Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Բոոննը վերջապես խոսեց, բայց չասաց, թե ում է հիմա պատկանում «Հայփոստը»

Բոոննը վերջապես խոսեց, բայց չասաց, թե ում է հիմա պատկանում «Հայփոստը»
02.12.2008 | 00:00

ԽԱԽՏՎԵՑ ԼՌՈՒԹՅԱՆ ՈՒԽՏԸ
«Հայփոստ»-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն, հոլանդացի Հանս Բոոննը վերջապես խախտել է իր լռության ուխտը և որոշել է որոշ պարզաբանումներ տալ մամուլին: Իսկ ինչպես արտասահմանյան մամուլն է ներկայացնում` նա «որոշել է արտահայտվել հայ բժիշկների ու ոստիկանության հետ ունեցած փորձառության շուրջ, ինչը բոլորովին մի այլ բան է եղել, չնայած նրան, որ Բոոննը աշխատել է շուրջ 50 զարգացող երկրներում»
ԲՈՒՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ, ԿԱՄ` ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԾԻԾԱՂԵԼ ԵՆ

Սկսենք այն բանից, որ բժշկական կենտրոնում, համաձայն հոլանդացու վկայության, 2008-ի հոկտեմբերի 10-ի երեկոյան, այսինքն` Բոոննին երկրորդ անգամ ծեծի ենթարկելու օրը, ընդամենը մի զննման և մեկ գիշեր այստեղ անցկացնելու համար «Հայփոստ»-ի տնօրենից 400 000 դրամ է պահանջվել: Ընդ որում, աչքիս` հենց այստեղ են նրան հիմնովին «կլպել», որովհետև եթե մարդը հիշում է, որ մինչև «հագուստների մասամբ հանելը` դրամապանակն իր մոտ է եղել, իսկ երբ շորերը վերադարձրել են` ոչ», բա էլ ի՞նչ մտածես: Իսկ դրամապանակում, հիշեցնենք, քիչ բան չի եղել. մոտավորապես էլի մի 400 000 դրամին համարժեք գումար, մի քանի բանկային քարտ, ԵԽ իդենտիֆիկացիոն քարտ և Ամստերդամի միջազգային օդանավակայանի հատուկ քարտ:
Երբ այսքանից հետո Բոոննը փորձել է անձամբ, «Հայփոստի» փաստաբան Արայիկ Աբրահամյանի, կոլեգաների միջոցով մեր ոստիկանությանը ծանուցել իր դեմ կատարված հարձակման մասին, «15-րդ ծանուցումից հետո վերջապես հայցս ուղղվել է… էկոնոմիկայի նախարարություն»` փոխանցում է հոլանդացին «Կավկազսկի ուզելին» և հավելում, թե «ձեռքի տակ ոչինչ չունենալով հայկական ոստիկանությունից` անհնար է եղել նաև Նիդերլանդներում դիմել ապահովագրական ընկերություններին, բանկային քարտերը նորացնող կազմակերպություններին և առհասարակ` սկսել մի պրոցես, որը ժամանակ ու միջոցներ է պահանջում»: Մեր փառապանծ ոստիկանությունը, ուրեմն, որ մեկ րոպեում է հայտնվում Հյուսիսային պողոտայում` «մարդկանց անզգույշ քաշքշելով ու վիլիսները կոխելով», դեպքից 20 օր անց նոր կապվում է Բոոննի փաստաբանի հետ` շատ կոպիտ տոնով և հեգնանքով «առաջարկելով հարցաքննություն», ինչից հոլանդացին հրաժարվում է: Հենց այդ ժամանակ էլ մերոնց մոտ մտքի հերթական փայլատակումն է ծագում, և Բոոննին հաղորդում են, թե… «ստիպված են նրան կալանավորել (բնական է, սրանք մարտի 1-ին ու դրանից հետո էնքան են «մարտի 1-ի մեջ մտել», որ հիմա ամեն բան «մարտիմեկաբար են անում»), որպեսզի ապահովեն ցուցմունքների առկայությունը»: «ՈՒզում եմ հատուկ ընդգծել, որ ես թարգմանաբար, կոլեգաներիցս եմ տեղեկացել ոստիկանության ասածների մասին, որովհետև դրանք հայերենով էին… բայց ոչ մի հարցում, որ ես ստացել եմ, բուն հարձակման դեպքին չի առնչվել»,- ահա թե ինչպիսի «հայկական իրողություն» է բացում աշխարհի աչքերի առաջ հոլանդացին: Իրողություն, որ կամ կրիմինալ վենդետա է, կամ քաղաքական, ինչպես Համմարբերգը նշեց, կամ էլ այս երկուսի հետ սերտորեն առնչվող, մասամբ նաև զուտ կոմֆորմիզմից ծնվող և «միայնակ հանդես եկող» կոռուպցիա:
Հա, ի դեպ, այն էլ նշենք, որ չնայած Բոոննը նշում է, թե ինքը հրաժարվել է հարցաքննությունից, այդուհանդերձ, նաև վկայում է, որ թե՛ ինքը, թե՛ իր կոլեգա ոմն Խաչատուրյան, «ընդամենը 7 րոպե տևած դեպքերի շուրջ հարցաքննվել են շուրջ 30 ժամ… հայ կոլեգաների` հայերենով գրած ցուցմունքները չեն տրամադրվել… պահանջել են այն հագուստը, որ իր վրա է եղել դեպքի պահին, շատ լավ իմանալով, որ հիմնական հարվածները` 5 հուժկու հարված, գլխիս են եղել»: Սա վերաբերում է առաջին հարձակմանը, ի միջի այլոց, որի ընթացքում, ինչպես նախորդ նյութում էինք նշել, Բոոննի մյուս հոլանդացի գործընկերն էլ էր «քացու տակ ընկել»` իբր երկու տաքարյուն երիտասարդների մեքենային ոտքով հարվածելու համար: Եվ սրա շուրջ է «Հայփոստ»-ի նախկին տնօրենը մանրամասնում, թե արդյունքում… «հենց ինձ ու իմ գործընկերոջը տարան ոստիկանական բաժանմունք, որտեղ ուղիղ 2 ժամ թույլ չտվին, որ մեզ առաջին օգնություն ցույց տրվի»:
«Միայն 2 ժամ անց իմ հայ գործընկերոջը հաջողվեց միջամտել և ոստիկանությանը խնդրել թույլ տալ, որ շտապ օգնություն կանչվի: Այդ օգնությունը, ի դեպ, շարունակվեց մոտ 21 օր, որովհետև վերքերը խորն էին»,- արդեն մեկ այլ լրատվամիջոցի է պատմում Բոոննը և հավելում, թե «հետո ոստիկանությունից հետաքրքրվեցինք հետաքննության մասին, նրանք ծիծաղեցին, հետո էլ ասին` նորմալ կարգի համաձայն Հայաստանում ոչ թե տուժածները հետաքննություն են պահանջում, այլ ոստիկանությանն «առաջարկություն» են անում»: Դե, հիմա մենք չենք, դուք եք, ասեք, խնդրեմ, ավելի մեծ խայտառակություն, քան սա կարդալն է, կա՞: Հետաքրքիր է նաև իմանալ, թե երկրիս վարչապետի «սեփական ծառայողական հետաքննությունն ինչ մակարդակի է հասել» կամ` ի՞նչ է այս մասին մտածում ակորդեոն սիրող մեր Ալիկ Սերգեյիչը. չլինի՞ այս միջադեպը պարզվելու փոխարեն «քաղաքային ֆոլկլորի» հերթական նյութը պիտի ծառայի նրա ակորդեոնի համար և վերջ…
Բայց անցնենք առաջ: «Դեռ հուլիսին Նիդերլանդների արդարադատության նախարարությունը բողոք էր ներկայացրել հայկական ոստիկանությանը` իր 2 հայրենակիցների հետ այսպես վարվելու համար, և ինձ տեղեկացրին, որ այստեղ ոստիկանությունը կասկածի տակ է առել Նիդերլանդների արդարադատության նախարարի պնդումների արժանահավատությունը, նաև հայտնելով, թե բժշկական օգնություն անմիջապես է տրամադրվել»: ՈՒղիղն ասած, սրանցից ամեն ինչ էլ կարելի է սպասել. երբ հարցն անհնար է լինում կոծկել, մեկ վճռաբեկ դատարանի մամլո խոսնակի դեմքով հայտարարում են, թե հարձակումներից մեկի մասով «պատշաճ կարգով ոստիկանությունը կատարել է նախաքննություն` գործը հանձնելով Կենտրոն-Նորք-Մարաշի 1-ին ատյանի դատարան, որտեղ էլ արագացված կարգով է ընթացել գործի լսումը, և նոյեմբերի 20-ին, մեղավոր ճանաչվելով ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասով, 24-ամյա Յուրի Օհանյանն ու Սամվել Հովհաննիսյանը դատապարտվել են… համապատասխանաբար 6 և 9 ամիսների ազատազրկման», մեկ էլ, ոստիկանության մամլո խոսնակի տարածած հաղորդագրության մակարդակում, ծպտուն անգամ չեն հանում էս «արագացված կարգի, մարդու գանգը ջարդելու «դիմաց ցուցաբերված 6, 9 ամիսների դատական մարդասիրության մասին», խոսում են կրկին հարուցված մի նոր քրեական գործի և ընդամենը… նոր-նոր կատարվող նախաքննության մասին: ՈՒմ հավատաս` չգիտես: Չնայած` լավ էլ գիտենք: Կոնկրետ ես տրամադրված եմ ոչ մեկին էլ չհավատալու, որովհետև չնայած սա մի համակարգ է, որտեղ, հավանաբար, ոչ մի երկրում էլ «սրբեր չեն հավաքագրվում», բայց որ մեզանում այսպես է ու այսպիսիք կան, սա արդեն «անհավատալի արկած կամ ոչ մի տեղ չապրվող փորձառություն է»` Բոոննը կասեր…
ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ ԿԱՄ` ԱԿԱՆՋԴ ԿԱՆՉԻ, ԷՔՍ...
Ինչպես մեր նախորդ նյութերից մեկում ենք նկատել, այս ամենի հետևից հանրապետության ամենաերիտասարդ թոշակառուի «կուկույական բոլտուգայկեքն են երևում»… Իսկ այն, որ այս կառույցի հետ կապված մեր էքսը հենց սկզբից է այլ ծրագրեր ունեցել, երևան եկավ նաև ՀՀ կառավարության` հուլիսի 17-ի N 956 Ա որոշումից, ըստ որի, չնայած հոլանդացիների հետ կնքված 5 տարվա կոնցեսիոն պայմանագրին (ընդ որում` այն պայմանագրի, որը մեր հանրությունն ու մամուլը չընդունեց շա՜տ երկար ժամանակ` տևական մի ընթացք այդ մասին հրապարակումներ և բացահայտումներ անելով, նաև հետաքրքրվելով, թե ինչու են այս ձեռնարկությանը մոնոպոլիստին հատուկ իրավունքներ տրվում` մեկ, ապա և, որոշ տեղեկությունների համաձայն, էքսի որդուն պատկանող «Կոնվերս» բանկը, որ նախկինում «Հայփոստի» կառավարիչն էր, փաստորեն, որտեղի՞ց գտավ այս հոլանդացիներին, ինչո՞ւ հենց նրանք, ի՞նչ կա մեջտեղը), փոփոխվեց ընկերության կառավարիչը:
Ամենատարօրինակը, ի դեպ, այն էր, որ հուլիսի 17-ի այս որոշման մասին, չնայած մեր վարչապետի «սիրած թափանցիկությանը», ոչ ոք ոչինչ չի իմացել: Ստացվում է` գաղտնի որոշում են կնքել և վերջ: ՈՒ միայն այն ժամանակ, երբ հանրությունն ու մամուլը Բոոննի «զխկոցների» առիթով նաև ակամայից այս գործարքին տեղեկացան, 2 օր առաջ միայն նույն «Կոնվերս» բանկի տնօրեն Արարատ Ղուկասյանը մի կերպ ծամծմելով ասել է, թե «Այո՛, «Հայփոստ»-ի հավատարմագրային կառավարումը ստանձնել է պարոն Էռնեկյանին պատկանող կազմակերպություններից մեկը, որը փոխկապակցված է նաև մեզ հետ՝ իբրև մեր բաժնետեր»: Յա՜, խեր խաբարում մնաք, ինչպես ասում են. բա շուտ ասեիք` իմանայինք: Կամ որ հիմա ասացիք, ձեր կարծիքով` մենք էլ հավատացինք, հա՞, կամ գլխի չընկա՞նք, որ «Հայփոստ»-ի հավատարմագրային կառավարումն իրականում Ռոբերտ Քոչարյանին է հանձնված:
Բա որ էդ տեղեկատվությունը ստույգ է, գաղտնի չէ, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանին էլ տեղեկացնեիք, էլի, ժամանակին: Թե չէ հենց խեղճին զանգահարում ես, ասում է` «Անտեղյակ եմ, թե Հանս Բոոննի հրաժարականից հետո ով է «ՀայՓոստ»-ի նոր կառավարիչը, և, ընդհանրապես, կա՞ արդյոք նոր կառավարիչ, թե՞ չէ»: Փաստորեն, Մարկոսյանը տվայտանքների մեջ է: Եվ այն աստիճան, որ «Ա1+»-ին ասել է. «Էռնեկյանի պահով ես հաստատ ոչինչ չեմ կարող պնդել, քանի որ մեր կազմակերպությունը չունի փաստաթուղթ, որ գնորդը Էռնեկյանն է: Թե մայր կազմակերպության՝ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի մեջ ինչ փոփոխություններ են լինում, մենք տեղյակ չենք, և, ըստ էության, մեզ դա չի էլ հետաքրքրում. մենք պայմանագիր ենք կնքում մայր կազմակերպության հետ: Թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել, ես այդ ինֆորմացիային չեմ տիրապետում, ես էլ թերթերից եմ տեղեկանում»:
Ստացվում է` կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության համար տեղեկատվության միակ աղբյուրը մամուլն է: ՈՒ թե ինչու չեն էդ դեպքում մեզ վարձատրում «հանրօգուտ աշխատանքի դիմաց», հայտնի չէ: Հայտնի չէ նաև, թե Մարկոսյանն ինչո՞ւ է զարմանում` նշելով. «Զարմանում եմ, թե ինչո՞ւ է նման ակտիվություն «Հայփոստ»-ի շուրջ ստեղծվել, քանի որ սա սովորական մի գործարք էր»:
Փաստորեն` սովորական: Տարիներ շարունակ մարդկանց թափած քրտինքը գրպանելը, ինչպես դա «Հայնամականիշի» դեպքում եղավ (փաստորեն, բազմաթիվ այլ արտոնությունների հետ միասին, նամականիշ տպելու-տարածելու իրավունքն էլ, թերթերի առաքման իրավունքի հետ, այս ընկերությանը տվին), տարատեսակ մոնոպոլ իրավունքներ մոգոնելը, չգիտես որտեղից հոլանդացիներ գտնելը, հետո նրանց ժամկետից շուտ Հայաստանից «լարելն» ու այլ կառավարչի մասին գաղտնի որոշում ընդունելը սովորական բան են: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Աշոտ Միրիջանյանն էլ էր, ի միջի այլոց, օրերս զարմացած: «Ես զարմանում եմ, թե ինչու են այս հարցը` Բոոննին ծեծելը, բարձրացնում. սա Երևանում կատարվող սովորական հանցագործություններից էր, որն այդքան էլ արժանի չէր ուշադրության, և անհասկանալի է, թե ինչու դա կապեցին նրա՝ Հոլանդիա տեղափոխվելու հետ»,- մասնավորապես ասել էր Միրիջանյանը:
Բա մե՞նք ինչ ենք ասում, պարոն Միրիջանյան. ցավն էլ հենց այդ է, և հոլանդացին էլ է այդ մասին խոսում, որ սա «Երևանում կատարվող» սովորական բաներից է դարձել, փաստորեն, կրիմինալը, քաղաքական-տնտեսական վենդետան «կերել են մարդկանց»:
ԷՊԻԼՈԳ, ԿԱՄ` ԹԱԶԱ-ԹԱԶԱ ԲԱՆԵՐ ԷԼ ԵՆ ՊԱՐԶՎՈՒՄ
Նկատենք, որ պատմությունը սրանով չի ավարտվում, և, ինչպես ասում են, թազա-թազա բաներ էլ են պարզվում: Զորօրինակ` մեր «սիրելի էքսը» մի «պստիկ խորամանկություն» էլ է փորձում բանեցնել` դարձյալ Կենտրոնական բանկի շնորհիվ ջանալով այս անգամ էլ մի ձեռքով երկու ձմերուկ բռնել: Այն է` Մարկոսյանի և մյուսների միջոցով հիմա փորձում է «հանրությանը կուտ տալ», իբր «Հայփոստի» կառավարման ծրագրի կարևորագույն կետերից մեկն էլ այն է եղել, որ նա պիտի բանկ չստեղծեր և չստեղծեց, ինչը «շա՜տ լուրջ թերություն է»…
Հետո կստեղծեն մի նոր բանկ, որ կկոչվի «Փոստբանկ», որով ինչ-ինչ գործարքներ հորով-մորով անելուց հետո սիրո՜ւն կմիաձուլեն «Կոնվերսին». ի՞նչ է եղել, որ: «Ո՞վ է ասում, թե միաձուլում կլինի։ Դրա մասին երևի թե ես պետք է առաջին հերթին իմանայի: ՀՀ կենտրոնական բանկի նախագահն ընդամենն ասել է, որ չի բացառում, որ Հայաստանում գործող բանկերը միաձուլվեն, կոնկրետ մեր բանկերի միաձուլման մասին չի խոսվել: Իսկ թե հետագայում ինչպիսի համագործակցություն, զարգացումներ կլինեն մեր երկու բանկերի միջեւ, ես կարող եմ ասել՝ միայն թափանցիկ եւ օրենքի շրջանակներում: Դա ժամանակը ցույց կտա»,- նորից ծամծմել է «Կոնվերսբանկի» տնօրենը: Է՜, եղբայր, «պառավը գիդնուկ չի լինում, համա գլխին է եկած լինում». ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը լա՜վ էլ հենց ձեզ կամ նաև ձեզ է նկատի ունեցել` մեկ, «Փոստբանկ»-ի հետ կապված արդեն ներկայացվել են համապատասխան փաստաթղթեր, շուտով կսկսվի բանկի նախնական լիցենզավորման գործընթացը` երկու, էդ ո՞նց եղավ, որ դուք «Հայփոստի հետ կապ չունեցաք` ընդամենը «Հայփոստ»-ի «հավատարմագրային կառավարումը ստանձնել է պարոն Էռնեկյանին պատկանող կազմակերպություններից մեկը, որը փոխկապակցված է նաև ձեզ հետ՝ իբրև ձեր բաժնետեր», «Փոստբանկի» հետ կապ չունեցաք ու հանկարծ էդ մարդը հենց ձեր բանկում է «Հայփոստ»-ի համար նոր աշխատակիցների ընդունման վերապատրաստման դասընթացներ իրականացնում: Հը, բա է՞դ ոնց հասկանանք, «հընգեր պետ»:
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Հ. Գ. -ԿԱՄ` ՀԵՆՑ ՄԵՐ ՈՐԴԸ ՄԵԶ ՈՒՏԻ՞
Էս պատմության մեջ ամենացավալին, իհարկե, հոլանդացու ամփոփումն է, ով դրսի մամուլին հայաստանյան իր փորձառությանը մանրամասն ծանոթացնելուց հետո հետևյալն է ասել. «Կարծում եմ` իմ այս փորձառությունը մտորելու օգտակար տեղեկատվություն կհանդիսանա բոլոր այն օտարերկրացի ներդնողների համար, ովքեր Հայաստանի հետ ստիպված-ազգակցական կապեր չունեն»: Ասել կուզի` էս երկրում քիչ թե շատ ազնիվ ապրող մարդիկ Հոբ Երանելի են, որ կան, որովհետև ոչ միայն հանդուրժում են սրանց, այլև «ազգակցական կապերի ստիպմունքով»` փտող-քայքայվող մարմնի որդը էլի «հոբաբար» տեղն են դնում, թե` մեր որդը թող մեզ ուտի… Բայց կարծեմ` Երուսաղեմի պատահածի առիթով օրերս հենց քահանան ասաց` «Աստված մնացած բոլորին ազգ ստեղծեց, մեզ` մատաղացու զո՞հ»: Մեկ ուրիշն էլ մասնավոր զրույցներից մեկում տրտնջաց, թե. «Մարդ մեկ անգամ ծնվի, էն էլ` էսօրվա ժամանակներում, էն էլ` հոգևորական, էն էլ` Հայաստանո՞ւմ, սա ի՞նչ դժբախտություն է»: Օրհնեցե՛ք, տեր Հայր, բա որ դուք էդպես, բա մե՞նք ինչ ասենք:

Դիտվել է՝ 5876

Մեկնաբանություններ