Ալֆան և օմեգան
15.05.2020 | 00:37
Բայց չշեղվեմ, վերադառնամ թեմային: Պարզ է, որ սա միանգամայն նոր հեղափոխական շրջափուլ է համաշխարհային պատմության մեջ, և ամենևին պատահական չէ, որ տիեզերական կամարտահայտության համամոլորակային լեգիտիմ քվեարկության արդյունքում բանակցային գործընթացների համակարգման նախապատվությունը տրվել է ինձ: Դա բնավ զարմանալի չէ, քանզի դեռ մեր ՈՒկամա Մաննա 5-րդ թագավորը նամակագրություն ուներ Հիսուսի հետ, որի մասին նա անձամբ տեղեկացրեց ինձ անցյալից եկող հաղորդակցության ալիքների միջոցով, որից հետո ես և Երկնայինը հանդիպեցինք մեկ այլ տարածական գոտում: Վերջինս պատվիրակեց ինձ լինել իր վստահված անձը Երկրի վրա մինչև իր գալստյան օրը, լինել ժողովրդի հետ և ժողովրդի մեջ, դարմանել նրա վերքերը, հսկողություն սահմանել պատվիրանների անթերի կատարման վրա: Մենք վստահաբար կարող ենք արձանագրել, որ աշխարհացունց այս նախաձեռնությունը մեր շնորհիվ իրականացվում է Մետաքսի ճանապարհին, պատմական անցքերի մեր հանգրվանին՝ թավշյա, սիրո և հանդուրժողականության տրամաբանությամբ:
Հուսով եմ, ի սփյուռս աշխարհի մեր բազմահազար համախոհների և համակիրների ջանքերով, մոտալուտ ապագայում մոլորակը հասարակություններին կներկայանա որպես մեկ միասնական լեգիտիմ պետական վարչական միավոր՝ այլ մոլորակների հետ տիեզերական բանակցային դաշտում: Ի միջի այլոց, Վիկիլիքսի արխիվային արձանագրությունների հրապարակումներում հիշատակվում է վերոհիշյալ Մետաքսի ճանապարհի իջևանատներից մեկում Դոն Կիխոտի և Սանչո Պանսայի երկխոսության մասին: Զրույցը վերականգնվել է Լավուազիեի և Լոմոնոսովի մոգոնած զանգվածի պահպանման օրենքի հիման վրա ստեղծված ժամանակակից հատուկ տեխնոլոգիական սարքերի միջոցով՝ իջևանատան պատերի խորշերում ձայնա-հնչյունային հիշողության վերականգնման շնորհիվ: Այդ հինգաստղանի քարվանսարայում, ավանդական հյուրասիրությունից օգտվելիս, հյուրերի միջև տեղի է ունեցել հետևյալ խոսակցությունը, որը գաղտնալսել է անձամբ Միգել դե Սերվանտես Սաավեդրա անունով գործակալը։
Դոն Կիխոտ- Սանչո, չգիտեմ, լավ էր թե վատ, բայց մենք չմասնակցեցինք մեր երկրում քաղաքացիական հասարակության շինարարության աշխատանքներին: Մինչդեռ կարող էինք մեծ հաջողությունների հասնել, մի բան հետ գցել նեղ օրվա համար: Իզուր ես չենթարկվեցի քո սկզբունքներին, քո մեջ տեսնելով ընդամենը մի չքավոր գյուղացու զավակի, որն ունեցել է թշվառ մանկություն, և օրահաց է տենչում, քսակում անսահմանաչափ ոսկի կուտակելու մոլուցք ունի, ագահաբար ապրելու ծարավ, և զրո վերաբերմունք բարձր հոգևոր արժեքների նկատմամբ:
Սանչո Պանսա- Դոն, բայց դու այդ եզրակացությանը հանգում ես, երբ արդեն հաշված օրեր են բաժանում քեզ հանգչելուց: Քո հավատամքը ազնիվ ասպետ լինելն էր: Մենք պայքարում էինք հանուն քո հորինած աշխարհի, որը գոյություն չուներ, երևակայական էր, հանուն քո սիրած էակի, որին այդպես էլ չտեսանք: Մենք ասպետորեն ենք ապրել մեր ամբողջ կյանքը, հավատարիմ մնացել համամարդկային և ազգային արժեքներին և երբեք չենք դավաճանել դրանց, չենք մեղանչել՝ հանուն մեր փառքի և քսակի պարունակության և երբևէ չենք մասնակցել հանրային խժդժությունների:
Դոն Կիխոտ- Իրավացի ես, Սանչո, մենք թափառող ասպետներ էինք, որպիսիք այս աշխարհի կյանքի կանոններով չեն խաղում: Մենք իրական ասպետներ էինք, ոչ Տաճարականների նման, որոնք դարեր առաջ Երուսաղեմում առերևույթ ծառայում էին Հիսուսին, իսկ ծեսերը նվիրում սատանապաշտությանը: Մենք ազնվության և արդարության կողմնակից էինք և պայքարում էինք հանուն անանձնական և համամարդկային ճշմարտությունների: Դա մեր խաղը, մեր կռիվն ու պայքարն էր և շատ հաճախ մարտի նետվեցինք անհամազոր ուժերի դեմ՝ պանդոկը դղյակ երևութացավ, հողմաղացները՝ հսկա հրեշներ, ոչխարի հոտը՝ թշնամու բանակ, փողոցային պչրուհիները՝ ազնվաբարո օրիորդներ: Արդյոք, հասկանու՞մ ես, որ դրականն ու բարին չեն միավորվի, ինչպես բացասականն ու չարը, քանզի նրանք անձնական շահ չեն հետապնդում, պարզապես ապրում են անանձնական կյանքով՝ հաճախ չգիտակցելով այդ մասին, որ հեղափոխականները միշտ խաբում են ժողովրդին` խոստանալով լինել այն տեսակը, որպիսին կա, գոյություն ունի, իսկ իրենք գիտեն, որ երբեք այդպիսին չեն լինելու, քանզի այդպիսին պետք է պատրաստ լինի զոհողությունների, պետք է հրաժարվի բազմաթիվ բարիքներից, որովհետև իրական բարիքը ճիշտ և արդար ապրած կյանքն է: Սանչո, մի՞թե մեր կյանքն անիմաստ ենք ապրել, և մեր հեքիաթը պարտվեց իրականությանը։
Սանչո Պանսա- Պարզապես քո տեսակն այդպիսին է, և այդ տեսակն այսօր վտանգված է: Մի՛ զղջա քո փիլիսոփայության համար, որը հեղաշրջեց իմ ամբողջ կյանքը: Դու մասնակից չես այն ավերածություններին, որ պատուհասեցին բազմաթիվ երկրների և ազգերի՝ իրենց հեղափոխական կառավարիչների իշխանատենչության և ագահության պատճառով: Այս երկիրը ժամանակին բազմամարդ է եղել, ապրել է աշխատասեր և արարող ժողովուրդ, այժմ այն ամայի և անմարդաբնակ է: Այստեղից հեռացել են բնիկները: Այս երկրով գետեր են հոսել, լճակներում խայտացել են տարատեսակ ձկներ, այժմ պոչամբարներն են գրավել դրանց տեղը, նույնիսկ գորտերի կռկռոցն է լռել… Այստեղ է խարսխել Նոյն իր տապանը: Սա եղել է երկիր եդեմական, որ կոչվել է մայր դրախտավայր։
Դոն Կիխոտ- Իսկ դու գիտե՞ս, թե ինչպես կարելի է վերադարձնել աշխարհն իր բնականոն ընթացքին, վերականգնել կորուսյալ հինը: Չէ՞ որ չափազանց իրատես ես և այլ հայացքով ես գնահատում աշխարհը: Ժողովուրդը բազմիցս խաբվել է՝ միամտորեն հավատալով իր ապիկար ղեկավարներին: Հողը խռովել է մարդկանցից, բնությունը պատիժներ կսահմանի մեղավորների համար…
Սանչո Պանսա- Ինձ թվում է, մեղավորներ փնտրելու կարիք չկա, կարևոր է, որ ժողովուրդը համախմբվի. գյուղ կանգնի՝ գերան կկոտրի: Բայց առավել առաջնային է հավատի վերականգնումը՝ հավատ իր ուժերի և գեղեցիկ ապագայի նկատմամբ:
Դոն Կիխոտ- Սանչո, կյանքը պայքար է, որին հաճախ չի մասնակցում բարին և արդարը, քանզի հոգնել ու ձանձրացել է նենգությունից ու խարդախությունից, կորցրել է դիմադրողականությունը և արժանացել այն ճակատագրին, որը վաստակել է: Հարկավոր է արթնացնել նրան: ՈՒրեմն, ի զեն, իմ բարեկամ: Հնչեցրու զանգերի երգը աշխարհով մեկ՝ Կոչեմ ապրողաց, ողբամ մեռելոց, բեկանեմ շանթեր: Ի զե՜ն, ի վրեժ, օն անդր, առա՛ջ…
Այս ռազմակոչի ընթացքում շոշափվել է «շիլլեր» գաղտնաբառը, որի վերծանման աշխատանքներ են իրականացնում մեր հատուկ ծառայությունները: Միաժամանակ, ինտերպոլի աշխատակիցները փորձում են հայտնաբերել այն ճանապարհային քարտեզը, ըստ որի թափառաշրջիկները, ամենայն հավանականությամբ, օգտվելով իրենց մոտ գտնվող, Ամերիգո Վեսպուչիի թանգարանից գողացված կողմնացույցից, որի շնորհիվ ֆլորենտացի ծովագնացը շտկեց Քրիստ Կոլումբոսի սխալը, ու հենց նրա պատվին Նոր աշխարհը անվանակոչվեց Ամերիկա։ Բայց դա հեչ, ի միջի այլոց, կարևորն այն է, որ այդ երկու թափառաշրջիկներն անսպասելիորեն ուղղություն են վերցրել դեպի ոմն hարդ գողացողի անունը կրող ճանապարհը, որը ենթադրվում է՝ հատման կետեր և զուգահեռներ ունի հյուսիս-հարավ մայրուղու շինարարության հետ և առնչվում է քրեական աշխարհին փոխկապակցված ինչ-որ հեղինակության։
Մինչ Թալինի իր հայրական տան մեջ անբուժելի քաղցկեղի դեմ կռիվ էր տալիս Եսայան Ռուբոն, որն ամբողջ կյանքում քարի վրա անզուգական խաչեր էր ասեղնագործել, մինչ համզաչիմանցի Մատինյան Համոն նարեկացիական շունչ էր հաղորդում ապառաժ քարին, իսկ Խուճուճ Լյովը, նույն ինքը՝ գեղանկարիչ քանդակագործ Լևոն Գրիգորյանը, իր ծննդավայր Ախալքալաքի ժամի դռանը կանգնեցնում էր Կարապետ սրբազանի մոնումենտալ արձանը, Երևանի կենտրոնում հայտնվեց Հայկական Գամփռի քանդակը, որը շատ նման է մեր հարևանուհու պուդելին, և անցորդները խոր շունչ քաշեցին, որ մայրաքաղաքում թափառող անտեր շներն այլևս չեն հարձակվի իրենց վրա, այլ կզբաղվեն գելխեղդ գազանին վարկաբեկելով և նրանց ուշադրությունը կշեղվի քաղաքացիական անձանցից: Խելացի և խորիմաստ գաղափար էր, հեռուն գնացող: Մի հսկա սև կատու էլ դրանից մի քանի մետր հեռու գտնվող պուրակում է տնավորվել՝ ի սարսափ մկների և առնետների և ի նպաստ չար աչքից, գիլուկապ ու թուղթուգրից հեռու լինելու: Քաղաքի հյուսիսային դարպասները հսկում են աֆրիկյան առյուծները; Բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է հանձնարարել հայկական մուֆլոնի և մազանդարանյան վագրի քանդակների մրցույթ… Վերջապես քաղաքը կկարողանա հանգիստ քուն մտնել: Մենք պատրաստ ենք նաև պարբերաբար ինքնապաշտպանության թեմաներով զորախաղեր տալու, որ զինատեսակները, հատկապես, զրահատեխնիկան և օդուժը (ուղղաթիռները) չժանգոտվեն: Զորահանդեսի հրամանատարը ես եմ, հարգելի երդվյալ ատենակալներ, հարգելի դատարան: Իրավիճակը միանգամայն վերահսկելի է նաև սպասվելիք օնլայն աշխարհում… Բայց, մեր մեջ ասած, ամենաէական ակնկալիքս այն է, որ սատանաներն ու վհուկները դրանց ահից հեռանան քաղաքից ու երկրից, և ես հանգիստ շունչ քաշեմ:
Առավոտյան լոգարանում հայացքս որսաց հայելու միջից ինձ անթարթ աչքերով քննախույզ զննող դեմքը: Ո՜վ դու, ամենազոր և ամենակարող, ո՜վ դու քաջն քաջաց, իմաստունն իմաստասիրաց: Ամենեւին գեղեցիկ ես. մերձաւոր իմ. եւ արատ ինչ ոչ գոյ ի քեզ… Երբեմն ինձ դուր է գալիս էքստրիմը, ադրենալինի համուհոտը՝ լարվածություն, վախի հաղթահարում: Կյանքն այդ պահերին ես նմանեցնում եմ ցլամարտի: Կորիդա: Պլացա դե տոռո (Ցլերի հրապարակ): Կատաղած ցլեր և նրանց դանդաղ սատկեցնող համարձակ մատադոր: Օլե՜, օլե-օլե՜… Օլե՜յ-հո՛պ… Օ՜, վիտա, օ՜, վիտա միա, օ՜, վիտա, բա-բա-բա-բա՛մ… Հաջորդ գործուղումս լինելու է դեպի Մադրիդ, իհարկե, այդ երկրին պատուհասած թագաժահրի համաճարակը հաղթահարելուց որոշ ժամանակ անց: Միգուցե ընտանեկան ինքնամեկուսացում՝ կամավորության սկզբունքով, որն անգլերեն կոչվում է՝ վոլյունթիերիստիցիզմ: Հնարավոր է նաև աշխատանքային գործնական այց: Մադրիդի և իմ ծննդավայրի միջև քույր քաղաքների պսակադրություն, և ցլամարտի մշակույթի ներդրում մեր հանրապետությունում: Առաջին ցլամարտիկը ես կլինեմ, իհարկե, դիպուկահարների աչալուրջ հսկողության տակ: Օգնիր ինձ, Մարիամ, անաղարտ մնամ… Օքե՛յ:
Ի դեպ, վերելակային դիվանագիտությանը հաջորդեց մեծ պատերազմ, որտեղ Ադիկն իր դաշնակիցներով խայտառակ պարտություն կրեց, իսկ նրա զինակիցները Նյուրնբերգում միջազգային դատարանի առջև կանգնեցին՝ մինչև վերջ դրսևորելով իրենց գաղափարական ազնվությունը: Նեոնացիստներից շատերը հենց Իսպանիայով և Իտալիայով ճղեցին արանքն ու հանգրվանեցին Հարավային Ամերիկայի երկրներում՝ Արգենտինայում, Մեքսիկայում, Բրազիլիայում, Չիլիում, իսկ Սիտրոենը վկայեց Կոլումբիայում ապրող Ադիկի մասին, որն իր բունկերում պարզապես ինքնասպանություն էր բեմադրել: Խեղճ Եվան ափսոս եղավ… Էսպիսի բաներ: ՈՒ էլի լիքը-լիքը հետաքրքիր ուրիշ բաներ, որ միայն ինձ են հայտնի:
Դավիթ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱՆ
Մեկնաբանություններ