ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Անցած օրերի լույսն ու ստվերը

Անցած օրերի լույսն ու ստվերը
25.07.2008 | 00:00

ԻՐԱՎԻՃԱԿ
Հանրապետության նախագահն ամփոփեց իր կառավարման առաջին 100 օրվա արդյունքները։ Բնականաբար, այդ շնորհակալ գործին լծվեցին նաև հանրային և ոչ միայն հանրային հեռուստաընկերությունները, և ցավով պետք է արձանագրել, որ ավելի մեծ արջի ծառայություն, քան նախագահի 100 օրն ամփոփող հանրային հեռուստաընկերության հաղորդումն էր, հնարավոր չէր մատուցել։ Հեռուստաէկրանից շեփորվող «առաջընթացը», ըստ էության, նպատակաուղղված էր հեռուստադիտողի մեջ ստեղծելու այնպիսի տպավորություն, թե խորագույն ներքաղաքական ճգնաժամի մեջ հայտնված երկրի բոլոր հիմնական խնդիրները հիշյալ 100 օրվա ընթացքում արդեն լուծված են, և Հայաստանը ժողովրդավարության ու շուկայական տնտեսության մայրուղով այլևս անարգել սլանալու է դեպի պայծառ ապագա։
Ի տարբերություն իրականությունը խիստ գունազարդված ներկայացնելու փորձերին, ինքը՝ Սերժ Սարգսյանը, հայտարարեց, որ, այո՛, կուտակված խնդիրները քիչ չեն, և ինքը պատրաստ է հետևողական քայլերով փոխել իրավիճակը։ Ելույթի ամենակարևոր հատվածը, թերևս, այն էր, որ նոր նախագահն արձանագրեց, թե նախաձեռնված բարեփոխումների գործընթացը մեկանգամյա «մաքուր ձեռքեր» գործողություն չէ և ոչ էլ անվտանգ երթևեկության միամսյակ։ Ելույթին հաջորդած մամուլի ասուլիսում նա վերահաստատեց, որ կառավարման համակարգում անձեռնմխելիների ինստիտուտ գոյություն ունենալ չի կարող, և աշխատանքային գործունեության ընթացքում իրենց չարդարացրած չինովնիկները պաշտոնավարությունը շարունակելու հույսեր կարող են չունենալ։
Սա կարևոր հարցադրում էր այն առումով, որ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Սերժ Սարգսյանի նախաձեռնած բարեփոխումները բոլորովին էլ կառավարման համակարգի ներկայացուցիչների զգալի զանգվածի սրտով չեն։ Տարբեր «կալիբրի» չինովնիկները նեղ շրջանակներում տեղի ունեցող անձնական զրույցներում չեն թաքցնում, թե բարեփոխումներ կոչվածն ընդամենը ժամանակավոր ալիք է՝ կատաղած ժողովրդին հանգստացնելու համար։ Կանցնի որոշ ժամանակ, և ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր։ Այսինքն՝ կաշխատենք այնպես, ինչպես աշխատել ենք, կուտենք այնքան, ինչքան կերել ենք, վերև կփոխանցենք այնքան, ինչքան փոխանցել ենք։ Կառավարման համակարգի գրեթե բոլոր շերտերում մինչ այժմ հիմնականում այս տրամադրություններն են։ Եվ այն, որ գործող նախագահը հայտարարում է բարեփոխումների շարունակականության և այդ հարցում հետևողական լինելու իր մտադրության մասին, կարևոր է թեկուզ կառավարման համակարգը ձգված պահելու տեսանկյունից, որպեսզի չինովնիկական «բեսպրեդելը» չվերականգնվի։
Արմատական ընդդիմության հետ հարաբերությունների առումով գործող նախագահի ասուլիսը լավատեսության ավելի քիչ չափաբաժին էր պարունակում։ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե մտադիր չէ ընդառաջել պահանջատիրական ոճով ներկայացված ընդդիմության ցանկություններին, հասկացնելով, որ մարտի 1-ի իրադարձությունների պատճառով կալանքի տակ հայտնված անձանց միանշանակ համաներում չի լինելու։ Թեպետ միաժամանակ նշեց, որ ովքեր, իր բնորոշմամբ, ծանր հանցագործություններ չեն կատարել և դատարանների կողմից արժանանում են մեղմ վերաբերմունքի, ինքը դա ողջունում է։ Սա նշանակում է, որ ընդդիմության ձերբակալված գործիչներին կալանքից ազատելու գործընթացը չի գնա այն տեմպերով, ինչ ակնկալում է արմատական ընդդիմությունը։ Ինչն ինքնին ենթադրում է, որ, այսպես ասած, մի հարվածով ներքաղաքական ճգնաժամը իշխանություն-ընդդիմություն փոխհամաձայնությունների արդյունքում չի հանգուցալուծվի։ Իշխանությունը որդեգրել է այդ խնդրի լուծման աստիճանական մոտեցում, ամենայն հավանականությամբ, նաև տեսնելու համար, թե ընդդիմությունն իր հերթին ինչ զիջումների է պատրաստ։
Տնտեսական դաշտում և մասնավորապես սփյուռքից Հայաստան ներդրումների իրականացման առումով արձանագրվում են հետաքրքիր տեղաշարժեր։ Եվ, ընդ որում, այդ գործընթացում առկա են ակնհայտ աշխարհաքաղաքական ենթատեքստեր։ Մասնավորապես, Ռուսաստանում գործող առավել ճանաչված հայ գործարարներից երկուսը՝ Սամվել Կարապետյանը և Արա Աբրահամյանը, հայտարարեցին Հայաստանում համապատասխանաբար 200 և 150 միլիոն դոլարի ներդրումներ իրականացնելու մտադրության մասին։ Ավելի վաղ համանման հայտարարությամբ հանդես էր եկել «Տրոյկա դիալոգ» ընկերության նախագահ Ռուբեն Վարդանյանը։ Մյուս կողմից, սակայն, բոլորին հայտնի է, որ հիշյալ գործարարներն անցած տասը տարիների ընթացքում էլ ունեին միջոցներ և Հայաստանում ներդրումներ իրականացնելու որևէ խնդիր չունեին, քանզի միշտ էլ լավ փոխհարաբերություններ են ունեցել իշխանությունների հետ։ Հետևապես, նախագահի կոչին անսալու այս հանկարծակի պատրաստակամությունն ավելի շատ կարող է պայմանավորված լինել ռուսական կառավարող շրջանակների ներազդեցությամբ։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ առնվազն Ռուսաստանում և ԱՄՆ-ում գործող խոշոր հայ գործարարների կամ մեծահարուստների մեծ մասը Հայաստանում ներդրումային որևէ լուրջ ծրագիր իրականացնելուց առաջ հաշվի է առնում իրենց բնակության երկրի իշխանության դիրքորոշումը տվյալ հարցի վերաբերյալ։ Այս համատեքստում կարելի է դիտարկել նաև ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանի հայտարարությունը 50 միլիոն դոլարի ներդրումներ իրականացնելու մասին։
Մի կողմից այս ակտիվությունը, անշուշտ, դրական է, եթե անգամ դրա հիմքում առկա է ռուս-ամերիկյան որոշակի մրցակցությունը։ Կարևոր է, որ Հայաստանը շահի դրա արդյունքում։ Սակայն եթե հայտարարություններն արվում են ավելի շատ հանրությանը հանգստացնելու և ինչ-որ հույսեր ներշնչելու համար, քան իրական մտադրություններից ելնելով, ապա դա էլ կարող է վերածվել իշխանություններին մատուցվող արջի ծառայության։ Որովհետև եթե հրատապ և դինամիկ զարգացումներ չլինեն այս դաշտում, հասարակական հիասթափության ալիքն անխուսափելի է։
Այսպիսով, կարելի է արձանագրել, որ անցած 100 օրերի ընթացքում իշխանությունների քայլերը ներքաղաքական ճգնաժամի լիցքաթափման և հանրային վստահության վերականգնման ուղղությամբ ապահովել են մասնակի արդյունքներ։ Սակայն հասարակության եթե ոչ ծայրահեղ ընդդիմադիր տրամադրություններ ունեցող, ապա բարեփոխումների նկատմամբ առնվազն թերահավատ զանգվածը դեռ գերակշիռ մեծամասնություն է կազմում։ Սա նշանակում է, որ հետագա ժամանակահատվածում հանրային այդ վերաբերմունքը փոխելու համար իշխանությունը շատ ջանքեր, քաղաքական կամք և հետևողականություն պետք է ցուցաբերի՝ անօրինականության մթնոլորտին վարժված քաղաքացուն երկիրն իսկապես բարեփոխելու իր մտադրությունների մեջ համոզելու համար։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 6751

Մեկնաբանություններ