ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Շուշանիկ

Շուշանիկ
14.09.2024 | 10:10

Սրբաքու՜յրս վաղնջական, կնքամա՜յրս հոգետոնի,

արցունքախառն արեւի պես, եւ նազելի, հեզ ու արի,-

քո նրբասուն մաշկի վրա բրածեծի վերքեր կան դեռ,

ճգնակյացի նիհարությու՜ ն մահագունակ,-

բայց անմեռ ես դու տակավին, շշնջախոս ու հմայիչ,

կենսատոչոր հավատավոր – աննահանջ ու խղճահնար,

դյուրին է քո հոգու համար հատել մուժը ցուրտ դարերի

եւ հայտնվել մտամորմոք եղբորդ մոտ:-

Տեսնում եմ քեզ՝ սեւ ու կարմիր հանդերձի մեջ,

մաշված թեկուզ ու գունաթափ՝ այն աշխարհի

ամենանոր ու գեղեցիկ հագուստն է վառ,

եւ քո շուրջն ես նայում շշմած մոր հայացքով,

որի աչքի առաջ հենց նոր փախան իր յոթ մանուկները

ծաղրածուի եւ մի օտար կանչի ետքից...

Տեսնում ես դու դառնաթախիծ քո աչքերով -

ինչպես վարան կամ փութաջան

հեռանում են առնականայք դեպի դիվաց հուն ու աշխարհ,

դեպի անբույր բուրաստաններ -

թողած անցյալ, գեղոն ու խաչ,

թողած օջախ, լեզու ու Լեռ,

հեռանում են ուրացողած թափորի պես,-

բայց եւ մեր շուրջ բազմանում են

ուրացյալնե՜ր ինքնահնար, ուրացյալնե՜ր համատարած,

այստեղ՝ ցեղի վտակներում եւ ոստանի խումհարի մեջ:

Մի ուրացող քեզ բորբոքեց - անկողնակից մի անառակ,

հիմա քանի՞ հոգու համար տանջահարես հոգիդ անկոր –

հարազատ են ու արնակից, բարեկամ են ու դրացի,-

երբ ոչ թե սյուք թեթեւակի,

այլ ուրացման հո՛ղմն է քո դեմ խելակորույս գալար տալիս...

Ա՜խ, Շուշանիկ, շուշանի պես բացված ծաղիկ

ժամանակի նեխած լճի, սեւ ջրերի, ոխի վրա,

դարձի՛ր, դարձի՛ր վերստին աղոտ խցիկը քո

եւ հավատով սպասիր օրվան,

երբ զղջումի գետը խոնարհ

Տուն կբերի ուրացողաց:

23.08.2024

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4132

Մեկնաբանություններ