ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ԼՂ հարցը երկու նախարարների ամփոփիչ ասուլիսներում

ԼՂ հարցը երկու նախարարների ամփոփիչ ասուլիսներում
25.01.2013 | 00:14

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 23-ին ասուլիսում ամփոփել է 2012 թ. իրադարձությունները, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին` նախարարը հրապարակել է հայտնի փաստեր հակամարտության կարգավորման գործընթացից: Նա նշել է, որ խնդրի լուծման վրա տարիներ շարունակ աշխատող ԵԱՀԿ Մինսկի խումբը 2007-ին առաջարկել էր փաստաթուղթ, որ ընդունելի էր հայկական կողմին, ընդունելի չէր ադրբեջանականին, 2009-ին առաջարկված փաստաթուղթը ընդունելի էր ադրբեջանական կողմի համար, անընդունելի` հայկական: Ուստի ՌԴ այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևը երկու երկրների նախագահներին առաջարկեց մշակել երկկողմանի ընդունելի փաստաթուղթ, որից հետո 2011-ի հունիսին Կազանյան հանդիպումը տապալվեց: Կազանում որևէ փաստաթուղթ չի ստորագրվել, երկու նախագահները երկկողմանի հանդիպումներ չեն ունեցել, նման ձևաչափով հանդիպում չի էլ ծրագրվում, հանդիպումները շարունակվում են արտաքին գործերի նախարարների մակարդակով` Մինսկի խմբի միջնորդական առաքելության շրջանակներում:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը հունվարի 24-ին ասուլիսում ամփոփելով 2012-ը, ասել է, որ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը, հրադադարի պարբերական խախտումները, սադրիչ գործողությունները Արցախի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին լրջորեն վնասել են ոչ միայն բանակցային գործընթացին, այլև վտանգել տարածաշրջանային կայունությունը: Նրա գնահատմամբ` ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր մաս հանդիսացող Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ 2012-ին վերահաստատվեց, որ Հայաստանի ռազմավարությունը վայելում է միջազգային հանրության ըմբռնումն ու աջակցությունը: Իբրև վկայություն` Էդուարդ Նալբանդյանը նշեց 2012-ի հունվարի 23-ին Սոչիում ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությունը, 2012-ի հունիսի 19-ին Լոս Կաբոսում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը, 2012-ի դեկտեմբերի 6-ին Դուբլինում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդին ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունը:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1191

Մեկնաբանություններ