38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Կիմա ԵՂԻԱԶԱՐՅԱՆ. Շնորհավո´ր ծնունդդ, հողեղեն, հողոտ, հողածին բանաստեղծ

Կիմա ԵՂԻԱԶԱՐՅԱՆ. Շնորհավո´ր ծնունդդ, հողեղեն, հողոտ, հողածին բանաստեղծ
14.04.2014 | 17:26

Այնքան լավ եմ հիշում 1993-ի հուլիսյան այդ օրը, երբ ինձ հարազատ մարդն ափսոսանքով հառաչեց. «Համոն էլ գնաց... Նա մեր վերջին բանաստեղծն էր: Էլ բանաստեղծ չունենք»:
Լսեցի ու սիրտս ահավոր կծկվեց: Ընդամենը մի երկու տարի առաջ եղել էի Բանաստեղծի տանը ու ապշել էի նրա կենսակերպից. զուսպ ու ժուժկալ մի բնակարան էր մայրաքաղաքի կենտրոնում, և ինքն էլ մեզ ընդունեց սովետի թվերին բոլորիս հայտնի կապույտ գույնի «սպարտիվկայով» (հնամաշ):
Այսօր կարդում եմ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ ծննդյան 100-ամյակի կառավարական միջոցառումների ծրագիրը:
Դե, հիմնականը գրված է ապառնի ժամանակով՝ «կհրատարակվեն», «կնկարահանվեն», «կանցկացվեն», «նախատեսվում է»...
Բայց, ասենք, կարելի էր, չէ՞, գոնե այսօր՝ Բանաստեղծի 100-րդ տարեդարձի օրը նրա ծննդավայրում բացել տուն-թանգարանը:
Պարզվում է, դա էլ է մի անհնարին բան եղել, դա էլ չեն հասցրել, թեպետ եղել է ՀՀ նախագահի հանձնարարականը:
Ի՞նչ ասես, կառավարությունը հազիվ է ծայրը-ծայրին հասցնում, մի կերպ կարողացել է, օրինակ, Նունե Եսայանի համերգին 54 միլիոն հատկացնել կամ 12 միլիոն տրամադրել ռուսերենով հեռարձակվող հեռուստախաղին, և կամ՝ ֆինանսավորել հանրությանն այլասերող հեռուստահաղորդումներ ու մի 7 միլիոն դոլարի չափով էլ կարողացել է շաբաշ տալ, որ նկարվի ՀՀԿ-ին գովազդող ֆիլմը...
Դե, էլ ո՞րտեղից փող մնար, որ հնարավորինս արագ ժամկետներում հատկացնեին Սյունիքի մարզի Լոր գյուղում գտնվող Համո Սահյանի տան վերանորոգման համար ու հասցնեին մեծ բանաստեղծի ծննդյան օրը բացել նրա տուն-թանգարանը:
«Սյունաց արծիվ» Խաչիկն էլ, գիտեք, ամեն օր այդ տան մոտով է անցնում, բայց իր կազմակերպության եղած փողը հազիվ հերիքում է «Արևածագին» գովերգելու համար, ով, չգիտեմ երբվանից, հանձնարարել է սոցիալական ներդրումների հիմնադրամին վերանորոգել Բանաստեղծի տունը:
Իսկ Սյունաց նախկին մարզպետի մասին չարժե նույնիսկ խոսել, որի հսկա առանձնատան խոհանոցի չափ է Բանաստեղծի տունը: Բայց դե Լիսկան հո չէ՞ր զբաղվելու Բանաստեղծի տունը մի թեթև կարգի բերելու գործով:
Լավ, ջհանդամը, որ դա էլ չեք հասցրել անել:
Հնարավոր չէ՞ր գոնե, որ այսօր բոլոր հեռուստաընկերություններն իրենց լրատվական թողարկումներն սկսեին Բանաստեղծի ծննդյան տարեդարձի մասին լուրով ու շնորհավորհանքով, ոչ թե ավանդույթի համաձայն էլի թողնեին սպորտից հետո, ամենավերջում:
Նման «մանրուքներն» առանձնապես ծախս չեն պահանջում, բայց այդպիսի «մանրուքներով» է կերտվում Հոգևոր Հայաստանը:
Բայց ում՝ ինչ եմ ասում:
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ԾՆՈՒՆԴԴ, ՀՈՂԵՂԵՆ, ՀՈՂՈՏ, ՀՈՂԱԾԻՆ ԲԱՆԱՍՏԵՂԾ:

Դիտվել է՝ 2403

Մեկնաբանություններ