Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՐՈՂ Է ՉՎԱՎԵՐԱՑՆԵԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԲԱՅՑ Ո՛Չ ՀԱՅԵՐԻՆ ԼԱՎՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

«ԹՈՒՐՔԻԱՆ ԿԱՐՈՂ Է ՉՎԱՎԵՐԱՑՆԵԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԲԱՅՑ Ո՛Չ ՀԱՅԵՐԻՆ ԼԱՎՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
06.11.2009 | 00:00

Հայ-թուրքական արձանագրությունների և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացների փոխկապակցվածությունը և այդ համատեքստում հնարավոր զարգացումները մեկնաբանում է ԱԺ պատգամավոր, քաղաքագիտության դոկտոր ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ։
-Պարոն Թորոսյան, ինչպես հայտնի է, հայ-թուրքական արձանագրությունները Ցյուրիխում ստորագրվեցին բավականին մեծ դժվարությամբ։ Կային պնդումներ, թե Թուրքիայի արտգործնախարարն իր հայտարարության մեջ հղումներ է ցանկացել անել ղարաբաղյան հարցի լուծմանը, սակայն կարծիքներ են շրջանառվում, որ իրական նպատակը եղել է ցեղասպանության խնդիրը հայ-թուրքական սահմանի բացմանը կապելը։ Ո՞րն է, ըստ Ձեզ, համապատասխանում իրականությանը։
-Կարծում եմ, վերլուծությունների համար պետք է հենվել ոչ թե ենթադրությունների վրա, այլ այն հայտարարությունների, որոնք անում են բանակցությունների մասնակիցները։ Պաշտոնական Երևանը պնդում է, թե Դավուդօղլուն իր հայտարարության մեջ Ցյուրիխում ցանկանում էր ամրագրել, որ արձանագրությունները կսկսեն գործել, երբ հայկական ուժերը դուրս կբերվեն ԼՂՀ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներից։
-Քանի որ ստորագրումից հետո հայտարարություններ, առհասարակ, չեղան, կարո՞ղ ենք արձանագրել, որ Հայաստանը կարողացավ թույլ չտալ, որպեսզի Ղարաբաղի հետ կապված նախապայման առաջադրվի։
-Նախ` պետք է նշել, որ թեև ռուս-վրացական պատերազմից հետո էապես մեծացել է Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն ու մեր երկրին առնչվող գործընթացների կարևորությունը տարածաշրջանում, դրանով իսկ աննախադեպ բարենպաստ պայմաններ են ստեղծվել մեզ համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների լուծման համար, սակայն Հայաստանի իշխանությունները ոչ միայն չեն կարողանում դա օգտագործել, այլև մակերեսային մոտեցումների, անհրաժեշտ գիտելիքների ու սկզբունքների բացակայության պատճառով մենք այսօր ունենք լուրջ կորուստներ ու սպառնալիքներ: Այն, ինչ տեղի ունեցավ Ցյուրիխում, լավագույնս ցույց տվեց սկզբունքների բացակայությունը։ Այն, ինչ ցանկանում էր ասել Դավուդօղլուն Ցյուրիխում, մի քանի ժամ հետո հայտարարեց Էրդողանն Անկարայում. «Արձանագրությունները կվավերացվեն միայն այն բանից հետո, երբ հայկական զինված ուժերը դուրս բերվեն գրավյալ տարածքներից»։ Հայաստանի արձագանքն ավելի քան տարօրինակ էր. Սերժ Սարգսյանը, չգիտես ինչու, ստանձնեց այդ հայտարարությունը մեկնաբանողի առաքելությունը, պնդելով, թե դա Ադրբեջանի համար էր ասված։ Միջազգային պրակտիկայում ընդունված չէ, որ մի երկրի ղեկավարը մյուսի հայտարարությունը մեկնաբանի, այն էլ` մեղմացնելու նպատակով։ Էրդողանի հայտարարության տրամաբանական արձագանքը կարող էր լինել միայն մեկը. քանի որ Թուրքիան արձանագրություններին հակասող հայտարարություն է անում, Հայաստանի նախագահը չի մեկնի Բուրսա, և գործընթացը կարող է շարունակվել միայն այն բանից հետո, երբ Էրդողանի հայտարարությունը կհերքվի։ Մինչդեռ ստացվեց, որ Հայաստանը երեք ժամից ավելի ձգձգեց ստորագրման արարողությունը մի հայտարարության կապակցությամբ, որին չարձագանքեց, երբ այն հնչեցրեց Թուրքիայի թիվ մեկ քաղաքական դեմքը:
-Սակայն Հայաստանը վերջին շրջանում բավականին կոշտ է սկսել արձագանքել թուրքական կողմի արդեն բազմիցս կրկնված հղումներին` Ղարաբաղի և ցեղասպանության ճանաչման խնդրի առնչությամբ։ Նախագահը վերջերս նշեց, որ այդ խնդիրները որևէ կապ չունեն հայ-թուրքական գործընթացն առաջ մղելու հետ, իսկ արտգործնախարարը, փաստորեն, մեղադրեց թուրքական կողմին ոչ կառուցողական դիրքորոշում ցուցաբերելու մեջ։ Եվ, առհասարակ, վերջին 2-3 շաբաթում տպավորություն է ստեղծվում, որ երկու կողմերն էլ ուզում են հրաժարվել ձեռք բերված պայմանավորվածություններից, բայց աշխատում են, որ առաջինը դա անի հակառակ կողմը։
-Եթե պաշտոնական Երևանը չէր ուզում ստորագրել այդ փաստաթղթերը, դրա համար ավելի քան բավարար հիմքեր կային։ Այդ փաստաթղթերի բովանդակությունը բազմիցս մեկնաբանվել է, և փաստ է, որ այն կապ չունի դիվանագիտական հարաբերությունների հաստատման փաստաթղթերի ընդունված ձևաչափի հետ։ Հայաստանը, փաստորեն, կատարում է այն երեք նախապայմանները, որոնք Անկարան ներկայացրել էր տասնվեց տարի առաջ։ Հայկական կողմը, որը մասնակցել է այդ փաստաթղթերի մշակմանը, չի ունեցել անհրաժեշտ գիտելիքներ և փորձ: Ավելին, որքան էլ ամոթալի է, Հայաստանի արտգործնախարարությունը երկար ժամանակ չկարողացավ անգամ արձանագրությունների անգլերեն տեքստին համարժեք հայերեն թարգմանություն զետեղել իր պաշտոնական կայքում։ Եթե ոմանց թվում է, թե դրանից հետո հնարավոր է ինչ-որ հայտարարությամբ չեզոքացնել արձանագրություններում տեղ գտած կոպիտ սխալների հետևանքները կամ քողարկել դրանք, ապա չարաչար սխալվում են: Ավելին, հիշեցնեմ, որ երբ օգոստոսի վերջին հանրապետության նախագահը «կոշտ» հայտարարություն արեց Թուրքիայի գործելակերպի վերաբերյալ, հաջորդ օրը հրապարակվեցին նախաստորագրված արձանագրությունները: Որևէ հայտարարություն չի կարող էական նշանակություն ունենալ փաստաթղթերի կողքին:
-Այսինքն, Դուք պնդում եք, որ բոլոր դեպքերում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չի՞ հաջողվելու տարանջատել ղարաբաղյան հիմնախնդրից։
-Իհարկե։ Հայկական կողմի հայտարարություններն այս կապակցությամբ խիստ մակերեսային են։ Հայաստանից դուրս` Թուրքիայում, Եվրոպայում, ԱՄՆ-ում, չեք գտնի որևէ լուրջ փորձագետի, որը ժխտի այդ երկու գործընթացների փոխկապակցվածությունը։ Մի՛ մոռացեք հայ-թուրքական հարաբերություններում առկա երեք հիմնական խնդիրներից մեկը. 1993-ին Թուրքիան Հայաստանի շրջափակումը սկսեց հենց ղարաբաղյան հակամարտության առնչությամբ: Նրանք, ովքեր ծանոթ են մեկ դար առաջ մեր տարածաշրջանում ծավալված իրադարձություններին, գիտեն, որ էապես թուլացած Թուրքիան Արցախ ուղարկեց Նուրի փաշայի գլխավորած զորամիավորումները` Ադրբեջանին ենթարկեցնելու նպատակով: Վերադառնանք մեր օրերին: Մի՞թե դժվար է տեսնել, որ այդ երկու գործընթացները միաժամանակ կտրուկ արագացան` ԱՄՆ-ի նախաձեռնությամբ, երբ օգոստոսյան պատերազմից հետո սրվեց տարածաշրջանում ազդեցության գոտիների վերաբաժանման գործընթացը: Երբ պատերազմից հետո Վրաստանը լիովին անցավ արևմտյան ազդեցության տակ, Միացյալ Նահանգները հնարավորություն ստացավ ամբողջ տարածաշրջանում լիակատար վերահսկողություն սահմանել։ Դրան վերջնականապես հասնելու նպատակով անհրաժեշտ է Հարավային Կովկասի մյուս երկու պետություններից գոնե մեկում` Հայաստանում կամ Ադրբեջանում, իրականացնել «Վրաստան-2» ծրագիրը` ներքաշելով ամերիկյան ազդեցության հարթություն: Ակնհայտ էր, որ նման խնդրի լուծման բարենպաստ պայման է բարդ հիմնախնդիրներին առնչվող գործընթացների ակտիվացումը, ինչպես դա տեղի ունեցավ Վրաստանի դեպքում: Իսկ Հայաստանի և Ադրբեջանի համար այդպիսի խնդիրները երկուսն են` հայ-թուրքական հարաբերությունները և ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։
-Սակայն եթե արձանագրությունները չվավերացնեն Թուրքիայի կամ Հայաստանի խորհրդարանները, այդ գործընթացը կկասեցվի կամ կտապալվի, ու հարկ կլինի ամեն ինչ սկսել զրոյից։
-Եթե անգամ նման բան տեղի ունենա, միևնույն է, ոչինչ զրոյից սկսվել չի կարող, որովհետև կա նախապատմություն։ Հայաստանը հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրման, ստորագրման և հետագա գործընթացում լուրջ վնասներ կրեց, բազմաթիվ խնդիրներ դրեց հարցականի տակ, և այդ ամենն անպայման հետևանք է ունենալու։ Հայաստանի իշխանությունները պնդում են, թե ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը չի տուժի, և պատմաբանների նախատեսված ենթահանձնաժողովն էլ դրա հետ կապ չունի: Կա՞ Հայաստանից դուրս որևէ փորձագետ, որ նման կարծիք ունի: Ավելին, արդեն իսկ ցավալի զարգացումներ կան: Ցեղասպանությունների ուսումնասիրության միջազգային ընկերակցության համահիմնադիր Ռ. Սմիթը Հայաստանի նախագահին ուղղված նամակում տարակուսանք է հայտնում այդ հանձնաժողովի ստեղծման կապակցությամբ: Ըստ նրա, Հայաստանը, համաձայնելով ստեղծել «անաչառ, գիտական ուսումնասիրություններ» իրականացնելուն կոչված նման ենթահանձնաժողով, կասկածի տակ է դնում այն օտարերկրացի մասնագետների աշխատանքը, ովքեր տասնամյակներ շարունակ զբաղվել են Հայոց ցեղասպանության ուսումնասիրությամբ և եկել միանշանակ եզրահանգման, որ 1894-1923 թվականներին հայերի նկատմամբ կատարվել է ցեղասպանություն: Սմիթը նման մոտեցումը վիրավորական է համարում այդ մասնագետների համար։ Իր տարակուսանքն է հայտնել նաև նույն ընկերակցության լեհ փորձագետը: Ինչ վերաբերում է արձանագրությունները չվավերացնելուն, ապա չեմ կարծում, որ Հայաստանի իշխանություններն այդքան վճռականություն կունենան։
-Իսկ Թուրքիան կարո՞ղ է դիմել այդ քայլին։
-Ցավալի ու զավեշտալի իրավիճակ է ստեղծվել, բայց իրականությունն այն է, որ մեր երկրի ու ժողովրդի համար չափազանց կարևոր նշանակություն ունեցող արձանագրությունների հետագա անբարենպաստ ազդեցության բացառման հույսը շատերը կապում են Թուրքիայի հետ։ Թուրքիան ակնհայտորեն ձգձգում է արձանագրությունների վավերացումը, կարող է նույնիսկ չվավերացնել, բայց, անշուշտ, ոչ հայերին լավություն անելու համար։ Պարզապես ախորժակն ուտելիս է բացվում: Իրենք տեսան, որ կարողացան հեշտությամբ ստանալ այն ամենը, ինչ ակնկալում էին և հիմա ավելին են ցանկանում։ Իրենց այլևս չի բավարարում, որ մադրիդյան սկզբունքների նախագծով նախատեսվում է «Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքները վերադարձնել Ադրբեջանի ենթակայությանը»։ Նրանք արդեն ուզում են տեսնել արձանագրված փաստը և հետո միայն վավերացնել արձանագրությունները։
-Բայց այդ ձգձգումը կտևի մինչև հաջորդ տարվա ապրիլի 24-ը, և երբ ԱՄՆ-ում կրկին քաղաքական օրակարգի հարց կդառնա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, Թուրքիան հարկադրված կլինի սահմանը բացել։ Արդեն իսկ ԱՄՆ-ի Սենատում բանաձևի նախագիծ կա։
-Չեմ կարծում, որ ԱՄՆ-ն այդ ուղղությամբ որևէ իրական քայլ կանի։ Մեկ տարի առաջ էլ շրջանառության մեջ էր նման մի բանաձև: Ավելին, հաշվի առնելով Օբամայի նախկին հայտարարությունները, ոմանք սպասում էին, որ ընտրությունից հետո` ապրիլի 24-ի ուղերձում, նա կկատարի ամերիկահայությանը տված իր խոստումը։ Բայց պարզ դարձավ, որ Օբաման խաղում էր նույն հաջողությամբ, ինչպես նրանից առաջ ԱՄՆ-ի մյուս նախագահները։ ԱՄՆ-ը միշտ գործել է սառնասրտորեն, ընտրելով միայն իր շահերից բխող պարզ ու ցինիկ քայլեր։ Նույնը կլինի նաև եկող տարվա ապրիլի 24-ից առաջ։ Սենատում ասպարեզ եկած բանաձևի տրամաբանությունն էլ շատ պարզ է։ Բանաձևը, իհարկե, այն ստորագրող սենատորների համար շահավետ է: Նրանք հանդես են գալիս արդարության պաշտպանի թիկնոցով, բայց, անկասկած, ունեն նաև որոշակի նյութական շահեր, ինչպես եղել է տասնամյակներ շարունակ։ ԱՄՆ-ի վարչակարգի համար էլ բանաձևը բլիթ է` ուղղված հայկական կողմին ու մտրակ` թուրքական կողմին` երկուսին էլ մղելու արձանագրությունների վավերացման։ Թուրքիային սպառնում է, որ չվավերացնելու դեպքում բանաձևը կընդունվի, Հայաստանին էլ մատնացույց է արվում, թե այս անգամ բանաձևի օգտին ստորագրություններն ավելի շատ են, և եթե արձանագրությունները վավերացվեն, բանաձևը որպես խրախուսանք կարող է ընդունվել։
-Անդրադառնանք Ադրբեջան-Թուրքիա հարաբերություններին։ Ոչ շատ վաղուց պնդում էիք, որ Ադրբեջանն ու Թուրքիան արհեստական խաղ են խաղում, թե իբր իրենց մեջ հակասություններ կան։ Սակայն արձանագրությունների ստորագրումից հետո այդ հակասությունները, կարծես, իրական են դառնում, եթե նկատի ունենանք Ադրբեջանի սպառնալիքները Թուրքիայի հետ տնտեսական գործակցությունը դադարեցնելու, անգամ գազը կտրելու վերաբերյալ։ Հիմա Բաքուն Անկարային ճնշում է, որ Թուրքիան չվավերացնի՞ արձանագրությունները, թե՞ Թուրքիայի համար Հայաստանի և միջնորդ պետությունների վրա ճնշում գործադրելու հնարավորություն է ստեղծում։
-Անկասկած, երկրորդը։ Ադրբեջանցիներն ու թուրքերը շատ լավ կարողանում են կեղծել, ցուցադրական հակասություններ բեմադրել ու խաղալ։ Արևելյան ժողովուրդներին բնորոշ այս հատկանիշը նրանք արդյունավետ են օգտագործում։
-Բայց մենք էլ ենք արևելյան ժողովուրդ, ինչո՞ւ մեր դեպքում դա չի գործում։
-Չեմ կարծում, թե մենք արևելյան ժողովուրդ ենք։ Մեկ այլ առիթով կարելի է խոսել Հայաստանի քաղաքակրթական տեղի մասին։ Իսկ ադրբեջանցիներն ու թուրքերը հաճախ և հաջողությամբ կիրառում են իրենց բնորոշ այդ հատկանիշը։ Ես բնավ չեմ պնդում, թե բոլոր ադրբեջանցիները բոլոր թուրքերի հետ հատուկ պայմանավորվել են։ Դրա կարիքն էլ չկա։ Ընդհակառակը, հավաստի տպավորություն ստեղծելու համար անհրաժեշտ է, որ մեծամասնությունը հավատա, թե հակասություններ կան, իսկ մնացյալը պայմանավորվածություններ ձևավորած վերնախավերը տարբեր ազդակների միջոցով կարող են կառավարել։
-Այդ դեպքում ինչո՞վ եք բացատրում, որ Ռուսաստանը մասնակցում է այս ողջ գործընթացին, մտավախություն չունի՞, որ թուրք-ադրբեջանական խաղն իր դեմ շուռ կգա։
-Առաջին հայացքից իսկապես թվում է, որ այս գործընթացը Ռուսաստանի շահերից չի բխում։ Բայց դա այն դեպքում, եթե ամերիկացիներն իրենց ծրագիրը հաջողությամբ իրագործեն: Կան հանգամանքներ, որոնց պատճառով ռուսներին այս խաղը դեռևս շատ չի մտահոգում։ Ավելին, գործընթացը երկու հիմնախնդիր է շոշափում` հայ-թուրքական հարաբերություններ և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորում, որոնց դեմ Ռուսաստանը պաշտոնապես չի կարող դեմ հանդես գալ։ Առավել ևս, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն է:
-Սակայն կարող էր ստվերային ճանապարհով խոչընդոտել, ինչը չարեց։
-Ռուսաստանը որևէ խնդիր չունի Հայաստանի հետ, Ադրբեջանի հետ վերջին մեկ տարվա ընթացքում հարաբերություններն էապես բարելավվել են, Թուրքիայի հետ էլ այս ընթացքում աննախադեպ ակտիվություն է արձանագրվել։ Մոսկվայում, թերևս, համարում են, որ այդ ամենն օգտագործելով ինչ-որ պահից գործընթացը հնարավոր կլինի շուռ տալ Ռուսաստանի համար շահավետ ուղղությամբ։
-ՈՒզում եք ասել` Ռուսաստանը կփորձի գործընթացի լոկոմոտիվը լինելու նախաձեռնությունը կրկին խլե՞լ ԱՄՆ-ից, ինչպես ոչ շատ վաղուց վարվեց Վաշինգտոնը։
-Այո՛։ Մայնդորֆյան հռչակագրի ստորագրումից հետո տպավորություն էր ստեղծվում, թե Ռուսաստանը տիրել է նախաձեռնությանը, հատկապես օգոստոսին, երբ Թուրքիան առաջ քաշեց կովկասյան անվտանգության ու համագործակցության պլատֆորմի գաղափարը։ Այն, առանց Վաշինգտոնի հետ համաձայնեցնելու, առաջինը Մոսկվայում սկսեց քննարկվել, որպես հիմնական մոտեցում արձանագրելով այն դրույթը, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները, այսինքն` առանց ԱՄՆ-ի մասնակցության։ Հետո, իհարկե, ամերիկացիները խլեցին նախաձեռնությունը, հրապարակեցին մադրիդյան սկզբունքների նախագիծը, հիմնական դերակատարություն ստանձնեցին հայ-թուրքական հարաբերություններում։ Բայց, ինչպես ռուսներն են ասում, դեռ երեկո չէ։
-Սակայն Վրաստանի դեպքում Ռուսաստանը զիջեց։
-ԽՍՀՄ-ի փլուզմանը հետևած առաջին տասը տարիներին ԱՄՆ-ին թվում էր, թե հետխորհրդային պետություններն անխուսափելիորեն և առանց խոչընդոտների գնալու են դեպի Արևմուտք, ու դրա համար նույնիսկ կարիք չկա լուրջ ներդրումներ անելու։ Բայց կյանքը ցույց տվեց, որ դա սխալ հաշվարկ էր, և ԱՄՆ-ը կորցրեց հետխորհրդային տարածքն իր ազդեցության տակ վերցնելու, թերևս, լավագույն հնարավորությունը, երբ Ռուսաստանը շատ թույլ էր ու չէր կարող լրջորեն հակազդել։ Հիմա իրավիճակն այլ է: Ճիշտ է, Վրաստանում ծրագիրը հաջողվեց, սակայն ԱՄՆ-ի համար շատ ավելի դժվար է լինելու Հարավային Կովկասում «Վրաստան-2» իրագործելը։
-Վերադառնանք հայ-թուրքական արձանագրություններին։ Ո՞ր դեպքում դրանք կարող են առհասարակ չվավերացվել։
-Ինչպես ասացի` Հայաստանի մասով չեմ կարծում, թե որևէ դիմադրություն կլինի։ Թուրքիայում, այո՛, պրոբլեմներ կան։ Թուրքիան շատ մեծ ջանքեր պիտի գործադրի հաղթահարելու համար և՛ իր ագահությունը, և՛ ստորագրումից հետո իր իսկ հայտարարությունների պատճառով ստեղծված քաղաքական ֆոնը, որ կարողանա փաստաթղթերը վավերացնել։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1492

Մեկնաբանություններ