ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Սանկցիաների դրական կողմերը

Սանկցիաների դրական կողմերը
06.07.2024 | 11:01

Իմ նկատմամբ առաջին սանկցիան կիրառվել է 2-րդ դասարանում` դասղեկ, լուսահոգի Մարո Գալստյանի կողմից, ով արմատներով արցախցի էր։

Ասեմ ավելին, երբ տեղափոխվեցի 4-րդ դասարան ու դասղեկս այլևս ընկեր Գալստյանը չէր, նա հոգ էր տարել, որպեսզի սանկցիան շարունակվի մինչև 6-րդ դասարան, որից հետո ես տեղափոխվեցի Ռուսաստան։

Ի՞նչ պատճառով կիրառվեց սանկցիան։

2-րդ դասարանում, երբ պետք էր ոտանավորներ սովորեինք, ամեն անգամ առաջինն ինձ էր ոտքի կանգնեցնում, որպեսզի արտասանեի։

Մի օր հակառակվեցի և պատասխանեցի, որ չեմ սովորել։ Ընկեր Գալստյանը օձիքիցս բռնեց, ասելով` «նամուսդ մեռնի», և տարավ անկյուն, դասագիրքը ձեռքս տվեց ու ասաց. «Մինչև չսովորե՜ս, չպատասխանե՜ս, չե՜ս նստելու»։

Քանի որ, մինչ այդ սովորել էի, 5 րոպե հետո, մի շնչով արտասանեցի, ասաց նստիր` գնահատական չդնելով։

Դրանից հետո, 5 տարի շարունակ, դասատուները «միսս ուտում» էին ընկեր Գալստյանի ջանքերի շնորհիվ, ի դեպ` ֆիզիկայի, հանրահաշվի, երկրաչափության, աշխարհագրության ուսուցիչներն էլ էին արմատներով արցախցիներ։ Իրենք ևս, ընկեր Գալստյանի ոճով՝ գրեթե ամեն դասին, ինձանից դաս էին հարցնում։

Սկզբից ես շատ չարացած էի իրենց բոլորի նկատմամբ, մինչև տեղափոխվեցի Ռուսաստան։

Բայց հետո, երբ տեղափոխվեցի այստեղ՝ 7-րդ դասարան, բացի ռուսերենից, մնացած առարկաները ինձ համար խաղ ու պար էին։

Հիմա իրենց անչափ երախտապարտ եմ։

Այնպե՜ս որ, սանկցիաները դրական կողմեր էլ ունեն։

Օրինակ, եթե Ռուսաստանի դեմ սանկցիաներ չկիրառվեին, շատ ոլորտներ այսպես արագընթաց չէին զարգանա։

ՈՒ դեռ հարց է, սանկցիա կիրառողները Ռուսաստանին վնասու՞մ են, թե՞ օգնում։

Հնարավոր է գա մի ժամանակ, որ Ռուսաստանը երախտապարտ լինի սանկցիաներ կիրառողների նկատմամբ։

Արթուր ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 6497

Մեկնաբանություններ