Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՕՊԵՐԵՏԻ ՎԵՐՋԻՆ ՄՈՀԻԿԱՆԸ

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՕՊԵՐԵՏԻ ՎԵՐՋԻՆ ՄՈՀԻԿԱՆԸ
15.11.2011 | 00:00

Այսօր արդեն առասպելական ճանաչման հասած, համայն հայության կուռք դարձած դերասանուհի, Հայաստանի ժողովրդական արտիստուհի ՍՎԵՏԼԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ստեղծագործական դիմանկարի ուրվագծումը մեծ պատիվ է ինձ համար, որովհետև նրա բեմական կյանքի գերազանց հատվածի ականատեսն եմ եղել իբրև խաղընկեր ու նաև հանդիսատես, ուստի պարտավոր եմ հայ թատրոնի պատմության էջերը հարստացնող նրա կերտած հյութեղ կերպարները ներկայացնել ճշմարտացիորեն, ունենալով «ոչինչ չավելացնել, ոչինչ չպակասեցնել» սկզբունքը։
Գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտը, մերժելով տարբեր թատրոնների հրավերները, նախընտրեց Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնը, և ինչպես նկատել, գնահատել են անվանի մտավորականներն ու երախտագետ հայ ժողովուրդը, Սվետլանան եկավ... խաղաց... մնաց։
Լեպինի «Մի քաղաք կա Վոլգայի վրա» օպերետի հերոսուհի Սիմա Ռոշչինայի առաջին իսկ դերակատարումով Սվետլանա Գրիգոր-յանը ցոլաց որպես օպերետային ժանրի նորահայտ աստղ, իր գեղեցիկ արտաքինով, մանավանդ բեմական առկայծումներով, պարային թռիչքներով, կերպարին բնորոշ երգեցողությամբ և վրայից առատորեն թափվող հմայքով, անմիջապես վաստակեց լայն հասարակության սերն ու համակրանքը։
Բեմական նրա բացառիկ ընդունակությունները մտածել էին տալիս, որ թատրոն է եկել սուբրետի փայլուն տվյալներ ունեցող դերասանուհի, ում կարիքը, այդ ամպլուայի մեծ վարպետ, սակայն տարիքն առած Իզաբելա Դանզասից հետո, անհրաժեշտաբար զգում է օպերետային բեմը։
Սվետլանային գնահատեցին շատերը, նրան մեծարեց Վարպետը` Ավետիք Իսահակյանը` ասելով. «...Հրաշալի էր այս պստլիկ աղջիկը` իսկը կրակի կտոր...»։ Իսկ ներկայացման քննարկմանը մասնակից, մեծահամբավ երգչուհի Հայկանուշ Դանիելյանը, որը Սվետլանային տեսել էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում բեմադրված Անուշավան Տեր-Ղևոնդյանի «Արեգակի ցոլքերում» («Բերբերո») օպերայի Գոհարի դերում, հրճվալից բացականչել է.
«Ահա, հենց այսպիսի շողշողուն դերասանուհու կարիք ուներ օպերետային թատրոնը»։
Նորընծա դերասանուհու բեմական արվեստի գնահատման բարձրագույն չափանիշներն էին սրանք, որոնք ոչ միայն հովանու տակ առան նոր-նոր թատրոն ոտք դրած դերասանուհուն, այլև լուրջ խորհելու և խաղացանկային համարձակ փոփոխություններ կատարելու առիթ ստեղծեցին ռեժիսորների համար։ Նրանք տեսան ի վերուստ շնորհված, տաղանդի կայծ ունեցող աղջկան, ում հետ կարելի էր հույսեր կապել և լրջորեն աշխատել։
Սվետլանա Գրիգորյանի հախուռն մուտքը երաժշտական թատրոն նոր գույն, նոր որակ ու նաև տեսակ բերեց բեմ, նրանով բարդ ու դժվարին ժանրը գտավ ևս մի անզուգական մեկնաբանի, որի շնորհիվ նաև բարձրացավ թատրոնի հեղինակությունը։
Բեմի համար չափազանց կարճ ժամանակահատվածում Սվետլանան մասնակից էր գրեթե բոլոր ներկայացումներին։ Բեմադրիչներ Լևոն Քալանթարը, Թադևոս Սարյանը, Վարդան Աճեմյանը, Արմեն Գուլակյանը, Կարպ Խաչվանքյանը, Ալեքսանդր Ալեգրովը, Վասիլի Պոպովը և ուրիշներ, իրար ձեռքից խլելով նրան, հանձնում էին գլխավոր դերեր։ Նրանք համոզված էին, որ Սվետլանա Գրիգոր-յանի մասնակցությունը իրենց բեմադրության գրավականն է լինելու։
Բախտավոր ճակատագիր ունեցավ Սվետլանան իր նախընտրած թատրոնում։ Նախ ունեցավ ժանրի հզոր խաղընկերներ, իսկ գլխավորը` չապրեց դերեր ստանալու տանջալի պահեր։ Ընդհակառակը` նա խճճվել էր գլխին անձրևի պես թափվող դերերի առատությունից։ Իսկ նրանք շատ էին, հետաքրքիր, տարաբնույթ` օպերետային (սուբրետ), բնութագրական, քնարական, հերոսական, կատակերգական, գրոտեսկային` Մարկիզուհի («Ազատաշունչ հողմ»), Կոլոմբինա («Վենետիկյան երկվորյակներ»), Ալիս («Ծաղրածուի որդին»), Լիսենա («Պարերի ուսուցիչը»), Ժաննա («Ռոզ Մարի»), Մարիետա («Բայադերա»), Ռոզալիա («Չանիտայի համբույրը»), Դիանա («Այլոց համար հիմար, իրեն համար խելոք»), Նազիկ («Մեծ հարսանիք»), Նատա («Սոֆիկի սխալը»), Սեյլա Փիչեմ («Երեք գրոշանոց օպերա») և այլն։
Դերասանուհու պատկերած կերպարները թե՛ արտաքին բեմանկարի, թե՛ ներքին էության տեսակետից, շատ կողմերով գտնված անձնավորումներ են, ավելին` Սվետլանան կարողանում է յուրաքանչյուր կերպարի առանձնահատկությունները երևան բերել դերասանական բազմերանգ խաղով, զուսպ շարժուձևով` կեցվածքի մեջ բացառելով ավելորդ ծիծաղաշարժությունը։
Անվերջանալի հմայքի տեր դերասանուհին աչքի է ընկել հատկապես բնութագրական դերերում։ Առանձնացնենք թատերական քննադատության կողմից ամենից շատ հոլովված կերպարները, որոնք առավել չափով վկայում են դերասանուհու ճշմարիտ սկզբունքը` Բալասան («Ծաղիկների աշխարհում»), Թագուհի («Ախ, ներվեր, ներվեր»), Խանում («Խանումի արարքները»), երեսուն տարի բեմում քայլող ու բարձր արվեստով փայլող, առասպելական հաջողություն գտած Ռոզը («Տաքսի, տաքսի») և Գինեսի գրքում գրանցվելու արժանի Սաթենիկը («Իմ զոքանչը»), որը բեմում է արդեն 40 տարի, և հանդիսատեսը նրան ծափահարում է ավելի քան 3500 անգամ։
Գրիգորյանի խաղացած կերպարներից ոչ մեկը, թերևս, այն աստիճան չի արտահայտում արտիստուհու ստեղծագործական գլխավոր թեման, ինչպես Նուշիչի «Տիկին մինիստրուհին» կատակերգության հերոսուհի Ժիվկան։ Դերասանուհու արտաքինը, փափուկ, բայց բնութագրական խոսելաձը, շարժուձևի յուրահատկությունը նպաստում էին բացելու կերպարի հատկապես հոգեբանական գծերը։
Վկայակոչենք «Տիկին մինիստրուհին» ներկայացումը դիտած ռուս նշանավոր դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սերգեյ Մարտինսոնի հիացումը.
«Տեսա Սվետլանա Գրիգորյանի Ժիվկան ու... էլ ի՞նչ ու... զարմացա... հիացա... չէ, մեղմ է ասված` ապշեցի։ Կերպարի անսպասելի կուռ ամբողջականություն, դինամիկ զարգացում, երաժշտադրամատուրգիական բոլոր գծերի համաձուլվածք` քնարականից մինչև բուֆոնային ու կատակերգականից մինչև դրամատիկական։ Եվ այս ամենի իմաստային ծանրաբեռնվածությունը` ընդամենը 27 տարեկան արտիստուհու ուսերին... Բախտավոր ու հարուստ է երևանյան օպերետային թատրոնը։ Բռավո՛, Սվետլանա, քեզ մեծ նավարկություն, թանկագինս»։
Սվետլանա Գրիգորյանը շատ ազատ է նաև թիֆլիսահայ և արևմտահայ բարբառներում և ոչ մի կաշկանդվածություն չի զգում բարբառներ արտասանելիս։ Ե՛վ սունդուկյանական, և՛ պարոնյանական կերպարներ կերտելիս, «Խամփերի («Օսկան Պետրովիչն էն կինքումը»), Գեներալ դամա («Վարինկի վեչերը»), Մարթա («Ատամնաբույժն արևել-յան»), նա օրգանապես ապրում է և՛ կերպարը, և՛ լեզուն։
Սվետլանայի Մարթան` պարոնյանական այդ անպաճույճ կերպարը, հիրավի, ներկայացման առինքնող գույներից է, արտիստական նշանակալի ավանդը, ըստ ամենայնի, ուշագրավ բեմադրության ընդհանուր հաջողության մեջ։
Սվետլանա Գրիգորյանի մարմնավորած կերպարները ժողովրդական-իրատեսական բնավորությունների, ժողովրդական հումորի բեմական ճշմարտացի անձնավորումներ են, մարդկային հոգեբանական ստույգ բացահայտումների մեծ դպրոց։
Գնալով աճող հանդիսատեսը հասկացավ, սիրեց ու գերվեց Սվետլանայի արվեստով ու նրան ծափահարում է արդեն 62 տարի։ Պատճառներից գլխավորն այն է, որ նույնիսկ 3500 անգամ խաղացած դերը նա ներկայացնում է նույնպիսի ներշնչանքով, ինչպես պրեմիերայի օրը, և դեռ ավելին` դերասանուհին յուրաքանչյուր անգամ դերին հավելում է նոր գույն, կերպավորման նոր երանգ։
Սվետլանա Գրիգորյանը նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի նկարահանած մի շարք ֆիլմերում, եղել է Երևանի հեռուստաթատրոնի հիմնադիրներից և 1956-ից սկսած խաղացել է բազմաթիվ ուշագրավ դերեր, վարել է հաղորդաշարեր։ Սակայն իր էությամբ, ստեղծագործական բովանդակ նկարագրով նա թատրոնի գործիչ է, թատերական բեմահարթակի ստեղծագործող։

ԱՆՄՆԱՑՈՐԴ ՆՎԻՐՈՒՄ ԲԵՄԻՆ ԵՎ ԱՐԺԱՆԻ ՄԵԾԱՐՈՒՄ
Կան դերասաններ, ովքեր տարիների բեռան հետ ծերանում են իրենց դերերի համար։ Այս տեսակետից ծերությունը հեռու է Սվետլանա Գրիգորյանից, որովհետև առաջացող տարիքը ոչ միայն չի պառակտել դերասանուհուն իր դերերից, այլև ավելի է միաձուլել, համերաշխել նրանց հետ։
Օրերս շքեղորեն տոնվեց Սվետլանայի ծննդյան 80-ամյակը և բեմական գործունեության 60-ամյակը։ Իր հարազատ թատրոնում տեղի ունեցած հոբելյանական երեկոյի հոծ բազմությունը, հանդիսականի ջերմ ընդունելությունը, մշակույթի, գրականության, հասարակական կազմակերպությունների նշանավոր գործիչների ելույթները, անկեղծ ու ստույգ բնութագրումները, դրվատանքի և երախտագիտության խոսքերը մեկ անգամ ևս ապացուցեցին, որ Սվետլանա Գրիգորյանն ըստ արժանվույն գնահատված և սիրված է ժողովրդի կողմից, ինչը վավերացվեց Հայրենիքի համար ծառայության առաջին կարգի նախագահական մեդալով, որը դերասանուհուն հանձնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։
Ելույթ ունեցողները խոսեցին Սվետլանա Գրիգորյանի տաղանդի, հասունության, նրա բեմական վարպետության, աճող ժողովրդականության մասին, համեմատելով նրան նշանավոր կատակերգակ դերասանուհիների հետ։
Շնորհակալական խոսք ասաց Սվետլանա Գրիգորյանը, ով այսօր էլ բեմ է բարձրանում չնվազող կորովով, իր պարզ, բնական, անկեղծ ու անմիջական արվեստով վարակում ու գրավում է հանդիսատեսին։
Մարգարեացել են մեծատաղանդ Սվետլանայի մասին դեռևս 1960-ականներին գրված Մարտիրոս Սարյանի խոսքերը.
«Սիրելի Սվետլանա, մենք քեզ դասում ենք նշանավոր դերասանուհիների շարքը։ Բախտավոր ես, որ ժողովուրդը անսահման սիրում է քեզ»։
Սերգեյ ԱՌԱՔԵԼՅԱՆ
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Դիտվել է՝ 2486

Մեկնաբանություններ