Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ճեպազրույցներ սիրիահայությանն առնչվող խնդիրների շուրջ

Ճեպազրույցներ սիրիահայությանն առնչվող խնդիրների շուրջ
22.10.2012 | 14:57

Հայկական բարեգործական ընդհանուր միության ՀԲԸՄ նախագահ ՊԵՐՃ ՍԵԴՐԱԿՅԱՆ

«ՍԻՐԻԱՀԱՅԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՍԿԱՆԱՆ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ Է»
-Պարոն Սեդրակյան, ձեր ընկերությունն ինչպիսի՞ աջակցություն է ցուցաբերում Սիրիայում գտնվող այն հայ ընտանիքներին, որոնք ոչ միայն սոցիալապես, այլև ֆիզիկապես ծանր կացության մեջ են:
-Սիրիայում գտնվող այն ընտանիքներին, որոնք մեր մարդկային և մարդասիրական հոգատարության ու օգնության կարիքն ունեն, մեր վարչությունների միջոցով փորձում ենք հնարավորինս օգնել, թեթևացնել նրանց վիճակը: Այն ընտանիքները, որոնք վտանգավոր տարածաշրջանում են գտնվում, տեղափոխվում են ավելի ապահով շրջաններ: Հնարավորության սահմանում անում ենք ամեն ինչ: Պետք չէ շատ ուռճացնել մեր արածը, մեր քայլերը համեստ են, և չեմ ուզում դրանք անընդհատ շեշտել:
-Ո՞րն է սիրիահայության գլխավոր պահանջը:
-Նրանք այսօր այն վիճակում են, որ ցանկացած փոքրիկ խնդիր կարող է մեծ երևալ: Պահանջները շատ են և օրեցօր փոխվում են: Հարկավոր է շատ վարչություններ ունենալ, որպեսզի կարողանանք շտապ հասնել ուր պետք է և օգնություն ցուցաբերել:
-Քանի՞ սիրիահայ կա Հայաստանում:
-Այսօր 4-5 հազար սիրիահայ կա Հայաստանում: Մեր միությունն անում է ամեն ինչ, որ նրանք հանգիստ գտնեն հայրենիքում: Պետք է նշեմ` Հայաստանի կառավարությունը շատ ավելին է անում, և մենք մեր գործերը համադրում ենք սփյուռքի նախարարության հետ: Ալեք Մանուկյան հասցեում սիրիահայերի համար ստեղծել ենք կենտրոն (գրասենյակ), որ գան, իրենց պահանջները ներկայացնեն, մենք էլ, որքան կարողանանք, օգտակար լինենք:
-Գալի՞ս են, և ի՞նչ խնդիրներ են բարձրացնում:
-Այո, հիմնական խնդիրները երիտասարդներն են առաջ քաշում դրանք ուսումնական հարցեր են: Կան մարդիկ, որ մի քանի ամիս անգործ են, օգնում ենք գործ գտնելու: Շատ մարդիկ բնակարան չունեն, ապաստան են ուզում: Կյանքի պայմանները դժվար են: Չպետք է մոռանանք, որ սիրիահայ գաղութում արվեստագետներ կան, արհեստավորներ, որոնք իրենց խանութները, վաճառատներն ունեն այնտեղ։ Բավական ժամանակ է, որ չեն կարողանում գործ գտնել, իրենց ունեցածն էլ ծախսել, սպառել են արդեն: Գրեթե մեկ տարի դժվարությունների մեջ են:
-Եթե նրանց վիճակն այդքան վատ է, և աշխատանք չունեն, ապա ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով են բնակարաններ վարձակալում:
-Հայերը շատ հյուրընկալ և մարդասեր ժողովուրդ են: Նրանք սովոր են տեղ տալու կարիքավորին: Հայ ժողովուրդը շատերի առաջ է իր տան դռները բացել: Նեղ պահին մեկը մյուսին հասնել-օգնելը վեհանձնություն է, առավելություն է, որ ուրիշ ազգեր չունեն: Այսօր էլ նրանք ապացուցեցին, որ սրտացավ ու հոգատար են իրենց հայրենակիցների հանդեպ: Սիրիահայերն էլ պետք է հասկանան, որ Հայաստանը տնտեսական դժվարության մեջ է և չի կարող շռայլություններ թույլ տալ: Չպետք է մոռանալ, որ տնտեսական դժվարություն այսօր ամբողջ աշխարհն ունի, նույնն է վիճակը Հունաստանում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Իտալիայում, այլուր: Պետք է հասկանալ, որ Հայաստանը փոքր երկիր է, փոքր աշխատատեղերով ու տնտեսությամբ:
-Ո՞րն է ՀԲԸՄ-ի առջև ծառացած ամենակարևոր խնդիրը:
-Ամենակարևորը սիրիահայության հարցն է: Ընդհանուր առմամբ մեր ներդրումները պետք է ուղղվեն դեպի հայրենիք` ի նպաստ Արցախի, և շարունակենք մեր գործունեությունը սփյուռքում։ Մարդիկ պետք է գիտակցեն, որ եթե մենք այսօր հզոր հայրենիք չունենանք, 20-30 տարի հետո սփյուռքահայություն չի մնա:

ՀՀ սփյուռքի նախարար ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ

«ԻՆՉՔԱՆ ՇԱՏ ԵՆ ՄԵՐ ԿԱՐԾԻՔՆԵՐՆ ՈՒ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ, ԱՅՆՔԱՆ ՄԵՆՔ ՀԱՐՈՒՍՏ ԵՆՔ»
-Տիկին Հակոբյան, ի՞նչ առաքելություն ունեն սփյուռքում գործող բարեգործական կազմակերպությունները:
-Բարեգործական կազմակերպությունները երկար տարիներ գործել են հայրենիքից դուրս, իսկ այսօր գործում են հայրենիքի ներսում, դրանք Հայաստանի և մեր նախարարության հուսալի ու վստահելի գործընկերներն են: Երեք առաքելություն ունեն այդ բարեգործական կազմակերպությունները:
Առաջին` կարողանան Հայաստանի և հայի պատիվը դրսում բարձր պահել, երկրորդ` զբաղվեն սփյուռքում հային հայ պահելու խնդրով։ Եվ երրորդ` իրենց հնարավորությունները, կարողություններն ուղղեն Հայաստանի հզորացման ու զարգացման ազգանվեր գործին:
Յուրաքանչյուր կառույց կարող է շահել, կարող է առաջընթաց ունենալ, եթե իր ուշադրության կենտրոնում պահի Հայաստանն ու Արցախը: Մնացած բոլոր խնդիրներում կարող են լինել տարբեր կարծիքներ: Ես այն համոզմունքին չեմ, որ բոլոր հարցերում մենք միասնական կարծիք պետք է ունենանք, ինչքան շատ են մեր կարծիքներն ու տեսակետները, այնքան մենք հարուստ ենք:
-Որո՞նք են համազգային այն կարևոր հարցերը, որոնց շուրջ հայ ժողովուրդը պետք է համախմբվի:
-Մենք ունենք համազգային, համահայկական հինգ կարևոր հարց, որոնց շուրջ պետք է համախմբվի ոչ միայն հայ ժողովուրդը, այլև բոլոր կազմակերպություններն ու կառույցները: Նրանք պետք է կարևորեն, առաջին` Հայաստանի հզորացումն ու զարգացումը, երկրորդ` Արցախի հարցի խաղաղ կարգավորումը, երրորդ` Ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը, չորրորդ` սփյուռքի ուծացման դեմ պայքարը, և հինգերորդ` հայ եկեղեցու շուրջ համախմբումը: Այս հինգ հարցերը համազգային են և այսօր գտնվում են օրակարգում:
-Ինչպե՞ս եք գնահատում սիրիահայության ներկա վիճակը: Նախարարությունն ինչպե՞ս է թեթևացնում նրանց հոգսը:
-Հանրապետության նախագահի հստակ հանձնարարությամբ մոտավորապես 500 մլն դրամի, զիջումների և զեղչերի ենք գնացել մեր հայրենակիցների նկատմամբ: Մնացած հարցերը (Սիրիայում մեր հայրենակիցներին օգնություն ցուցաբերելը և այլն) իրականացվում են բարեգործական ծրագրերով: Գիտեք, «Օգնություն եղբորս» ծրագիրն սկսվել է և, կարծում եմ, պետք է շարունակական լինի: Ամեն օր աշխատում ենք սիրիահայության հետ, գիտենք նրանց պահանջները, խնդիրները և փորձում ենք կարգավորել դրանք: Կարևորագույն հարց ենք լուծել. ստեղծել ենք սիրիահայերի հարցերով զբաղվող ՀԿ, որը կիրականացնի բարեգործական ծրագրեր: Ստեղծված հատուկ խումբը, որի անդամները սիրիահայեր են, սնունդ և հագուստ է բաժանելու կարիքավորներին: Սփյուռքի նախարարությունը չէ, որ պետք է այդ գործն անի: Եվ հետո, իրենք ավելի լավ գիտեն` ովքեր են կարիքավորները, և համապատասխան օգնություն կցուցաբերեն:


Ճեպազրույցները` Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 29314

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ