ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Դմակավո՞ր», թե՞ «դիմակավոր»

«Դմակավո՞ր», թե՞ «դիմակավոր»
20.06.2020 | 08:14

Երբ մարդը չի գնում դիմակի մոտ, դիմակն է գալիս մարդու մոտ:

Չասեք՝ տեղին չի սրամտությունդ: Լավ էլ տեղին է:


Չարչու կերպ մտած, «հե՜յ, լավ դիմակ, ձրի դիմակ, գովեստով կտամ, բիձեքին կտամ» ասելով փողոցներն ընկնելու փոխարեն, իրեն արքա երևակայող անձը բոլորովին այլ գործառույթ պիտի իրականացներ: Եթե դիմակ կրելն այսօր ազգի լինել-չլինելը պայմանավորող գործոն եք դիտարկում, բարի եղեք էդ դիմակը համակարգված ձևով հասանելի դարձնել յուրաքանչյուրին: Աչքալուսանք եք տալիս, թե՝ սիրելիներս, հպարտներս, խոնարհումի արժանիներս, էսօր-վաղը փողոցներում ապարատներ կդնենք, 60-70- դրամանոց դիմակները հասանելի կլինեն բոլորիդ: Պատկերացնում եք, չէ՞, քանի հազար ապարատ է տեղադրվելու, հետո էլ, երբ դրանց անհրաժեշտությունն այլևս չի լինի, որպես մետաղի ջարդոն՝ 1 տոննան 80 դոլարով, առանց մաքսատուրքի, հանվելու է դուրս՝ պատկառելի մի թիվ էլ ավելացնելով ոմանց հաշվեհամարին: Չպատկերացրի՞ք: Իզուր: Արժե մեկ-մեկ էլ «եզանը» հանգիստ թողնել ու «հորթ» ման գակ այնտեղ, որտեղ այն հաստա՛տ լինելու է՝ «կովի» տակ:


Լավ, ժողովրդական բանահյուսությունը թողնեմ մի կողմ, անցնեմ պարզ թվաբանությանը:
Քանի՞ հարյուր միլիոն դոլար մտավ հանրապետություն՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներին սատարելու անվան տակ, և ինչի վրա ծախսվեցին այդ գումարները: Ամեն Աստծո օր ընկնավորեցնում են ժողովրդին՝ վարակակիրների ու մահերի մասին ուռճացող (թե՞ ուռճացված) թվեր հրապարակելով, իսկ ու՞ր են ամենօրյա հաշվետվությունները հումանիտար օգնության կարգով երկրին տրամադրված միլիոնների նպատակային տնօրինման առնչությամբ: Չկա՛ն: Կարոտ մնացինք: Լղոզված, կցկտուր, կեսբերան հիշատակումներ են արվում միայն, որոնցից հպարտ քաղաքացին նույնքան կարող է գլուխ հանել, որքան ոմանք՝ երկրի կառավարումից: Իսկ ի՞նչ պիտի աներ երկրի իրական ղեկավարը, եթե իրոք մտահոգ է բնակչության առողջապահական անվտանգության հույժ կենսական խնդրով: Այն, ինչ անում էին ընտրություններից առաջ՝ բուն ընտրություններում հաղթանակ ապահովելու համար: Գզիրներ էին վարձել, շենքից-շենք, տնից-տուն, դռնից-դուռ ընկած նախընտրական բուկլետներ էին բաժանում, ավելցուկն էլ ցրիվ տալիս որտեղ պատահի ու ոնց պատահի: Մեծ գումարներ էին, չէ՞, ծախսվել այդ թերթոնների տպագրության ու հանրայնացման վրա: Դե իհարկե, իշխանության գալու խնդիր էր դրված, և աշխարհում էլ ընդունված կարգ է՝ վստահության քվե տալուց առաջ ընտրողը գոնե մասնակի պատկերացում պիտի ունենա այն մասին, թե ում է փեշքեշ անում իր վստահությունը: Բայց աշխարհում ընդունված մի ուրիշ կարգ էլ կա՝ իշխանության գալուց հետո տեր պիտի կանգնես քո ընտրողին, արդեն որպես պետությու՛ն տեր պիտի կանգնես, ոչ որպես անհատական վարկանիշի բարձրացմանն ուղղված շոու-դիմակահանդեսների գլխավոր սցենարիստ, բեմադրիչ և դերակատար: Առավել ևս, եթե երկրումդ համաճարակ ես հայտարարում և առավոտից-երեկո բարձրախոսներով հորդորում-կարգադրում-պահանջում դիմակ կրել, պարտավոր ես այդ դիմակները նույնքան հասանելի դարձնել յուրաքանչյուրին, որքան նախընտրական քարոզարշավի օրերին բուկլետներն էիր հասանելի դարձնում: Նույն գզիրները շենքից-շենք, տնից-տուն, դռնից-դուռ պիտի անցնեին ու պարբերաբար դիմակների որոշ խմբաքանակով ապահովեին բնակիչներին, այ, էդ ժամանակ կասեի, որ պետություն ես: Ռոմանտի՞կ ցանկություն է: Թերևս, բայց ո՞վ է ասել, որ ռոմանտիկները միայն տեսաբանների ծրագրած հեղափոխությունը պիտի իրականացնեն, իսկ վայելելու իրավունքն արդեն սրիկաներինն է: Նույնիսկ, եթե հեղափոխության անվան տակ իշխանափոխություն ես իրականացրել և այդ ռոմանտիկներին էլ օգտագործել մասսայական տեսարաններում, իշխանության գալուց հետո պարտավոր ես ոչ միայն անվճար տեսարաններով կերակրել նրանց, այլև՝ անվճար «հացով», որ այս պարագայում դիմակի տեսքով է հանդես գալիս: Հակառակ դեպքում, երեկվա հավատավորն այսօր «դմակավորի» կարգավիճակում է տեսնելու իրեն, որին համառորեն ցանկանում են «դիմակ» հագցնել, ընդ որում, պարտադրելով, որ այդ դիմակի համար էլ սեփական գրպանից վճարի:

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 87809

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ