Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Օբամայի քաղաքականությունը չի լինելու Քլինթոնի ուղեգծի կրկնությունը

Օբամայի քաղաքականությունը չի լինելու Քլինթոնի ուղեգծի կրկնությունը
23.01.2009 | 00:00

ՍՊԱՍՄԱՆ ՄԵՋ
Ներկայիս միջազգային իրադրության ամենաբնորոշ բաղադրիչը սպասումն է, որն առնչվում է ԱՄՆ-ի նոր նախագահ Բարաք Օբամայի պաշտոնակալությանը։ Ակնհայտ է, որ նոր փուլ է սկսվելու ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ, և, չնայած նոր նախագահի վարչակազմում քլինթոնյան նախկին թիմի բազմաթիվ ներկայացուցիչների առկայությանը, վերլուծական շրջանակների կանխատեսումները, այնուամենայնիվ, միտված են նրան, որ Օբամայի քաղաքականությունը չի լինելու Քլինթոնի ուղեգծի կրկնությունը։ Ամերիկյան հայտնի վերլուծաբան Սթիվեն Քոենը կարծիք էր հայտնել, թե Օբաման լինելու է Քլինթոնի բարեփոխված հրատարակությունը։
Այնուհանդերձ, ակնհայտ է, որ Հարավային Կովկասի պարագայում առաջնային է լինելու այն հանգամանքը, թե հետագայում ինչպես կզարգանան ռուս-ամերիկյան հարաբերությունները։ Ռուս-վրացական պատերազմին եվրոպական միջամտությունը` Սարկոզի-Մեդվեդև պլանի իրագործմամբ, ցույց տվեց, որ Եվրամիությունը որպես միասնական միավոր և նույնիսկ ֆրանս-գերմանական ալյանսն առանձին հավակնություն չունեն կամ չունեն հնարավորություն Հարավային Կովկասում առաջնային դերակատարություն ստանձնելու։ Տարիներ առաջ Գերմանիայի արտգործնախարարը Բունդեստագում պատգամավորների հարցապնդումներին, թե ինչո՞ւ է Գերմանիան բավականին պասիվ Հարավային Կովկասում, ի պատասխան հարկադրաբար բացել էր որոշակի փակագծեր` ասելով. «Ի՞նչ է, դուք ցանկանում եք, որ մենք խցկվենք Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև՞»։ Սա շատ բնորոշ հանգամանք է այն առումով, որ Եվրամիությունն այսօր էլ կարծես պատրաստ չէ առանցքային դերակատարություն և պատասխանատվություն ստանձնելու տարածաշրջանի համար ամբողջությամբ։ Թերևս այս համատեքստում պետք է դիտարկել այն իրողությունը, որ վրաց-օսական և վրաց-աբխազական հակամարտությունների գոտիներում 2008-ի սեպտեմբերից ժամանակավորապես տեղակայված եվրոպական ռազմական դիտորդները տարեվերջին Մոսկվայի պահանջով լքեցին տարածաշրջանը։ Թեպետ, առանձին վերլուծաբանների կարծիքով, այս հարցում ոչ պակաս շահագրգիռ էր և Վաշինգտոնը։
Այսպիսով, հիմնական մրցակցությունը տարածաշրջանի աշխարհաքաղաքական ապագայի համար, այնուհանդերձ, մղվելու է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև։ Մոսկվան այսօր էլ չի թաքցնում իր ակնկալիքները Վաշինգտոնից։ Դրանք բազմաշերտ են, բայց ակնհայտ է, որ առաջին պլանում են 3-4 խնդիր։ Դրանցից առաջինը Արևելյան Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության նորագույն համակարգի տեղակայման հարցն է։ Մոսկվան որոշակի հույսեր է փայփայում, որ նոր նախագահ Բարաք Օբաման, որը հրապարակավ մի անգամ կասկածի տակ էր դրել այդ համակարգի ներդրման արդյունավետությունը, կհրաժարվի Ջորջ Բուշի այս առանցքային ծրագրից, որը Ռուսաստանի վրա ճնշման ազդեցիկ լծակի է վերածվել։ Ամերիկյան վերլուծաբանների կարծիքով, սակայն, Օբաման հակահրթիռային պաշտպանության համակարգի հետ կապված բացասական կարծիք էր հայտնել միայն դրա ծախսատարության, բայց ոչ նպատակահարմարության տեսակետից։ Ըստ այդմ, ռուս-ամերիկյան բանավեճն այս թեմայով, ամենայն հավանականությամբ, շարունակություն կունենա։
Ռուսաստանի համար հաջորդ խնդիրը եղել ու մնում է ԱՄՆ-ի ազդեցության տարածումը կամ ՆԱՏՕ-ի ընդլայնումը ԱՊՀ երկրների «հաշվին»։ Մոսկվան առայսօր ծայրահեղ խանդով է վերաբերվում նախկին ԽՍՀՄ-ի մաս կազմող նորանկախ պետությունների նկատմամբ ամերիկյան հավակնություններին, ինչն ավելի քան ակնհայտ դրսևորվեց ռուս-վրացական հարաբերությունների վերջին մի քանի տարիներին, այսօր էլ` ՈՒկրաինայում։ Ընդհանրապես, կասկած չկա, որ Ռուսաստանը պատրաստ է շատ բան զիջել ԱՄՆ-ին, եթե միայն Վաշինգտոնն ԱՊՀ-ն ճանաչի, այսպես ասած, ռուսական ազդեցության գոտի, կամ գոնե այս դաշտում հաստատվեն փոխադարձ ընդունելի խաղի կանոններ, և ԱՄՆ-ը դադարեցնի Մոսկվային նախկին նահանգներից քայլ առ քայլ դուրս մղելու իր համակարգված ռազմավարությունը։ Սակայն քիչ հավանական է, որ Վաշինգտոնն այս հարցում կարող է վերանայել իր դիրքորոշումները, քանզի, շատերի կարծիքով, Մոսկվան ո՛չ Հարավային Ամերիկայում, ո՛չ Եվրոպայում, ո՛չ էլ Մերձավոր Արևելքում կամ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում այլևս չունի այնպիսի դիրքեր, որոնք կարողանար առևտրի առարկա դարձնել ԱՊՀ-ում իր ազդեցության պահպանման դիմաց։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ին ՆԱՏՕ-ի ընդարձակումը չի հրապուրում առնվազն վերջին մի քանի տարիներին, քանզի դաշինքում Ռուսաստանի դեմ կայացվելիք ցանկացած որոշում ինչ-որ պահի կարող է շրջափակվել Ֆրանսիայի կամ Գերմանիայի ջանքերով, որոնց քաղաքականությունը բոլորովին էլ ամերիկամետ չէ։ Մի շարք հեղինակավոր վերլուծաբանների պնդմամբ, ԱՄՆ-ը խնդիր է դրել ամրապնդվել Սևծովյան ավազանում, ռազմաբազաների ցանց ստեղծել Բուլղարիայում, Ռումինիայում, ՈՒկրաինայում և Վրաստանում։ Դրանով իսկ Վաշինգտոնը մի կողմից` կնվազեցնի Թուրքիայի նշանակությունն ու դերակատարությունն իր ռազմավարության մեջ, մյուս կողմից` հնարավորություն կունենա վերջնականապես ամրապնդվելու Հարավային Կովկասում և Սև ծովի հյուսիսային մասում, ինչը հնարավորություն կտա էապես թուլացնելու Մոսկվայի դիրքերը Սևծովյան-կասպյան տարածաշրջանում և հիմքեր ստեղծելու Կենտրոնական Ասիա հիմնավոր ներթափանցելու համար։ Ամերիկյան որոշ քաղաքագետներ կարծում են, որ նույնիսկ հակահրթիռային պաշտպանության համակարգի հարցում Վաշինգտոնը կարող է դիմել զիջումների` փորձելով մեղմել Մոսկվայի հակազդեցությունը։ Սակայն, նրանց համոզմամբ, նոր նախագահ Բարաք Օբաման և նրա թիմը որևէ զիջում չեն անի Մոսկվային Սևծովյան ավազանում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում։
Հարավային Կովկասի մասով այսօր արդեն փաստ է, որ հարավօսական և աբխազական երկարամյա հակամարտությունների անսպասելի «լուծումով» Վրաստանի քաղաքականության մեջ ավարտվեց Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև հարաբերությունները հավասարակշռելու ժամանակաշրջանը։ Վրաստանը այսուհետ միանշանակ գտնվում է արևմտյան, ավելի շատ, բնականաբար, ամերիկյան ազդեցության դաշտում և, ըստ հավաստի կանխատեսումների, իբրև Սևծովյան պետություն, դառնալու է ԱՄՆ-ի հիմնական հենարանը սևծովյան-կովկասյան տարածաշրջանի վերահսկողությունն ապահովելու առումով։ Համենայն դեպս, ամերիկյան աջակցությունը Վրաստանի գործող իշխանություններին, բոլոր առումներով, այնքան մեծ էր, որ անգամ օգոստոսյան ահռելի ցնցումը չկարողացավ տապալել նախագահ Սաակաշվիլուն, որը, ցածր վարկանիշ ունենալով հանդերձ, իրադրության և աշխարհաքաղաքական ազդեցությունների որոշակի դասավորվածության պայմաններում, նույնիսկ այսօր, պահպանում է իր կառավարման երկրորդ ժամկետը մինչև վերջ նախագահելու շանսերը։ Վրաստանի այս կեցվածքն անխուսափելի ազդեցություն է թողնում Ադրբեջանի և հատկապես Հայաստանի վրա, որոնք, կամա թե ակամա, հարկադրված են ավելի հավասարակշռել իրենց հարաբերությունները Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև։
Շատ հետաքրքիր էր ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզայի վերջին հայտարարությունը, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում մինչև ամառ որևէ ակտիվացում չի արձանագրվի։ Ամերիկյան համանախագահը, ըստ էության, արձանագրեց իրավիճակը, փաստորեն հասկացնելով, որ ամերիկյան քաղաքականության մեջ այս տարածաշրջանի հետ կապված հարաբերական դադարը դեռևս շարունակվելու է։ Այսինքն` սպասողական վիճակ է նաև Վաշինգտոնում, որովհետև, ըստ ամերիկյան փորձագետների, նոր նախագահը մինչև տարվա կեսերը հազիվ հասցնի իրականացնել որոշակի կադրային ռոտացիա, վերջնականապես հստակեցնել իր թիմի կազմը և կարճաժամկետ կամ միջնաժամկետ ծրագրերը, որից հետո ամերիկյան նոր քաղաքականության դրսևորումները տարածաշրջանում առավել ընդգծված կդառնան։ Մինչ այդ, ամենայն հավանականությամբ, որևէ անսպասելի շրջադարձ չի լինի։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում ոչ ոք շահագրգռված չէ տարածաշրջանում նախաձեռնելու մեծ ցնցումներ և շրջադարձեր, մինչև պարզ կդառնան ամերիկյան նոր քաղաքականության առանձնահատկությունները, քանի որ Վաշինգտոնն այսօր, անկախ նրանից, դուր է գալիս դա որևէ մեկին, թե ոչ, տարածաշրջանում գերիշխող կարգավիճակի հավակնող հիմնական ուժն է։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3510

Մեկնաբանություններ