Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Սեուլին մեղադրել է քարոզչական թռուցիկներով անօդաչու թռչող սարքեր Հյուսիսային Կորեա ուղարկելու մեջ՝ դա անվանելով ռազմական սադրանք։ Նա պահանջել է «անհապաղ ռազմական գործողություններ»՝ պաշտպանելու համար երկրի ինքնիշխանությունը։ Ավելի քան 1,4 միլիոն հյուսիսկորեացի երիտասարդներ ցանկություն են հայտնել միանալ բանակին՝ Հարավային Կորեայի հետ սահմանին լարվածության պայմաններում՝ հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:               
 

Այս իշխանությունն իր ստվերից էլ է վախենում

Այս իշխանությունն իր ստվերից էլ է վախենում
03.02.2021 | 17:06

Այսօր խորհրդարանը, կառավարությունը ոչ թե հետպատերազմյան շրջանում առկա ծանր խնդիրներն են լուծում, այլ լծված են Նիկոլ Փաշինյանի իշխանության կյանքը մեկ օրով էլ երկարաձգելուն, դրա համար ամեն հնարքի դիմում են։ Այս ամենը նաև շաղախվում է շոուներ բեմադրելով, ամենաանմիտ ու վտանգավոր մտքեր շաղ տալով, որոնք ոչ միայն խայտառակում են ընդհանրապես երկիրն ու ինստիտուտները, այլև կորզում են հանրային էներգիան ու ուշադրությունը։ Այսօր իշխանությունը փորձում է հանրային ու քաղաքական օրակարգն իրենով «ծածկել»։ Այն իշխանությունը, որը նոյեմբերի 10-ից հետո պետք է պատմության աղբանոցում հայտնված լիներ։


Իսկ ինչ է անում իշխանությունը․ դատական համակարգի փոփոխությունները, ազատ խոսքն ամեն կերպ սահմանափակելը դարձրել է այս մեծամասնության առաջնային խնդիրը։ Արտահերթ նիստ է հրավիրվում ոչ թե անվտանգային ու տնտեսական անմխիթար վիճակում հայտնված երկրի վերքերը բուժելու, այլ դատական իբր բարեփոխումները գլուխ բերելու «ազգափրկիչ» նախագիծը դակելու համար։ Դրան զուգահեռ Նիկոլ Փաշինյանը՝ Պապ թագավորից մինչև Հիսուս Քրիստոս իրեն համարող վարչապետը, այնպես անմեղ ու գլուխն ամպոտ մարզեր է գնում, իբր ոչ մի բան տեղի չի ունեցել այս երկրում, ինքը ոչ հայրենիք է հանձնել, ոչ հազարավոր երիտասարդների է մահվան տարել։ Իհարկե, չկա նախկին էնտուզիազմը, էլ ուղիղ եթերներ չի անում, մոնտաժում է հանդիպումները, հետո հրապարակում։ Մի բանակ թիկնազոր է պահում «բոլորին սիրող ու բոլորի առաջ խոնարհվող» Փաշինյանը, որպեսզի շփվի անգամ մեկ-մեկ «ջոկած» ու իր հետ հանդիպմանը նախապատրաստած(ես կասեի՝ անգամ հոգեբանորեն աջակցություն ցուցաբերած) քաղաքացիների հետ։


Սրան զուգահեռ ինչ-որ «ուսապարկեր» որոշել են, որ ամեն կերպ պիտի փակել լրատվական հոսքում իրենց իրական դեմքը ներկայացնող լուրերի ճանապարհը։ Արհեստական նախագիծ են շրջանառության մեջ դրել, որով փորձում են հերթական ճնշումը գործադրել ԶԼՄ-ների վրա։ Ողջ կյանքում անանուն աղբյուրներին հղում անելու սկզբունքով աշխատած Փաշինյանը, փաստորեն, փորձում է սեփական անցյալը ևս խմբագրել, բայց անխղճորեն այդ անցյալի շորշոփներն ամեն անգամ նրա առաջ են կանգնում, հետապնդում ու հանգիստ չեն տալիս։
Այնպես որ, գործ ունենք իշխանության ուրվապատկերի հետ, որն անգամ ինքն իր ստվերից է վախենում։ Իսկ ժողովուրդը նման դեպքերում լավ խոսք ունի՝ «Գող՝ սիրտը դող»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 81125

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ