Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Թուրքիայում սկսվել է գաղափարաքաղաքական պայքար»

«Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Թուրքիայում սկսվել է գաղափարաքաղաքական պայքար»
22.05.2009 | 00:00

ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՁԵՎՈՎ
Թուրքիայի իշխանական էլիտայի գլխին, կարծես, ամպեր են կուտակվում։ Համենայն դեպս, խորհրդարանական ընտրություններում «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակից հետո երկրի ներքաղաքական իրադրությունը դեռևս երբեք այսպիսի լարվածության չի հասել, թեպետ թուրքական ընդդիմությունը միշտ էլ աշխատել է «վառոդը չոր պահել» և կանոնավոր կազմակերպել է տարաբնույթ բողոքի ակցիաներ։ Այսօր ձևավորված արտաքին քաղաքական բարդությունների, հասարակության մեջ գաղափարախոսական հակասությունների և ներիշխանական հակասությունների կծիկը, գումարած տնտեսական անկումն ու սոցիալական լարվածության աճը կարող են իսկական գլխացավանքի վերածվել իշխանությունների համար։
Բաքու-Վարշավա-Սոչի ուղերթով Թուրքիայի վարչապետ Էրդողանի արտասահմանյան «տուրնեն» ավարտվեց հայրենիքում անսովոր և տհաճ ընդունելությամբ։ Ընդդիմությունն Անկարայում գումարեց բազմահազարանոց հանրահավաք` բողոքելով երկրում կատարված ձերբակալությունների դեմ և պահանջելով վարչապետի հրաժարականը։ Ցուցարարները թուրքական հանրապետության հիմնադրի նկարներով ու դրոշներով վանկարկում էին, թե իրենք Աթաթուրքի զինվորներն են։ Հարկ է ընդգծել, որ թեկուզև «Էրգենեկոն» արգելված խմբավորման գործով հետաքննության շրջանակներում ձերբակալված է 200 մարդ, և արդեն բավականին երկար քննություն է ընթանում այս աղմկահարույց գործով, այսպիսի զգացմունքային աջակցությունը դավադիրներին, ամենայն հավանականությամբ, անսպասելի էր կառավարության համար։
Մայիսի 19-ին թուրքական ԶԼՄ-ները տեղեկացրին, որ դատարան է հրավիրվել երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլը` 3 մլն դոլարի չհիմնավորված ծախսեր թույլ տալու համար։ Նախագահը հանդիսանում է գործով կասկածյալ և մեղադրվում է ժամանակին արգելված կուսակցության փողերը յուրացնելու մեջ։ Կուսակցության առաջնորդները պնդում են, թե գումարներն ուղղվել են տեղական կազմակերպություններին, մեղադրող կողմն էլ հայտարարում է, թե դրանք տեղ չեն հասել։ «Բարգավաճում» արգելված կուսակցությունը հետագայում վերածվեց «Արդարացում և զարգացում» այսօր իշխող կուսակցության, որի անդամներն են նախագահն ու վարչապետը։ Բնութագրական է, որ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը ոչ թե հերքում է փողերի յուրացման փաստը, այլ ընդամենն արձանագրում է, որ «պետության ղեկավարը, ըստ սահմանադրության, չի կարող հայտնվել դատարանի առջև, եթե չի մեղադրվում հայրենիքի դավաճանության մեջ»։
Միաժամանակ, թուրքական ԶԼՄ-ներն արձանագրում են լարվածության աճ նախագահի և վարչապետի միջև։ «Հուրիեթը» նույնիսկ չի բացառում բանավեճի առկայությունը նրանց կանանց միջև։ Եվ իբր «սառեցման» պատճառ են հանդիսացել հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված իրարամերժ դիրքորոշումները, որոնք արտահայտվել են հրապարակավ։ Եթե նախագահ Գյուլը հանդես է գալիս Հայաստանի հետ առանց նախապայմանների հարաբերությունների օգտին, ապա վարչապետը շարունակում է հայերից պահանջել` «վերջ տալ Լեռնային Ղարաբաղի օկուպացիային» ու հայտարարում է, որ «սահմանը կբացվի, երբ տարածքային հարցը փակված կլինի»։ Բացի այդ, եթե Էրդողանը Բաքու այցելելով կրկին վերահաստատեց ալիևյան թեզը` «երկու պետություն` մեկ ժողովուրդ», ապա նախագահ Գյուլը չխուսափեց սրբագրել նրան. «Մենք եղբայրական, բարեկամ երկրներ ենք, բայց երկու առանձին պետություններ։ Նույնիսկ` ոչ երկու պետություն, որովհետև այս մեծ ժողովուրդն ունի բազմաթիվ պետություններ»։ Այս տարընթերցումները, փորձագետների կարծիքով, ոչ միայն արգելակում են հայ-թուրքական հաշտեցման գործընթացը, այլև ազդում Թուրքիայի հեղինակության վրա։ Մանավանդ որ իր անվանը հավատարիմ (Էրդողան նշանակում է ծնյալ զինվոր) վարչապետն ավելի ու ավելի է անտեսում դիվանագիտական նորմերը, և նրա հռետորաբանության մեջ ընդգծվում են «արյունալի նրբերանգներ»։
Առաջին հետևությունն այս ամենից աայն է, որ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Թուրքիայում սկսվել է գաղափարաքաղաքական պայքար։ Իրավիճակը վատթարանում է նրանով, որ հակընդդեմ խմբավորումները, ներառյալ «Էրգենեկոն» գաղտնի խմբավորումը, հենվում են Մուստաֆա Քեմալի ժառանգության վրա, որն իր հերթին մշտապես դեմ էր Թուրքիայի իսլամացմանը։ Այդ իսկ պատճառով շատ վերլուծաբաններ Թուրքիայում զարգացումների պատճառները փորձում են որոնել «իսլամիստներ»-«քեմալիստներ» արդեն հնացած հասարակական բաժանման մեջ։ Եվ իսկապես, որքան էլ Էրդողանը փորձում է նորացված իսլամիստ-ժողովրդավար երևալ, շատերը համարում են, որ վարչապետը դրանով փորձ է անում քողարկել իսլամական գաղափարները, ինչպես ժամանակին հայտարարել էր, որ ինքը շարիաթի օրենքների կիրառման կողմնակից է։ Սակայն հասարակությունն ու քաղաքական, զինվորական էլիտան Թուրքիայում իսկապես տարաբաժանված են, մանավանդ որ մինչև վերջերս քեմալիստների ձեռքին էին զինված ուժերը, իսկ իսլամիստների թիկունքում էին կանգնած բիզնեսն ու համարժեք տնտեսական քաղաքականություն պահանջող էլիտան, ինչպես նաև հիմնական միջազգային ուժային կենտրոնները։ Այժմ այդ հավասարակշռությունը, կարծես, սկսել է խախտվել, և «Էրգենեկոնի» գործը նպաստում է դրան։ Շատերն այն համարում են քաղաքական հետապնդում, վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ դիրքորոշում են սկսել արտահայտել զինվորականները` առայժմ դեմ հանդես գալով իրենց միջավայրում կատարված ձերբակալություններին։ Զինվորականներն ու մտավորականությունն իսլամական պետության հակառակորդներն են Թուրքիայում, իսկ դա իր հերթին հնարավորություն է տալիս հայտարարելու «Էրգենեկոնի» գործով դժգոհողներին, որ «արդարադատությունն այս երկրում ոչ մի ընդհանուր բան չունի աշխարհիկության հետ, քանզի ներկա ռեժիմը երկիրը հետ է տանում դեպի միջնադար»։ Սակայն այդ հայտարարությունները չեն նվազեցնում դավադրության դեմ պայքարելու իշխանությունների վճռականությունը։
Ավելին, քննության ընթացքում ավելի ու ավելի շատ փաստեր են բացահայտվում, որոնց համաձայն «Էրգենեկոնի» մեջ մասնակցություն են ունեցել այլ երկրների գործակալներ։ Սկզբում հրապարակումներ հայտնվեցին «ռուսական հետքի» մասին, և ակնարկներ էին արվում Ռուսաստանում եվրասիական շարժման առաջնորդ Ալեքսանդր Դուգինի հետ կապված, քանի որ նա և իր համախոհները ցույցեր էին կազմակերպում հօգուտ «ձերբակալված համախոհների»։ Իսկ այս օրերին կարող է զարգանալ մի նոր լուրջ սկանդալ, քանի որ թուրքական հատուկ ծառայությունները տեղեկատվություն են տարածել, ըստ որի «Էրգենեկոնի» հետ առնչություններ է ունեցել իսրայելական «Մոսսադը»` նպատակ ունենալով սպանել վարչապետ Էրդողանին։ Եվ դա տեղի է ունենում թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացման ներկայիս փուլում, ինչը կարելի է համարել ուղղակի մարտահրավեր։ Թուրքական ԶԼՄ-ները տեղեկացրել էին նաև, թե երկրի հատուկ ծառայությունների տվյալներով Ադրբեջանի ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերի ղեկավար, գեներալ Ռահիլ Ռզաևի սպանությունը նույնպես կազմակերպել էր «Էրգենեկոնը»։ Շատ բնութագրական է, որ, ըստ փորձագետների, «Էրգենեկոնի» կազմում մեծ թվով էթնիկ ադրբեջանցիներ են ընդգրկված, և կազմակերպությունն ունի բացահայտ հակահայկական ուղղվածություն։ Ձերբակալվածներից Իբրահիմ Շախինի ցուցմունքների համաձայն` նա տվյալներ է հավաքել Հարավային և Արևելյան Անատոլիայի տարածքներում հայերի ենթադրյալ բնակեցման վերաբերյալ։
Բոլոր այս իրադարձությունները միանգամայն համապատասխանում են փորձագետների այն հետևություններին, թե Թուրքիայում իրավիճակի ապակայունացման լուրջ մտադրություններ կան։ Մանավանդ որ Էրդողանի քաղաքականությունը քննադատողների թիվն օր օրի ավելանում է։ Շվեյցարական Դավոսում Իսրայելի դեմ ձեռնարկած Թուրքիայի վարչապետի «դեմարշից» հետո Թուրքիայում հրեական պետությանը սկսեցին մեղադրել «մարդկության դեմ հանցագործությունների մեջ»։ Անկարայի ներկայիս իսլամական ռեժիմը բոլորովին ձեռնտու չէ նաև Ադրբեջանին։ Թուրքիայի իսլամացումը, նկատի ունենալով երկրում սուննի մահմեդականների գերակայությունը, մտահոգում է Ադրբեջանին, ուր բնակչության մեծամասնությունը շիա մահմեդական են, ինչը, Բաքվի համոզմամբ, թուրքական միասնությունը տարաբաժանելու լրացուցիչ ազդակ կարող է լինել։ Բնութագրական է նաև, որ Իսրայելը բարելավում է հարաբերություններն Ադրբեջանի հետ։
Թուրքական իշխանությունների համար անբարենպաստ իրավիճակ է նաև Եվրոպայում, եթե նկատի ունենանք, որ Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի հայտարարությունները, թե Թուրքիան չի կարող լինել Եվրամիության անդամ, փոշիացրին այս հարցում վարչապետ Էրդողանի ծառայությունները։ Եվրոպայի կողմից արտոնյալ գործընկերության առաջարկությունը Թուրքիայում ընդունվեց համարյա որպես վիրավորանք։ Էրդողանին խիստ տխրեցրեց նաև Վաշինգտոնը` հայ-թուրքական հաշտեցման իր նախաձեռնություններով։ Այդքանով հանդերձ, պետք չէ մոռանալ, որ Թուրքիայի բանակը միշտ էլ հզոր փաստարկ է եղել ԱՄՆ-ի ձեռքին։ Եվ թեկուզ ներքաղաքական պայքարում թուրքական գլխավոր շտաբն առայժմ ընդգծված մասնակից չէ, բոլորովին չի բացառվում, որ ինչ-որ մի պահից այն դիտորդից կվերածվի ակտիվ դերակատարի։ Մանավանդ որ 1960, 1971, 1980 և 1997 թվականներին բանակն արդեն իր հայեցողությամբ փոխել է կառավարող ռեժիմները երկրում։ Այսինքն, անհրաժեշտ փորձը կա։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2507

Մեկնաբանություններ