Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Մեզ անհրաժեշտ են Ռաֆայել Լեմկինի նման իրավաբաններ, ովքեր, միջազգային իրավունքը կատարելագործելով, պայմաններ կստեղծեն մեր դատի արդար լուծման համար»

«Մեզ անհրաժեշտ են Ռաֆայել Լեմկինի նման իրավաբաններ, ովքեր, միջազգային իրավունքը կատարելագործելով, պայմաններ կստեղծեն մեր դատի արդար լուծման համար»
24.04.2009 | 00:00

«ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՍՈՎԵՏԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆ, ՈՐԸ ՓՇԱԼԱՐՈՎ ԵՐԿՈՒ ՄԱՍԻ Է ԲԱԺԱՆԵԼ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՐԿՈՒ ՀԱՏՎԱԾՆԵՐԸ»
Հարցազրույց Հայաստանի ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ
-Պարոն Մելքոնյան, ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է: Սակայն այս տարի խնդրի շուրջ ավելի լայն միջազգային ակտիվություն կա, քան սովորաբար, հայ-թուրքական հարաբերություններում բանակցային որոշակի գործընթաց է սկսվել: Կարելի՞ է արդյոք տեղաշարժ ակնկալել ցեղասպանության ճանաչման հարցում:
-Արձանագրենք, որ Հայաստանի կողմից կա բարի կամքի դրսևորում, այսպես կոչված, «հայ-թուրքական սահմանի» բացման հետ կապված բանակցային գործընթաց սկսելու ուղղությամբ: Թեպետ, իբրև պատմաբան, ես դա չեմ համարում հայ-թուրքական սահման: Գոյություն ունի սովետա-թուրքական սահման, որը փշալարով երկու մասի է բաժանել մեր հայրենիքի երկու հատվածները: Եվ չնայած այս հարցում բանակցային գործընթացի թվացյալ ակտիվությանը, չեմ կարծում, թե արդյունք կարձանագրվի: Ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական գործակցության դաշտում կան հզոր ուժեր, որոնք պարտադրում են իրենց կամքը, և որոնց ազդեցությամբ Թուրքիայի դիրքորոշման մեջ անհրաժեշտ պահին նահանջ է արձանագրվում: Ես չեմ տեսնում սահմանի բացման իրական հեռանկար, մյուս կողմից էլ` դա լավ է: Որովհետև այս բանակցային գործընթացը շատ անսպասելի է սկսվել, որին մենք ո՛չ բարոյական, ո՛չ տնտեսական, ո՛չ էլ քաղաքական առումով առայժմ պատրաստ չենք:
-Այսինքն` սա Թուրքիայի և Հայաստանի նկատմամբ արտաքի՞ն ճնշման հետևանք է:
-Այո՛, ակնհայտորեն կա այդպիսի ճնշում և՛ ԱՄՆ-ի, և՛ Ռուսաստանի կողմից: Սակայն չեմ կարծում, թե սահմանը Թուրքիան կբացի: Որովհետև այս կարճ ժամանակահատվածը ցույց տվեց` Ադրբեջանի ազդեցությունը Թուրքիայի վրա անհամեմատ մեծ է, քան մենք կարծում ենք: Բաքուն շատ արդյունավետ ու գործնական ճնշում է գործադրում Անկարայի վրա, օգտագործելով նաև նավթագազային լծակները, սպառնալով կասեցնել գազի մատակարարումները Թուրքիա: Դատելով Թուրքիայի վարչապետի հայտարարություններից, Անկարան, ի վերջո, տեղի է տալու Բաքվի և ոչ թե այլ, թեկուզև անհամեմատ ավելի հզոր, բևեռների ճնշմանը, և սահմանի բացման հավանականությունը իրականում գնալով փոքրանում է:
Թեպետ Թուրքիան պիտի ավելի շահագրգռված լիներ սահմանի բացումով, քան Հայաստանը: Որովհետև դրա շնորհիվ էապես կնվազեր լարվածությունը քրդական հարցում: Արևմտյան Հայաստանի տարածքում քրդերն ավելի բարվոք ապրելու հնարավորություններ կստանային, Հայաստանն էլ իր տնտեսությամբ ավելի մեծ կախվածության մեջ կընկներ Թուրքիայից:
-Իսկ գուցե Անկարան չի ուզում բացել սահմանը, որպեսզի տնտեսական զարգացման արդյունքում չբախվի՞ քրդական պետության ստեղծման իրական հեռանկարին:
-Այդ կարծիքին չեմ: Փորձը ցույց է տալիս, որ որքան հասարակությունը բարեկեցիկ է ապրում, այնքան ազգային ու սոցիալական հողի վրա դժգոհություններն ու հակասությունները նվազում են: Այդ տեսանկյունից սահմանի բացումը Թուրքիային միանգամայն ձեռնտու է: Անկարան դրան չի դիմի Ադրբեջանի հետ հարաբերությունները չփչացնելու, նաև Հայաստանի նկատմամբ ճնշման լծակները պահպանելու նպատակով:
-Ցեղասպանության հարցում Թուրքիայի դիրքորոշման մեջ ինչ-որ տեղաշարժ կա հասարակական մակարդակում, բազմաթիվ թուրք մտավորականներ սկսել են բացեիբաց ընդունել փաստը: Բայց արդյո՞ք դա կհանգեցնի պետական դիրքորոշման փոփոխության:
-Ցավոք, բացարձակապես չեմ տեսնում նման հեռանկար: Ցեղասպանության հարցում պետական մակարդակով Թուրքիայի մերժողական կեցվածքը շարունակվում է: Ավելին, կրկին փորձ է անում հիմնավորել, թե իբր հայերը 1915-ին Օսմանյան պետության դեմ ապստամբություն էին նախապատրաստում և նույնիսկ թուրքերի ցեղասպանություն են իրականացրել: Դա ուղղակի ծիծաղելի է: Մի դրական բան կա այդ ամենում, որ, մերժելով ցեղասպանության ճանաչումը, այսօրվա քեմալական Թուրքիան, փաստորեն, իր վրա է վերցնում երիտթուրքերի իրականացրած ոճիրի պատասխանատվությունը:
Այլ հարց է, որ նախագահ Գյուլը գուցե ցանկություն ունի այս խնդիրը «մեջտեղից հանելու», և հայ-թուրքական ներկայիս շփումները նաև դրանով են պայմանավորված: Թուրքիայի վիճակն իրականում լավ չէ, և թյուր է այն կարծիքը, թե դա հզոր պետություն է: Թուրքիան տնտեսապես թույլ զարգացած, բազմազգ երկիր է, որը չունի ռեսուրսային բազա և իր միակ առավելությունն առայժմ իր աշխարհագրական դիրքն է, ինչի շնորհիվ էլ Թուրքիան առայժմ կարողանում է մեծ տերությունների շահերի դաշտում որոշակի դերակատարություն ունենալ:
-Կան սպասումներ, որ Միացյալ Նահանգների նախագահը ապրիլի 24-ի իր ուղերձում կբնորոշի 1915-ի եղեռնը իբրև ցեղասպանություն: Որքանո՞վ է սա հավանական` նկատի ունենալով, որ նախօրեին, շվեյցարացիների միջնորդությամբ, ստորագրվեց հայ-թուրքական համատեղ հայտարարություն կամ, ինչպես ասում են, «ճանապարհային քարտեզ»:
-Ի սկզբանե կար կանխատեսում, որ ԱՄՆ-ի նախագահը, ինչպես իր նախորդները, պետք է որևէ կերպ խուսափի «ցեղասպանություն» բառի հնչեցումից: Հայ-թուրքական վերոհիշյալ հայտարարությունն ամերիկացիների ճնշման հետևանք է: Դրա ստորագրումը ձեռնտու էր Թուրքիային։ Թե ինչո՛ւ է Հայաստանը համաձայնել նման փաստաթուղթ ստորագրել, ինձ համար առայժմ հասկանալի չէ: Բոլոր դեպքերում մենք այդքան չպետք է կենտրոնանանք այն հարցի վրա, թե ԱՄՆ-ի որևէ նախագահ կամ Կոնգրեսը կճանաչեն Հայոց ցեղասպանությունը, թե ոչ: ԱՄՆ-ի 50 նահանգներից 42-ում ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչված է: Այդ քայլին դիմել են աշխարհի ևս քսան երկրներ, այդ թվում` Եվրամիության անդամ երկրների մեկ երրորդը:
Սակայն, ինչպես տեսնում ենք, սա չի ազդում Թուրքիայի դիրքորոշման վրա, որովհետև Անկարայում հասկանում են, որ եթե անգամ մեղադրյալը դատարանում ճանաչում է իր մեղքը, նրան ազատ չեն արձակում, այլ հատուցում են պահանջում: Թուրքիան ավելի քան տեղյակ է ցեղասպանության իրողությանը, որովհետև գաղտնի փաստաթղթերի մեծ մասն իր ձեռքին են ու առայսօր գտնվում են փակ արխիվներում: Անկարան շարունակելու է ժխտել ցեղասպանությունը` դրա հատուցումից խուսափելու համար:
-Վերջին 40 տարում հայկական սփյուռքը, անկախությունից հետո` նաև Հայաստանը, վարում են ցեղասպանության միջազգային ճանաչման պայքար: Ըստ Ձեզ, ի՞նչ ձեռքբերումների ենք կարողացել հասնել այս ընթացքում:
-Բավականին լուրջ, եթե նկատի ունենանք, որ մինչև 1991-ը մենք անկախ պետականություն չունեցող ժողովուրդ էինք և, այնուհանդերձ, հայկական սփյուռքը կարողացավ 1987-ին հարցը բարձրացնել և ամրագրել Եվրոպական խորհրդարանի հայտնի որոշմամբ։ 1998-ից հետո, երբ Հայաստանում էլ պետական քաղաքականությունը ցեղասպանության հարցում փոխվեց, ու խնդիրը դարձավ արտաքին քաղաքականության օրակարգի առաջնային հարցերից մեկը, մինչև վերջին ժամանակներս ճանաչումների հաղթարշավ էր։
-Որքանո՞վ է հնարավոր այդ արդյունքների հիման վրա Թուրքիայի նկատմամբ միջազգային դատական ատյաններում ցեղասպանության փոխհատուցման հայց հարուցել։
-Շվեյցարացի հայտնի իրավաբան ու ՄԱԿ-ի երկարամյա փորձագետ Ալֆրեդ դը Զայասը կարծիք էր հայտնել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով միջազգային դատական ատյաններում հայցը կիսով չափ հաղթելու հավանականություն ունի և նույնքան էլ անհավանականություն։ Պատճառն այն է, որ միջազգային իրավունքն այսօր անկատար է։ Երբ հրեաները 1948-ին շրջանառության մեջ դրեցին «հոլոքոստ» տերմինը և իրավաբան Ռաֆայել Լեմկինի միջոցով տվեցին ցեղասպանության վեց կետերի ձևակերպումները, դրանք հարմարեցված էին հրեական խնդրին, նացիստների կողմից հրեաների նկատմամբ իրականացված ողջակիզմանը։ Մինչդեռ Հայոց ցեղասպանությունն այլ ենթատեքստ ունի, որովհետև հայ ժողովրդի ավելի մեծ հատվածը դրա պատճառով հայրենազուրկ է եղել։ Այսինքն, Օսմանյան կայսրությունը, իսկ հետո նաև քեմալական Թուրքիան այդ գործողությունը հայերի նկատմամբ ձեռնարկել են նրանց հայրենիքին տիրանալու համար։
Եթե մենք հեռանկարում նպատակ ունենք հարցը բարձրացնել միջազգային ատյաններում, պետք է մինչ այդ կարողանանք միջազգային իրավունքում ամրագրել ցեղասպանության ճանապարհով ժողովրդին հայրենազրկելու համար նախատեսված պատասխանատվությունը։ Հակառակ դեպքում, հայց հարուցելու դեպքում մեր բոլոր պահանջները չէ, որ կբավարարվեն։
-Ո՞վ է հանդես գալու որպես պահանջատեր` Հայաստա՞նը, թե՞ սփյուռքը։
-Կարծում եմ` համատեղ։ Հայաստանը կարող է որպես պահանջատեր հանդես գալ Սուրմալուի գավառը և Կարսի մարզը Թուրքիային բռնակցելու մասով։ Որովհետև այդ տարածքը Հայաստանի առաջին Հանրապետության մասն էր կազմում և Թուրքիային անցավ 1921-ի մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրով, որը նույն տարվա հոկտեմբերի 13-ին նույն բովանդակությամբ պարտադրվեց Խորհրդային Հայաստանին, որը, իբրև Առաջին հանրապետության իրավահաջորդ, ստորագրեց այն։ Ինչ վերաբերում է արդեն Արևմտյան Հայաստանին, ապա այդ պահանջատերը, անկասկած, սփյուռքն է։ Սակայն ցեղասպանության պահանջատիրության հետ կապված ընդհանուր հայեցակարգային մոտեցումները Հայաստանն ու սփյուռքը միասին պետք է ձևավորեն։
-Վերջին տարիներին պարզվեց, որ անհիմն չէ Թուրքիայում բազմաթիվ մահմեդականացած հայերի մասին տեղեկատվությունը, որոնք սերունդներն են ցեղասպանության շրջանում բռնի մահմեդականացված մեր հայրենակիցների։ Այս գործոնը ի նպաստ մե՞զ է աշխատելու, թե՞ ի վնաս։
-Կարծում եմ` ի նպաստ։ Պետք է վերանալ այն սխալ մտայնությունից, որ եթե մեկը բողոքական է, կաթոլիկ, անգամ մահմեդական, ուրեմն հայ չէ։ Մենք դրանով միայն պառակտում ենք առաջացնում մեր ներսում։ Այն հայերին, որոնց արդեն չորրորդ սերունդն է ծպտյալ վիճակում ապրում Արևմտյան Հայաստանի որոշ մասերում և գիտի իրենց հայկական ծագման մասին, վանելն ազնիվ չէ։
-Դուք Արևմտյան Հայաստանում բազմիցս եղել եք։ Ճի՞շտ է, որ մահմեդականացած հայերը կոչվում են ալավիներ։ Անգամ Մուշ քաղաքի բնակչության զգալի մասն են։
-Դա համապատասխանում է իրականությանը։ Այսօր Մուշում Արմեն անունով մի մարդ կա, որը բացեիբաց ասում է, որ ինքը հայ է, մշեցի, Սեմալ գյուղից։ Թուրքական հասարակության որոշակի լիբերալացման պայմաններում նման մարդկանց թիվը գնալով աճում է։ Նույն երևույթն առկա է թուրքացած քրդերի մոտ, որոնց մեջ ևս դեպի իրենց արմատները վերադարձի լուրջ միտում է նկատվում։ Բանը հասավ այնտեղ, որ վերջին ՏԻՄ ընտրություններում քրդերը տեղերում այնքան ձայն ստացան, որ վարչապետ Էրդողանն անգամ ընդունեց, թե պատմության մեջ առաջին անգամ քրդերը քվեարկել են ոչ թե վասն իսլամի, այլ հանուն Քրդստանի։
Իսլամացած հայերի մեջ զարթոնքն էլ շատ բնական է։ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարան հարյուրներով մարդիկ են ներկայանում և միաժամանակ դիմում են Թուրքիայի կրոնի նախարարությանը` վերաօծվելու, իրենց նախկին հավատին վերադառնալու դիմումով։
-Բայց հարյուրներով ու առանց վախենալո՞ւ։
-Պարզվում է` այո, և այդպիսիք շատ են` Սեբաստիայից, Վարդոյից, Դիարբեքիրից։ Կեսարիայում Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերաբացումից ու գործունեության վերսկսումից հետո համայնքը սկսեց իրեն զգացնել տալ, իսլամացած հայերը եկեղեցու շուրջ համախմբվելու ցանկություն են դրսևորում։ Տասնյակ ընտանիքներ են հայտարարել, որ իրենք հայ են։ Բավական էր, որ խոսակցություններ սկսվեին Դիարբեքիրում ս. Կիրակոս եկեղեցու վերակառուցման և վերաբացման մասին, անմիջապես հայտնվեցին մարդիկ, ովքեր ցանկություն հայտնեցին վերադառնալու իրենց հայրերի հավատքին։
-Սակայն այսօրվա Թուրքիայում դա նրանց համար վտանգավոր չէ՞։
-Հրանտ Դինքի դատավարությունը ցույց տվեց, որ խեղկատակ դրսևորումներով հանդերձ, Թուրքիայում որոշակի փոփոխություններ եղել են։ Հասարակության մեջ կա ձգտում եվրոպականանալու և ապրելու միջազգային օրենքներով։ Իհարկե, Թուրքիայի ազգայնական ուժերը, որ դեմ են երկրի ազատականացմանը, վերջին շրջանում ավելի կոշտ են արձագանքում իրենց ազգային ինքնությունը վերականգնելու բոլոր տեսակի դրսևորումներին։ Այդպիսի դրսևորումներ եղել են Մալաթիայում, Տրապիզոնում, Էրզրումում, և չի կարելի ասել, թե այդ իմաստով Թուրքիան այլևս անվտանգ երկիր է։
Բայց, մյուս կողմից, փաստ է, որ հայերը քրդական միջավայրում իրենց ավելի լավ են զգում, քանզի քրդերը բարյացակամ են տրամադրված նրանց նկատմամբ, համարելով, որ իրենց խնդիրն ընդհանուր է։ Առիթ եմ ունեցել մի քանի անգամ լինելու Վանում, և տեղի քրդերն առանց վախենալու շփման են գնում, բացահայտ խոսում մեծ Հայաստանի, մեծ Քրդստանի մասին։ Սասունում բնակվող քրդերը, ընդհանրապես, փաստացի ինքնավարություն են ձեռք բերել` ելնելով շրջանի աշխարհագրական դիրքից։ Կալաշնիկովի ինքնաձիգները պատերից կախած` իրենց բացարձակապես ազատ են զգում ու չեն ենթարկվում թուրքական իշխանությանը։ 2000-ին, երբ այցելեցի Սասուն, Սեմալ գյուղի մոտ թուրքական ուղեկալ կար, և թուրք զինվորականները մեզանից ստորագրություն վերցրին, թե մեր անվտանգությունն ապահովել չեն կարող, ու մենք Սասուն ենք մեկնում մեր պատասխանատվությամբ։ Բայց տեղի քրդերը մեզ շատ լավ ընդունեցին։
-Կա վարկած, որ 1921-ից հետո արևելյան ռազմաճակատի հրամանատար Կարաբեքիրն Արևմտյան Հայաստանի տարածքից հավաքում էր հայ որբ տղաներին և ուղարկում թուրքական ռազմակրթական հաստատություններում ուսանելու։ Այսինքն, ժամանակակից ենիչերիներ էին պատրաստում, և այսօր նրանց ժառանգները` հայկական ծագումով, թուրքական բանակում լուրջ դիրքեր են զբաղեցնում։ Տեղյա՞կ եք այդպիսի փաստից։
-Տեղյակ չեմ, բայց չեմ բացառում, որ այդպես է։ Պատմական փաստ է այն, որ 1921-ի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրից հետո քեմալականները հանգիստ չեն ունեցել` կապված Սևրի պայմանագրի հնարավոր վերակենդանացման հետ, եթե դա բխի մեծ տերությունների շահերից։ Ըստ այդմ, Սևրի պայմանագրով Հայաստանին տրված ամբողջ տարածքում ցեղասպանությունից մազապուրծ հայության վերջին բեկորների տարհանում է իրականացվել։ Այդ պատճառով տարօրինակ չէ, որ Սեբաստիայում կարելի է մահմեդականացած հայերի հանդիպել, իսկ Կարսում կամ Իգդիրում նման դեպքեր չեն պատահել։
Դրանով է Հայոց ցեղասպանությունը տարբերվում բոլոր համանման ոճիրներից, որովհետև այն թուրքական կառավարությունը իրականացրել է հայերին հայրենազրկելու նպատակով։ Նույն նպատակն էին հետապնդում 1918-ի և 1920-21-ի թուրքական ներխուժումները Արևելյան Հայաստան։ Ցավոք, մեր պատմագրությունը, քաղաքական շրջանակներն այս իրողության վրա էլ մեծ ուշադրություն չեն դարձրել։ Մեզ անհրաժեշտ են Ռաֆայել Լեմկինի նման իրավաբաններ, ովքեր, միջազգային իրավունքը կատարելագործելով, պայմաններ կստեղծեն մեր դատի արդար լուծման համար։ Հեռանկարում մենք չգիտենք, թե ինչ է սպասում Թուրքիային որպես պետության։ Որովհետև Թուրքիան Օսմանյան կայսրության փոքր տարբերակն է, իսկ կայսրությունները պատմության կողմից դատապարտված են կործանման։ Թուրքիան բազմազգ երկիր է, որի բնակչության 42 տոկոսը թուրք չէ։ Այդ զանգվածն ունի իր ազգային պատկանելության մասին հստակ գիտակցում և առանձնապես մեծ սեր չի տածում, այսպես կոչված, նվաճող ազգի նկատմամբ։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2393

Մեկնաբանություններ