ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Կոտայքի մարզի բնակավայրերը հայոց պատմության ճակատագրական քառուղիներում. Արզական-Արտավազդական

Կոտայքի մարզի բնակավայրերը հայոց պատմության ճակատագրական քառուղիներում. Արզական-Արտավազդական
21.11.2023 | 17:40

Կոտայքի մարզի բնակավայրերից շատերը վաղնջական ժամանակներից սկսած կարևոր դեր են ունեցել Հայոց պատմության քառուղիներում: Դրանց շարքում իր ուրույն տեղն ունի Արզական-Արտավազդականը: Այն գտնվում է Ծաղկունյաց լեռնաշղթայի ստորոտին, Հրազդանի աջակողմյան վտակ Դալար գետի ափին, մի գեղատեսիլ ձորահովտում: Մատենագրության մեջ հայտնի է տարբեր անուններով` Արտավազդական, Արզաքան, Արզաքենդ, Արտազական, Արտավազդա ապարանք և այլն: Ամենայն հավանականությամբ` գյուղի բուն անվանումը եղել է Արտավազդական, որը հետագայում հնչյունափոխվելով դարձել է Արզական:

Ենթադրվում է, որ բնակավայրը, կամ ավելի ստույգ` ապարանք-ամառանոցը, այդպես է կոչվել իր հիմնադրի` Արքայից արքա Տիգրան 2-րդ Մեծի արժանի որդի Արտավազդ 2-րդի

(Ք.ա. 55-34) անունով: Բանաստեղծ և թատերագիր արքան հիմնականում ամառանոցատիպ պալատ-ապարանքներ էր հիմնում այն վայրերում, որտեղ շրջագայելիս ստեղծագործական վառ ներշնչանքի պահեր էր ապրում: Իսկ Արզականի, ինչպես նաև Հանքավանի ձորում գտնվող Արտավազի (ըստ Հայր Ալիշանի՝ 2-րդ ապարանքը հիմնել է Արտաշես Բարեպաշտի որդի Արտավազդ 1-ինը) հիասքանչ բնաշխարհը հենց այդպիսի վայրեր էին:

Եվ չի բացառվում, որ հայ պատվախնդիր, մտավորական արքան իր որոշ թատերգություններ գրել և հին հույն ողբերգակների մի քանի երկեր թարգմանել է հենց այս ապարանքներում:

Հին Արտավազդականի ավերակները գտնվում են Արզական գյուղից 3 կմ արևելք, Հրազդան գետի ձախ ափին: Գրեթե նույնքան հեռավորության վրա, սակայն գյուղից հյուսիս-արևմուտք, ձորաճյուղերով պատված-մեկուսացած անտառապատ, բարձրադիր մի բլրի վրա գտնվում է Նեղուցի, ըստ Սուքիաս Էփրիկյանի «Պատկերազարդ բնաշխարհիկ բառարանի»՝ Նեղուսի, ոմանց կարծիքով՝ Նեղոսի Սուրբ Աստվածածին վանքը: Հավանաբար այն այդպես է կոչվել մերձակա ավարակ Նեղոս գյուղի անունով: ՈՒշագրավ է, որ 1451 թ. վանքը վերանորոգած վանահոր անունը նույնպես եղել է Նեղոս: Սակայն վանքի շինարար-ճարտարապետը Հայրապետ կրոնավորն է: Վանքի դռան վրայի արձանագրությունից պարզվում է, որ այն հիմնվել է 1271-ին:

«Յուսովն Աստուծոյ, ես՝ Հայրապետ, միաբանեցայ սուրբ ուխտիս ետու Ճ... գինն սոքա շնորհեցին Ի աւր. Ա ժամ ինձ Գորգ... թվ. ՉԻ (1271)»:

Նեղոսի ավերակ վանքն իր ընդհանուր շինվածքով նման է Վայոց ձորի Ամաղուի վանքին: Արզականի մյուս եկեղեցիներն են` Սուրբ Գևորգ (13-րդ դար) և Սուրբ Ստեփանոս կամ Սուրբ Աստվածածին (կոչվել է նաև Սբ. Թադեոս) :

Տեղանունների բառարանում նշվում է, որ գյուղի ներկայիս բնակիչների մեծ մասի նախնիները այստեղ հաստատվել են 1828-1830 թթ.` Մակուից, Խոյից, Բայազետից, իսկ մի մասինը` Մուշից և Թիֆլիսից: Հայտնի է, որ Արզականը, ինչպես նաև Երևանյան երկրի մի քանի այլ գյուղեր` Էլար, Ձագ, Աղվերան, Կարենիս, Դալար, եղել են Մելիք-Աղամալյանների տոհմի սեփականությունը: Հայտնի է նաև, որ Աբրահամ Մելիք-Աղամալյանը գեներալ Ցիցիանովի և վիրահայոց թեմի առաջնորդ Հովհաննես Գեղարդակիրի կոչով անցնում է ռուսների կողմը, իսկ Ցիցիանովի Երևանյան անհաջող արշավանքից հետո իրեն ենթակա ժողովրդին տանում Վրաստան, բայց մի քանի տարի անց՝ Հյուսեին խանի օրոք, հետ վերադառնում: Խաչատուր Աբովյանը «Վերք Հայաստանի» վեպում տարբեր առիթներով մեծ գովեստով է խոսում Աբրահամ Մելիք-Աղամալյանի որդու` Երևանի Սարդարի պալատում բարձր հեղինակություն ունեցող և ողջ հայության սերն ու հարգանքը վայելող Սահակ աղայի մասին: Ահա դրա ցայտուն վկայություններից մեկը.

«... Երևանու հայերի փրկիչը ... է՛ն սհաթին հասավ բերդի դուռը, որ կնիկ, օղլուշաղ, քար, հող ուզում էին պոկեն, գլխըներին տան, բայց քարն էնքան անիրավ չէր, որքան անաստված ֆառաշները: Ձին որ չքշեց մեկի վրա ու ղամշով գլխին տրաքացրեց, տասը տեղ գունդ ու կծիկ անելով՝ մնաց քամակի վրա ընկած:

- Հենց է՛ս սհաթին փորդ վեր կածեմ,- ասեց,- սա՛տկած շուն, քո ի՞նչ հադդն ա կնիկարմատի ձեռ վրա բերես: Կապեցե՛ք էդ շներին, հենց էս սհաթին դրանց թոզը քամուն տալ տամ, դրանց սոյին նա՛լլաթ»:

Իսկ Սահակ աղայի որդի Ղահրաման Մելիք-Աղամալյանը հայտնի էր նաև իբրև Արզականի իշխան (դիմապատկերը՝ լուսանկարների շարքում ):

Կարելի է ենթադրել, որ Թիֆլիսից գաղթածները Արզականի նախկին բնակիչներն են կամ նրանց մի մասը: Այդ իսկ պատճառով էլ Մեսրոպ Արքեպիսկոպոս Սմբատյանցը Արզականը համարում է Արարատյան երկրի այն բացառիկ գյուղերից, որը դեռևս Ռուս-պարսկական պատերազմից առաջ հայաբնակ է եղել: Նրա վկայությամբ` այստեղ բնակվում էին Քանաքեռից, Բջնիից, Ջրվեժից և Երևանյան երկրի տարբեր մասերից տեղափոխված հայ ընտանիքներ:

Ծնունդով կամ ծագումով Արզական-Արտավազդականից են անվանի գիտնականներ` պատմաբան Վարդան Պարսամյանը, գյուղատնտես Լուսիկ Առաքելյանը, ինչպես նաև պատմաբան Կտրիճ Սարդարյանը, երաժիշտ Արմենուհի Ազիզյանը և այլք...

Հակիրճ` այսքանը:

Մինաս ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3977

Մեկնաբանություններ