ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Պարզվում է՝ հայոց բանակի բժիշկները նախընտրում են թիկունքից հարվածել ու անպայման գլխին

Պարզվում է՝ հայոց բանակի բժիշկները նախընտրում են թիկունքից հարվածել ու անպայման գլխին
17.01.2014 | 11:31

Պարզվում է՝ հայոց բանակի բժիշկները նախընտրում են թիկունքից հարվածել ու անպՀայաստանը սահմանամերձ հայրենիք է, և այդ հայրենիքում ամեն զինվոր ոչ միայն զինվոր է, այլև սահմանապահ: Ավելին՝ Հայաստանի ամեն քաղաքացի զինվոր է, որովհետև սահմանամերձ է իր հայրենիքը: Այդպե՛ս է, սակայն, բոլորիս համար:
ՄՀԵՐ ԽԼՂԱԹՅԱՆԸ բանակ զորակոչվեց 2013-ի դեկտեմբերին: Ծառայելու էր Քարվաճառի Չոփռլուի զորամասում: Ծառայելու էր, եթե զինվորական ծառայությունը լիներ զինվորական ծառայություն, և ոչ կանոնադրական հարաբերությունները բանակում արդեն օրինաչափություն ու զինվորական ծառայության բաղկացուցիչ մաս դարձած չլինեին: Նրա դեպքում զինվորական ծառայությունը վերածվեց հիվանդության պատմության, ավելի ստույգ՝ հանցագործության պատմության: Այսօր Մհեր Խլղաթյանը Երևանում է, զինվորական հոսպիտալում և մեկ խնդիր ունի միայն՝ ապրել: Վերադառնալ կյանք: Զորակոչվելուց առաջ առողջական խնդիրներ չունեցած երիտասարդի համար դա մղձավանջ է, որի մասին նա նույնիսկ ի վիճակի չէ պատմել, որովհետև անգամ հարազատներին չի ճանաչում, պարբերաբար կորցնում ու վերագտնում է գիտակցությունն ու հիշողությունը: Վնասված են նաև թոքերը: Մայրը՝ տիկին Գոհարը, ևս ոչ ամեն ինչ գիտի, բայց հիմա որդու կողքին է և նրա ցանկությունը ևս մեկն է՝ որդին ապրի: Զինվորական հոսպիտալում Մհեր Խլղաթյանի մասին տեղեկություններ չեն հաղորդում, նրան կամ նրա հարազատներին հանդիպելու փորձերը ապարդյուն են՝ արգելված է: Եթե այդքան ջանադիր օրենքները գործեն բանակում, այս պատմությունները այսքան հաճախադեպ չեն լինի: Մհերի մորը, այնուամենայնիվ, հաջողվեց գտնել և նա պատմեց. «Հունվարի 10-ին տղայիս զինվորական երդման օրն էր: Պատրաստվում էինք գնալ Ղարաբաղ, բայց հունվարի 9-ի գիշերը անսպասելիորեն զանգահարեցին և ասացին, որ չգնանք, որովհետև երդում չի լինելու: Մենք անակնկալի եկանք ու չգիտեինք՝ ինչ անել, որովհետև ոչնչից տեղյակ չէինք: Հունվարի 11-ին մեզ զանգահարեց Արման անունով մի տղամարդ, ներկայացավ որպես զորամասի բժիշկ և ամենայն լրջությամբ հայտարարեց, որ տղաս հոգեկան խնդիրներ ունի կամ էլ սիմուլյանտություն է անում, որ բանակում չծառայի: Լուրը բացարձակապես անհեթեթ էր, բայց ես սարսափեցի, որովհետև բժշկի հետ էի խոսում: Նա պատասխան չուներ իմ հարցին, թե հոգեկան խնդիրներ ունեցողին ինչպե՞ս են բանակ զորակոչել: Ես խնդրեցի հնարավորություն տալ խոսելու որդուս հետ, ասաց՝ քնած է: Որոշ ժամանակ անց կրկին զանգահարեցինք, երբ հեռախոսափողը մոտեցրին Մհերին, ձայնը գրեթե չէր լսվում, ականջիս հասավ երեխայիս խուլ, ծանր նվոցը: Բժիշկն ասաց, թե իբր տղաս չի ուզում խոսել մեզ հետ: ՈՒզում էր, բայց ի վիճակի չէր»:
Իրականությունը շատ ավելի պարզ էր, քան մի քանի օրում հոգեկան հավասարակշռության կորուստը: Զորամասում նորակոչիկին ծեծել են ու ծեծել են այնքան, որ կորցրել է գիտակցությունը: Երբ հորեղբոր տղան գնացել է, Մհերին գտել է ծայրահեղ ծանր դրության մեջ՝ ձեռքերն ու ոտքերը այրված, մարմինն ու գլուխը մի քանի տեղով վնասված, ամբողջովին մերկ, կեղտի մեջ պառկած, ճնշումը զրոյական… Վարդենիսի զինվորական հոսպիտալում շտապել են մահամերձ զինվորից ազատվել և խորհուրդ են տվել փոխադրել Երևան: Մայրը պատմում է. «Վարդենիսից Երևան որդուս տեղափոխել են ամբողջովին մերկ` առանց ներքնաշորերի, սիստեման միացրած, մի բարակ ծածկոցով փաթաթած: Չեմ կարողանում հասկանալ` ինչու էր նա այդ վիճակում»:
Իսկ այդ վիճակում էր, որովհետև պարզապես մրսել էր ու հիվանդացել, զորամասի բուժակը նրան չէր հավատացել և ստիպել էր այդ վիճակում ծառայել: Երբ տղան ուշագնաց է եղել, բժիշկները բուժելու փոխարեն որոշել են «սիմուլյանտին» կարգի հրավիրել, այնպես, որ մարմնի վրա առողջ տեղ չի մնացել: Հոսպիտալի աշխատակիցների «ինքնատիպ» բուժումից հեմատոմաներ են մնացել գլխին: Պարզվում է՝ հայոց բանակի բժիշկները նախընտրում են թիկունքից հարվածել ու անպայման գլխին: Եվ չափազանց հաճախ են մնում անպատիժ:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասում էր, որ ամեն մեռնող ու զոհված զինվորի հետ մեռնում ու զոհվում է ինքը: Պատերազմի բովով անցած հրամանատարին չես կարող չհավատալ, բայց ժամանակն է, որ մեռնող զինվորների հետ ոչ թե մեռնեն, այլ մտածեն նրանց կյանքի մասին: Ոչ կանոնադրական հարաբերությունները բանակում, հրամանատարների ամենաթողությունը, բուժանձնակազմի անձեռնհասությունն ու հանցավոր անտարբերությունը իրենց պարտականություններին, իրավապահ մարմինների նույնքան հանցավոր կողմնակալությունը այն պարարտ հողն են, որտեղ հայոց բանակի զինվորներն իրենց վերջին հանգրվանն են գտնում:
Բանակն արտացոլում է հասարակությունը՝ իր բարքերով ու պատկերով: Ինչպիսին մենք ենք, այնպիսին էլ մեր բանակն է, պարզապես պարսպապատ են զորամասերը, հեռու են խրամատները, ամեն ինչ չէ, որ հայտնի է դառնում: Բայց դա ոչ թե արդարացում է, այլ մեղադրական եզրակացություն:
Մհեր Խլղաթյանը զինվորական հոսպիտալում չպետք է լիներ, այլ իր զորամասում, եթե այդ զորամասում (ինչպես, ցավոք, նաև մյուս զորամասերում) զինվորական ծառայությունը սկսվեր ու շարունակվեր կանոնադրական հարաբերությունների շրջանակներում: Նրա մայրն այսօր աղոթում է, որ որդին ապրի, որ ֆիզիկապես ու հոգեպես առողջ զորակոչված տղան, ում հիվանդության պատմությունը, եթե գրվեր ճշմարտությունը, քրեական գործ էր լինելու նաև, ավարտվի: Իրականում նրա մայրը պիտի պահանջեր կատարվածի ուսումնասիրություն ու օրենքի համարժեք պատիժ: Պիտի պահանջեր, եթե ոչ իր որդու համար, այն մայրերի անունից ու այն որդիների համար, որ ծառայում են ու ծառայելու են: Իսկապես բանակը պիտի փակ կառույց լինի, բայց ոչ փակված: Ինչո՞վ բացատրել, որ սեփական մեղքը քողարկելու համար զանգահարում են դպրոց ու հարցնում՝ ի՞նչ հոգեկան շեղումներ է ունեցել Մհեր Խլղաթյանը: Արդյո՞ք սա հասարակության հիվանդության պատմությունը չէ: Մեր բոլորի, եթե թույլ ենք տալիս, որ այսպես վարվեն մեզ հետ ու մեր զավակների: Բոլորովին իրավիճակ չի փոխում, որ ինչպես ասաց ՊՆ քննչական ծառայության լրատվության հետ կապերի բաժնի սպա Մերի Սարգսյանը, զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Օհանյանը և բուժծառայության պետ, կապիտան Արման Թադևոսյանը ձերբակալված են: Ձերբակալված են ՀՀ քրեական օրենսգրքի 358 պրիմ 1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքը կատարելու կասկածանքով` «մի խումբ անձանց կողմից զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը»: Հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:
Վահե Օհանյանը և Արման Թադևոսյանը ևս հայոց բանակի զինվոր են: Եթե բոլորն իրենց տեղում լինեին, հայոց բանակի զինվորն իր եղբոր վրա ձեռք չէր բարձրացնի: Կկատարվի հերթական ձևական նախաքննությունը, որի արդյունքում, ամենայն հավանականությամբ, կպարզվի, որ մեղավորը զինվորն է: Այդպես ավելի հեշտ է՝ նրանք կյանքով լի գնում են բանակ ու այնտեղ ինքնասպան են լինում ու սպանում են իրար: Որևէ նախաքննություն կպարզի՞՝ ինչո՞ւ ու ինչպե՞ս:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- «Իրատես de facto»-ն առողջություն է մաղթում Մհեր Խլղաթյանին, համբերություն նրա հարազատներին: Հիմքեր չունենալով՝ ուզում ենք հույս ունենալ, որ Մհեր Խլղաթյանի պատմությունն այլևս հայոց բանակի ոչ մի զինվորի պատմությունը չի դառնա: Որովհետև մտածո՞ւմ է այդ մասին պաշտպանության նախարարը, թե՞ ոչ, Հայաստանը եղել ու մնում է սահմանամերձ հայրենիք, և ամեն մի զինվոր մեր երկրում սահմանապահ է: Չարացած հոգով ու դաժանացած սրտով հայրենիքին չեն ծառայում՝ շարքայինից մինչև նախարար:այման գլխին

Դիտվել է՝ 4989

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ