Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Վարդան Խարազյան. Տղայի ջարդը

Վարդան Խարազյան. Տղայի ջարդը
24.04.2022 | 10:34

Հիմա թվում է, թե կիսատ թողած մանկության այն հեռու օրերում ես գինի խմած մի տղա եմ եղել: Կասկածներ են մտել մեջս՝ այդ ե՞ս եմ եղել, թե՞ Տիեզերքի մաքուր մի տեղից երկիր իջած մի մարդ, որ եկել էր տղայի տեսքով՝ այս աշխարհն ստուգելու: Հիմա, երբ Հոլիվուդ իջնում է իրիկունը, ես դուրս եմ գալիս տանից ու մենակ նստում պատուհանիս տակ:

...Տղան ջարդում էր այծերի պոչատակերից տատի պոկած տիզերին... Այծերը գալիս էին իրիկունով՝ իրիկունի պես սև, ոտքերի արանքներում հազիվ քարշ տալով ծանրաբեռ կուրծերը: Երբ տղան, պապը և այծերը տուն էին հասնում, դեռ հեռվում լսվում էր հովվի միայն ու միայն հոտին հասկանալի, միայն այծ ու ոչխարներին հասկանալի լեզուն՝ հայուհույաաաա.... Հոտը գնում էր, որ տնետուն բաժանվի, որ կաթ ու մածուն տա ամեն տղայի, տատի ու պապի:

Եվ հատկապես ամեն աղջկա, որոնց բոլորին տղան սիրահարված էր: ՈՒրեմն, երբ տղան, պապը և այծերը տուն էին հասնում՝ աղմուկ-աղաղակ էր բռնկվում բակում. ուլերը կճղակներով թմբկահարում էին փակ օթախի փայտե դուռը ներսից, իսկ մամիկ այծերը զարկեր էին տալիս դսից: Մամիկ այծերի աչքերը կարոտից, թե խելագարությունից կայծեր էին արձակում, նրանց բերաններից իրենց ուլիկների դունչն զգալու տվայտանքը գոլորշի էր արձակում: Բայց այծերը գիտեին կարևոր մի բան. մինչև Լուսիկ տատը իրենց չկթի՝ իրենց ուլիկների հետ հանդիպում չի կարող լինել: Չի՛ կարող: Մի տասհինգ րոպե մղկտալուց հետո այծերը դա սկսում էին հիշել և մոտենալ թթենուն, որի տակ տատը սպասում էր նրանց՝ եռոտանուն նստած: Նա լվանում էր գոլ ջրով այծերի կուրծը, և պղնձե կաթսան սկսում էր շիթեր ընդունել: Ամեն այծից հետո տատը ստուգում էր պոչատակերը, պոկում տիզերին և գցում սալաքարին, ու տղան սկսում էր պայթեցնել դրանց:

Թթենու ճյուղից կախ լամպի տակ տղան ոտքերի տակ ճզմում և պայթեցնում էր ուռած տիզերին, որոնք ողջ օրը ծծել էին այծերի արյունը, և այծերը ստիպված սպասել էին օրվա այս ժամին, երբ Լուսիկը կպոկի ու տղային կնետի դրանց, ու Արշակ պապը կասի՝ տրաքացրու դրանց, թոռս, չխղճաս, տրաքացրու... Քարը արյուն էր կապում, բայց տղան չէր հանգստանում: Կատաղությունը առնում էր և նրան առգրավում: Ջարդի դրանց՝ ասում էր թուրքերի ջարդից մահապուրծ ղարսեցի Արշակ պապը, և տղան տրորում էր մանրամասնորեն, որ մեկին, իր կարծիքով, կենդանի չթողնի: Տատը նետում էր տիզերին, Արշակ պապը ասում էր՝ տրաքացրու, թոռս, դրանց չխղճաս, և տղան ոտքերի տակ պայթեցնում էր ողջ օրը այծերի արյունը ծծած և ուռած տիզերին: Եվ միայն վերջին տիզին սպանելուց հետո, երբ տատը արձակած էր լինում վերջին այծին, տղան հիշում էր ուլիկներին. նա բռնում էր իր այծերի պոզերը, նա գրկում էր իր այծերի պարանոցները և գնում իր ուլիկների դուռը բաց անում, և սկսվում էր այն, ինչը ոչ մի կերպ, թեև նույնիսկ այս աշխարհը քանդվի, տղայի միջից չի անցնի: Չի անցնի, եթե նա նույնիսկ հարյուր տարեկան ծերունու հասնի, չի անցնի, եթե նա նույնիսկ հազար ու հարյուր հազար տարեկան դառնա: «Երիտթուրքերը տոհմս փրթեցին, հորս մորթեցին, մորս մորթեցին, ախպերիկներիս թրատեցին, քուրիկներիս թրի քաշեցին... Ես կարպետների տակ փրկվեցի... Հիմի դու էդ թուրք տիզերին ոտներիդ տակ տրաքացրու, թո՛ռս, ճզմիր ու պայթեցրու դրանց... Սատկացրու դրանց տոհմն ու ցեղը, դրանց հմե՜ն գերդաստանը»...

Եվ տղան պայթեցնում էր արյունից ուռած տիզերին, կատաղության տարերքից նրա աչքերից արցունք էր դուրս գալիս: «Ա՛ռ քեզ, ա՜ռ քեզ»,- ճչում էր տղան, և նրա ոտքերի տակ տափարակ քարը արյուն էր դառնում: «Քրիստոսը գա, այ էդպես սպանելու է ամեն հարամու, թո՛ռս, ամեն հարամու: Հիմա դու տրաքացրու դրանց»,-ասում էր իմ Արշակ մահապուրծ պապը, թուրքերի ձեռից հազիվ պրծած պապը:

Դիտվել է՝ 10692

Մեկնաբանություններ