Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Սուսաննա Բաբաջանյան. Աղը և մեր սեղանը

Սուսաննա Բաբաջանյան. Աղը և մեր սեղանը
05.03.2022 | 10:31

Հյուրընկալ տուն էինք, բացված սեղանը՝ տեղը-տեղին, նկարելու մի հիասքանչ բան:
Չտար Աստված՝ աղամանը հանկարծ մոռացվեր, վերջում բերվեր, այն էլ՝ հյուրերից մեկի խնդրանքով: Նրանց գնալուց հետո տանը լուրջ մեղադրական քննարկում էր՝ կարճ ու կոշտ:
Հորս համար աղամանը թիվ մեկ նշանակության էր, դա առաջինը պիտի տեղադրվեր՝ հյուրն առաջինը դա է նկատում:


Բացի այն, որ այն հատուկ համ ու հոտ էր տալիս սեղանին, շուք, որ ամեն ինչ կարգին է:
ՈՒրիշ ոչ մի բանի համար նա դիտողություն չէր անի, առիթը չկար էլ, բայց էդ անտեր աղամանը միշտ մեր տունը կռիվ էր գցում, ինչից մայրս, կատակի տալով, բայց լրջորեն վիրավորվում էր: Ախր նա այնքան էր ջանացել, ինչպե՞ս պատահեց, որ այդ չնչին ստորակետը բաց էր ընկել:
Իսկ եթե հաշվի առնենք, որ հայրս նաև աղի հանդեպ նախապաշարմունք ուներ՝ դեռ տատիցս եկած. չէ՞ որ աղը, իր ներկայությամբ, չար աչք ու նաֆս հանող է, սատանա քշող, սեղան լցնող, տրամադրություն ստեղծող:
Քանի՜ անգամ է պատահել՝ տաքացրած աղով հայրս բուժել է մեր ատամի ու ականջի ցավը՝ ամուր կապկպած շորի մեջ. ցավն անմիջապես կտրում էր:
Մեկ էլ տեսար՝ մորս կպատվիրեր աղ պտտել գլխներիս ու լցնել կրակին, հենց որ չար աչք էր կպչում:


Մի խոսքով, մորս ողջ չարչարանքը՝ հեչ, փոքրիկ աղը՝ մեջ: Հորս համար աղը նորին մեծություն սրբություն էր, միանգամայն լուրջ պատճառ մի լավ մեղադրանքի:
Արդեն գիտեինք՝ հյուրերի գնալուց հետո հենց հորս ձայնը լսվում էր, գլխի էինք ընկնում՝ էլի աղամանը մայրս մոռացել է:
Ավելին, աղի մասին հայրս ասույթ էլ գիտեր, որը երբեմն, մեզ հեգնելով, կարդում էր գլխներիս:
Հին սյունեցիք, երբ բացառիկ դեպքերում թուրքերեն լեզվով ասացվածք էին ասում, պարտադիր մեղայական նախաբանով էր՝ թուրքը մի շոն չի, բայց մի լավ ասացվածք ունի…
Հայրս էլ էր այդպես սկսում՝ թուրքը մի շոն չի…
Մի օր հարցրի, թե ինչ է նշանակում «հալա դուզա գեդիրսան»-ը:
Հայրս մի լավ ծիծաղեց ու դրանից հետո պարտադիր ասում էր նաև հայերենը:
Կարծում եմ՝ ցմահ ամրագրվեց հիշողությանս մեջ, քանի որ մինչ այս պահը հիշում եմ:
Ասացվածքն այսպիսին էր՝ դեռ աղի ես գնում, աղը շալակած՝ հետ չես դարձել:
Երևի մարդիկ կան, որ աղը շալակած հետ դառնալուց հետո էլ՝ խելքի չեն գալիս, քանի որ իրե՜նց մեջքը չի ցավում: Աղը շալակել են տալիս մեզ պես ստորադաս ու անխելք բեռնակիրների, իրենք, ձեռքերը թափահարելով ու անհոգ շվշվացնելով, կողքներս քայլում՝ անհոգ պատանու պես:


Ահա այսպես բծախնդիր ու պատվասեր են եղել հայ տղամարդիկ, երբ սեղանին աղը պակասում էր:
Հիմա, ի՞նչ է, սատանա քշելու առիթ չկա՞, թե՞ գլխի են՝ աղին հալածելու հերթն է:

Դիտվել է՝ 8686

Մեկնաբանություններ