Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Պերճ Զեյթունցյանն այսօր հավանաբար կասի. «Ես առաջին անգամ դարձա յոթանասունհինգ տարեկան»

Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Պերճ Զեյթունցյանն այսօր հավանաբար կասի. «Ես առաջին անգամ դարձա յոթանասունհինգ տարեկան»
18.07.2013 | 12:27

Գրողն ու ժամանակը մշտական մրցակցության մեջ են, ընդ որում, երկրորդը շարունակ փորձության է ենթարկում առաջինին: Սա դրամատիկ վիճակ է, հաճախ`սայթաքուն, բայց Պերճ Զեյթունցյանի ամբողջ գրական ճանապարհը վկայում է, որ նա հաճույքով է մտնում այդ մրցակցության մեջ: Երբեմն էլ նաև`սեփական նախաձեռնությամբ: Բանավեճը նրա տարերքն է`լինի գեղարվեստական, պատմափիլիսոփայական, թե քաղաքական: Նա գիտե, որ գրականությունը ծնվում է մի տեսակ անհաշտությունից, երբ մարդն ըմբոստանում է ճակատագրի կամակորության կամ պարտադրանքների դեմ: Մարդը, իսկ շատ դեպքերում նաև ժողովուրդը, եթե հայկական ճակատագի´րը վեր առնենք:
Զերթունցյանի առաջին լիրիկական վիպակները` «Մեր թաղի ձայները» ու «Մեզանից հետո», որոնց մեջ պահպանվել է 60 - ականների ամբողջ ռոմանտիզմը`ստալինյան վանդակից հետո կյանք մտնող սերնդի շնչառություն, կարդում էր ամբողջ ուսանողությունը: Ի դեպ, ոչ միայն հումանիտար: Մեկը, վերջապես, խոսում էր ոչ միայն երիտասարդության մասին, այլև` նրա անունից: Փույթ չէ, որ պաշտոնական մի զեկուցման մեջ այդ վիպակները համարվեցին «անգլո-ամերիկյան դեսանտ»: Այսինքն, հեղինակը դրսից է, հայրենադարձ է, օտարոտի մտածողություն է բերել ու ճգնում է արհեստականորեն պատվաստել սովետական գրականությանը: Բայց քննադատված վիպակների իրականությունը հենց այդ տարիների Երևանն էր, գործող անձինք էլ մենք էինք` վերազարթնող ժամանակի պատանիներս, իհարկե` «աստղաճակատ», իսկ հեղինակն էլ` դեռ երեսունը չբոլորած:
Բայց շատ չանցած պարզվեց, որ նախևառաջ իր ժամանակակիցների հետ երկխոսության մեջ մտնելու նպատակներ հետապնդող գրիչը` «ապազգայինը», «մոդեռնիստականը», շարժվում է ... հայկական հարցերին ընդառաջ: Եվ հարցեր` ոչ միայն դեպի այլք, այլև`դեպի մեզ: «Ազգ - երկիր - պետություն» փիլիսոփայական ու քաղաքական եռանկյունու քննությունը`«Արշակ Բ» պատմավեպով (տեղը եկել է ու հարցնենք, թե ինչու այն ոչ ոք չի վերահրատարակում, վեպն այսօր ավելի´ է հանդիպում ժամանակին), Լևոն Շանթի ավանդույթները զարգացնող ու դրանք նոր աստիճանի վրա դնող պիեսներ, Գրիգոր Զոհրապի վարքագրություն`ազգային աղետի ծանրության ներսից ճառագայթող:

Հարուստ ճանապարհ է, վաստակած: Դարից դար տեղափոխված մեր գրականությունն ունի այդ տեղափոխությանը մասնակից վարպետ: Իսկ ինքը` Պերճ Զեյթունցյանը, այսօր հավանաբար կասի. «Ես առաջին անգամ դարձա յոթանասունհինգ տարեկան»:

Դիտվել է՝ 3174

Մեկնաբանություններ