Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Մարոն իր խոհերով անցած ճանապարհի հետ էր

Մարոն իր խոհերով անցած ճանապարհի հետ էր
28.01.2024 | 14:08

Մարոյենց տանն էինք։ Կարծեմ՝ մի ամիս անց նա այլևս չկար։ Երբ դուրս պիտի գայինք, Մարոն ասաց․

«Վարոսյան ջան, երեկվա տեղադրած բանաստեղծությունդ շատ լավն էր»։

Ես զգացի, որ Մարոն իր խոհերով անցած ճանապարհի հետ է: Բնօրրանի կարո՜տ, սե՜ր ու ափսոսա՜նք, որ հեռանալու էր․․․ անդարձ: Աչքերի մեջ փայլում էին զսպված արտասուքները: Ի՞նչ խմորումներ էին ալեկոծում կյանքի կարոտ հոգին՝ ո՞վ իմանար։ Դեռ ի՜նչ գոհարներ պիտի երկներ իր հանդ ու չոլի, իր լեռների ու սարերի, իր համուհոտով աշխարհի մասին։

Այսօր ֆեյսբուքը հիշեցրեց ինձ այդ բանաստեղծությունը, և ես անկարող եղա այն կրկին չտեղադրելու իմ էջում:

ՏԵ՛Ր ԿԱՆԳՆԵՔ, ՄԱՐԴԻ՛Կ, ԱՇԽԱՐՀՍ ՓԼՎԵՑ

Երբ աշխարհ եկա, ինձ համար սերը

Մորս գիրկն էր սուրբ, ժպիտ - մանանան,

Հողից կոշտացած հորս ափերը,

ՈՒ լույս ճառագող տաք շունչը մեր տան:

Երբ աշխարհ եկա, ամեն բան այնքա՜ն,

Հարազատ էր ինձ, ու այնքա՜ն մերը,

Որ աչքիս ծանր հանցանք էր անգամ

Գործած-չգործած «անմեղ» մեղքերս:

ՈՒրի՜շ էր Աստված, ուրի՜շ էր խերը,

Ժպտում էին նույնիսկ ինձ թուփն ու քարը,

Ծանոթ - անծանոթ մերո՜նք էին, մե՜րը,

Ծով մեղքի մեջ էլ սուրբ էր աշխարհը:

Լույսը բացվում էր, ու քնաթաթախ՝

Ամեն ոք գիտեր օրվա իր դերը.

Մերն ի՞նչ էր՝ միայն դաս, դպրոց ու խաղ,

Մեկ էլ մեծերի տված պատվերը:

Տատիս հեքիաթն էր իմ պարզ աշխարհը,

Նրա գրպանում թաքցրած մեյվան,

Այգուց թռցրած մրգի նուբարը,

Մորս պատրաստած հում սերն ու հալվան:

Հարազատ էր ինձ մաղ ծախող բոշան,

ՈՒ մուրացկանի անպատում դարդը,

Իմ աշխարհի մեջ՝ անշու՜ք, աննշմա՜ր,

Միշտ կարևոր էր ու թանկ էր ՄԱՐԴԸ:

Չկար օտարի կամ ուրիշի ցավ.

Ցավն ամենքինն էր, գութն՝ ամենքինը,

Էս ինչպե՞ս աշխարհն առուծախ դարձավ,

Ցածրացավ անգամ թանկ մարդու գինը:

Էժաններն անշուք հանկարծ թանկացան,

Ու աստվածացավ լոկ թուղթը կանաչ,

Գողն ու անգետը դատավոր դարձան,

Անտաղանդները՝ խիստ հանրաճանաչ:

Սերը սեռ դարձավ, զգացմունքը՝ կիրք,

Դատարկվեց հոգին, սիրտն ամայացավ,

Աղարտվեց սիրո հեքիաթն անբասիր,

Երբ պսակն օրհնեց անպսակ մոլլան:

Օ՜, ինչքա՜ն բաներ փոխվեցին մեկից,

Էլ ինչպե՞ս հիմա հավատամ մարդուն,

Երբ ի՛նքս եմ օտար դարձել արդեն ինձ,

Երբ որ գիշերս հսկում է քոռ բուն:

Երբ ազգս քի՜չ-քի՜չ դառնում է մի ցեղ,

Հարազա՜տ-ծանո՜թ ցիրուցան եղան,

Ո՞վ է տարբերում մեղավոր-անմեղ,

Չեն օգնում դարձին «Հայր մեր»-ն ու մեղան:

Տունս դարձել է դատարկ մի ամբար,

Հոգուս ճախրանքը ինձանից խլվեց,

Վարժվել եմ․․․ ներել անխոհեմաբար,

Տե՛ր կանգնեք, մարդի՜կ, աշխարհս փլվե՜ց:

Հասմիկ ՎԱՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3204

Մեկնաբանություններ