«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆՆ այսօր առաջարկում է նախ փրկել երկիրը, դրանից հետո միայն գնահատականներ տալ, թե ինչ են արել այս իշխանությունները, քանի որ եթե Հայաստանը, որպես պետություն, գոյություն չունենա, արդեն երկրորդական կլինի ամեն ինչ։
-Չնայած երկիրը գնալով ավելի խոր է թաղվում ճահճում, Փաշինյանը երեկ կրկին վերահաստատեց, որ հրաժարական չի տալու։ Ի՞նչ անել, ինչպե՞ս փրկել երկիրը։
-Միանշանակ է, որ կապիտուլյացիա ստորագրած ղեկավարը պիտի հեռանա։ Քանի որ մեզ դեռ մեծ թվով ճգնաժամեր են սպասում, պետք է ձևավորվի ժամանակավոր հակաճգնաժամային կառավարություն, որը կապահովի բանակցային գործընթացը, տնտեսական, ֆինանսական, բարոյահոգեբանական, սոցիալական խնդիրների հաղթահարման ճանապարհը կգտնի։ Դրանից հետո կունենանք նոր ընտրություններ։ Այսօր մարդիկ հայտարարում են, թե ինչպես կարող ենք չափել հանրային կարծիքը։ Դրա համար տարբեր մեթոդներ կան՝ սոցհարցումներից սկսած մինչև հազարավոր մարդկանց կարծիքի, դիրքորոշման հրապարակային ներկայացում։ Շատ կուսակցություններ, և՛ միավորված, և՛ առանձին-առանձին, իրենց մոտեցումն արտահայտել են։ Պետռեգիստրում 80-ից ավելի գրանցված կուսակցություններ ունենք, թող բոլորն իրենց կարծիքը հայտնեն։ Դրանով հստակ կներկայացվի քաղաքական դաշտի պահանջը։ ՈՒնենք տարբեր միություններ, թող դրանք ևս իրենց դիրքորոշումը հայտնեն, գործարար դաշտը՝ ևս։
-Կաթողիկոսները, ԳԱԱ-ն, ԵՊՀ-ն, գործարարները, մտավորականները, Հայաստանի տարբեր համայնքների ղեկավարները, ավագանիներ հայտնել են իրենց դիրքորոշումը, սակայն նրանք, ըստ իշխանության, ժողովուրդ չեն, դրա համար էլ Փաշինյանը շարունակում է մնալ իր աթոռին։
-Երբ այդ բոլոր մարդիկ արդեն ընդհանուր տեսակետ են հայտնում, դա դառնում է հանրային չափիչ։ 202 համայնքներ են միացել հրաժարականի պահանջին, 1900 համայնք է, թող 1700-ն էլ իրենց կարծիքը հայտնեն, բոլոր կրթական, առողջապահական համայնքները ևս։ Եթե այսօր ընտրությունների արդյունքներն են հաշվի առնում, թող նստեն ու հաշվարկ անեն, տեսնեն՝ որտե՞ղ է հիմա մեծամասնությունը։
-Իշխանության համար չափորոշիչը, վճռորոշը փողոցն է։ Քիչ մարդ կա փողոցում, նշանակում է հրաժարականի պահանջ չկա։
-Իսկ փողոցում ինչքա՞ն մարդ պետք է լինի։ Եթե 200 հազար մարդ հավաքվի, կարո՞ղ է ասեն, թե մեզ 400 հազար ձայն են տվել։ Երբ քննարկումը տանում են այդ մակարդակով, այսինքն, փողոցում քիչ ու շատ մարդ լինելուն, դա նշանակում է բախումների գնալ։ Սա շատ վտանգավոր է։ Մեր 5000 տղաների արյունը քի՞չ է, մի հատ էլ փողոցում այնպիսի իրավիճակ ստեղծել, որ արյու՞ն թափվի։ Որքան փողոցում շատ մարդ հավաքվի, դրանից կարող է մեր թշնամին օգտվել։ Պետական ինստիտուտ գոյություն չունի։ Ավելին, ասում էին, թե երկրում հազարավոր սադրիչներ կան, որոնք հնարավոր է նաև Ադրբեջանից ու Թուրքիայից եկած լինեն։ Մարդիկ հավաքվեն, մի սադրիչ գա ու սադրանք հրահրի, էլի՞ արյուն թափվի։
-Այս իրավիճակին զուգահեռ՝ սահմանազատման խնդիրը բավական վտանգավոր միտումներ է ուրվագծում։ Փաշինյանը նախօրեին լուրջ որոշումների կայացման մասին ակնարկեց։ Նա կարո՞ղ է համարժեք գնահատել իրավիճակը և որոշումներ կայացնել։
-Այդ ինչ որոշումների մասին է խոսում։ Ես գիտեմ, որ Ադրբեջանն ինչ ուզում է, վերցնում է։ Եթե Հայաստանի պետական ինստիտուտները չեն աշխատում, այդ կարևոր որոշումները որտե՞ղ, ինչպե՞ս և ո՞վ է ընդունում։ Մինչև այսօր ասում էին, թե ժողովրդավար ենք ու կարևոր որոշումները ժողովրդի հետ միասին ենք ընդունելու։ Արցախի կապիտուլյացիան ժողովրդի հետ միասի՞ն ընդունեցիք։ Եթե ծնողը միայնակ պետք է գնա, հասնի Ստեփանակերտ, բարձրանա Շուշի, թուրք կամենդանտի հետ բանակցի, որ անհայտ կորած իր որդուն գտնի, նշանակում է իշխանություն չկա։ 2 օր առաջ եմ եկել Արցախից, հարյուրավոր մարդիկ կային այնտեղ։ Գնացեք, իրենց հարցրեք, պետության առկայություն զգու՞մ են։ Թե՞ պետական ինստիտուտի աշխատանքի արդյունքում էր Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերում թշնամին առաջ գալիս։ Մարդկանց սեփականության վկայականներ եք բաժանել, հիմա թուրքը GPS-ով սահման է գծում ու ասում է՝ տարածքից դուրս եկեք։ Այդ որտե՞ղ են այդ որոշումներն ընդունվում։ Է՞լ ինչ որոշում են ընդունում, է՞լ ինչ ենք տալու։
-Հիմա առաջնային է նաև Սյունիքի սահմանների հարցը, որտեղ ամեն օր ինչ-որ խնդիրներ են ծագում, մարդկանց անվտանգությունը վտանգված է, գյուղերը հնարավոր է դատարկվեն։ Ի՞նչ զարգացումների սպասենք այս ուղղությամբ։
-Երբ պետական ինստիտուտները չեն աշխատում, ցանկացած վտանգավոր սցենարի կարող ենք սպասել։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են Ադրբեջանն ու Թուրքիան իրենց շահերին հետամուտ, իսկ Հայաստանի շահերը պաշտպանող չկա։ ՈՒ դեռ ասում են, թե ծանր որոշումներ պիտի կայացնեն, որոշում եք ընդունու՞մ, թե՞ բանակցում։ Ո՞վ է ասել, որ GPS-ով պիտի սահման գծվի (GPS-ի տվյալները «google maps»-ն է տալիս, որի սեփականատերերի քանի՞ տոկոսն են մեր թշնամիները, թուրքերը), իսկ ո՞վ որոշեց, որ հենց այդ համակարգով ու քարտեզով պիտի սահմանազատում անել, ոչ թե այլ քարտեզով։ Որտե՞ղ են ամրագրված չափագրված մետրերը, ո՞վ է դրա պատասխանատուն, ինչու՞ պետք է գյուղապետերը, կամավորները գնան թուրքերի հետ խոսեն։ Այս ամենը տեսնելով, չե՞նք հասկանում, որ այս մարդիկ ղեկավարել չգիտեն։ Սխալ քաղաքականություն վարեցին, պառակտեցին, 2,5 տարի է ասում եմ, որ ազգային միասնականություն է հարկավոր, անվտանգությունը թիվ մեկ խնդիրն է։ Անպայման պետք է Հայաստանը, որպես պետություն, իսպառ վերանա, հետո՞ կանգն առնենք։ Չէ՞ որ վարչապետի հեռացումը նաև հնարավորություն է, նոր պատուհան՝ նորովի, միասնական խնդիրները լուծելու համար։ Երբ ձեր թիմի, ղեկավարի քաղաքական գործունեության արդյունքը եղավ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, գուցե գիտակցե՞ք, որ նույն կադրային քաղաքականությամբ, անձանցով հնարավոր չէ առաջ գնալ, քանի որ նույն սխալներն եք անելու։
-Ստեղծված իրավիճակի գնահատման երկու տարբերակ կա. 1. Փաշինյանը կոմպետենտ չէ, ընդունակ չէ երկիրը ղեկավարելու, 2. նախապես ծրագրված սցենար է, որը դեռ պիտի ավարտին հասցնի։ Որտե՞ղ է ճշմարտությունը։
-Երկու պարագայում էլ Հայաստանը պարտվում է, ի՞նչ տարբերություն, թե դրանցից որ տարբերակն է իրականում։ Անկախ այն բանից, թե որ տարբերակն է, նրանք պետք է գնան, որ Հայաստանը ոտքի կանգնելու հնարավորություն ունենա։ Այդ տարբերակներից յուրաքանչյուրը կքննարկվի, երբ նոր պատուհանը բացվի։ Երբ պատուհանը փակ ես պահում, արդեն էական չէ, թե դու ինչու ես այն փակել։
-Ինչու՞ է կառչած աթոռին, չի ուզում հրաժարական տալ։
-Բա՞ն է խոստացել, թե՞ պաշտոնն է այդքան քաղցր. իրականում դա բան չի փոխում։ Հայաստանն այսօր տապալվում է ու հարց է՝ մինչև ո՞ր կետն ենք տապալվելու։ Շատ ժամանակ պատճառները և դրդապատճառները տարբեր են լինում։ Ողջ խնդիրն այն է, որ նա օր առաջ պիտի հեռանա։ Կա մի գաղափար. ցանկացած մարդ պետք է կարողանա 3 փորձության դիմակայել, որպեսզի մարդ մնա՝ փող, փառասիրություն, իշխանություն։
Անընդհատ ասպարեզ են նետում ինչ-որ արդարացումներ, թե մեր իշխանությունը լեգիտիմ է։ Ես գիտեմ, որ լեգիտիմ է այն իշխանությունը, որն ինչ խոստացել է, կատարում է։ Այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, խոստացված չի եղել։ 2018-ին մեզ այլ բաներ են խոստացել, որոնցից ոչ մեկն այսօր չի կատարվել։ 2,5 տարին բավարար ժամանակ էր երկրում իրական փոփոխությունների համար, իսկ լեգիտիմության մասին խոսակցությունները ծիծաղելի են։ Ասում են՝ ողջ պատասխանատվությունը վերցնում ենք մեզ վրա։ Ինչի՞ պատասխանատվությունը, պարզապես խոսք եք ասում ու վե՞րջ, որ մի քանի տարի էլ այսպես դիմակայե՞նք։
-Այս ծանրագույն վիճակին զուգահեռ՝ իշխանությունը հետևողականորեն առաջ է տանում Թուրքիայի և Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու գաղափարը։ Երբ Սևանը, Երևանը գրավելու մասին է հայտարարում Ադրբեջանը, ի՞նչ դիվանագիտության մասին է խոսքը։
-Դիվանագիտական հարաբերությունները երկկողմանի են լինում, միակողմանի չենք կարող ստեղծել։ Երբ 1994-ին ստորագրվեց զինադադարը, Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ մեզ հետ ստեղծե՞ց, թե՞ գնաց իր երազանքի հետևից։ Հիմա մենք երազանք չունենք, ընդունել ենք, որ պարտվել ենք և ասում ենք՝ եկեք դիվանագիտական հարաբերություններ հաստատենք։ ՈՒզում ենք հարաբերություններ ստեղծել մի երկրի հետ, որն ասում է, թե իր երազանքը Զանգեզուրը, Սևանը, Երևանը գրավե՞լն է։ Երեկ սոցցանցերում մի նկար էր տարածվել թուրք և ադրբեջանցի ռազմական ղեկավարների հանդիպումից, ու պատին փակցված էր մի քարտեզ, որտեղ Հայաստան գոյություն չուներ։ Հիմա ինչպե՞ս եք պատկերացնում այս վիճակում դիվանագիտական հարաբերություններ կառուցելը։ Անգամ չեմ էլ ուզում կրկնել Ալիևի՝ Փաշինյանի մասին ասածները։ Այդ մարդը մեզ հետ դիվանագիտական հարաբերություննե՞ր է հաստատելու։ Հայաստանի անկախությունը ճանաչած 3-րդ երկիրն էր Թուրքիան ու այն ժամանակ դիվանագիտական հարաբերություններ չստեղծեց, հիմա ինչու՞ պիտի գնա այդ քայլին։ Միայն հայկական կողմն է այդ մասին խոսում, իսկ լսե՞լ եք, նրանք նման բան ասե՞լ են։ Փոխարենը Երևանն ու Սևանը գրավելու երազանքի մասին են խոսում։ Փաստորեն, մենք մեր տղաների վրեժը լուծելու, հայրենիքը վերադարձնելու ցանկություն էլ չունե՞նք։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ