Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«ՀՈՎԵՐԻ» 7 ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ

«ՀՈՎԵՐԻ» 7 ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ
31.01.2012 | 00:00

Անգլիական «Մինթաքա մյուզիք» ընկերության տնօրեն Գրեհեմ Լոուսոնի պրոդյուսերական հետաքրքրությունների տիրույթում «Հովեր» կամերային երգչախումբը հայտնվեց երկու տարի առաջ, երբ Երևանի «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում մասնակցում էր «Պենդերեցկու օրերին»: Քշիշտոֆ Պենդերեցկու հետ նրան մինչ այդ անծանոթ երգչախումբն այնպես սահուն ու թեթև մատուցեց հանրահռչակ կոմպոզիտորի վաղ շրջանի 35 տարի մոռացված «Էկլոգան», որ վստահություն ներշնչեց փորձառու մշակութային գործակալին` կոնկրետ առաջարկ անելու «Հովերի» հայ մենեջեր Արման Պադարյանին. «Ձևավորեք 25 երգիչներից ձայնային ընդհանուր բազմերանգությունն ապահովող փոքրաթիվ մի խումբ, որը կկարողանա «Հովերի» երկացանկի ու կատարողական ինքնատիպության ուրույն այցեքարտը հավաստել համաշխարհային համերգասրահում: Այդպիսով միայն ճգնաժամային մեր օրերում կարելի կլինի միջազգային ասպարեզում «Հովերն» ամբողջական կազմով ներկայացնելու ճանապարհը հարթել»: Գրեհեմ Լոուսոնն իր խոսքի տերը եղավ` Անժերի (Ֆրանսիա) քաղաքապետարանի և «Դաքտարի մյուզիք» ընկերության համագործակցությամբ օրերս կազմակերպեց հիմնականում մենակատարներից կազմված «Armenian voices»-ի մենահամերգը Լուարի առափնյա Սեն-Ֆլորան-Լե-Վիեյի եկեղեցում` իրականացման բոլոր կողմնակի հոգսերից ազատելով հայաստանցի երգիչներին (վերջին տասնամյակներում չլսված ու չտեսնված բարեբախտություն արվեստի հայ մշակների համար)։
Ֆրանսիայի տարբեր քաղաքներում ծանոթ էին միջազգային մրցույթներում 1999-ից քանիցս հաղթանակած հայկական երգչախմբի արդիաոճ գեղագիտությանը, լավատեղյակ էին «Պոլիֆոլիայի» և «Ֆաբրիկա դել կանտոյի» երգչախմբային տոնահանդեսներում ունեցած փայլուն հաջողություններին: Բոլորովին վերջերս էլ հայ գրատպության 500-ամյակին նվիրված վենետիկյան միջազգային տոնավաճառի բազմահազար այցելուներին էին կրկին կախարդել Կոմիտասի պատարագի «Հովեր»յան կատարումների ձայնագրությունները, որոնք լայն տարածում էին գտել աշխարհի տարբեր անկյուններում` շնորհիվ գերմանական «Kultur aktiv» ՀԿ-ի 2 բարձրորակ խտասալիկների, որոնց պահանջարկն օրավուր աճում է եվրոպական երկրներում: Դեռ ալիքվում էին հայաստանցի արվեստագետների մտապատկերում Միլանի շրջակա 6 քաղաքներում անցյալ հունիսին գտած ջերմագին ընդունելության գոտեպնդող արձագանքները: Այդուհանդերձ, «Հովերի» 7 պատվիրակները` հիմնադիր գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանի գլխավորությամբ, առաջին բեմելի հուզմունքով էին ներկայանում Փարիզից 300 կմ հեռավորությամբ գտնվող Լուարի դեպարտամենտի կենտրոնական քաղաքի երաժշտասեր բնակչությանը: Նախնական տպավորություններով հավաստիացել էին, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից համամարդկային պատմամշակութային ժառանգության ցանկում 2000-ից ներառված հնամենի Անժերին` գրող Էրվե Բազենի, կոմպոզիտոր Անրի Դյուտիյոյի ծննդավայրին, արվեստակերտ հռոմեացիներն ամենևին էլ պատահաբար չէին «Juliomagus» անվանակոչել Հուլիոս Կեսարի պատվին. այստեղ օդն էլ մշակույթով էր հագեցած: Գուցե հենց արվեստածին միջավայրի ներարկած վստահությունն էր նախահիմքը հանպատրաստից ստեղծված «Armenian voices»-ի (Էդգար Վարոսյան, Նարինե Ոսկանյան, Արեգ Ղահրամանյան, Կիմ Գալստյան, Գևորգ Ավետիսյան, Վահագն Բաբլոյան և Արթուր Մանուկյան) ֆրանսիական դեբյուտի զրնգուն կայացման: Նաև` բազմիցս ստեղծագործական թռիչքների թևեր տված տարաբախտ Վարդապետի երաժշտական գանձանակի հզոր ներուժը` «Հովերի» գլխավոր հաղթաթուղթը թե՛ հայրենիքում, թե՛ հատկապես նրա սահմաններից դուրս:
...«Paradis, paradis…»,- բացականչում էին ֆրանսիական Սեն-Ֆլորան-Լե-Վիեյի եկեղեցու ընդարձակ սրահում «Հովեր» կամերային երգչախմբի 7 պատվիրակների մենահամերգի հազարավոր ունկնդիրները` չթաքցնելով հիացմունքը հայոց հնագույն երգի շտեմարանից արված ծաղկաքաղից: Թարգմանաբար ներկայացված կոմիտասյան հոգևոր և աշխարհիկ խմբերգերի, աշխարհիկ տաղերի, հորովելների բովանդակությունը հարստանում էր թրթռուն կատարումներից: Մեծն Կոմիտասի հոգևոր ժառանգության անբռնազբոսիկ ու ներշնչված մատուցմամբ իրենցում արթնացած դրախտային զգացողությունները մեն մի «paradis» բացականչությամբ էին արտահայտում (ֆրանսիացիները նույն բառով են անվանում թե՛ դրախտը, թե՛ եդեմական երջանիկ կյանքը, թե՛ երանելի հոգեվիճակները): Լուարի առափնյա եկեղեցու գավթում «paradis»-ները կոմիտասյան մի գոհարից մյուսին էին փոխանցվում: «Եդեմական վայելքն» աննկատ խորացնում էին արևմտաեվրոպական դասականները` Լասոն ու Լիստը, Պյորսելն ու Բեռնարը: Հոգևոր պրկումը թուլացնելու նպատակով արված անցումը «Բիթլներին» ու ամերիկյան ջազային հիթերի իմպրովիզներին անմիջապես իր երգեցիկ անդրադարձն ունեցավ արտասովոր համերգասրահում: Ասենք, այլազգիների համար վաղուց ընդունելի են բարձրարվեստ երաժշտության համադրական կատարումները: Մտածում էին «Խումհարով» եզրափակել համերգային ծրագիրը, բայց «ստիպված» եղան շարունակել Էդգար Հովհաննիսյանի «Լեն թուփ ու կանաչ տերևիկով»: Անժերի քաղաքապետ Ժան Կլոդ Անտոնինին, ով 10 տարի առաջ էր եղել Երևանում, «պարադիզ»-ների նոր ալիք բարձրացրեց, երբ «Հովեր»ականների բացօթյա համերգի «սադրիչ-անժերցիների» բազմությանը խոստացավ շատ շուտ սեփական նախաձեռնությամբ կազմակերպել հայաստանյան հրաշալի երգչախմբի հաջորդ համերգը: Լոուսոնի հավատարմատար Մանոնը հայտնեց նրա նոր նախագծի մասին` համերգային մեծ շրջագայություն անցկացնել աշնանը Անգլիայում, Գերմանիայում, Ավստրալիայում` մեկնարկի պատիվը վերապահելով Ֆրանսիային:
Հունվարի վերջին օրը «Հովերը» հայաստանցի երկրպագուների համար մտածում է յուրովի իմաստավորել: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հարազատ համերգասրահում կհնչի Վաչե Շարաֆյանի նորաստեղծ «Ձնե ձոնը»` հայ մեծանուն բանաստեղծներ Շիրազի, Մեծարենցի, Կոմիտասի և ճապոնացի հայտնի փիլիսոփա-պոետներ Մյոյեի և Դոգենի ձմեռային տաղերով հյուսված երգաշարը, որի «Հովեր»յան կատարման ներշնչանքով հանրաճանաչ ժամանակակից կոմպոզիտորը մտադիր է լրացնել եղանակային երաժշտական պատկերները Չայկովսկու հանգույն: Համերգը յուրատիպ գլխավոր փորձ կլինի կամերային այս սիրված երգչախմբի 20-ամյա գործունեությունը նշանավորող ամենախոշոր երաժշտական հանդիսության, որը կկայանա փետրվարի 22-ին: Երաժշտական նոր խենթությունների ունկնդիր-հանդիսատեսը լինելու բազմաթիվ առիթներ կունենան երաժշտասերներն ամբողջ համերգաշրջանի ընթացքում:
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2196

Մեկնաբանություններ