Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Մի քիչ ժպիտ՝ արցունքների մեջ

Մի քիչ ժպիտ՝ արցունքների մեջ
22.10.2023 | 14:27

Չեմ ուզում նորից անդրադառնալ դժոխքի ճանապարհի չարչարանքներին, բայց որ հետևանքը շատ ծանր եղավ (սուր երիկամաքարային հիվանդություն), դա փաստ էր:

Ատամներս սեղմած տանում էի այդ ցավը, քանի որ ավելի մեծ ցավի առաջ էինք կանգնած. տղաս, դիմածնոտային ծանր վիրավորում ստացած, սպասում էր հերթական վիրահատության...

Բժշկի ամենատես աչքը տեսավ տառապանքս և ինձ ուղղորդեց ուրոլոգիական բաժին, որտեղ ախտորոշվեց` սուր երիկամաքարային բորբոքում, և նշանակեց համապատասխան բուժում։

Երբ ցանկանում էի լաբորատորիայից վերցնել անալիզների պատասխանը, բուժքույրը, մոնալիզյան բարեհամբույր ժպիտը դեմքին, ասաց՝ 7000դրամ։

- Ինչպե՞ս,-զարմացա ես,-բա մեզ ասել էին բռնագաղթված արցախցիներին անվճար բուժօգնություն է տրամադրվում:

- Գիտեմ, ջանս, դա միայն այն դեպքում, երբ դու ուղեգիր ես բերում ձեր գրանցված տեղամասից,-նույն ժպիտը առանց խաթարելու պատասխանեց լաբորատորիայի բուժքույրը։

Մտքում հաշվարկեցի՝ տաքսի՝ 6000 գնալ ու գալ, հազա՞րն է ինձ խանգաում ու մուծեցի 7000 դրամը ընդամենը մեկ անալիզի համար: Հիշեցի Հայրենիքս, ուր ամեն ինչ ձրի էր արվում:

Ինչ որ է։

ՈՒ քանի որ բուժումը երկար պիտի տևեր, բնականաբար նաև երկար ծախսեր, գնացի՝ գրանցվեմ իմ տեղամասային պոլիկլինիկայում. գոնե դեղերը անվճար կվերցնեմ։

Մի ամբողջ Արցախ էր թևածում պոլիկլինիկայի նեղլիկ միջանցքներում։ Մենք, մոռացած մեր ցավերը,ծանոթ-անծանոթ իրար գրկում էինք և մեր անուշաբույր բարբառով խոսում։ Վերջապես իրար հերթ զիջելով՝ հերթը հասավ ինձ։ Բժշկուհին անհամբեր լսում էր գանգատներս, այդ ընթացքում չափում ճնշումս, չափում բոյս, ես էլ ասես թատրոնում լինեմ. պիտի հասցնեմ բողոքներս այդ մի րոպեում ասել. երևի Թինա Կանդելակին կնախանձեր արագախոսությանս:

Բժշկուհին պատասխանում է՝ սթրեսից է։

- Բժշկուհի՜ ջան, ախր խնդիրներս հունիսից են:

- Բլոկադան էլ ինքն իրեն մեծ սթրես է։

- Ախր, բժշկուհի ջան, բոյս 165 սմ էր, էդ էլ ա՞ սթրեսից 160 դառել։

Ժպտաց, նորից չափեց՝ 165։

- Ոտքերդ կքել էիր,-ժպտալով ասաց նա: Հույսս կտրել էի, որ ուղեգիր կստանամ՝ բուժումս ձրի իրականացնելու համար, որովհետև ինչ բողոք ասում էի, պատասխանում էր՝ տարիքիդ համար նորմալ ա։

Երբ վերջացավ հարցերի տեղատարափը, նայեց ուղիղ աչքերիս մեջ ու հարցրեց.

- Ինչի՞ մասնագետ ես։

- Հայոց լեզվի և գրականության։

- Բա խի՞ չեք աշխատում։ Գիտեք սահմանամերձ գյուղերում ինչքա՜ն թափուր տեղեր կան։

Ցնցվեցի, բայց հավաքեցի ինձ.

- Գիտեմ, Տավուշի N գյուղում նաև բուժակի ազատ հաստիք կա, կգա՞ս միասին գնանք։

Հարվածն անսպասելի էր։

Ակն ընդ ական,ատամն ընդ ատաման։

Չարությունից աչքերը դուրս էին եկել բներից.

- Էնենց չի, որ ես շրջաններում չեմ աշխատել և հանկարծ բժիշկ եմ դարձել...

- Դե էնենց էլ չի, որ ես գյուղերում չեմ աշխատել և հանկարծ տնօրեն եմ դարձել... Մեր Արցախն հենց ինքը չորս կողմից սահմանամերձ ա...

- Չէ՜,տիկի՜ն ջան, քեզ նյարդաբանի մոտ եմ ուղարկում, դու հիվանդություն չունես։ Գնա՜, «ներվեռդ» կարգի բեր...

ՈՒզում էի ասել՝

«Միասին գնանք», բայց հասցրի լեզուս կծել. հանկարծ չտանեն հոգեբուժաան։

Նելլի ՍԱՀԱԿՅԱՆ

Հ.Գ Սիրելի՛ հայրենակիցներ, ե՞րբ ենք մեր Տուն գնալու, ախր այս վիճակում մի քանի շաբաթ էլ մնամ, իսկապես կխելագարվեմ...

Ես մեր Տունն եմ ուզում...

Չեմ հասցրել մեր գերեզմաններն այցելել, գնամ մամայիս քարին ընկնեմ, մի լա՜վ կուշտ լաց լինեմ...

Դիտվել է՝ 5128

Մեկնաբանություններ