Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Իշխանությունը պատրաստվում է ընտրական սցենարներին

Իշխանությունը պատրաստվում է ընտրական սցենարներին
06.07.2024 | 12:26

Հայաստանի գործող իշխանությունները, որոնք կորցրել են իրենց լեգիտիմությունը, մշտապես փորձում են տպավորություն ստեղծել, թե չունեն մտավախություն հանրային աջակցության հարցում և կարող են գնալ նոր ընտրությունների ու հաղթել առանց կեղծիքների։

Այս մասով իրենց ինքնավստահությունն ի ցույց դնելու համար ամիսներ առաջ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն անգամ հայտարարեց, թե 10 ամիսը մեկ պատարստ են գնալ ընտրությունների․ «Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն, կարող ենք 10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթ ընտրությունների՝ հաղթենք, բերենք»,-ասել էր Սիմոնյանը։

Ի հեճուկս Ալեն Սիմոնյանի և իշխանական թիմի մյուս անդամների հայտարարությունների՝ իրականությունը բավական տխուր է իշխանությունների համար։ Հասկանալու համար, որ իշխանությունները լուրջ մտահոգված են հանրային աջակցության բացակայությամբ, պետք չէ անգամ լուրջ սոցիոլոգիական հետազոտություն իրականացնել, պետք է միայն բացել իշխանական վերնախավի ներկայացուցիչների ելույթների ենթատեքստերը։

Փաշինյանի վախերը

«Ժողովրդավարության հայկական ֆորումի» ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին առաջարկ է ներկայացրել՝ հրաժարվել ընտրություններից հետո խորհրդարանում կայուն մեծամասնություն ձևավորելու սահմանադրական պահանջից:

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի՝ կայուն մեծամասնություն գոյություն ունի այն ժամանակ, երբ խորհրդարանական ուժերից մեկը միայնակ հավաքել է ձայների 54 տոկոսը կամ ընտրության արդյունքների հրապարակումից հետո՝ յոթ օրվա ընթացքում, խորհրդարան անցած երեք ուժ ձևավորում են կոալիցիա, որն ունենում է մանդատների 54 տոկոսը։ Այս դրույթը ենթադրում է, որ եթե չի ձևավորվում կայուն մեծամասնություն, ապա պետք է կազմակերպվի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ։ Ըստ Սահամանդրության 89-րդ հոդվածի երրորդ կետի՝ երկրորդ փուլին մասնակցում են ամենաշատ քվե ստացած երկու ուժերը։

Փաշինյանի այս հայտարարությունը նշանակում է մեկ բան՝ իրենք լավ հասկանում են, որ չունեն մեծամասնության աջակցությունը։ Ավելին՝ սա նշանակում է, որ անգամ իրենց սատելիտ ուժերի հետ կոալիցիա կազմելով չեն կարողանալու վերցնել իշխանությունը, ուստի, իրենց պետք է ազատվել Սահմանադրության այն դրույթից, որը խանգարում է պահպանել իշխանությունն ընտրությունների միջոցով։

Ընտրություն, որը վերածվելու է հեղափոխության

Խորհրդարանական առաջիկա ընտրությունները (պետք է ամեն բան անել, որ այն արտահերթ լինի) Փաշինյանի համար մղձավանջ են։ Երևանի ընտրությունները ցույց են տվել, որ ամբողջ պետական, կրիմինալ, գործարար ռեսուրսների օգտագործմամբ անգամ «Քաղաքացիական պայմանագիրը» հազիվ 30 տոկոս ձայն հավաքեց, իսկ քվեարկողների մեծամասնությունը քվեարկեց ՔՊ-ին ընդդիմադիր հանդես եկող ուժերի օգտին։ Այլ բան, որ հետո քաղաքացիները պարզեցին, որ այդ ուժերի մեծ մասը իրենց խափել են ու կեղծ ընդդիմություն են եղել։ Երևանի ընտրությունները կարևոր էին, քանի որ դրանց միջոցով հստակ ցույց տրվեց, որ քաղաքացիների 70 տոկոսը դեմ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

Այստեղ արդարության համար նկատենք, որ նշանակալի դեր ունեցավ «Մայր Հայաստան» դաշինքը, քանի որ իր մասնակցությամբ ընտրություններն ասֆալտի ու դիտահորերի քննարկման տիրույթից խիստ քաղաքականացվեց, ու մարդիկ սկսեցին խոսել անվտանգային ու համապետական խնդիրներից։

Հիմա մի բան հստակ է, որ ամբողջ պետական, կրիմինալ, բիզնես ռեսուրսով 30 տոկոս ստացող «Քաղաքացիական պայմանագիրը» (վստահ եմ՝ Նիկոլի թեկնածությամբ այդ 30 տոկոսը էապես նվազելու է) չի կարողանալու վերցնել իշխանություն։ Փաշինյանը, ըստ ամենայնի, գնալու է ՀՀՇ-ական որակի տոտալ կեղծիքների։ Արտաքին ուժերը (Արևմուտքը) այդ կեղծիքը իրեն ներելու են, քանի որ Փաշինյանը պարտավորություն է ստանձնելու կտրուկ հակառուսական գործողությունների գնալ․ ներկա հայտարարությունները հենց աշխարհաքաղաքական թեքման նախերգանքն են։

Ահա այստեղ է, որ կեղծված ընտրությունները լեգիտիմ հիմք են ստեղծելու ազգային ուժերի համար՝ գնալ մոբիլիզացիայի և իրականացնել հեղափոխություն։

Հ․Գ․ Սա, իհարկե, ընտրական ճանապարհով հնարավոր փոփոխությունների գնալու մասին էր։ Ընտրական սցենարներին, ինչպես տեսանք, պատրաստվում են իշխանությունները, այդ թվում՝ Սահմանադրության հնարավոր փոփոխությամբ։ Ուստի կարևոր է, որ ընդդիմադիր դաշտը ևս իր սցենարներն ունենա։ Ընտրական սցենարների քննարկումը ամենևին չի նշանակում, թե պետք է բացառել կամ չանել հնարավորը, որ Փաշինյանը հեռացվի այլ օրինական ճանապարհներով և շատ ավելի շուտ։

Բորիս Մուրազի

Դիտվել է՝ 5414

Մեկնաբանություններ