Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Իշխանությունները հավասար մրցակցության ունակ չեն»

«Իշխանությունները հավասար մրցակցության ունակ չեն»
24.04.2009 | 00:00

«ԵԽԽՎ-Ն ՊԱՏՇԱՃ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՉԻ ՀԵՏԵՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ»
ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանի ու Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների շուրջ զրուցում ենք Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ հետ:
-ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի օրակարգում ՀՀ-ի հարցն ընդգրկված չէ: Թեև մոնիտորինգի հանձնաժողովը լիագումար նստաշրջանից առաջ կայանալիք նիստում կրկին անդրադառնալու է Հայաստանի ստանձնած պարտավորությունների խնդրին, սակայն իշխանական թևն արդեն վստահաբար պնդում է, որ այս անգամ հարցը չի մտնի լիագումար նիստի օրակարգ: Ձեր դիտարկումը:
-Իշխանությունները պարզապես ցանկալին ներկայացնում են որպես իրականություն: Հայաստանի հարցը շարունակում է մնալ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: ՈՒղղակի այն բանից հետո, երբ փոփոխվեցին Քրեական օրենսգրքի 225 և 300 հոդվածները, դատախազությունն էլ փոխեց «յոթի գործի» մեղադրանքը, հանձնաժողովը սպասում է, թե ինչ կիրառում կունենա այս փոփոխությունը, ինչպես կանդրադառնա քաղբանտարկյալների վրա: Ընդամենը սա է: Այնպես որ, իշխանությունները ոգևորվելու որևէ առիթ չունեն: Թեև, մենք էլ մեր կողմից պետք է նշենք, որ ԵԽԽՎ-ն պատշաճ հետևողականությամբ չի հետևում այս գործընթացներին:
-Իշխանությունները կատարեցին ԵԽԽՎ բանաձևի պահանջներից ընդամենը երկուսը` ստեղծվեց փաստահավաք խումբ, որտեղ հավասարապես ներկայացված են և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը, բացի այդ, ԱԺ-ն փոփոխություններ կատարեց Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներում: Իսկ ահա ԵԽԽՎ բանաձևի մյուս պահանջները մնացին անկատար: Ինչո՞ւ ԵԽԽՎ-ն չի հետևում իր առաջ քաշած մյուս պահանջների կատարմանը ևս:
-ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի վերջին նիստից հետո համազեկուցողները հնչեցրին բավականին կոշտ հայտարարություն, ընդգծելով, որ ակնկալում են քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթաց, որ կարևորը ոչ թե օրենքում հոդվածների փոփոխությունն է, այլ դրանց կիրառումը: Հիմա մեզ մնում է սպասել` տեսնելու համար արդյոք նրանք հետամուտ կլինե՞ն այդ կոշտ պահանջի իրագործմանը:
-Տարածաշրջան են այցելելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ակտիվություն է նկատվում ԼՂ խնդրում, Ձեր կարծիքով, այդ ամենն իրար հետ կապ ունե՞ն: Հնարավո՞ր է առաջիկայում որևէ փաստաթղթի ստորագրում:
-Միջազգային հանրության ներկայացուցիչները, ովքեր ընդգրկված են բանակցային գործընթացներում, տեսնում են, որ ՀՀ իշխանությունները ձախողվում են բոլոր ուղղություններով: Գնալով է՛լ ավելի վատ սոցիալ-տնտեսական իրավիճակում է հայտնվում Հայաստանը, և միջազգային հանրությունն առիթը բաց չի թողնի` ՀՀ-ի վրա ճնշումներ գործադրելու համար: Այսօր մեր երկիրը չունի ադեկվատ իշխանություն, չունի վարչակազմ, որն ի վիճակի կլիներ դիմակայելու այս աննախադեպ մարտահրավերներին: Ցավոք, իշխանությունները, փոխանակ փորձեն հաղթահարել ներքին քաղաքական ճգնաժամն ու այդպես հզորացնեն Հայաստանը, հակառակ ճանապարհն են բռնել: Սա այլ կերպ, քան դավաճանական քաղաքականություն, դժվար է որակել:
-ԵԽԽՎ նախորդ նստաշրջաններից առաջ իշխանությունները, քաղբանտարկյալներից ներման խնդրագրեր կորզելով, ազատ էին արձակում նրանց, բայց ապրիլյան նստաշրջանից առաջ նման միտում չի նկատվում: Ինչո՞ւ:
-Բյուրեղացում է տեղի ունենում, այսինքն, բանտում իրականում մնում են մարդիկ, ովքեր առավել սկզբունքային են և առավել քիչ են հակված իրենց քաղաքական հայացքներից հրաժարվելուն: Այսօր բանտում մնացել են ամենակայուն, ամենագաղափարական, ամենապինդ մարդիկ, ու նրանցից շատ դժվար է ներման խնդրագրեր կորզելը: Իմ կարծիքով, սրանով է պայմանավորված, որ այս անգամ ԵԽԽՎ նստաշրջանից առաջ դեռևս որևէ մեկին ազատ չեն արձակել: Ի տարբերություն Մոլդովայի, ուր նախագահն անմիջապես համաներում հայտարարեց, և, բացի քրեական հանցագործներից, մյուսներն ազատ արձակվեցին, ՀՀ-ում հակառակն է. ազատ արձակվեցին գերազանցապես հանցագործները` խանութ թալանողները, իսկ գաղափարական մարդկանց, ովքեր քաղաքական հայացքների համար են հալածվում, պահում են բանտերում:
-Իսկ ինչո՞ւ ո՛չ համաներում են հայտարարում, ո՛չ էլ ազատ արձակում այն քաղբանտարկյալներին, ովքեր կրել են իրենց պատժաժամկետի մեկ երրորդը: Չէ՞ որ օրենսդրությունը նման հնարավորություն ընձեռում է:
-Երևանի քաղաքապետի ընտրություններից առաջ իշխանությունները պարզապես վախեցած են: Նրանք չեն ցանկանում որևէ քայլ անել, որով կհզորանա ընդդիմությունը: Նրանք անազնիվ խաղ են խաղում և փորձում են այս ընտրություններն անցկացնել մեր քաղաքական թիմի ամենահզոր մարդկանց պատանդ պահելով: Նրանք հավասար մրցակցության ունակ չեն: Նրանք ո՛չ բարոյական, ո՛չ քաղաքական առումով հավասար պայքարի ունակ չեն, հավասար մրցակցությունից սարսափած են, քանի որ գիտեն` որևէ շանս պարզապես չունեն:
Զրուցեց Արման ԹՈՒՄԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 2727

Մեկնաբանություններ