38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ցավի, ափսոսանքի, հիացմունքի, հպարտության, տխրության և ամոթի իրարամերժ, հակասական զգացումներ

Ցավի, ափսոսանքի, հիացմունքի, հպարտության, տխրության և ամոթի իրարամերժ, հակասական զգացումներ
01.12.2017 | 10:31

Հոկտեմբերյան հեղափոխության 100-րդ հոբելյանին նվիրված իմ հոդվածաշարով արդեն ծանոթացել էինք ԽՍՀՄ վեց առաջնորդների հետ՝ Լենինից մինչև Չեռնենկո, այսինքն, 1917 թվականից մինչև 1985 թվականը (վերջին «առաջնորդ» Միխայիլ Գորբաչովն առանձին թեմա է): Եվ գրել այդ ժամանակահատվածի մասին, առանց հատուկ առանձնացնելու ամենաառանցքային դեմքերից մեկին՝ Անաստաս Հովհաննեսի (Իվանովիչ) Միկոյանին, կլինի անարդար, պատմականորեն սխալ և անընդունելի, հատկապես մեզ՝ հայերիս համար: Վերջին տարիներին Անաստաս Միկոյանի մասին նոր արխիվային նյութեր հրապարակվեցին, որոնք, մեղմ ասած, այնքան էլ նպաստավոր լույսի տակ չեն ներկայացնում Անաստաս Իվանովիչին:
Տողերիս հեղինակը, ձեռնամուխ լինելով այս ոչ այնքան շնորհակալ գործին, պարտավոր էր առավելագույն պատասխանատվություն ցուցաբերել փաստերը ներկայացնելիս, իրադարձությունները նկարագրելիս, լինել ազնիվ և անաչառ , «ոչինչ չավելացնել և ոչինչ չպակասեցնել»: Անաստաս Միկոյանի զարմանալի, զիգզագներով հարուստ կյանքը, այն էլ այդ «կոմիկական» և ողբերգական ժամանակներում, աբսուրդ և շիզոֆրենիկ հասարակարգում, հսկայական ուսանելի նյութ է պարունակում և ուղղակի «դասագիրք» է քաղաքականություն մուտք գործող անձանց համար: Եվ հենց նրան է նվիրված հոդվածաշարի այս հատվածը:

1978 թ. հոկտեմբերյան մի երեկո ես և իմ երկու մոտ ընկերները՝ քաղաքագետ Գագիկ Հարությունյանը և նկարիչ Հայկ Ղանալանյանը, մրգի սեղանի շուրջը զրուցում էինք և աչքի ծայրով հետևում «ԹՐպՎÿ» տեղեկատվական ծրագրին: Եվ հանկարծ ծրագրի վերջում, այո, հենց ամենավերջում, հաղորդավարը կարդում է. «ԽՄԿԿ ԿԿ-ն, ԽՍՀՄ մինիստրների խորհուրդը և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը խոր վշտով հայտնում են, որ երկարատև ծանր հիվանդությունից հետո, կյանքի 83-րդ տարում, վախճանվել է ԽՄԿԿ հնագույն անդամ, միութենական նշանակության անհատական թոշակառու Անաստաս Իվանովիչ Միկոյանը»: Եվ... վերջ: Այլևս ոչ մի խոսք ոչ հանգուցյալի, ոչ հոգեհանգստի, հուղարկավորության, թաղման օրվա ու վայրի մասին: (Հաջորդ օրը «կՐՈՉՊՈ»-ում տպագրված մահախոսականում, որի տակ ստորագրել էին «կոմունիստական կուսակցության և խորհրդային պետության ականավոր գործիչներ» Լ. Բրեժնևը, Ն. Պոդգոռնին, Մ. Սուսլովը և մյուս «ականավորները», Անաստաս Միկոյանը բնորոշվել էր որպես «հայտնի կուսակցական և պետական աշխատող», և դարձյալ ոչ մի տեղեկություն հուղարկավորման ու թաղման մասին)։


Մենք զարմացած ու տարակուսած իրար նայեցինք: Երեքս էլ բավականին լավ կողմնորոշվում էինք պաշտոնական հաղորդագրությունների «բառամթերքի» մեջ և, իհարկե, գիտեինք նաև, որ բրեժնևյան քաղբյուրոյում այնքան էլ անաչառ ու բարյացակամ չեն վերաբերվում Անաստաս Միկոյանին:
Բայց որ վերաբերմունքը կարող է այդ աստիճանի էժանագին դրսևորում ունենալ, ո՛չ իմ, ո՛չ Գագիկի, ո՛չ էլ Հայկի մտքով չէր կարող անցնել: Այդ հաղորդագրությունը «հայտնի աշխատող» Անաստաս Միկոյանի մահվան մասին նշանակում էր, որ ոչ մի խոսք չի կարող լինել պետական «բարձր մակարդակի» հուղարկավորության կամ թաղման մասին՝ Կրեմլի պատի տակ կամ պատի մեջ: Այդպես էլ եղավ. Անաստաս Իվանովիչ Միկոյանին թաղեցին Նովոդևիչիե գերեզմանատան հին, վանքամերձ տարածքում, որտեղ Միկոյանները և Թումանյաններն ունեին իրենց տոհմական փոքրիկ հատվածը (այնտեղ արդեն թաղված էին Միկոյանի կինը, մայրը, եղբայրը, կար 1942 թ. սեպտեմբերի 18-ին օդային մարտում զոհված նրա 18-ամյա որդի Վլադիմիր Միկոյանի հիշատակին նվիրված շատ համեստ հուշակոթողը):

Շուտով մոռացվեց բրեժնևյան քաղբյուրոյի մանրապճեղների ճղճիմ, միայն իրենց նման ոչնչություններին արժանի պահվածքը, և բոլորին, հատկապես ընտանիքի անդամներին, պարզ դարձավ , որ հենց այդպիսի ավանդական թաղումն էր միակ ճիշտ լուծումը (այդ մասին բազմիցս տարբեր առիթներով ասել է Միկոյանի թոռը՝ Ստաս Նամինը), որը և հնարավորություն տվեց Անաստաս Իվանովիչի մեծ գերդաստանին նրա ծննդյան օրը՝ նոյեմբերի 25-ը, դարձնելու միասնական հավաքի և իրենց ննջեցյալների հիշատակի օր: Հետագայում, հենց նույն տեղում, իրենց հավերժական հանգիստը գտան Միկոյանի որդիները՝ Ալեքսեյը, Սերգոն, անցյալ տարի` Վանոն, իսկ այս տարի, իր 95-րդ հոբելյանից ընդամենը երեք ամիս առաջ, նաև Անաստաս Միկոյանի և Աշխեն Թումանյանի առաջնեկը՝ Ստեփանը:

Այնպես էր ստացվել, որ հենց այդ օրերին, ինչ-որ միջոցառման պատճառով, Մոսկվայում էր գտնվում մեր հանրապետության ողջ ղեկավարությունը Կարեն Դեմիրճյանի գլխավորությամբ, և Մոսկվայում հյուրախաղերի էր Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի կոլեկտիվը: Բնականաբար, նրանք, համարյա լրիվ կազմերով, մասնակցեցին հուղարկավորությանը, թաղման, հոգեհացի արարողություններին: Ելույթները ջերմ էին և անկեղծ, բայց, ինչպես իր հիանալի գրքում* գրում է Ստեփան Միկոյանը, սկզբում մի տեսակ տարօրինակ տպավորություն էր. խոսքը հայաստանյան գործչի մասին է, և այն դեպքում, երբ Անաստաս Միկոյանը Հայաստանում երբեք չէր աշխատել, իսկ նրա գործունեությունը Կովկասում նրա հսկայական գործունեության աննշան մասն է միայն:


Եվ հայտնի բևեռախույզ Իվան Պապանինը հատուկ շեշտեց, որ Ա. Միկոյանը խորհրդային ժողովրդի համար է ականավոր գործիչ, այլ ո՛չ միայն հայ ժողովրդի: Իվան Պապանինին հիանալի ձայնակցել է հռչակավոր տենոր Իվան Կոզլովսկին: Այս երկու աշխարհահռչակ դեմքերի ելույթները շատ ջերմ էին ու անկեղծ, բայց այդ օրվա ելույթների «մեխը» եղել է մեր փառապանծ մարշալ Հովհաննես (Իվան) Բաղրամյանի էմոցիոնալ ու ծանրակշիռ խոսքը, որը երկար տարիներ ջերմ, մտերիմ կապեր ուներ Անաստաս ու Արտեմ Միկոյանների հետ:
Բաղրամյանի այդ օրվա ելույթի մասին տարբեր առիթներով ինձ մի քանի անգամ պատմել է միջոցառման մասնակից, իմ անզուգական ընկեր Սոս Սարգսյանը:
Բաղրամյանը եղել է սաստիկ վրդովված բրեժնևյան դատարկագլուխ քաղբյուրոյականների ճղճիմ, էժանագին ու անվայել պահվածքից և մահախոսականի մեջ օգտագործված «հայտնի կուսակցական ու պետական աշխատող» տխմար պիտակավորումից: Եվ երկու անգամ ձեռքը վեր պարզելով, ձայնը բարձրացնելով, տվել է իր ճշմարիտ ու արդար գնահատականը.
-Անաստաս Իվանովիչ Միկոյանը համաշխարհային մասշտաբի քաղաքական գործիչ էր:
«Մեր» կողմից հիշատակի ու հրաժեշտի խոսք ասելու պատվավոր պարտականությունը Կարեն Դեմիրճյանը հանձնարարել էր Սոս Սարգսյանին՝ վստահ լինելով, որ Սոսն իր հիանալի ռուսերենով, մտքերը գրագետ ու գեղեցիկ շարադրելու կարողությամբ, «մեր» ասելիքը կներկայացնի բարձր արժանապատվությամբ և անհրաժեշտ մակարդակով: Սոսի ելույթից անմիջապես առաջ «բանբերը» նրան փոխանցեց Կարեն Սերոբիչի նոր առաջարկը՝ ելույթը սկսել և որոշ ժամանակ շարունակել հայերեն, հետո նոր գեղեցիկ անցում կատարել ռուսերենին:


Սոսի խելացի, շատ տպավորիչ ելույթը եկավ լրացնելու մեր համազգային պատասխան խոսքը բրեժնև-սուսլովյան պանօպտիկում քաղբյուրոյի մարազմատիկներին` որքան ուզում եք, կարող եք վայրահաչել և իջնել «պլինտուսից» էլ ցածր մակարդակի, դա ձեր գործն է, բայց նման անվայել վերաբերմունքով դուք ավելի եք ընդգծում ձեր ապերախտ և ոչուփուչ էությունը: Մենք, անշուշտ, երբեք էլ հիացած չէինք եղել Անաստաս Միկոյանով որպես հայ գործիչ և, մեծ հաշվով, նա երբեք այդպիսին չէր էլ եղել, և բրեժնևյան քաղբյուրոյում երևի լավ գիտեին, որ Միկոյանի թիկունքում հայ ժողովուրդը սարի պես կանգնած չէ, այլապես նրանք չէին համարձակվի նման ճղճիմ վերաբերմունք դրսևորել: Բայց որ ԽՍՀՄ կոչվող երկրին իր մատուցած ծառայություններով նրա հետ չէր կարող համեմատվել բրեժնևյան քաղբյուրոյից որևէ մեկը, պարզից էլ պարզ էր: Այդ ակնհայտ ապերախտությունը, «խոզությունը», զայրացրել էին հայերին: Եվ հենց դա էր պատճառը, որ մենք իրավունք ունեինք «մերը» ասելու ու համոզված էինք, որ ժամանակն է գերագույն դատավորը: Ո՞վ է հիմա հիշում ինչ-որ Պոդգոռնի, Կոզլով, Սուսլով, Կիրիլենկո, Գրոմիկո, Իգնատով, Չեռնենկո ու նմանատիպ այլ բախտախնդիր թյուրիմացությունների, նրանց անվան հետ կապված որևէ բարի գործ, երկրի առաջընթացին նպաստող որևէ իրականացված նախագիծ: Դա դժվար խնդիր է նույնիսկ հետազոտող պատմաբանների համար: Ոնց եղել էին բացարձակ ոչնչություններ, դեգեներատ ռետրոգրադներ, այդպիսին էլ գնացին «էս անցավոր աշխարհքից»: Մինչդեռ Անաստաս Միկոյանի անունը անխզելիորեն կապված է երկրի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի հետ. արտաքին առևտրի կազմակերպում, ժողովրդի կյանքի որակի բարելավմանը էապես նպաստած սննդի ինդուստրիայի ստեղծում ու զարգացում, Հայրենական պատերազմի տարիներին ռազմաճակատի ու թիկունքի մատակարարման ծանրագույն ու պատասխանատու գործի ղեկավարում՝ դրանով իսկ հսկայական ավանդ ունենալով հաղթանակի գործում: Երբևիցե չզբաղեցնելով դիվանագիտական հաստիքային պաշտոն, հենց Անաստաս Միկոյանին էր հանձնարարվում արտաքին քաղաքականության առավել բարդ, խճճված և նրբանկատություն պահանջող խնդիրների լուծումը (հիշենք թեկուզ Կարիբյան-Կուբայական ճգնաժամը)։ Նա Խրուշչովի առաջին զինակիցն էր ստալինյան ոճրագործությունների մերկացման գործում։ Հենց Միկոյանն էր զանգվածային տեռորի անթիվ-անհամար անմեղ զոհերի արդարացման գործի նախաձեռնողը։ Նա համոզված կողմնակիցն էր երկիրը դեմոկրատական ուղիով զարգացնելու և ավելի բաց ու ազատ հասարակություն ունենալու: Եվ բոլոր այս գործերում նա իրեն կարողացել է դրսևորել որպես խելացի, եռանդուն, բանիմաց կազմակերպիչ:

Չէի ուզի, որ իմ հարգելի ընթերցողի մեջ ստեղծվեր այն տպավորությունը, թե ես հակված եմ «ներբողներ» ձոնելու Անաստաս Միկոյանին: Այդ զարմանալի մարդու զարմանալի կյանքն ու կենսագրությունը իմ մեջ միշտ ցավի, ափսոսանքի, հիացմունքի, հպարտության, տխրության և ամոթի իրարամերժ, հակասական զգացումներ են առաջացրել: Այդ ժամանակ ո՛չ մեզ, ո՛չ էլ հանրությանը հայտնի չէին 1918-1923 թթ. Միկոյանի գործունեության մանրամասները, նրա նողկալի հակահայկական դիրքորոշումը Արևմտյան Հայաստանի, Ղարաբաղի, Նախիջևանի, Զանգեզուրի հարցում: Լենին-Մունդռիկի «գաղափարներին» նրա նվիրվելու փաստը, անշուշտ, ցավալի, ես կասեի, նույնիսկ ողբերգական իրողություն է, առավել ևս բոլոր այն դրսևորումներում, երբ «ավելի կաթոլիկ ես դառնում, քան Հռոմի պապը»: Ըստ երևույթին, փոքր չէր նաև «դեպի արևը գնացող խելագարված ամբոխների» առաջին շարքերում լինելու գայթակղությունը: Չեմ հիշում, թե ԱՄՆ-ի նախագահներից ով էր ասել, որ կոմունիստ են դառնում նրանք, ովքեր կարդացել են Մարքս, Էնգելս, Լենին, իսկ հակակոմունիստ՝ նրանք, ովքեր հասկացել են այդ Մարքսին, Էնգելսին, Լենինին: Անաստասը պատկանում էր առաջին խմբին և ցավալին, իսկ հենց Անաստաս Միկոյանի դեպքում ավելի շատ զարմանալին, այն է, որ նա այդպես էլ չազատվեց այդ հոգեխախտ մոլագար Լենին-Մունդռիկի «կախարդանքից», երբ արդեն համարյա բոլորին պարզ էր, որ հսկայական երկրի գլխին այդ հակամարդու սարքած էքսպերիմենտը ոչ թե «սոցիալիստական մեծ հեղափոխություն» է, այլ կատարյալ համազգային աղետ՝ իր տասնյակ ու տասնյակ միլիոնավոր զոհերով, բնակչության բոլոր էլիտար խավերի ոչնչացումով, կուլակաթափությամբ, կազակաթափությամբ, «չՏսՏՊՏՎՏՐ»-ներով պարտադրված կոլեկտիվացումով, ժողովրդի ողնաշարը կոտրելով՝ աշխատող գյուղացիության փաստացի վերացումով, ճորտատիրական կարգերի հաստատումով, ամբողջ երկիրը համակենտրոնացման ճամբարի վերածելով, 11 միլիոնի հասնող լրտես-գործակալների ցանցով, ազատ խոսքի նույնիսկ նշույլի բացակայությամբ:


Անաստաս Միկոյանը իր բնատուր խելքով, մտավոր-վերլուծական բացառիկ կարողություններով պետք է որ կարողանար շատ արագ կողմնորոշվել իրադարձությունների զարգացման ընթացքում, Ստալին-Տրոցկի կատաղի հակամարտության բավիղներում, որտեղ նա Ստալինի կողմնակիցների թվում էր և, հայտնվելով խառնակ ժամանակների այդ հորձանուտում, նա, ինչպես ասում են, թեև քիթ մաքրելու ժամանակ չուներ, բայց պետք է որ կարողանար ազատվել այդ հիպնոսից, ուղեղային այդ մորմոքից և վերադառնալ առողջ բանականության գիրկը: Եվ, ինչպես շատերը այդ տարիներին, նա հակված էր բազմազգ խորհրդային ժողովրդի դեմ գործած զանգվածային ոճիրների և այլանդակությունների գլխավոր մեղավոր ճանաչելու պարանոիկ Ջուղաշվիլի-Կոբա-Պախանին, այլ ոչ թե խելացնոր, հակամարդկային գաղափարի իրականացմանը ձեռնամուխ եղած հոգեխախտ ու մոլագար, մարդակեր Լենին-Մունդռիկին, ում «հեղինակած» համակարգում միայն կարող էին ծնվել Ստալին ու Տրոցկի, Կիմ Իր Սեն ու Պոլ Պոտ:
Մունդռիկին հաջորդած «թիֆլիսցի նեղճակատ կինտոյի» երեք տասնամյակ տևած տիրակալության մղձավանջային տարիները չէին կարող իշխանության վերին օղակներում գտնվող որևէ մեկին մեղսակից չդարձնել իրականացվող ոճրագործություններին: Պախանն այդքան միամիտ չէր, որ նման բան թույլ տար: Պատահական չէր, որ գնդակահարման դատապարտվածների ցուցակների տակ, բացի նրա ստորագրությունից, պետք է քաղբյուրոյի ևս 4-5-6 անդամի ստորագրություն լիներ: Բնականաբար, ոչ ոք չէր կարող չստորագրել, քանզի այլընտրանքը իր անձի և սեփական ընտանիքի ոչնչացումն էր: Եվ այդ «դամոկլյան սուրը» մշտապես կախված էր Անաստաս Միկոյանի բազմանդամ ընտանիքի և հարազատների գլխին, ինչի մասին նա ոչ մի րոպե չէր կարող մոռանալ:


Հետստալինյան տարիներին Անաստաս Միկոյանը բազմիցս է անդրադարձել այդ ժամանակների իրենց վարք ու բարքին՝ այն որակելով որպես վախկոտ և սրիկայական: Սակայն երբեք խոսք չի եղել 1918-1923 թթ. իր պահվածքի, արտահայտած մտքերի ու տեսակետների մասին: Եվ ինչքան էլ դա վերագրենք երիտասարդ տարիքին, չենք կարող առանց սոսկումի կարդալ այդ տարիներին երիտասարդ բոլշևիկ Անաստաս Միկոյանի արտահայտած մտքերն ու տեսակետները Հայաստանի, հայ ժողովրդի, նրա ապագայի վերաբերյալ: Նշենք, որ հետագայում այդ մասին լռելը և ոչ մի անգամ չանդրադառնալը, չհիշելը այդքան էլ հեշտ բան չէին, քանզի Ղարաբաղի ժողովուրդը երբեք չդադարեցրեց իր պայքարը ընդդեմ արհեստածին Ադրբեջանի, և բոլորի աչքի առաջ էր Նախիջևանի ողբերգությունը:
(շարունակելի)

*Степан Анастасович МИКОЯН, «Воспоминания военного лётчика-испытателя», Москва. 2002:
Հեղինակը՝ հռչակավոր փորձարկող օդաչու Ստեփան Միկոյանը, լայնորեն հայտնի ու ճանաչված դեմք է ԽՍՀՄ-ի և արտասահմանյան ավիացիոն շրջաններում: Նա անթաքույց, բաց, անկեղծ և, որը շատ կարևոր է, բանիմացորեն, պրոֆեսիոնալ բարձր մակարդակով է պատմում XX դարի 40-ականներից սկսած խորհրդային ավիացիայի, առանձնապես կործանիչ, կայացման մասին:
Նա անկեղծորեն պատմում է նաև ծնողների, իր կրտսեր եղբայրների, պատանեկության տարիների ընկերների, մեր երկրում նախապատերազմյան, պատերազմի և հետպատերազմյան տարիների կյանքի մասին:
Նշանավոր փորձարկող օդաչու Ստեփան Միկոյանն իրեն դրսևորել է որպես փայլուն մեմուարիստ և շատ շռայլ ու հիասքանչ նվեր է մատուցել իր բազմահազար ընթերցողներին:


Ջոն ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 15710

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ