ԱՄԷ այցելելիս անպայման կառաջարկեն գնալ Ժեբել Հաֆիթ: ԱՄԷ-ի տեսարժան վայրերից է: Այն գտնվում է Աբու Դաբիի էմիրությանը պատկանող Ալ Էին քաղաքի հարավ-արևելյան մասում: Սա ԱՄԷ-ի համար սահմանային հատված է: Ըստ էության` Հաֆիթ լեռը Օմանի հետ սահմանի մի մասն է (ԱՄԷ-ն Օմանի Սուլթանությանը սահմանակից է հյուսիս- արևմուտքից): Կափսոսեք, եթե չտեսնեք այդ լեռը և նրա հարակից հանգստյան գոտին: Կարող եք ճանապարհ ընկնել առավոտյան, սկզբում շրջել Ալ Էինում, որը ցածրահարկ շենքերով, փոքրիկ հրապարակներով, կենդանաբանական և բուսաբանական այգիներով (Ալ Էինի դրախտ), թանգարաններով (ԱՄԷ-ի համալսարանի բնության պատմության թանգարան, Ազգային թանգարան, Ալ Էինի պալատ-թանգարան, Դասական մեքենաների թանգարան, Ալ Քաթարա արվեստի կենտրոն, Մուրաիջիբ և Ալ Ջահիլի բերդեր), ուղտերի հայտնի շուկայով, օազիսով պատմական քաղաք է: Իսկ հետո ուղևորվեք քաղաքի ծայրամաս և կտեսնեք Ժեբել Հաֆիթը: Լեռը և նրա շրջակա տարածքը, բացի զբոսաշրջային վայր լինելուց, քաղաքի համար նաև պատմական նշանակություն ունեն: Աբու Դաբիի էմիրությունում հնագիտական ուսումնասիրությունները սկսվել են 1950-ականների վերջերին, երբ փորձում էին էմիրությունում նավթի օջախները բացել: Առաջինը բացահայտվել է Ալ Նար կղզին, որը թվագրվում է մ.թ.ա. երրորդ հազարամյակով: Դրանից հետո Շեյխ Զայեդ բին Սուլթան ալ Նահյանի նախաձեռնությամբ տարածքում սկսվում են սիստեմատիկ պեղումներ, որոնց արդյունքում հայտնաբերվում են նախաիսլամական շրջանին վերագրվող դամբարաններ, բնակավայրեր: Այդ ընթացքում ուսումնասիրվել են նաև Ժեբել Հաֆիթ լեռն ու շրջակա տարածքը: Արդյունքում ավելի քան 500 դամբարան է հայտնաբերվել, որոնք ենթադրաբար 5000 տարվա պատմություն ունեն: Եվ այս պատմական վայրը մատուցվում է իր ամբողջ շքեղությամբ, որով էլ գրավում է հազարավոր զբոսաշրջիկների: Մինչև լեռը բարձրանալը կարող եք որոշ ժամանակ անցկացնել «Գրին Մուբազարահ» զբոսայգում: Զբոսայգին բացվել է 1994 թ. հունվարի 10-ին` Շեյխ Զայեդ բին Սուլթան ալ Նահյանի կողմից: Այն փռված է լեռան ստորոտում: Այցելուներին առաջարկվում են խաղահրապարակներ, պիկնիկի համար տարածքներ, արհեստական ջրվեժներ, ընդհանուր և միայն կանանց համար նախատեսված լողավազաններ: Վերջինս հնարավոր է տարօրինակ թվա, բայց երկրի բարոյական սկզբունքները թելադրում են, որ կանայք չլողան ընդհանուր լողավազանում: Զբոսայգու հարևանությամբ նույնանուն հյուրանոցային համալիրն է, որն առաջարկում է ամբողջովին կահավորված մեկ կամ երկու ննջասենյակով, խոհանոցով և պարտեզով տնակներ: Տնակներից քիչ հեռու փոքրիկ կամրջով արհեստական լիճն է: Ի դեպ, կամրջից կարող եք դիտել ձկների խաղը: Սա էլ դարձել է այցելուներին գրավելու հրաշալի միջոցներից մեկը: Թեև կարող եք ժամեր շարունակ վայելել լճի գեղեցկությունը, բայց եթե ցանկանում եք լեռը կեսօրին տեսնել, շտապեք, քանի որ ճանապարհը երկար է:
1240 մ բարձրություն ունեցող լեռան գագաթը հասնելու համար օրական հարյուրավոր զբոսաշրջիկներ են այցելում Ալ Էին: Ոմանց սխալմամբ թվում է, թե դա ԱՄԷ-ի ամենաբարձր լեռն է: Իրականում ամենաբարձրը գտնվում է Ռաս ալ Խայմա էմիրությունում և կոչվում է Ժեբել Յիբիր (1527 մ): Իսկ սա պարզապես ամենահայտնի լեռն է: Ժեբել Հաֆիթը հայտնի է նաև իր ավտոճանապարհով: Ստորոտից մինչև լեռան գագաթ ձգվում է 11,7-կիլոմետրանոց ոլորաններով ավտոճանապարհը, որը կառուցել է գերմանական «Սթրաբագ» ընկերությունը: Վերջինս 1891-ից միջազգային շինարարական ծրագրեր է իրականացնում ամբողջ աշխարհում։ Այն կառուցել է Իրանի երկաթուղին (1938), Իրաքի ՀԷԿ-ը (1953), Նիգերիայի միջազգային երկաթուղին (1959), ջրամբար Պակիստանում (1965), ամբարտակներ Մարոկկոյում (1967): Հաջող է կառուցել նաև այս ավտոճանապարհը: Մինչև գագաթը հասնելը կարող եք կանգ առնել ոլորաններում: Կանգառները հարմարեցված են հանգստի և լեռան առջև փռված բնապատկերը դիտելու համար: Այցելուների անվտանգությունն ապահովելու համար դրանք եզրափակված են ճաղավանդակներով: Սակայն ինչպես ամեն երկրում, այստեղ էլ օրինազանց և անզգույշ այցելուներ կան, որոնք, կոտրելով ճաղավանդակները, անցնում են թույլատրելի սահմանը` վտանգելով թե՛ իրենց կյանքը, թե՛ տվյալ տարածքի հսկողությունն իրականացնողների հեղինակությունը: Իմ վերջին այցելության ժամանակ, երբ հասել էի լեռան գագաթը, այդ ճաղավանդակներից դուրս լուսանկարվող Հայաստանից ժամանած զբոսաշրջիկների հանդիպեցի: Հարցրի, թե վտանգավոր չէ՞ այդպես լուսանկարվելը: Պատասխանեցին` ոչ: Բայց իրականում վտանգավոր էր, քանի որ մի քանի քայլ այն կողմ ձոր էր: Չգիտեմ` արժե՞ արդյոք, որ ամբողջ կյանքում լեռնային երկրում բնակվող մարդն այդպես իր կյանքը վտանգի ԱՄԷ-ի լեռները լուսանկարելու համար: Բնական է, սկսեցի զրուցել իմ հայրենակիցների հետ: Պատմեցին, որ ԱՄԷ-ում բնակվող հայ ծանոթների խորհրդով են եկել։ «Շատ սիրուն տեղ է: Բայց չէինք պատկերացնում, որ կարելի է այսքան հեշտ որևէ լեռ բարձրանալ: Ինչ լավ ճանապարհ է: Պատկերացնո՞ւմ եք, Հայաստանում էլ կարողանայինք մեր բնության գեղեցկությունը այսպես ցույց տալ մարդկանց, և օրական դրանք տեսնելու համար այսքան տուրիստ գար»: Զրուցակիցներս իրավացի են: Քիչ անց, երբ վառվեցին գիշերային լույսերը, լեռը, ճանապարհը, առջևը փռված քաղաքը բոլորովին այլ տեսք ստացան: Եթե կեսօրին այցելուները հիանում էին արծիվների թռիչքով, բնության հրաշալի գույներով, ապա մութն ընկնելուն պես նրանք ապշած դիտում էին լույսերի մեջ ողողված ավտոճանապարհն ու քաղաքը: Եթե ուշ է վարձակալած բնակարան կամ հյուրանոց հասնելու համար, այցելուն կարող է ավտոճանապարհով լեռն ի վար իջնելիս թեքվել ձախ, որտեղ կտեսնի «Մերկուրի» չորսաստղանի հյուրանոցը: Ի դեպ, «Մերկուրի» հուրանոցային ընկերությունը երեք և չորսաստղանի 700 հյուրանոց ունի աշխարհի 49 երկրում, որոնք կառուցվել են լեռներում, ծովափնյա գոտիներում, մայրաքաղաքներում: Միջին Արևելքում կառուցվել է տասնհինգ հյուրանոց, որոնցից երեքը` ԱՄԷ-ի Աբու Դաբի, Դուբայ և Ալ Էին քաղաքներում: Ի դեպ, Հաֆիթ լեռան «Մերկուրի» հյուրանոցի բակում փոքրիկ սրճարան կա, որտեղ գիշերային սառը եղանակին կարող եք համեղ թեյ խմել և նարգիլե վայելել:
Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր հատուկ թղթակից