսիսյանի սանը: Ի դեպ, պետք է ավելացնեմ, որ շատ գոհ եմ 94 կգ քաշային Աղվան Մելիքյանի մրցելույթից` 376 (171+205) կգ, թեև այս մարզիկը երկամարտում բրոնզե պարգևի տիրացավ, իսկ մյուս երկու վարժություններում` արծաթե: Նա արեց այն, ինչը նախկինում չէր հաջողվել: Սակայն երիտասարդ ծանրորդն աներկյուղ բարձր կիլոգրամներ էր պատվիրում և, ի վերջո, այդ ձգտումը նրան հաջողություն բերեց: Ծանրամարտում քիչ չեն դեպքերը, երբ մարզիկը ներուժ ունենում է, սակայն երկյուղում է ծանրաձողի հետ կռիվ տալուց:
-Ստուգատեսում Հայաստանից մրցավար կա՞ր:
-Փաշիկ Ալավերդյանն էր: Մրցավարության հետ կապված ոչ մի խնդիր չառաջացավ:
-Ի՞նչ կասեք Ռուսաստանի հավաքականի կազմում ծանրքաշայինների պայքարում չեմպիոն դարձած Դավիթ Բեջանյանի մասին:
-Այդ մարզիկն ուղղակի հիացնում է: Նա ֆիզիկական փայլուն տվյալներ ունի: Բեջանյանն առաջնության ընթացքում մեր պատվիրակությունից անբաժան էր: Նա շատ է ցանկանում, որ հանդես գա Հայաստանի դրոշի ներքո, սակայն Ռուսաստանի ծանրամարտի ֆեդերացիան այդ մարզիկին շատ բարձր է գնահատում և հազիվ թե համաձայնվի, որ 22-ամյա ծանրորդը տեղափոխվի Հայաստանի հավաքական: Նա նոր փայլատակող աստղ է: Ի դեպ, մեր հայրենակիցը հրում վարժությունում աշխարհի մեծահասակների ռեկորդ պատվիրեց` 239 կգ: Նա ծանրաձողը կրծքին բարձրացրեց, սակայն տեխնիկական մի փոքր սխալի պատճառով չկարողացավ վարժությունն ավարտին հասցնել և ծանրաձողը գլխից վեր պահել:
-Մրցաշրջանն ավարտվում է: Մարզական լրագրողներն առաջիկայում հարցման միջոցով որոշելու են 2010-ի մրցաշրջանի Հայաստանի 10 լավագույն մարզիկներին: Այդ ցուցակում, Ձեր կարծիքով, ծանրորդներից ովքե՞ր կարող են հայտնվել:
-Կասկած լինել չի կարող, որ առաջին տեղի հավակնորդը Տիգրան Մարտիրոսյանն է, որը Թուրքիայում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում դարձել է չեմպիոն, և ի պատիվ նրա հաղթանակի հնչել է Հայաստանի օրհներգը, բարձրացվել է եռագույնը: Լավագույնների տասնյակում հայտնվելու հավակնություններ ունեն Եվրոպայի և աշխարհի առաջնությունների 2-րդ և 3-րդ մրցանակակիր Մելինե Դալուզյանը, Եվրոպայի չեմպիոն Գևորգ Պողոսյանը, Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի առաջնության պոկում վարժության չեմպիոն Արա Խաչատրյանը, Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի երիտասարդների չեմպիոն Ռուբեն Ալեքսանյանը, համաշխարհային ուսանողական խաղերի հաղթող, Եվրոպայի երիտասարդների առաջնության փոխչեմպիոն Աղասի Աղասյանը, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, Եվրոպայի պատանիների չեմպիոն, օլիմպիական պատանեկան խաղերի բրոնզե մեդալակիր Սմբատ Մարգարյանը և այլք: Կարելի է մեդալակիրների թվարկումը շարունակել, ծանրորդներ ունենք, ովքեր բարձր արդյունքներ են ցույց տվել:
-Սակայն միայն ծանրորդները չէ, որ հաջողությունների են հասել: Այնպես որ, չի կարելի անտեսել նաև մյուս մարզաձևերի ներկայացուցիչների հնարավորությունները:
-Դա լրագրողների որոշելու խնդիրն է: Այդուհանդերձ, ինքս էլ կարծում եմ, որ մրցաշրջանի ընթացքում ոչ միայն ծանրորդները, այլև մի շարք մարզաձևերի ներկայացուցիչներն իրենց լավագույնս են դրսևորել: Արժանավորների թիվը հասնում է մեկուկես տասնյակի: Կարծում եմ, հատկապես առանձնանում է գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որն այժմ շատ բարձր վարկանիշ ունի: Նա շախմատի համաշխարհային օլիմպիադայում երկրորդ արդյունքն է ցույց տվել առաջին խաղատախտակի առջև հանդես եկողների մեջ, իսկ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում դարձել է հաղթող: Բարձր արդյունքներ ունեն նաև հունա-հռոմեական ոճի ըմբիշներից և բռնցքամարտիկներից մի քանիսը:
-Ներկայումս ինչո՞վ են զբաղված մեր լավագույն ծանրորդները:
-Դեկտեմբերի 6-ին Ծաղկաձորում, Աբովյանում, Գյումրիում ուսումնամարզական հավաքներ են սկսվել, որոնց մասնակցում են շուրջ վեց տասնյակ մարզիկ-մարզուհիներ: Նպատակն է`տեսնել, թե ինչ ներուժ ունենք: Ապրիլին անցկացվելու է Եվրոպայի առաջնությունը, մայիսին կայանալու է աշխարհի պատանեկան առաջնությունը, հունիսին` աշխարհի երիտասարդական առաջնությունը, օգոստոսին` համաշխարհային ուսանողական խաղերն են և Եվրոպայի պատանեկան առաջնությունը, սեպտեմբերին 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն է, իսկ գլխավոր փորձությունը նոյեմբերին Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությունն է, որը վարկանիշային է 2012-ի օլիմպիական խաղերի համար: Խնդիրներ կան, պետք է աշխատենք, ամենայն լրջությամբ նախապատրաստվենք և այնպիսի արդյունքներ ցույց տանք, որ օլիմպիական խաղերում ունենանք 5 ծանրորդ և 4 ծանրորդուհի մասնակից: Ծանրորդներն առայժմ հավակնում են 4 տեղի, ծանրորդուհիները` նույնպես: Սակայն ուժեղ սեռի ներկայացուցիչները պետք է մեկ տեղ անպայման ավելացնեն, իսկ ծանրորդուհիները եթե 3 տեղ էլ ունենան, դարձյալ դժգոհ չենք լինի: Օլիմպիական խաղերում մենք առնվազն 8 մասնակից պետք է մրցահարթակ դուրս բերենք:
Հարցազրույցը`Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1099

Մեկնաբանություններ