Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Այսօր շատերին հետաքրքրում է հենց հայկական կինոն, ձանձրացել ենք ամերիկյան բլոկբաստերներից»

«Այսօր շատերին հետաքրքրում է հենց հայկական կինոն, ձանձրացել ենք ամերիկյան բլոկբաստերներից»
08.09.2009 | 00:00

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԵՐԻ ՆՈՐ ՀԱՎԱՔԱԾՈՒ
Angry ստուդիան (հիմնել է 2008-ին) հանդես է գալիս միաժամանակ երեք նախագծերով` ներկայացնելով դրանք մեկ ընդհանուր անվան տակ` cinematic: Հունիսի մեկին բացվել է cinematic.am կայքը, ուր ներկայացվում են հայկական և համաշխարհային ֆիլմերի վերջին նորությունները: Շուտով «Արարատ» մշակութային հեռուստաալիքով կհեռարձակվի «Cinematic» հեռուստահաղորդումը, ուր կներկայացվեն հետխորհրդային շրջանի, ինչպես նաև երիտասարդ կինոռեժիսորների աշխատանքները: Հաղորդման ընթացքում կներկայացվի զրույց ֆիլմի ռեժիսորի, ստեղծագործական խմբի հետ, կինոքննադատներ չեն հրավիրվի, գնահատականը, նախագծի կազմակերպիչների խոսքով, պետք է թողնել հանդիսատեսի դատին: Եվ վերջապես, ստեղծվում է տարբեր ժանրերի 10-ից 30 րոպե տևողությամբ կարճամետրաժ ֆիլմերի հավաքածու, որոնց մեծ մասը դեբյուտային է:
-Ստուդիան ապահովում է տեխնիկական միջոցները, կինոմասնագետներին (օպերատոր, հնչյունային ռեժիսոր և այլն), որպեսզի ֆիլմը լինի պրոֆեսիոնալ մակարդակով: Երիտասարդ ռեժիսորներին մնում է իրականացնել իրենց ստեղծագործական աշխատանքը,-ասում է Angry ստուդիայի հիմնադիր տնօրեն, երիտասարդ կինոռեժիսոր ՎԱՀԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ:- Նախագծի մասին վաղուց էի մտածում և արդեն 2008-ին ես և Անդրանիկ Մուրադխանյանը (ստուդիայի գործադիր տնօրեն) հիմնադրեցինք Angri ստուդիան: Սկզբում զբաղվում էինք եվրոպական ֆիլմերը Հայաստան ներմուծելով, որից հետո որոշեցինք երիտասարդական ֆիլմերի նախագիծ իրականացնել: Ի դեպ, կարճամետրաժ ֆիլմերը նովելային չեն, առանձին ֆիլմեր են` իրար հետ կապ չունեցող, պարզապես ընդգրկված մեկ ընդհանուր հավաքածուի մեջ:
- Կա՞ որոշակի տարիքային սահմանափակում, և ի՞նչ չափանիշներով են ընտրվում առաջարկված նախագծերը:
- Տարիքային որոշակի սահմանափակում չկա, պարզապես նախագիծը երիտասարդական է, բնական է, որ փորձառու ռեժիսորը մասնակցելու առաջարկ չի անի: Ասեմ, որ նախագիծը շարունակական է լինելու, մենք անընդհատ ընդունելու ենք սցենարներ: Բայց քանի որ սա առաջինն է, այցելել ենք թատերական ինստիտուտ, հայտարարել նախագծի մասին: Հետաքրքիրն այն է, որ թատերական ինստիտուտից քչերն են մասնակցելու ցանկություն հայտնել: Բավականին ակտիվ են մանկավարժական համալսարանի մշակույթի բաժնի ուսանողները: Ինչ վերաբերում է ընտրությանը, չենք կարևորում միայն մասնագիտական ուղղվածությունը, որովհետև շուկայում շատերը չունեն համապատասխան կրթություն, բայց ունեն ցանկություն և որոշակի ծրագրեր: Ներկայացված նախագիծը նայում ենք ես և գործադիր պրոդյուսերը: ՈՒնենք նաև, այսպես ասած, գեղարվեստական խորհուրդ` կինոյի ոլորտի տարբեր մասնագետներ, միասին փորձում ենք կատարել ճիշտ ընտրություն:
-Նրանք նո՞ւյնպես երիտասարդ են:
-Երկուսը երիտասարդ են, կան ավելի տարիքով, կայացած արվեստագետներ:
- Ե՞րբ են ավարտվելու աշխատանքները:
- Սեպտեմբերի վերջին հավաքածուն պատրաստ կլինի, բայց հանրությանը կներկայացվի մի փոքր ավելի ուշ` որակական կորուստ չտալու համար: Սկզբում մի քանի ցուցադրումներ կլինեն «Մոսկվա» կինոթատրոնում, որից հետո կթողարկվեն DVD տարբերակներով: Հանրությանը մատչելի դարձնելու համար սահմանել ենք ցածր գներ, միջինը` 1500 դրամ: Այն դեպքում, երբ Հայաստանում լիցենզավորված ապրանքի արժեքը տատանվում է 2500-ից 4000-ի սահմաններում: Այսինքն, ծրագիրը ոչ թե կոմերցիոն, այլ ավելի շատ տեղեկատվական նպատակ ունի: Նորաստեղծ ֆիլմերը հեռուստատեսությամբ կցուցադրվեն ավելի ուշ:
-Դատելով նախագծի արձագանքներից, cinematic կայքի գրանցվողների թվից, ի՞նչ եք կարծում` կինոսիրողները շա՞տ են մեզանում:
-Կայքը նորաբաց է, անդամները թվով մոտ քսանն են, բայց օր օրի ավելանում է նրանց թիվը: Առհասարակ, գիտեմ, որ այսօր շատերին հետաքրքրում է հենց հայկական կինոն, ձանձրացել ենք ամերիկյան բլոկբաստերներից: Վերջին տարիներին էկրան բարձրացած հայկական գրեթե բոլոր ֆիլմերն էլ (անկախ քննադատություններից և այլն) հետաքրքրության են արժանացել:
-Ինչո՞ւ Angry:
-Հայերեն թարգմանությամբ angry նշանակում է բարկացած, ջղայնացած: Երկու գործոն կա այստեղ. որպես բրենդային անուն այն բավականին լավն է (հակառակ դեպքում չէիք հարցնի` ինչո՞ւ angry): Իմաստային առումով խոսքը կառուցողական ջղայնությանն է վերաբերում, ինչի մասին նաև Պարույր Սևակն է ասում իր հայտնի «Գժվում եմ» բանաստեղծության մեջ: Բայց չար բան չկա դրանում, մեր լոգոտիպն էլ դա է վկայում, ուր angry բառի տառերից յուրաքանչյուրն աչքեր ունի` մուլտային և ծիծաղելի:
- Angry ստուդիան բացահայտե՞լ է, ասենք, շատ տաղանդավոր, հետաքրքիր երիտասարդ արվեստագետի:
-Առայժմ ոչ, բայց համոզված եմ, որ դեռ կլինեն բացահայտումներ:
-Ի՞նչ առանձնահատկություններ ունի կարճամետրաժ ֆիլմը:
-Ժամանակի սահմանափակումը. պետք է սեղմ ձևաչափում ասվի ամեն ինչ, այդ դեպքում իմաստային ավելի մեծ խորություն ես ներդնում:
-Այսօր ստեղծվող հայկական ֆիլմերի մասին ի՞նչ կարծիք ունեք:
- Ես մեծ հետաքրքրությամբ եմ դիտում նոր ստեղծվող ֆիլմերը, ի դեպ, ոչ թե մասնագիտական աչքով, այլ որպես հանդիսատես: Ինձ հուզում է միայն այն, որ դրանք շատ քիչ են արտադրվում, տարին` մեկ-երկու ֆիլմ:
-Ըստ Ձեզ` դա կապված է ֆինանսների՞ հետ, թե՞ նաև մանագետների, երևակայության պակասի:
-Թե՛ մեկի, թե՛ մյուսի: Հայաստանում պետք է ձևավորել կինոարտադրություն, ինչի համար գումարներ են պետք, բայց, միևնույն ժամանակ, կարծում եմ, եթե ձևավորվի կինոարտադրություն, ժամանակի ընթացքում այդ հարցերն էլ կլուծվեն: Պարտադիր չէ մեծ բյուջեով, ամերիկյան բլոկբաստերային ինչ-որ բան նկարահանել: Կարելի է առայժմ որակով արտադրանք ստեղծել մեր թեմաների շրջանակներում:
-Նոր սերնդին հետաքրքրու՞մ են հին, խորհրդային բարի ժամանակների ֆիլմերը:
-Մասնագիտական առումով պետք է տեղեկացված լինես, բայց կոնկրետ ես որոշ ֆիլմեր եմ նայել և ոչ մեծ հետաքրքրությամբ: Ես ժամանակակից եվրոպական ֆիլմերի երկրպագու եմ` գերմանական, ֆրանսիական:
-Իսկ ժամանակակից հայ կինոռեժիսորներից ո՞ւմ աշխատանքները կառանձնացնեիք:
-Էդգար Բաղդասարյանի «Մարիամ» և «Սուրբ ծեսերի երկիրը» ֆիլմերը, հատկապես` առաջինը:
-Կինոն պե՞տք է ազգային տարրեր ունենա:
-Կուզենայի երկու տիպի ֆիլմեր տեսնել` և՛ ազգային, և՛ գլոբալ թեմաներ շոշափող: Լավ կլինի ազգային հետաքրքիր տարրեր ֆիլմերում մշտապես կիրառել: Բայց, օրինակ, խորհրդային շրջանի հայկական ֆիլմերում հայի կերպարը, չգիտես ինչու, գրեթե միշտ գյուղացու տեսքով է ներկայացվում, ինչն ինձ դուր չի գալիս: Իրականության տարբեր կողմերը պետք է շոշափել: Ժանրը, թեմաները պետք է բազմազան լինեն, որ սպառողը հնարավորություն ունենա ընտրելու: Բայց քանի դեռ մեզ մոտ տարեկան երեք ֆիլմ է նկարահանվում, այդ մասին վաղ է խոսելը:
-Ո՞ր թեմաներն են այսօր, ըստ Ձեզ, ակտուալ:
-Կոնկրետ թեմա չկա, կարևոր չէ` ինչի մասին է, պետք է լինի լավ սյուժե և որակյալ արտադրություն:
-Նոր սցենարների կարիք չունե՞ք, համագործակցո՞ւմ եք ժամանակակից հայ գրողների հետ:
-Մեզ ներկայացված նախագծերը հիմնականում հեղինակային են: Ես, օրինակ, նախագծում ընդգրկված իմ ֆիլմի սցենարը գրել եմ Էդգար Պոյի «Վիլյամ Վիլսն» պատմվածքի մոտիվներով, պարզապես` ավելի հայկականացված: Անկեղծ ասած, չենք հետաքրքրվել ժամանակակից հայ գրողների գործերով: Պատճառներից մեկն էլ այն է, որ դրանք չեն գովազդվում, տեղեկատվության պակաս կա: Բայց հետաքրքիր միտք է, և լավ առաջարկի դեպքում կարելի է համագործակցել: Եթե, իհարկե, չլինի պատմական սցենար, որը մեր ռեսուրսներով հնարավոր չէ իրականացնել:
-Ինչպե՞ս եք ապահովում նախագծի ֆինանսական կողմը:
-Ֆիլմերը, նախ, բավականին փոքր բյուջեով են ընտրված: Մեր գլխավոր գործընկերը մոսկովյան «Հայարթմեդիա» ընկերությունն է, որը որոշակի ֆինանսներ և տեխնիկական միջոցներ է տրամադրում: Ֆինանսական մասը համալրում ենք տեղական գովազդային փաթեթներով:
-Ի՞նչ կասեք Ձեր ստեղծագործական ծրագրերի մասին:
-Նպատակ ունեմ մոտակա տարիներին Ջեկ Լոնդոնի «Զսպաշապիկ» պատմվածքի հիման վրա լիամետրաժ ֆիլմ նկարահանել: Խոսքը մեծ նախագծի մասին է, նկարահանումները պետք է կատարվեն տարբեր երկրներում, դերասանական կազմում ընդգրկված են ոչ միայն հայ դերասաններ, այլև եվրոպական: Սցենարը պատրաստ է: Ֆիլմը մեր օրերում ապրող երիտասարդի մասին է, որն ունի հոգեկան որոշ խնդիրներ և շրջում է իր նախորդ կյանքերի, տարբեր ժամանակների մեջ: Այն ամերիկյան բլոկբաստեր չէ, ավելի շատ հոգեբանական, միստիկ դրամա է: Սցենարի մի քանի հատվածներով կարճամետրաժ ֆիլմ արդեն ստեղծել եմ: Լիամետրաժ ֆիլմի նկարահանումը, կարելի է ասել, իմ այսօրվա ամենամեծ երազանքն է:
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 3393

Մեկնաբանություններ