Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Միջազգային կազմակերպությունների ուշադրությունն ենք հրավիրում ազատ մամուլի, ազատ խոսքի, կարծիքի ազատ արտահայտման իրավունքի նկատմամբ իշխանությունների ոտնձգություններին. ՀԺՄ

Միջազգային կազմակերպությունների ուշադրությունն ենք հրավիրում ազատ մամուլի, ազատ խոսքի, կարծիքի ազատ արտահայտման իրավունքի նկատմամբ իշխանությունների ոտնձգություններին. ՀԺՄ
04.04.2024 | 10:55

Մարտի 22-ի առավոտյան, իր բնակարանից դուրս գալուց հետո, ավտոկայանատեղիում ոստիկանության աշխատակիցները մի քանի հոգով թիկունքից հարձակվել ու անհամաչափ բիրտ ուժի կիրառմամբ, բռնություն գործադրելով՝ գետնին են տապալել AntiFake.am կայքի հիմնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ ու վարող Նարեկ Սամսոնյանին:

Հայաստանի ժուռնալիստների միությունը, չանդրադառնալով հարուցված քրեական վարույթին ու դրա մանրամասներին՝ նույն օրն իսկ դատապարտեց ոստիկանության բիրտ գործելաոճը՝ անընդունելի համարելով կոնտենտի բովանդակության հանգամանքով պայմանավորված՝ որևէ անձի նկատմամբ գործադրված անմարդկային բռնությունը:

Նարեկ Սամսոնյանին նման կերպ ձերբակալել կարող էին միայն, եթե վերջինս կոշտ դիմադրություն ցույց տար, զինված լիներ կամ ոստիկանների կյանքին վտանգ սպառնար, ինչը, դատելով հրապարակված տեսանյութից, չէր եղել: Լրատվական կայքի հիմնադրի, հաղորդավարի ձերբակալումն ակնհայտորեն դուրս էր քրեադատավարական օրենսդրության շրջանակներից:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտել էր նաև ոստիկանության աշխատակիցների վայրագ գործողությունները, Նարեկ Սամսոնյանի՝ որպես անձի ու լրատվամիջոցի հիմնադրի, արժանապատվությունը կոպտորեն խախտելու սանձարձակ միտումը:

Նույն օրն ավելի ուշ ձերբակալվեց նաև «Իմնեմնիմի» փոդքասթի մյուս հաղորդավարը՝ Վազգեն Սաղաթելյանը՝ Նարեկ Սամսոնյանի ձերբակալության հետ կապված աղմուկից հետո արդեն ոչ վայրագաբար:

Տղաները ձերբակալվել են ու առայժմ երկամսյա կալանք են կրում հաղորդման ընթացքում արտահայտած իրենց մտքերի համար: Թիրախավորվել է ազատ խոսքը, այսինքն՝ մեր երկրում հաղորդավարները, լրագրողները, բլոգերները ու պարզապես սովորական մարդիկ իրավունք չունեն քննադատել իշխանությանը կոշտ բառապաշարով:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք քրեականացվեց ծանր վիրավորանքը, ապա բարձրացված աննախադեպ աղմուկից ու ըստ երևույթին եվրոպական կառույցների ճնշումներից հետո այն 2022թ. հուլիսի 1-ին ուժի մեջ մտած նոր Քրեական օրենսգրքով ապաքրեականացվեց: Այս գործի շրջանակներում Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի սուր քննադատությունը որակավորվել է՝ որպես խուլիգանություն: Ակնհայտ է, որ գործող իշխանությունների կողմից «ծանր վիրավորանքի» հոդվածը վերակենդանացվել է` անհրաժեշտության դեպքում քաղաքական ընդդիմախոսների դեմ որպես մահակ օգտագործելու համար:

Այս կերպ իշխանությունը փորձ է անում մոլորեցնել միջազգային հանրությանը` ապաքրեականացված «ծանր վիրավորանքի» հոդվածին նոր կյանք տալով քրեական օրենսգրքի այլ հոդվածի շրջանակներում:

Հայաստանի ժուռնալիստների միությունը հրավիրում է միջազգային գործընկեր կազմակերպությունների ուշադրությունն այս հույժ կարևոր ու հրատապ հարցի վրա: Ակնկալում ենք, որ միջազգային լրագրողական ու իրավապաշտպան կազմակերպությունները համարժեք կերպով կարձագանքեն Հայաստանի գործող իշխանությունների՝ ազատ խոսքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ու աննախադեպ այս ճնշումներին:

Մեր երկրում շարունակում են թիրախավորվել ընդդիմադիր լրատվամիջոցները, ընդդիմադիր քաղաքական գործիչները, ընդդիմադիր հայացքներ ունեցող հասարակական գործիչները: Հայաստանում օրեցօր ավելանում է քաղաքական բանտարկյալների թիվը:

Ընդդիմադիր լրատվամիջոցների դեմ անօրինակ ճնշումներ են գործադրվում, այդ թվում՝ դատական բազմաթիվ հայցերի միջոցով, որոնք ներկայացվում են նրանց դեմ, ու վերահսկելի դատական իշխանության պայմաններում ընդդիմադիր ԶԼՄ-ները ստիպված են լինում ահռելի գումարներ վճարել ու ֆինանսական կորուստներ ունենալ:

Միջազգային կազմակերպությունների ուշադրությունն ենք հրավիրում ազատ մամուլի, ազատ խոսքի, կարծիքի ազատ արտահայտման իրավունքի նկատմամբ իշխանությունների ոտնձգություններին:

Սաթիկ Սեյրանյան

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ

25.03.2024թ.

Դիտվել է՝ 1311

Մեկնաբանություններ